40 ԱԲՍՏՐԱԿՑԻԱ
մշակույթը։ Բուրժուական գեղագիտությունը Ա. ա. ներկայացնում է որպես «ստեղծագործական ազատության» արտահայտություն։ Մինչդեռ շատ արվեստագետների մոտ հետևանք է կապիտալիստական հարաբերությունների և բարոյականության հանդեպ ապրած խոր հուսախաբության, յուրօրինակ արտահայտությունն է այն փակուղու, որի մեջ գտնվում է բուրժուական արվեստը։ Կապիտալիստական հասարակության պայմաններում Ա. ա. օգտագործվում է որպես ժողովրդական զանգվածներին սոցիալական խնդիրներից հեռու պահելու միջոց և խրախուսվում ուղղակի ու անուղղակի ձևով։
Գրկ. Լեբեդև Ա. Կ., Ընդդեմ աբստրակցիոնիզմի արվեստում, Ե., 1962։ Խաչիկյան Յա. Ի., Ի՞նչ է աբստրակցիոնիզմը, Ե., 1962։ Стойков А., Критика абстрактного искусства и его теорий, М., 1964; Хачикян Я. И., Абстракционизм и художественное познание, Е., 1968.
ԱԲՍՏՐԱԿՑԻԱ (<լատ. abstractio — վերացարկում), առարկաների և երևույթների ոչ էական հատկություններից մտովի վերանալը, նրանց հիմնական կողմերի և հատկանիշների ընդհանրացումը։ Ա֊ով կատարված ընդհանրացումներն արտահայտվում են հասկացությունների, կատեգորիաների, օրենքների, գիտական համակարգերի և իմացության այլ ձևերով։ Գիտական Ա. բնության և հասարակության էական հատկանիշները մարդկային մտածողության մեջ արտացոլող իմացության պրոցեսի կարևոր տարրն է։ «Մտածողությունը, վերընթանալով կոնկրետից աբստրակտը, չի հեռանում – եթե այն ճիշտ է… ճշմարտությունից, այլ մոտենում է դրան։ … Կենդանի հայեցողությունից դեպի աբստրակտ մտածողությունը և դրանից դեպի պրակտիկան՝ այս է ճշմարտության իմացման, օբյեկտիվ ռեալության իմացության դիալեկտիկական ուղին» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 38, էջ 204—205)։
Վերացարկումը հնարավորություն է ընձեռում առանձնացնելու մտքի առարկան և այն քննելու տվյալ առումով կողմնակի, խաթարիչ գործոններից զերծ՝ մաքուր տեսքով, ապահովելով մտքի ազատ ստեղծագործությունը՝ տեսական մտածողության հարաբերական ինքնուրույնությունը։ Ձևական տրամաբանության մեջ որպես Ա-ի տեսակներ առանձնացվում են՝ «մեկուսացնող Ա.», որի դեպքում վերացարկվում և որպես ինքնություն դիտվում է որևէ առանձին հատկանիշ, այդպես գոյանում են «վերացական հասկացությունները» (երկարություն, արդարություն ևն). «ընդհանրացնող Ա.», որի շնորհիվ գոյանում են հասկացությունները առարկաների դասի (եռանկյունի, բույս ևն) կամ համախմբության (մարդկություն ևն) մասին։ Մաթեմատիկայի հիմունքներում կարևոր նշանակություն ունեն մաթեմատիկայի և տրամաբանության այնպիսի հիմնական Ա-ներ, ինչպիսիք են՝ նույնացման վերացարկումը, որը հնարավորություն է ընձեռում հավասարության տիպի հարաբերությամբ կապված օբյեկտների մասին խոսել որպես միատեսակ օբյեկտների. ակտուալ անվերջության վերացարկումը, որի դեպքում վերացարկում են անվերջ բազմությունը վերջավոր եղանակով ներկայացնելու գործնական անհնարինությունից և այն դիտարկում որպես առկա, տրված. պոտենցիալ իրականացման վերացարկումը, որի դեպքում վերացարկում են մեր կոնստրուկտիվ ռեալ հնարավորությունների սահմանափակություններից։ Պատմական զարգացում ապրող ամբողջությունների (հասարակություն, օրգանական աշխարհ, գիտելիք ևն) ուսումնասիրության դեպքում բեղմնավոր է Ա֊ից կոնկրետին անցնելու մեթոդը, պատմական պրոցեսի տրամաբանական ներկայացման եղանակը, որը կիրառել է Մարքսը «Կապիտալ»-ում, յուրացնելով ու զարգացնելով Հեգելի «Տրամաբանության գիտության» գաղափարները։
Գրկ. Մարքս Կ., Քաղաքատնտեսության քննադատության շուրջը, Ե., 1948։ Նույնի, Կապիտալ, հ. 1, Ե., 1954։ Լենին Վ. Ի., Փիլիսոփայական տետրեր, Երկ., հ. 38։ Георкян Г. А., О роли абстракции в познании, Е., 1957; Горский Д. И., Вопросы абстракции и образование понятий, М., 1961; Яновская С. А., Методологические проблемы науки, М., 1972.
