Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/384

Այս էջը սրբագրված է

մասում նախատեսվում էր ստատուս քվոյի փոփոխման հնարավորություն, այսինքն Եգիպտոսի և Մարոկկոյի լրիվ զավթումը։ Բնութագրելով այդ համաձայնագիրը՝ Վ. Ի. Լենինը նշում էր. «…բաժանում են Աֆրիկան (պատրաստվում են պատերազմի Գերմանիայի դեմ)» (Երկ., հ. 39, էջ 845)։

ԱՆԳԼՈ–ՖՐԱՆՍ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱ ԵԳԻՊՏՈՍԻ ԴԵՄ (1956), Եգիպտոսի կառավարությունը 1956-ի հուլիսի 26-ին ազգայնացրեց Սուեզի ջրանցքը: Իրենց խախտված դիրքերը Եգիպտոսում վերականգնելու և արաբական աշխարհում ազգային–ազատագրական շարժումներին հարված հասցնելու նպատակով Անգլիան և Ֆրանսիան, օգտագործելով Իսրայելին, ռազմական ագրեսիա ձեռնարկեցին Եգիպտոսի դեմ։ Իսրայելի նպատակն էր զենքի ուժով ընդլայնել իր տերիտորիան։ 1956-ի հոկտ. 29-ին իսրայելական զորքերը հարձակման անցան Սինայի թերակղզում։ Հոկտ. 31-ին Անգլիան և Ֆրանսիան սկսեցին ռմբակոծել Եգիպտոսը և դեսանտ իջեցրին Պորտ–Սաիդի շրջանում։ Ագրեսիան խիստ լարեց միջազգային իրադրությունը և համաշխարհային պատերազմի սպառնալիք ստեղծեց։ Եգիպտական ժողովուրդն ու բանակը հերոսաբար դիմադրեցին ագրեսորներին։ Սովետական կառավարությունը 1956-ի նոյեմբ. 5-ին հայտարարեց, որ լի է ագրեսորներին սանձահարելու և Մերձավոր Արևելքում խաղաղությունը վերականգնելու վճռականությամբ։ 1956-ի նոյեմբ. 6-ին ռազմական գործողությունները դադարեցվեցին։ Անգլիան և Ֆրանսիան դեկտ. 22-ին, իսկ Իսրայելը 1957-ի մարտի 8-ին իրենց զորքերը դուրս բերեցին Եգիպտոսից։ Եգիպտոսի կառավարության համաձայնությամբ ՄԱԿ–ի զինված ուժերը տեղաբաշխվեցին եգիպտա–իսրայելական 1949-ի զինադադարի գծի երկայնքով։


ԱՆԳԿՈՐ, տաճարների, պալատնեռի, ջրամբարների, ջրանցքների վիթխարի համալիր, որ գա Կվում է Թոնլե–Սապ լճից հյուսիս, Սիեմ–Ռեապ քաղաքի (Կամբոջա) մոտ։ Կառուցվել է IX–XIII դդ. կհմերական ֆեոդալական պետության ծաղկման շրջանում։ Ա–ում պահպանվել են երկու մայրաքաղաքների՝ Յաշոդհարապուրայի (հիմնադրվել է IX դ. վերջին) և Անգկոր Թհոմի (XII–XIII դդ. վերջ) ավերակները, փայտաշեն պալատների քարե դարավանդ–որմնախարիսխներ, աստիճանական բուրգերի տեսքով բրահմայական և բուդդայական «տաճար–լեռներ» և ընդարձակ տաճարային համակառույցներ։ Խաշորագույն (1300 մ × 1500 մ, բարձր. 66 մ) համակառույցը՝ Անգկոր Վատը (մոտ 1113–50-ին), աչքի է ընկնում հատակագծի երկրաչափական խստությամբ, վեհ, հարմոնիկ կոմպոզիցիայով։ Հինգ համաչափ աշտարակներով, ստորոտին աստիճանաձև երեք դարավանդներով «տաճար–լեռը» շրջափակում են սյունաշար սրահներն իրենց անկյունային աշտարակներով և դարպասների տաղավարներով։ Անգկոր Թհոմը, որը հատակագծում քառակուսի Է, զբաղեցնում է ավելի քան 9 կմ² տարածություն։ Առանցքային չորս փողոցներ քաղաքային դարպասներից տանում են դեպի կենտրոն, ուր Բայոն տաճարն Է, որի 54 աշտարակները և 5 վերդարպասային աշտարակները («զոպուրա») զարդարված են հսկա (մինչև 2,4 մ) դիմաքանդակներով։ Ա. հարուստ Է բազմազան հարթաքանդակներով։

