Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/391

Այս էջը սրբագրված է

ԱՆԴՂՈՒԼԱՁԵ Դավիթ Իասոնիի (ծն. 1895), վրաց սովետ, օպերային արտիստ (դրամատիկ տենոր)։ Ծնվել է հոկտ. 3(15)–ին, Քութայիսի նահանգի Բախվի գյուղում։ ՍՍՀՄ ժող. արտիստ (1950)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ 1925–55-ին եղել է Թբիլիսիի Փալիաշվիլու անվ. օպերայի և բալետի թատրոնի մենակատար։ Գլխ. դերերգերից են՝ Տարիել (Մշևելիձեի «Ասք Տարիելի մասին», ՍՍՀՄ պետ. մրց., 1947), Աբեսալոմ, Մալխազ (Փալիաշվիլու «Աբեսալոմ և Էթերի», «Դսւիսի»), Խոզե (Բիզեի «Կարմեն») են։ 1958-ից Թբիլիսիի կոնսերվատորիայի պրոֆեսոր է։


ԱՆԴՈՎԿ ՍՅՈՒՆԻ, Անտիոք Սյունի (ծն. և մահ. թթ. անհտ.), IV դարի հայ պետական–քաղաքական գործիչ, Սյունյաց նախարարության նահապետը. Փառանձեմ թագուհու հայրը, Մամիկոնյանների փեսան։ 338-ից մինչև Արտավազդ Մամիկոնյանի չափահաս դառնալը, իր քենակալ Արշավիր Կամսարականի հետ վարել է Հայաստանի սպարապետության գործերը։ Տիրան թագավորի գերեվարությունից(350) հետո նույն իշխանի հետ ստանձնել է երկրի պաշտպանությունը՝ ընդդեմ պարսկական նվաճողների։ Հայ–հռոմեական ուժերը Ա. մ–ի և Կոստանդիոս կայսրի գլխավորությամբ 350-ին Ոսխայի ճակատամարտում պարտության մատնեցին Շապուհ II և նրան հարկադրեցին ճանաչել Հայաստանի անկախությունն ու գերեդարձ գահաժառանգ Արշավ Բ–ի իրավունքները։ Արշակ Բ շուտով դարձավ Ա. Ա–ի փեսան և նրան ճանաչեց Այունիքի նահապետ։ Մովսես Խորենացին տեղեկացնում է, որ Ա. Ս., ամրանալով իր վերակացության տակ գտնվող Տիգրանակերտ բերդաքաղաքում, համառորեն դիմադրել է պարսկական բոլոր հարձակումներին։ Ա. Ա–ի հետագա կյանքի և գործունեության վերաբերյալ տեղեկությունները վիպական են։

Գրկ. Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե., 1968։ Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե., 1968։ Ստեփանոս Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թ., 1910։


ԱՆԴՈՐՐԱ (կատալան. Andorra), Անդորրայի հովիտ (ֆրանս. Les Valées d’Andorre, իսպ. Valls d’Andorra), պետություն Պիրենեյսւն լեռներում, Ֆրանսիայի և Իսպանիայի միջև։ Տարած. 465 կմ², բն. 17,0 հզ. (1970)։ Մայրաքաղաքը՝ Անդորրա–լա–Վիեխա (կատալաներեն՝ Անդորրա–լա–Վելլա), 2,3 հզ. բն. (1970)։ Բնակչությունը խոսում է կատալաներեն, նաև իսպաներեն և ֆրանսերեն։ Դավանանքով կաթոլիկներ են։ Ա. հանրապետություն է, գտնվում է Ֆրանսիայի և Իսպանիայի համատեղ խնամակալության ներքո։ Ա–ի համատեղ կառավարողներն են համարվում Ֆրանսիայի պրեզիդենտը և Ուրխելի եպիսկոպոսը (Իսպանիա), որոնց և վճարում է սիմվոլիկ հարկ (համապատասխանաբար՝ 960 ֆրանկ և 460 պեսետ)։ Ա. պատմական աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է 805-ին։ Միջին դարերում Ա–ի տերիտորիան դե Ֆուա կոմսերի և Ուրխելի եպիսկոպոսների ավատական տիրույթն էր։ 1589-ին դե Ֆուա կոմսերի իրավունքներն անցան ֆրանսիական թագավորներին։ Սահմանադրությունն ընդունվել է 1866-ին։

Երկրի մակերևույթը լեռնային է (1880–2900 մ)։ Կլիման լեռնային մերձարևադարձային է՝ տարեկան 1000–2000 մմ տեղումներով։ Տնտեսության գլխավոր ճյուղը ոչխարաբուծությունն է, զբաղվում են նաև հողագործությամբ (մշակում են գարի, տարեկան, կարտոֆիլ, ծխախոտ, խաղող)։ Միակ ՀԷԿ–ը գտնվում է Էսկալդես քաղաքում (26,1 հզ. կվտ հզորությամբ)։ Եկամտի զգալի մասը գոյանում է հուշանվերների արտադրությունից և զբոսաշրջիկությունից։ Արտահանում են բուրդ, պանիր, փայտածուխ։ Ա. խճուղային կապ ունի Ֆրանսիայի և Իսպանիայի հետ։


