Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/408

Այս էջը սրբագրված է

964-ին Աշոտ Գ Ողորմած թագավորը ամրոցից հյուսիս, հրվանդանի նեղ մասում կառուցեց հզոր պարիսպ («Աշոտաշեն» պարիսպներ)։ Այն ժամանակվա միջազգային խոշոր առևտրական ճանապարհի Դվին–Տրապիզոն հատվածի վրա ընկած Ա. արագ թափով սկսեց մեծանալ։ Դվինից և այլ վայրերից Ա. եկան բազմաթիվ արհեստավորներ և առևտրականներ ու մշտական բնակություն հաստատեցին։ Քաղաքի արագ աճը Սմբատ Բ–ին ստիպեց 989-ին կառուցել երկրորդ պարիսպը («Սմբատաշեն» պարիսպներ), որը, անցնելով Ծաղկոցաձորի, Իգաձորի եզրերով, միացել է Գայլաձորին, ապա, շարունակվելով Ախուրյանի կիրճի եզերքով, շրջափակել է «Նոր քաղաքը»։ Ա–ում պալատներ ու ապարանքներ կառուցեցին նախարարական տներից շատերը, հատկապես՝ պաշտոնատեր բարձրաստիճան անձինք։ Կառուցվեցին վաճառատներ, գործատներ, շուկաներ, իջևանատներ, խանութների և արհեստանոցների շարքեր։ Քաղաքի բնակչության մի մասն ապրում էր Ծաղկոցաձորի և Գայլաձորի քարայրերում, որտեղ կային կրկնահարկ և եռահարկ բնակարաններ, ընդարձակ սրահներ, եկեղեցիներ, կուղպակներ։ Ա. մեծ զարգացում ապրեց Գագիկ Ա–ի թագավորության (989–1020) խաղաղ տարիներին։ Այս շրջանում քաղաքացիական և հասարակական մեծ թվով շենքերի հետ մեկտեղ կառուցվեցին Անիի Մայր տաճարը, Գագկաշեն զվարթնոցատիպ, Աբուղամրենց եկեղեցիները ևն։

Ա. առևտրական կապերի մեջ էր Բյուզանդիայի, Պարսկաստանի, արաբական երկրների, Հարավային Ռուսաստանի և Միջին Ասիայի հետ։ Չինաստանից ներմուծվում էին ճենապակե իրեր, մետաքս, Միջագետքից և Պարսկաստանից՝ հախճապակե իրեր, Բյուզանդիայից, Կիլիկիայից և Եգիպտոսից՝ նկարազարդ ապակյա անոթներ, ներկեր ևն։ Հայաստանից խալիֆայաթյան տարբեր երկրներ և Բյուզանդիա արտահանվող առարկաների մեջ մեծ տոկոս էր կազմում Ա–ի արհեստավորների մանածագործական արտադրանքը, խեցեղենը, պղնձե իրերը։ Հայկական գորգերը, մետաքսյա և բրդյա բանվածքները, ոսկուց, արծաթից և պղնձից պատրաստված զարդեղենը, զենքի տարբեր տեսակները իրենց որակով չէին զիջում աշխարհի լավագույն արհեստավորների արտադրանքին։ XI դ. Ա. մեծ, սոցիալական բարդ կազմ, առևտրական ու արհեստավորական համքարություններ ունեցող հռչակավոր քաղաք էր։

