Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/389

Այս էջը սրբագրված է

արմ. և խաղաղօվկիանոսյան ամբողջ ծովափը (հվ. լ. 5°–28°–ում) անապատ են։ Ա. քինաքինայի ծառի, կարտոֆիլի, կոկայի հայրենիքն է։ Ա–ի կենդանական աշխարհը հս–ում պատկանում է Բրազիլական կենդանա–աշխարհագրական ենթամարզին՝ մերձակա հարթավայրերի ֆաունայի ներկայացուցիչներով, իսկ հարավում՝ առավելապես Չիլի–Պատագոնյան ենթամրզին (ուղտայծեր, ակնոցավոր արջ, էնդեմիկ եղջերուներ, մագելանի շուն, կոնդոր են)։ Ա–ի հանքային հարստություններից են՝ պղինձը, անագը, վոլֆրամը, վանադիումը, ոսկին, պլատինը, արծաթը, նավթը, մկնդեղը, սելիտրան են։

ԱՆԴԵՐՍ (Anders) Ուիլյամ (ծն. 1933), տիեզերագնաց–օդաչու, ԱՄՆ–ի ռազմա–օդային ուժերի մայոր։ Ծնվել է հոկտեմբերի 17-ին, Հոնկոնգում։ 1955-ին ավարտել է ԱՄՆ–ի ռազմածովային ակադեմիան, 1962-ին՝ ռազմաօդային ուժերի տեխնոլոգիական ինստ–ը և ստացել գիտությունների մագիստրոսի կոչում։ ԱՄՆ–ի տիեզերագնացների խմբում է 1963-ից։ 1968-ի դեկտ. 21-ից մինչև 27-ը Ֆ. Բորմանի և Ջ. Լովելի հետ, որպես երրորդ օդաչու, թռիչք է կատարել «Ապոլոն–8» տիեզերանավով, որը Լուսնի շուրջը գործել է 10 պտույտ։


ԱՆԴԵՐՍԵՆ (Andersen) Հանս Քրիստիան (1805–1875), դանիացի գրող։ Ծնվել է ապրիլի 2-ին, Օդենսեում։ Վաղ հասակից հետաքրքրվել է թատրոնով, բանահյուսությամբ։ Գրականության մեջ է մտել «Ոտքով Հոլմեն ջրանցքից մինչև Ամագեր կղզու արևելյան հրվանդանը» (1829) իր առաջին ֆանտաստիկ–երգիծական գործով։ Գրել է նաև պիեսներ և պոեմներ։ 1831-ին եղել է Գերմանիայում և վերադարձին գրել «Ստվերոտ պատկերներ» (1831) ճամփորդական ակնարկների գիրքը, ապա «Ագնետան և ջրային ոգին» (1834) պոեմը՝ ժողովրդական երգերի թեմայով, «Իմպրովիզատոր» (1835), «Միայն ջութակահար» (1837) վեպերը։ 1840–57-ին եղել է Սկանդինավյան երկրներում, Իտալիայամ, Իսպանիայում, Պորտուգալիայում և իր տպավորություններն արտահայտել «Պոետի շուկան» (1842) և «Իսպանիայում» (1863) ճամփորդական ակնարկներում։ 1846-ին հրատարակել է «Իմ կյանքի հեքիաթը» ինքնակենսագրական վեպը։ Համաշխարհային ճանաչում է գտել հեքիաթներով՝ «Թագավորի նոր հագուստը» (1837), «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» (1835), «Ջրահարսը» (1837), «Վայրի կարապները» (1838), «Սոխակը» (1843, հայերեն հրտ. 1882) ևն, որոնք աչքի են ընկնում ռոմանտիկական ոճով և ռեալիստական ընդհանրացումներով։ Դրանց ֆանտաստիկական նկարագրությունների, բացառիկ, անսովոր, հեքիաթային ձևերի մեջ միշտ հանդիպում են կենդանի մարդիկ, երևան է գալիս իրական կյանքը։ Մահացել է օգոստ, 4-ին, Կոպենհագենում։

Երկ․ հեքիաթներ, Թ., 1904։ "Հեքիաթներ և պատմվածքներ, Ե., 1946։ Հեքիաթներ և զրույցներ, Ե., 1956.