ԱԲՍՑԻՍ, տես Կոորդինատներ։
ԱԲՎԵՐ (գերմ. abwehr – պաշտպանություն), գերմանական գլխավոր շտաբի հետախուզական ծառայությունը 1925–1944-ին։ Միավորել է ֆաշիստական Գերմանիայի գլխ. շտաբի հետախուզական բոլոր մարմինները և ծովակալ Կանարիսի գլխավորությամբ հետախուզական քայքայիչ գործունեություն ծավալել տարբեր երկրներում։ 1944-ին «Կայսրության անվտանգության ծառայությանը» միացվելուց հետո Ա. փաստորեն դարձավ Գեստապոյի բաժանմունք։
ԱԲՐԱԶԻԱ (< լատ. abrasio – քերում), ալեբախման հարվածներից ծովերի, լճերի և խոշոր ջրամբարների ափերի լվացման, քայքայման և տեղափոխման պրոցես։ Ա-ի հետևանքով առափնյա լեռնային զանգվածների շրջանում առաջանում է մեղմ անկումով դեպի ջրի հատակ շարունակվող աբրազիոն պլատֆորմ կամ դարավանդ, որն աստիճանաբար վերածվում է մայրցամաքային ծանծաղուտի։ Աբրազիոն պլատֆորմի զգալի մասը ծածկված է գլաքարերի բարակ շերտով, իսկ առափնյա հատվածում լինում են ավազային ալիքներ։ Ափի հողմահարումից առաջացած բեկորային նյութը, տեղափոխվելով պլատֆորմի վրայով, հարթեցնում է նրա մակերևույթը։
ԱԲՐԱՀԱՄ (եբր. Abraham, Abram – նախահայր), ըստ Աստվածաշնչի սերում է Նոյի ավագ որդուց՝ Սեմից։ Ա. սկզբում հին հրեական աստվածություն էր, հետագայում (մ. թ. ա. VI–V դդ.) առասպելաբանության մեջ համարվել է իբրև հրեաների և արաբների նախահայր։
ԱԲՐԱՀԱՄ (ծն. թ. անհտ.– 669), Երուսաղեմի հայոց հոգևոր առաջնորդ, ապա՝ պատրիարք 638-ից։ Ամիրայապետ Օմարից ձեռք է բերել անկախ պատրիարքության հրովարտակ, որով Երուսաղեմի հայոց պատրիարքությունն անջատվել է հունականից, հայոց սեփականություն է ճանաչվել Ս. Հակոբի վանքն իր կալվածքներով և Բեթղեհեմի ծննդյան տաճարը։ Ասորիները, ղպտիները և հաբեշները ենթարկվել են նոր պատրիարքության իրավասությանը, հայերին տրվել է եկեղեցու զանգ հնչեցնելու իրավունք։
ԱԲՐԱՀԱՄ (Տեր Աբրահամ, Աբրահամ ծաղկող, Աբրահամ Բոլորաձորեցի), XV դարի երկրորդ կեսի հայ մանրանկարիչ։ Բոլորաձորի վանքի (Վայոց ձոր, Սրկղունք) առաջնորդ (1476-ից) Ավագտեր վարդապետի եղբորորդին։ Բոլորաձորի (Բոլորաբերդի) վանքի վանական Ա-ի անունը հիշատակվում է 1461-ից։ Նկարազարդել է ավետարաններ (երկուսը՝ 1475-ին, 1482, 1495), Հայսմավուրք (1474), Ճաշոց (1476), Ճառընտիր (1478), օրինակել Մանրուսմունք (1484) ևն։ Ձեռագրերում զետեղել է նաև պատվիրատուների նկարները, լուսանցքներում թողել բացատրական ոտանավորներ։