(նկ․) Անգկոր Վատի (մոտ 1113–50) ընդհանուր տեսքը։

(նկ․) Բայոն տաճարի աշտարակը Անգկոր Թհոմում։ XII դ. վերջ– XIII դ.։


ԱՆԳՂ ամրոց, Անգեղ ամրոց, Աղձնիքի Անգեղ–տուն գավառի կենտրոնը, Տիգրիսի վերին հոսանքում։ Հիշատակվում է դեռևս խեթական արձանագրություններում։ Մ. թ. ա. 160-ին Ծոփքի Արկաթիաս թագավորը Ա. վերանվանեց Արկաթիակերտ և դարձրեց իր մայրաքաղաքը։ Ա. եղել է Տորքի պաշտամունքի գլխավոր վայրը։ Փավստոս Բուզանդի վկայությամբ, Ա–ում թաղվել են մի քանի հայ թագավորներ։ Միջին դարերում Ա. քաղաք Էր, որը հիշատակվում է արաբական աղբյուրներում Անհիլ անունով։ Ա–ից պահպանվել են մի շարք կառույցներ, որոնց մեջ աչքի է ընկնում հին բերդն իր բուրգերով։ Ա. Քալանթարյան


ԱՆԳՂ, գյուղաքաղաք Այրարատ նահանգի Ծաղկոտն գավառում, Արածանի գետի ափին։ Առաջին անգամ հիշատակում է Եղիշե պատմիչը՝ V դ. կեսի ժողովրդա–ազատագրական պատերազմի կապակցությամբ։ 449-ի աշնանը պարսից մոգերը փորձում են Ա–ի եկեղեցին վերածել ատրուշանի, բայց տեղացիները Ղևոնդ երեցի գլխավորությամբ հարձակվում են մոգերի վրա, կոտորում և փախուստի մատնում նրանց։ Ա–ի բերդը իր ռազմական դիրքով կարևոր նշանակություն է ունեցել։ Պրոկոպիոս Կեսարացու և Սեբեոսի վկայությամբ Ա–ում VI դ. երկու անգամ ճակատամարտ է տեղի ունեցել պարսկական և բյուզանդական զորքերի միջև։ Թովմա Արծրունին Ա. հիշատակում է Անգեղտուն ձևով։ Ա. չպետք է շփոթել Աղձնիք նահանգի Անգղ ամրոցի հետ։ Ա. Քալանթարյան


ԱՆԳՂ, Անկղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանա լճի հյուսիս–արևելյան կողմում. Խոշաբ գետի հովտում, Հայոց ձորի այգեվետ շրջանում։ Անունն առաջացել է գյուղում անգղ թռչունի շատ տարածված լինելու պատճառով։ Գյուղի միջով հոսում է նույնանուն գետակը։ XX դ. սկգբներին ուներ 105 տուն՝ 492 հայ բնակիչներով, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի և ուսումնարան։ Ա–ի շրջակայքում պահպանվել են հին եկեղեցիների և բնակավայրերի ավերակներ։ Գյուղից ոչ հեռու Անգղա Ս. Աստվածածին վանքն է։ Ա. թուրքերի կողմից առաջին անգամ ավերվել ու կողոպտվել է 1895-ին, իսկ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իսպառ կործանվել։ 1916-ին Ա–ում կային միայն 16 բնակիչներ, որոնք հետագայում ապաստանել են Արևելյան Հայաստանում։


ԱՆԳՂՆԵՐ, գիշատիչների կարգի ճուռակների ընտանիքի թռչուններ։ Կա Ա–ի շուրջ 20 տեսակ։ Երկարությունը մինչև 1 մ, թևերի բացվածքը՝ 2,75 մ։ Պարանոցը մերկ է կամ աղվափետուրներով պատված։ Ճանկերը մեծ են՝ թույլ և կարճ ճիրաններով, որոնք պիտանի չեն որսը բռնելու և պահելու համար: Ունեն խոշոր կտուց։ Ձագերի համար կերը