ԱՆԴԵՐՍԵՆ–ՆԵՔՍՅՈ (Andersen-Nexö, իսկական ազգանունը՝ Անդերսեն, կեղծանունը՝ Նեքսյո) Մարտին (1869–1954), դանիացի գրող, կոմունիստ։ Ծնվել է հունիսի 26-ին, Կոպենհագենում, քարտաշ–բանվորի ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է զրկանքների մեջ, թողել է դպրոցը, աշխատել որպես սևագործ բանվոր, մասնակցել բանվորական հավաքներին, ծանոթացել գիտական սոցիալիզմի գաղափարներին: Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Ստվերներ»–ը, լույս է տեսել 1898-ին։ «Պելլե–նվաճող» (հ, 1–4, 1906–10) վեպում արտացոլել է բանվոր դասակարգի դրությունը։ «Դանգորդի մարդիկ» (1915) դրամայում և «Դիտեն՝ մարդկության զավակ» (հ. 1–5, 1917–21) վեպում նկարագրել է հասարակ մարդու ողբերգական ճակատագիրը։ «Երիտասարդ օրվան ընդառաջ» (1923) գրքում պատմել է ՍՍՀՄ–ում կատարած ճանապարհորդության մասին։ «Երկու աշխարհ» (1934) և «Զեռներդ հեռու» (1935) գրքերը նվիրված են սոցիալիստական հասարակարգի առավելությունների բացահայտմանը։ Հայտնի է «Մորտեն Կարմիր» (1945), «Կորսված սերունդ» (1948) և «Ժանետ» (անավարտ, հրտ. 1957) եռապատումը։ 1944–45-ին ապրել է ՍԱՀՄ–ում, 1945-ին վերադարձել է Դանիա։ Կյանքի վերջին տարիներն անցկացրել է ԳԴՀ–ում։ Արժանացել է ԳԴՀ–ի ազգային մրցանակի։ Եղել է Խաղաղության համաշխարհային խորհրդի (1950–54) և «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» Լենինյան մրցանակների միջազգային կոմիտեի անդամ։ Մահացել է հունիսի 1-ին, Դրեզդենում։

Երկ. Պելլե–նվաճող, Մ., 1933։ Собр. соч., т. 1-10,14., 1951-54.

(նկ․) Հ. Ք. Անդերսեն։ (նկ․) Մ. Անդերսեն–Նեքսյո։


ԱՆԴԵՐՍՈՆ (Anderson) Կարլ Դեյվիդ (ծն. 1905), ամերիկացի ֆիզիկոս։ Ծնվել է սեպտեմբերի 3-ին, Նյու Յորքում։ Հիմնական աշխատանքները նվիրված են ռենտգենյան, գամմա, տիեզերական ճառագայթների և տարրական մասնիկների ուսումնասիրությանը։ 1932-ին Ա. տիեզերական ճառագայթների հոսքում հայտնաբերել է պոզիտրոնները, իսկ 1936-ին (ամերիկ. ֆիզիկոս Ս. Նեդերմեյերի հետ)՝ μ–մեզոնները (մյուոնները)։ 1936-ին արժանացել է նոբելյան մրցանակի։


ԱՆԴԵՐՍՈՆ (Anderson) Մարիան (ծն. 1902), ամերիկյան նեգր երգչուհի (կոնտրալտո)։ Ծնվել է փետրվարի 17-ին, Ֆիլադելֆիայում։ 1925-ին մեներգիչների Նյու Ցորքի մրցույթում շահել է առաջին մրցանակ։ Համերգներ է տվել շատ երկարներում (ՍՍՀՄ–ում՝ 1935-ին)։ Օպերային բեմ է բարձրացել 1955-ին. երգել է Նյու