Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/396

Այս էջը սրբագրված է

Արդյունաբերությունը։ Ունի զարգացած անտառային և փայտամշակման, շինանյութերի, սննդի և թեթև արդյունաբերություն։ Արդյունահանվում է քարածուխ (Իլնիցա, Վիշկովո, Բերեզինկա), կերակրի աղ (Սոլոտվինո), մարմար (Տյաչևո)։ Տիսան իր վտակներով ունի էներգետիկ հարուստ պաշարներ։ 1956-ին կառուցվել է Անդրկարպատյան ՀԷԿ։

Գյուղատնտեսությունը։ Առաջատար ճյուղը հողագործությունն է։ Մշակում են կարտոֆիլ, հացահատիկային (ցորեն, վարսակ, տարեկան, եգիպտացորեն), բանջարանոցային, տեխնիկական (արևածաղիկ, ծխախոտ) և կերային կուլտուրաներ։ Զարգացած են այգեգործությունը և պտղաբուծությունը։ Առանձին շրջաններում մշակում են մերձարևադարձային կուլտուռաներ (թեյ, թուզ, նուշ)։ Ունի մսա–կաթնատու անասնապահություն։ Զարգանում են թռչնաբուծությունն ու շերամապահությունը։ Երկաթուղագծերի երկարությունը 575 կմ է. գլխավոր ուղիներն են՝ Չոպ–Ուժգորոդ–Լվով, Չոպ–Մուկաչևո–Ստրի–Լվով, Չոպ–Բատիևո–Բերեգովո–Խուստ–Տերեսվա–Ռախով–Լվով։ Խճուղային ճանապարհներինը 3100 կմ է։

ԱՆԴՐԿԱՐՊԱՏՅԱՆ ՈՒԿՐԱԻՆԱ (Անդրկարպատներ), Ուկրաինական ՍՍՀ Անդրկարպատյան մարզի ներկայիս տարածքի պատմական անվանումը։ X–XI դդ. մտնում էր Կիևյան Ռուսիայի մեջ։ XI դ. վերջին Ա. Ու. զավթել են հունգարական ֆեոդալները, սկզբում մտել է Հունգարիայի, ապա Ավստրիայի և Ավստրո–Հունգարիայի մեջ։ 1919-ին անցել է Չեխոսլովակիային։ 1945-ի հունիսի 29-ին ՍՍՀՄ–ի ու Չեխոսլովակիայի պայմանագրով միացեւ է Ուկրաինական ՍՍՀ–ին։


ԱՆԴՐԿՈՎԿԱՍ, հայտնի է նաև Այսրկովկաս, Կովկասյան պարանոցի մի մասը Սև և Կասպից ծովերի միջև, սկսած Կովկասյան գլխավոր ջրբաժանից մինչև ՍՍՀՄ պետական սահմանը Թուրքիայի և Իրանի հետ։ Անվանումն առաջացել է XVIII դ. (ռուսերեն «Закавказье» բառի թարգմանությունն է)։ Ա. ընդգրկում է Ադրբեջանական, Հայկական և Վրացական ՍՍՀ–ները։ Տարածությունը՝ 186,1 հզ. կմ², բնակչությունը՝ 12 մլն. 721 հզ. մարդ (1972)։ Լեռնային երկիր է։ Ռելիեֆի հիմնական տարրերն են՝ Մեծ Կովկասը, Փոքր Կովկասը, Հայկական լեռնաշխարհի հյուսիս–արևելյան շրջանները և Կոլխիդայի ու Կուր–Արաքսյան դաշտավայրերը։ Օգտակար հանածոներն են՝ նավթը, քարածուխը, մանգանը, երկաթը, պղինձը, մոլիբդենը, ոսկին, քարաղը, կավերը, զանազան շինանյութեր ևն։ Հարուստ է հանքային ջրերով։ Կլիման բազմազան է։ Կոլխիդայի և Լենքորանի դաշտավայրերն ունեն խոնավ մերձարևադարձային, Կուր–Արաքսյան դաշտավայրը և հարակից շրջանները՝ չոր մերձարևադարձային կլիմա, լեռնային շրջաններին հատուկ է ուղղաձիգ կլիմայական գոտիականությունը։ Խոշոր գետերից են Կուրը, Արաքսը, Ռիոնը, Ինգուրը և Ալազանը, որոնք էլեկտրաէներգիայի և ոռոգման աղբյուր են։ Լճերից նշանավոր են Սևանը, Արփին, Փարվանան, Ռիցան։ Հողաբուսական ծածկույթն ունի ուղղաձիգ գոտիականություն։ Տարածված են լեռնաանտառային գորշ և լեռնամարգագետնային հողեր, ալյուվիալ–մարգագետնային և մարգագետնաճահճային հողեր, լեռնային սևահողեր, դեղնահողեր, կարմրահողեր, մոխրահողեր և աղուտներ։ Ա–ի հարուստ բուսականությունն աչքի է ընկնում տեղական տեսակներով։ Պահպանվել են նաև երրորդական դարաշրջանի մնացուկային բուսատեսակներ։ Տերիտորիայի զգալի մասը, հատկապես արևմուտքում, ծածկված է անտառներով, բարձրադիր շրջանները՝ ենթալպյան և ալպյան մարգագետիններով։ Հայկական լեռնաշխարհի ցածրադիր շրջաններում և Կուր–Արաքսյան դաշտավայրում գերակշռում են տափաստաններն ու կիսաանապատները։ Կենդանական աշխարհը, ըստ ծագման, տարատեսակ է, հարուստ տեսակային կազմով։

