Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/392

Այս էջը սրբագրված է

392 ԱՆԴՐԱԼԱՅԱՆ

ալիքը անդրադառնալիս կարող է բևեռանալ։

Նկարագրված երևույթները տեղի են ունենում այև դեպքում, երբ մակերևույթի անհարթությունների չափերը փոքր են ալիքի երկարությունից։ Եթե այս պայմանը չի բավարարվում, ապա կարող են տեղի ունենալ հնարավոր 2 դեպք. անհարթաթյունների պատահական դասավորության ժամանակ՝ ալիքների դիֆուզված անդրադարձում կամ ցրում, անհարթությունների պարբերական դասավորության ժամանակ՝ անդրադարձած ալիքների դիֆրակցիա։ Է. Մելիքյան


ԱՆԴՐԱԼԱՅԱՆ ԼԵՌՆԱՇՂԹԱ, գտնվում է Պամիրի հյուսիսում, Տաջիկական և Կիրգիզական ՍՍՀ–ների սահմանագլխին, հարավից շրջափակում է Ալայան հովիտը։ Երկարությունը 240 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 7134 մ (Լենինի պիկ)։ Կազմված է բյուրեղային թերթաքարերից, ավազաքարերից, կրաքարերից,կոնգլոմերատներից։ Լանջերի ցածրադիր մասերում լեռնային տափաստաններ և մարգագետիններ են, ավելի բարձր՝ հավերժական ձյուն և սառցադաշտեր։ Ա. լ–ի Կզըլարթ լեռնանցքով (4280 մ) անցնում է Օշ–Խարոգ խճուղին։


ԱՆԴՐԱՆԻԿ (Օզանյան Անդրանիկ Թորոսի, 1865–1927), հայ ազգային–ազատագրական շարժման և ռազմական գործիչ։ Ծնվել է փետրվարի 25-ին, Շապին–Գարահիսար գյուղաքաղաքում, արհեստավորի ընտանիքում։ Սովորել է տեղի Մուշեղյան վարժարանում։ 1884-ին փոխադրվել է Կ. Պոլիս և աշխատել որպես հյուսն։ Երիտասարդ հասակից Ա. զինվորագրվել է Արևմտյան Հայաստանի ազատագրման գործին։ 1894–96-ին, հայկական կոտորածների ժամանակ, Տարոնում և Սասունում մասնակցել է թուրք․ զորքերի դեմ մղվող ազատագրական կռիվներին (Աղբյուր Սերոբի խմբում)։ 1890-ական թթ. վերջերից Ա. փաստորեն դարձել է Արևմտյան Հայաստանում գործող հայդուկային խմբերի ղեկավարը։ Ա. արևմտահայությանը կոչ էր անում տիրապետել զենքին և թուրք․ կառավարության բռնություններին պատասխանել զինված պայքարով։ Ա. ժողովրդական հերոսի համբավ է վաստակել հատկապես Մշո Առաքելոց վանքի պաշտպանական մարտերում (1901)։ 1902––04–ին կռիվներ է մղել Տարոնում, Սասունում, Վասպուրականում։ Նշանավոր է Գոմեր գյուղի մոտ տարած հաղթանակը 1904-ի մայիսին։ 1904-ի հոկտեմբերին Ա. անցել է Թիֆլիս, հանդիպել հայ գործիչներին։

1905–14-ին Ա., հիմնականում ապրելով Բուլղարիայում, եղել է Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, կապեր հաստատել հայ ազգային–ազատագրական շարժման գործիչների հետ, զենք ու զինամթերք հայթայթել Արևմտյան Հայաստանում գործող հայդուկային խմբերի համար։ 1906-ին Ա. գրել է իր «Մարտական հրահանգներ»–ը, որը պարտիզանական կռիվների կանոնագիրք ստեղծելու մի յուրատեսակ փորձ էր։ 1907-ին դաշնակցական կուսակցության IV համագումարում հայտարարելով, որ չի հանդուրժում դաշնակցականների գործելակերպը, հեռացել է այդ կուսակցությունից։ Երիտթուրքական պառլամենտում Ա–ի թեկնածությունն առաջադրելու նպատակով դաշնակցականները 1908-ին նրան հրավիրել են Կ. Պոլիս, բայց Ա. մերժել է հրավերը՝ դատապարտելով երիտթուրքերի հետ դաշնակցականների համագործակցությունը։

1912–13-ին Բուլղարիայում՝ հայկական կամավորական զորամասի կազմում որպես վաշտի վոեվոդա Ա. մասնակցել է առաջին Բալկանյան պատերազմին (տես Բալկանյան պատերազմներ 1912–13) և թուրքական զորքերի դեմ մղված կռիվներում աչքի ընկել արիությամբ։ Ա–ի ծառայությունները բուլղարական կառավարությունը նշել է մարտական պարգևով, նրան շնորհել սպայի աստիճան։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Ա. եկել է Թիֆլիս և նշանակվել Կովկասյան բանակի կազմում գործող հայկական կամավորական առաջին ջոկատի հրամանատար։ Նրա ջոկատն աչքի է ընկել Աշնակի, Սարայի, Մոլլա Հասանի, Բարդուղիմեոսի վանքի, Բաշ–կալեի, Հայոց ձորի, Աղթամարի, Կարճկանի, Դատվանի, Վարդենիսի (Մուշի մոտ), Արճեշի, Բերկրի–կալեի կռիվներում և հատկապես՝ Դիլմանի ճակատամարտում (տես Դիլմանի ճակատամարտ 1915)։ Կովկասյան բանակի հրամանատարությունը բարձր է գնահատել հայ կամավորների մարտական ծառայությունը և Ա–ի անձնական քաջությունը՝ նրան պարգևատրելով մարտական շքանշաններով։

