Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/387

Այս էջը սրբագրված է

վել է 1931–36-ին՝ տեղական այծի ցեղը բարելավելու համար։ Ա. ա. ունի գրեթե միատարր կիսանուրբ, սպիտակ, փայլուն, բարակ (25–42 մկ) և երկար (25 սմ և ավելի), բարձր առաձգականությամբ ու ամրությամբ օժտված բուրդ։ Նոխազների միջին բրդատվությունը՝ 5–7, մայրերինը 2,2–4 կգ է, բրդի մաքուր ելքը 65–75% է, միջին կենդանի քաշը, համապատասխանաբար, 50–55 32–34 կգ։

(նկ․) Անգորական այծ։

ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ, հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով քաղաքացու՝ իր գործողությունների նշանակությունը չհասկանալը կամ իր արարքները ղեկավարել չկարողանալը։ Քաղաքացուն անգործունակ է ճանաչում դատարանը և նրա համար նշանակում խնամակալ, որն անգործունակի անունից կարող է կնքել գործարքներ։ Անգործունակ ճանաչված քաղաքացու կնքած գործարքը անվավեր է։ Նրա պատճառած վնասի համար պատասխանատու է խնամակալը կամ այն կազմակերպությունը, որը պարտավոր է հսկողություն ապահովել նրա նկատմամբ։ Քաղաքացու ապաքինման կամ նրա առողջության զգալի բարելավման դեպքում դատարանը նրան գործունակ է ճանաչում։ Տես նաև Գործունակություն։


ԱՆԳՍՏՐԵՄ (Angström) Անդերս Յոնաս (1814–1874), շվեդ ֆիզիկոս։ Հիմնական աշխատանքները նվիրված են սպեկտրոսկոպիային։ Կազմել է նորմալ արեգակնային լույսի սպեկտրային գծերի առաջին մանրամասն ատլասը (1868)՝ մեծ ճշգրտությամբ չափելով ալիքների երկարությունը։ Նրա անունով է կոչվում երկարության անգստրեմ միավորը։


ԱՆԳՍՏՐԵՄ, երկարության միավոր, մետրի տասը միլիարդերորդական մասը։ Անվանվել է Ա.՝ Անգստրեմի անունով։ Նշանակվում է A։ Օգտագործվում է գլխավորապես օպտիկայում, սպեկտրոսկոպիայում, ատոմային և մոլեկուլային ֆիզիկայում։ Å = 10-10 մ = 10-8 սմ։


ԱՆԳՐԵՆ, քաղաք Ուզբեկական ՍՍՀ Տաշքենդի մարզում, Անգրեն գետի հովտում։ Երկաթուղային կայարան Է։ 80 հզ. բն. (1972)։ Ուզբեկստանի ածխարդյունաբերության կենտրոնն Է։ Ունի վերանորոգման–մեխանիկական, ազոտական պարարտանյութերի գործարաններ, փայտամշակման ձեռնարկություններ, շինանյութերի արտադրություն, ՊՇԷԿ, ածխի գազիֆիկացման ստորգետնյա կայան։ Գործում են մանկավարժական ինստ., լեռնա–երկրաբանական տեխնիկում, բժշկական ուսումնարան, հայրենագիտական թանգարան։


ԱՆԳՈՒԼԵՄ (Angulême), քաղաք Ֆրանսիայի արևմուտքում, Շարանտ գետի ափին։ 48,0 հզ. բն. (1968)։ Երկաթուղային հանգույց է։ Կա թղթի, լաքի–ներկերի, կոնյակի ու ճենապակյա իրերի արտադրություն, մետաղամշակում։ Ճարտարապետական հուշարձաններից հայտնի է ուշ ռոմանական ոճի 6 գմբեթով Սեն–Պիեռ տաճարը (1105–23)։


ԱՆԴ, Հանդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթում։ Գտնվում է Վանա լճից հվ–արմ., Գյոզալ–դարա գետի աջ կողմում, արգավանդ դաշտում։ 1909-ին ուներ 38 տուն՝ 238 բն., հայեր, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղի հվ. կողմում գտնվում էր Ս. Ստեփանոս եկեղեցին։ Ա–ի բնակչությունը տեղահան է եղել 1-ին համաշխարհ. պատերազմի տարիներին։


ԱՆԴԱԼԻՍ, բազմամյա բույսերի վեգետատիվ բազմացման ձև, երբ խաղողի վազի մատը, պտղատու ծառի կամ թփի շիվն արմատակալեցնում են՝ առանց մայր բույսից անջատելու։ Ա–ի տարածված ձևերն են՝ հասարակ, տաշտաթաղ և չինական։ Նոր ստացված բույսը նույն աշնանը կամ 1–3 տարի հետո, երբ նրա արմատները հասնում են հին արմատների հիմնական զանգվածին, անջատում են մայր բույսից (տաշտաթաղ Ա. կատարելիս չեն անջատում)։ Ա. կիրառվում է դժվար արմատակալող փոփոխակների արմատակալումը, հազվագյուտ փոփոխակների և հիբրիդային հեռանկարային նոր ձևերի բազմացումը արագացնելու, այգու դատարկ տեղերը լրացնելու, այգին խտացնելու, վազերը երիտասարդացնելու համար։ Ֆիլոքսերայով վարակված այգիներում կարելի է կատարել տաշտաթաղ Ա.։ Պտղաբուծության մեջ Ա. կիրառվում է միայն այլ տեղում վերատնկելու համար։ Ա–ի շնորհիվ հնարավոր է դառնում փոխել մշակության համակարգը, բարձրացնել բերքի որակը։ Գ. Գրձելյան