ԱՆԴՈՐՐԱԳԻՐ, հաշվային փաստաթուղթ, գրավոր հաստատված և կնքված վկայություն՝ մուծված դրամի, հանձնված ապրանքա–նյութական արժեքների, փաստաթղթերի կամ հանձնարարությունների ընդունման մասին։ Այն անդորրություն, հանգստություն է բերում դրամը մուծողին կամ ապրանքը հանձնողին՝ իր պարտավորության կատարման գրավոր հաստատումը ստանալու իմաստով։


ԱՆԴՈՐՐՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ, համեմատաբար թույլ քամիների շրջան, որն անջատում է Հյուսիսային և Հարավային կիսագնդերի պասատները։ Ա. գ–ու լայնությունը 200–700 կմ է, դիրքը՝ փոփոխական, օրինակ՝ Ատլանտյան օվկիանոսի վրա գարնանն այն տարածվում է հասարակածից մինչև հս. լ. 3°, աշնանը՝ հս. լ. 11°–3°։ Գոտուն բնորոշ են ահեղ ամպրոպներով ուղեկցվող արևադարձ, տեղատարափ անձրևները։


ԱՆԴՐԱԴԱՐՁԻՉ ՎԱՌԱՐԱՆ (մետալուրգիայում), բոցավառարանի տեսակ։ Ա. վ–ում ջերմությունը հալվող նյութին է փոխանցվում անմիջականորեն վառելիքի այրման շիկացած արգասիքներից, ինչպես նաև վառարանի շիկացած շարվածքի ճառագայթման միջոցով։ Կիրառվում է գունավոր մետալուրգիայում՝ մետաղներ և կիսաարտադրանքներ ստանալու, ձուլման արտադրությունում՝ սև և գունավոր մետաղներ ու համաձուլվածքներ հալելու համար։


ԱՆԴՐԱԴԱՐՁՄԱՆ ԱՆԿՅՈՒՆ, երկու միջավայրերի սահմանին ճառագայթի անկման կետում իջեցրած ուղղահայացով և անդրադարձման ճառագայթով կազմված անկյունը (տես Անդրադարձում և բեկում ալիքների հոդվածի գծագիրը)։


ԱՆԴՐԱԴԱՐՁՄԱՆ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ, տես Առաքման և կլանման ունակություն։


ԱԼԻՔՆԵՐԻ ԱՆԴՐԱԴԱՐՁՈՒՄ ԵՎ ԲԵԿՈՒՄ , տարբեր հատկություններ ունեցող միջավայրերի սահմանում տեղի ունեցող երևույթ, երբ այդ սահմանային մակերևույթից ալիքները լրիվ կամ մասնակիորեն ետ են դառնում (անդրադառնում) դեպի այն միջավայրը, որտեղից ընկել են, իսկ բեկման ժամանակ թափանցում են երկրորդ միջավայրը՝ շեղվելով (բեկվելով) տարածման սկզբնական ուղղությունից։

Ալիքներն անդրադառնում և բեկվում են, եթե միջավայրերը բաժանող մակերևույթի վրա ալիքները բնութագրող մեծությունները բավարարում են որոշակի սահմանային պայմանների։ Օրինակ, էլեկտրամագնիսական ալիքների համար՝ եթե անընդհատ են ալիքի էլեկտրական և մագնիսական վեկտորների տանգենցիալ բաղադրիչները, իսկ ձայնային ալիքների համար՝ եթե անընդհատ են ճնշումը և միջավայրի մասնիկների շարժման արագության այն բաղադրիչը, որն ուղղահայաց է բաժանող մակերևույթին։ Ընդհանուր դեպքում այս պայմանները կարող են բավարարվել այն ժամանակ, երբ միջավայրերից մեկում գոյություն ունեն ընկնող և անդրադարձող ալիքներ, իսկ մյուսում՝ բեկված ալիք։ CC' հարթությունը (տես գծ.) A և B համասեռ միջավայրերը բաժանող հարթությունն է։ α, γ և β համապատասխանաբար անկման, բեկման և անդրադարձման անկյուններն են։

Ալիքների տարածման փուլային արագությունները A և B միջավայրերում նշանակենք VA և VB։ Ընդունենք, որ VB<VA։ Հիշելով, որ I և II ալիքները տարածվում են նույն միջավայրում, և օգտագործելով Հյուգենս–Ֆրենելի սկզբունքը, կստանանք՝ և , որտեղ nBA–ն կոչվում է B միջավայրի բեկման ցուցիչ A-ի նկատմամբ։ Եթե sinγ>1/nBA, ապա բեկում չկա։ Այս երևույթը կոչվում է լրիվ ներքին անդրադարձում։ Բեկում տեղի չի ունենում նաև այն ժամանակ, երբ B միջավայրը անթափանց է ընկնող ալիքների համար։ Օրինակ՝ երբ լուսային ալիքները, ընկնում են մետաղի մակերևույթի վրա։

Էլեկտրամագնիսական ալիքների (մասնավորապես՝ լույսի) անդրադարձման ժամանակ ալիքի բևեռացման հարթությունը կարող է փոփոխվել, կամ չբևեռացված