Ա–ում զարգացած են լեռնահանքային արդյունաբերությունը (նավթի, մանգանի, մոլիբդենի հանույթ), գունավոր մետալուրգիան (ալյումինի, պղնձի, երկաթի համաձուլվածքների արտադրություն), մեքենաշինությունը (նավթային սարքավորման, մետաղահատ հաստոցների, ավտոմոբիլների արտադրության, սարքաշինության, էլեկտրատեխնիկական արտադրանք ևն), քիմիական (սինթետիկ կաուչուկի, հանքային պարարտանյութերի արտադրություն) և սննդի (գինու, կոնյակի, պահածոների արտադրություն) արդյունաբերությունը, տեխնիկական և մերձարևադարձային կուլտուրաների մշակումը, այգեգործությունը, պտղաբուծությունը, շերամապահությունը։ Ստեղծված է Անդրկովկասի միացյալ էներգահամակարգ։ Արդյունաբերությունն էլեկտրաէներգիայով ապահովում են Բաքվի ՋԷԿ–ը (նավթով), Տղվարչելիի ՊՇԷԿ–ը (ածուխով), Երևանի, Թբիլիսիի, Ռուսթավիի և Հրազդանի ՋԷԿ–երը (բնական գազով), Մինգեչաուրի, Ռիոնի, Խրամի, Սևան–Հրազդան կասկադի և այլ ՀԷԿ–երը։ Կառուցվում է Հայկական ատոմային էլեկտրակայանը։ Գործում են Ղարադաղ–Թբիլիսի–Երևան, Ստավրոպոլ–Թբիլիսի–Երևան գազամուղները։ Ա. բնական գազ է ստանում նաև Իրանից։ Ա. ՍՍՀՄ ոռոգելի հողագործության երկրորդ շրջանն է (Միջին Ասիայից հետո)։ Անց են կացվել բազմաթիվ ջրանցքներ, կառուցվել ջրամբարներ։ Ա. ունի ավելի քան 2 մլն. հա (1970) ոռոգվող հողատարածություն։ Գյուղատնտեսությունն ինտենսիվ է։ Մշակում են բամբակ, արևածաղիկ, շաքարի ճակնդեղ, ծխախոտ, խորդենի, խաղող, պտղատու ծառեր, հատապտուղ, որոշ շրջաններում՝ թեյ, ցիտրուսներ (Վրաստան, Ադրբեջան), հացահատիկային կուլտուրաներ ևն։ Ունի կաթնա–մսատու և մսա-բրդատու անասնապահություն։ Ա. ՍՍՀՄ առողջարանային խոշոր շրջաններից է (Աբասթուման, Արզնի, Բաթում, Բորժոմ, Ջերմուկ, Գագրա, Դիլիջան, Ծղալտուբո, Սուխում, Հանքավան ևն)։ Ա–ի աշխարհագրական դիրքն ապահովում է նրա արտաքին կապերը Մերձավոր Արևելքի և Միջերկրական ծովի ավազանի երկրների հետ։ Ներքին տնտեսական կապերը հիմնականում իրագործվում են Անդրկովկասյան և Ադրբեջանական երկաթուղիներով։ Գլխավոր խճուղային ճանապարհներն են՝ Ռազմավիրական, Երևան–Բաքու, Բաքու–Սոչի, Երևան–Թբիլիսի ևն։

Մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը Ա. կազմում էր ռուսական կայսրության մի մասը և մտնում էր Կովկասյան փոխարքայության մեջ՝ վարչականորեն բաժանվելով 5 նահանգի (Երևանի, Ելիզավետպոլի, Թիֆլիսի, Բաքվի, Քութայիսի), 3 մարզի (Բաթումի, Դաղստանի, Կարսի), 2 օկրուգի (Զաքաթալայի, Սուխումի) և մեկ քաղաքապետության (Բաքվի)։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո Ա. կառավարում էր Պետական դումայի հատուկ մարմինը՝ Անդրկովկասյան կոմիսարիատը: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ա. դուրս եկավ Ռասաստանի կազմից, և Անդրկովկասյան սեյմի գլխավորությամբ կազմվեց Անդրկովկասյան Ֆեդերատիվ Հանրապետություն, որի գոյությունը կարճատև եղավ։ Ստեղծ–