Ա. ողջունել է ցարիզմի տապալումը։ 1918-ի հունվարին Կովկասյան ռազմաճակատի հրամանատարությունը նրան շնորհել է գեներալ–մայորի կոչում, իսկ փետրվարին նշանակել Էրզրումի պաշտպանության ղեկավար։ Սակայն Կովկասյան ռազմաճակատի կազմալուծման, թուրք․ բանակի գերակշռող ուժերի հարձակման պայմաններում Էրզրումի պաշտպանությունը ձախողվեց։ Պաշտպանական կռիվներ մղելով՝ հայկական առանձին հարվածային զորամասը, որի հրամանատարն ապրիլից Ա. էր, նահանջեց Սարիղամիշ–Կարս–Ալեքսանդրապոլ ուղղությամբ՝ ապահովելով արևմտահայերի գաղթը դեպի Արևելյան Հայաստան։ Իր զորամասով ու գաղթականների մի ստվար խմբով Ա. հունիսի 1-ին, դուրս գալով Դիլիջանից, Ելենովկայի, Նոր Բայազետի ու Դարալագյազի վրայով հունիսի 17-ին հասել է Նախիջևան։ Ապա, Վանից գաղթած հայերին օգնելու նպատակով, նա շարժվել է դեպի խոյ (Պարսկաստան)։ Սակայն հանդիպելով թուրքական գերակշիռ ուժերի դիմադրությանը՝ վերադարձել է Նախիջևվան՝ հայտարարելով այն Սովետական Ռուսաստանի անբաժան մասը։ 1918-ի հուլիսի 14-ին Ա. հեռագրով հայտնել է Բաքու՝ Ս. Շահումյանին, որ իր ջոկատը դնում է Ռուսաստանի կենտրոնական կառավարության տրամադրության տակ և ենթարկվում նրան։ Ս. Շահումյանն ի դեմս Ա–ի ողջունել է «Իսկական ժողովրդական հերոսին» և կոչ արել նրան՝ դիմակայել թուրքական զորքերի առաջխաղացմանը։ «Իզվեստիա» թերթը գոհունակությամբ է նշել Ա–ի՝ սովետական իշխանության կողմն անցնելը (1918, № 155/419): Նախիջևանի գավառի հակահեղափոխական ուժերի գործունեության ու թուրքական զորամասերի առաջխաղացման պայմաններում Ա. որոշել է թողնել Նախիջևանը, անցնել Զանգեզուր, ապա Ղարաբաղ և միանալ Բաքվի կոմունային։ Ա–ի ջոկատը վճռական դեր է խաղացել Զանգեգուրը թուրքական զորքերի ու մուսավաթականների ասպատակություններից զերծ պահելու գործում։ Այստեղ Ա. կազմակերպել է շուրջ 30 հզ. գաղթականների տեղավորումը, հայ բնակչության հետ ձեռնարկել գավառի պաշտպանությունը։

Հիսաթափվելով հայ ժողովրդի հանդեպ Անտանտի տերությունների քաղաքականությունից, ինչպես նաև չհաշտվելով դաշնակցական կառավարության հետ՝ Ա. թողեց Զանգեգուրը և Բազարչայ–Դարալագյազ–Վեդի գծով 1919-ի ապրիլին հասավ Էջմիածին։ Այստեղ նա ցրեց իր զորամասը, ունեցվածքը հանձնեց կաթողիկոսին և, արտասահման անցնելու մտադրությամբ, ապրիլի 27-ին ճանապարհվեց Թիֆլիս, ուր մի քանի օր հյուրընկալվեց Հ. Թումանյանի մոտ։ Նա իր զայրույթը հայտնեց Վրաստանի մենշևիկյան կառավարությանը՝ երկու հարևան ժողովուրդներին թշնամացնելու փորձի համար և խնդրեց չխափանել երկաթուղային կապը Հայաստանի հետ, չարգելակել սովյալ ժողովրդին սննդամթերք հասցնելը։

Արտասահմանում Ա. բազմիցս հանգանակություններ է կազմակերպել՝ գոյացած գումարները տրամադրելով հայ գաղթականներին ու որբերին։ Նա համակրանքով է վերաբերվել Սովետական Հայաստանին, ողջունել նրա տնտեսական ու մշակութային հաջողությունները։ 1922-ից մինչև մահը Ա. ապրել է ԱՄՆ–ի Ֆրեզնո քաղաքում։ Մահացել է օգոստոսի 31-ին։ 1928-ին Ա–ի աճյունը փոխադրվել է Փարիզ և ամփոփվել Պեր–Լաշեզ գերեզմանատանը։

Ա. գրել է գրքեր, հուշեր, հոդվածներ իր վարած մարտերի, հայկական զորամասի գործողությունների մասին։ Ա. հայ ժողովրդի սիրված հերոսներից է։ Նրա մասին բազմաթիվ երգեր ու լեգենդներ են հյուսվել դեռևս կենդանության օրոք։ 1965-ին Սովետական Հայաստանում և սփյուռքում նշվեց Ա–ի ծննդյան 100-ամյակը։

Գրկ. Կիրակոսյան Ջ., Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը, Ե., 1965։ Հարությունյան Ա. Տ., Անդրանիկը որպես մարտիկ և զորավար, «ՊԲՀ», 1965, № 1; Աղայան Ծ. Պ., Զորավար Անդրանիկի մասին, «ՊԲՀ», 1968, № 2։ Ղարիբջանյան Գ. Բ., Զորավար Անդրանիկը դաշնակցության դեմ, «ՍՀ» ամսագիր, № 11, 1972։ Ա. Հարությունյան