ԱՆԴԱԼՈՒԶԻԱ (Andalucia, <լատ. vandali, V դարում այստեղ ապրած ցեղախմբի անվանումը), պատմական մարզ Իսպանիայի հարավում։ Ընդգրկում է Ալմերիա, Կադիս, Կորդովա, Գրանադա, Ուելվա, Խաեն, Մալագա և Սևիլիա նահանգները։ Տարած. 87,3 հզ. կմ² է, բնակ. 5,9 մլն, մարդ (1969)։ Գլխավոր քաղաքն է Սևիլիան։ Ա-ում է գտնվում Եվրոպայի ծայր հարավային կետը՝ Տարիֆի հրվանդանը, որը Ջիբրալթարի նեղուցով բաժանվում է Աֆրիկայից։ Ա–ի սահմաններում է Անդալուզյան դաշտավայրը, որը պարփակված է մարզի ամբողջ հարավ–արևմուտքն զբաղեցնող Անդալուզյան լեռների և զառիկող լանջերով հյուսիսում բարձրացող Սիեռա–Մորենա լեռների միջև։ Ա. տալիս է երկրի հացահատիկի 20%, ընդեղենի 27%, բամբակի 60%, շաքարեղեգի մոտ 20%, ձիթապտղի 70%, ցիտրուսների և խաղողի զգալի մասը։ Հայտնի է նաև խցանածառի մշակությամբ։ Անասնապահությունը էքստենսիվ է։ Հռչակված է իր հեծկան ձիերով և ցուլերով (ցլամարտի համար)։ Արդյունաբերության հիմնական ճյուղերն են օգտակար հանածոների արդյունահանումը (հրաքարեր, բագմամետաղներ, երկաթաքար, քարածուխ, ուրանի հանքաքար, կերակրի աղ) և գյուղատնտեսական հումքի վերամշակումը (գինեգործություն, ձեթի, մրգի ու ձկան պահածոների արտադրություն)։ Կան գունավոր մետալուրգիայի, նավաշինական, քիմիական, ռազմական և տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ։ Արդյունաբերական կարևոր կենտրոններն են՝ Սևիլիան, Կորդովան, Կադիսը, Ուելվան, Գրանադան, Մալագան։ Ա–ում պահպանվել են հռոմեական ժամանակաշրջանի, արաբական մշակույթի և Վերածննդի դարաշրջանի արժեքավոր հուշարձաններ։


ԱՆԴԱԼՈՒԶԻՏ (անվանումը՝ Իսպանիայի Անդալուզիա մարզից), միներալ, ալյումինի սիլիկատ՝ ։ Պարունակում է նաև երկաթի և մանգանի օքսիդներ։ Համակարգը ռոմբային է, բյուրեղները սյունաձև–պրիզմայաձև են։ Գույնը տարբեր է, հաճախ՝ կարմրամոխրագույն, վարդագույն, կարծրությունը՝ 7–7,5, խտությունը՝ 3100–3200 կգ/մ³։ Հանդիպում է մետամորֆային ապարներում։ Օգտագործվում է հրակայուն և թթվակայուն առարկաների արտադրության մեջ։


ԱՆԴԱԼՈՒԶՅԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐ Իսպանիայում, Պիրենեյան թերակղզու հարավում, Ատլանտյան օվկիանոսի ափին, Սիեռա–Մորենա լեռնաշղթայի և Անդալուզյան լեռների միջև։ Առաջացել է նախկին ծովածոցի տեղում, ալյուվիալ նստվածքների հետևանքով։ Ոռոգվում է Գվադալքվիվիր գետի և նրա վտակների ջրերով։ Կլիման միջերկրածովյան է, տարեկան տեղումները՝ 400–700 մմ (հիմնականում՝ ձմռանը)։ Բնորոշ բույսերն են՝ մաքվիսը, գաճաճ արմավենին, խցանակաղնին։ Մշակում են ձիթենի, խաղող, ցիտրուսներ, ցորեն։


ԱՆԴԱԼՈՒԶՅԱՆ ԼԵՌՆԵՐ, Բետյան լեռներ, լեռնային համակարգ Իսպանիայի հարավում։ Ձգվում է Պիրենեյան թ–կղզու հվ–արլ. և հվ. ափերի երկայնքով։ Երկարությունը մոտ 630 կմ է, բարձր, մինչև 3478 մ (Մուլասեն լեռ, ամենաբարձրը Պիրենեյան թերակղզում)։ Ա. լ պատկանում են ալպյան ծալքավորությանը։ Կազմված են բյուրեղային ապարներից և կրաքարերից։ Լանջերը խիստ մասնատված են, քարքարոտ, զարգացած է կարստը։ Կլիման միջերկրածովյան է։ Տարածված են կաղնու, սոճու անտառներ ու մաքվիսի մացառուտներ։ Կան երկաթի հանքեր։


ԱՆԴԱՄ բանաստեղծական, հայկական տաղաչափությանը հատուկ միավոր՝ բաղկացած երկու միանման կամ տարբեր ոտքերից (երկու յամբ, երկու անապեստ, մեկ յամբ և մեկ անապեստ)։ Կոչվում է նաև բարդ ոտք։ Ամենից տարածվածը 5-վանկանի յամբ–անապեստյան Ա. է։ 10-վանկանի տողը հայերենում կազմվում է երկու յամբ–անապեստյան Ա–ից, տողը բաժանվում է հավասար կեսերի (օրինակ, «Մենք ճամփա ընկանք || առավոտ ծեգին՝ || կապույտ երկնքի || խորությամբ արբած», Ե. Չարենց, «Դանթեական առասպել»)։