Գագիկ Ա–ի մահից հետո Բագրատունյաց պետությունը թուլացավ ներքին երկպառակությունների պատճառով։ Պայքարը գահի համար առանձնապես սրվեց Գագիկ Ա–ի որդիների՝ Հովհաննես–Սմբատ թագավորի և նրա եղբայր Աշոտ Դ–ի միջև։ Թուլակամ Հովհաննես–Սմբատը, երկյուղելով Տայքի 1022–23-ի ապստամբությունը ճնշած բյուզանդական բանակի ներխուժումից, 1023-ին Ա. իր մերձակայքով կտակեց Բյուզանդիային։ Հովհաննես–Սմբատի և Աշոտ Դ–ի մահից հետո Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսը և Վեստ Սարգիս իշխանը իրենց համախոհներով աշխատեցին ի կատար ածել Ա–ի հանձնման կտակը, սակայն հանդիպեցին ազնվականների մի մասի և քաղաքի բնակչության դիմադրությանը։ Պետականությունը պահպանելու նպատակով, Վահրամ Պահլավունու առաջարկությամբ, 1042-ի վերջին (կամ 1043-ի սկզբին) թագավոր օծեցին Աշոտ Դ–ի որդի պատանի Գագիկ Բ–ին։ 1043–44-ին բյուզանդական զորքերը մի քանի անգամ պաշարեցին Անին՝ պահանջելով հանձնել քաղաքը։ Զորահրամանատար Վահրամ Պահլավունու գլխավորությամբ սկսվեց Անիի պաշտպանությունը։ Ա. մնաց անառիկ։ Գագիկ Բ նենգաբար կանչվեց Կոստանդնուպոլիս և գահազրկվեց՝ փոխարենը ստանալով Կապադովկիայի Պիզու քաղաքը (Կալոնպաղատ դղյակ–ամրոցով) և այլ աննշան տիրույթներ։ 1045-ին Բագրատունիների թագավորությունը և Ա. ընկան բյուզանդական լծի տակ։ Ա–ի թագավորության անկումից հետո Շիրակը մայրաքաղաքի հետ կառավարվում էր բյուզանդական կատեպանների (կառավարիչների) կողմից։ Ամրացվեցին Ա–ի պարիսպները, անցկացվեց ջրմուղ։ 1064-ին՝ սելջուկների Հայաստան կատարած երրորդ արշավանքի ժամանակ մեծ զոհերի գնով Ա. գրավվեց։ 1072-ին Ա. սելջուկ զորավար Ալփ–Արսլանից գնեց Դվինի ամիրա Աբուլսուարը և տվեց իր որդի Մանուչեին։ Հիմք դրվեց Ա–ի Շադդադյան իշխանությանը, որն ընդմիջումներով տեվեց մինչև 1199։ Շադդադյանների օրոք Ա. նկատելիորեն կորցրեց արհեստների ու առևտրի կենտրոնի նշանակությունը։ XII դարում Ա. մի քանի անգամ ձեռքից ձեռք անցավ։ Վրաց Դավիթ II Շինարար, Գեորգի III թագավորների օրոք՝ 1124, 1161, 1174-ին, հայ–վրացական միացյալ զորքերը գրավեցին և կարճ ժամանակով տիրեցին Ա–ին։ 1199-ին Ա. ազատագրվեց և պնցավ Զաքարյաններին։ Ամիրսպասալար Զաքարե Բ 1199–1204-ին Հայաստանի հյուսիսային մի քանի նահանգներ միացրեց Ա–ին և այն փաստորեն դարձրեց վարչական կենտրոն։ Քաղաքում կառուցվեցին եկեղեցական և աշխարհիկ շենքեր, նորոգվեցին բերդապարիսպները, կամուրջները։ Պատմիչները այդ շրջանի Ա. հիշատակում են «մեծ», «տիեզերական», «քաղաքամայր» և այլ անուններով։

XI դարում Ա–ի ֆեոդալական հին վերնախավի («գահապետք», «գահերեցք», «սեպուհք») կողքին առևտրա–վաշխառուական գործարքների շնորհիվ առաջացավ մեծամեծների մի նոր շերտ, որին Արիստակես Լաստիվերցին անվանում է «Գլխավորք քաղաքին»։ Նույն պատմագիրը 1064-ին սելջուկներից անեցիների կրած պարտության առթիվ նշում է, որ Ա–ի մեծատունները փարթամացել էին տնանկների քրտինքով, վաշխերով ու անիրավություններով, անողորմ էին աղքատների հանդեպ, հակված էին մեղկ կյանքի, չէին խորշում կեղտոտ գործերից։ Հակադիր բևեռում էին ռամիկները։ Քաղաքի վերնախավերը բնակվում էին միջնաբերդում և հարմարավետ թաղամասերում, ստորին խավերը՝ խուլ թաղերում, ծայրամասերում, անշուք հյուղերի, այրերի («քարտների») մեջ։ Ա–ում էին կենտրոնացած զորքի մատակարարման, հարկերի ու տուրքերի գանձման, հանքերի շահագործման, շինարարական, դրամա–վաշխառուական գործարքները, իջևանատների, կրպակների, ջրաղացների, արդյունագործական ձեռնարկությունների շահագործումը:

Քաղաքը կառավարում էր ավագների խորհուրդը (ավագանին), որը իրականացնում էր նաև օրենսդրական իշխանությունը։ Ա. ուներ քաղաքապետ, որ կոչվում էր ամիրայից ամիրա կամ ամիրապետ։ Քաղաքի «մեծատունները» գրավում էին վարչական, տնտեսական և զինվորական պաշտոններ, զբաղվում առևտրով ու վաշխառությամբ։ Ա. արհեստագործության, արտադրանքի վերամշակման խոշոր կենտրոն էր։ Զարգացած էին մետաղագործությունը, շինարարական արհեստները, կավագործությունը, անկվածագործությունը, գրչության արվեստը։ Քաղաքում կային մեծ թվով ջրաղացներ, ձիթհաններ։

Զաքարյանների ծաղկուն շրջանն ընդհատվեց մոնղոլների արշավանքով։ 1236-ին մոնղոլները պաշարեցին և դավադրաբար տիրացան քաղաքին։ Անեցիների 1249-ի և 1260-ի ապստամբություններն ավարտվեցին անհաջողությամբ։

Մինչև XIV դ. կեսերը Ա. որպես քաղաք դեռ պաշտպանում էր իր գոյությունը։ Մոնղոլների, հետագայում թուրքական ցեղերի քաղաքականությունը, բնակչության իրավազրկությունը, ծանր հարկերը տնեցիներին և Հայաստանի այլ քաղաքների բնակիչներին ստիպեցին տարբեր ժամանակներում մեծ խմբերով գաղթել օտար երկրներ՝ Վրաստան, Հարավային Ռուսաստան (Հաշտարխան, Ղրիմի քաղաքները). Ղրիմից մի մասը տեղափոխվեց Կ. Պոլիս, Գալիցիա ու Լեհաստան, մի այլ խումբ, ավելի ուշ, Դոն գետի ափին հիմնեց Նոր Նախիջևան քաղաքը։ Ավանդությունը Ա. քաղաքի վերջնական ամայացումը կապում է 1319-ի երկրաշարժի հետ, սակայն Երևանի արձանագրություններից մեկում անեցի Շաբայդինը, 1364-ին, անիծում է Ա. քանդողներին։ Նշանակում է ամայացումը տեղի է ունեցել XIV դ. 60-ական թթ. թաթարական ցեղերի ձեռքով։ XIV և XV դդ. կտրված դրամները նույնպես ապացուցում են, որ կյանքը քաղաքում շարունակվել է։

XVI դ. Ա. արդեն մի փոքրիկ գյուղ էր։ Ըստ երևույթին, քաղաքին մեծ հարված էին հասցրել Լենկթեմուրի արշավանքները։ XVIII դ. Ա. ավերակների կույտ էր և պատկանում էր թուրք բեկերին։ 1878-ին այն անցավ Ռուսաստանին։ 1920-ի պայմանագրով հանձնվեց Թուրքիային։

Մշակույթը։ Քաղաքաշինություն և ճարտարապետություն. Ա. զարգացման երեք շրջափուլ է ունեցել 1. Կամսարականների (IV–VII դդ.), 2. Բագրատունիների (X–XI դդ.), 3. Զաքարյանների (XIII դ.1–ին կես)։ Ունեցել է նաև անկման շրջաններ՝ արաբական տիրապետության (VIII–IX դ. կես) և սելջուկների (XI դ. 2-րդ կես–XII դ. վերջ)։ Կամսարականների շինարարական գործունեության արգասիք է Ա–ի միջնա–