Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/41

Այս էջը հաստատված է
ԱԲՐԱՀԱՄ 41

1495-ի ավետարանի «Պայծառակերպության» նկարի ցածում Ա. տեղավորել է իր և եղբոր՝ Զաքարիայի պատկերները (թվ. ՋԽԷ–1498)։ Նրա բազմաթիվ պատկերազարդումները հայ միջնադարյան մանրանկարչության կարևոր էջերից են, կատարված են վարպետությամբ։

Գրկ. Խաչիկյան Լ. Ս., ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, մաս 1 – 2, Ե., 1958–1967։ Ս. Լալաֆարյան

ԱԲՐԱՀԱՄ (Աբրահամ Սեվանեցի), XV դարի հայ փորագրիչ և քանդակագործ։ 1486-ին ծաղկենկար քանդակազարդել է Սևանի Առաքելոց եկեղեցու հարավային դուռը (ընկուզենու փայտից) շրջանակով։ Դռան ճակատին պատկերված է ծալապատիկ նստած աստվածը, որ հիշեցնում է Բուդդայի արձանները, նրանից ներքև Բարեխոսի, ապա Հոգեգալուստի տեսարաններն են. վերնատան տակ, մեջտեղի կամարում տեղավորված երեք ֆիգուրներով խմբաքանդակը խորհրդանշում է ազգերի խմբակցությունը։ Աշխատանքը կատարված է պատկերագրության և զարդարանքի գեղարվեստական նուրբ զուգորդմամբ, քանդակման բարձր տեխնիկայով և մեզ հասած այդօրինակ լավագույն նմուշներից է։ Դուռն այժմ գտնվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում (Երևան)։


ԱԲՐԱՀԱՄ Ա ԱՂԲԱԹԱՆԵՑԻ (ծն. թ. անհտ. — մոտ 615), Հայոց կաթողիկոս 607-ից։ Ծնվել է VI դ. կեսերին, Ռշտունիք գավառի Աղբաթանք գյուղում։ Եղել է նույն գավառի եպիսկոպոսը և Դվինի ժողովում ընտրվել կաթողիկոս՝ հաջորդելով Մովսես Բ Եղվարդեցուն։ Ա-ի օրոք հայ և հույն եկեղեցիների պայքարը սուր բնույթ էր ստացել։ Միաժամանակ Բյուզանդիան և Պարսկաստանը պատերազմում էին իրար դեմ՝ առիթ ծառայեցնելով քրիստոնյա ժողովուրդների կրոնական դավանանքի հարցը։ Պարսից Խոսրով թագավորը պաշտպանում էր հայ եկեղեցու հակաքաղկեդոնական (հակահունադավան) դիրքը. Վրկանի մարզպան Սմբատ Բագրատունի Բազմահաղթի միջոցով հեռացնելով Հայաստանի հունաց մասի Ա-ի հակաթոռ (նստում էր Ավան գյուղում) Հովհաննես կաթողիկոսին՝ նա թույլատրել է Դվինում կառուցել նոր եկեղեցի։ Պայքարը բյուզանդ. և պարսկ. կողմնորոշում ունեցող քրիստոնյաների միջև շարունակվել է քաղկեդոնական և հակաքաղկեդոնական դավանանքի քողի տակ։ Վրաստանում հաղթանակել է քաղկեդոնական հոսանքը։ Պարսկ. կողմնորոշման ջերմ պաշտպան Ա. ջանացել է համոզել վրաց. կաթողիկոս Կյուրոնին՝ հույների հետ դավանաբանական միություն չհաստատել։ Կյուրոնը չի համաձայնվել, և 608-ին վրաց. եկեղեցին վերջնականապես ընդունել է քաղկեդոնականությունը։

Գրկ. Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 1, մաս 2, 2 հրտ., Պեյրութ, 1959։


ԱԲՐԱՀԱՄ ԱՆԿՅՈՒՐԱՑԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), XV դարի հայ տաղերգու, 1453-ին թուրքերի կողմից Կ. Պոլսի գրավման ականատես։ Դրել է «Ողբ ի վերայ մայրաքաղաքին Կոստանդնուպոլսոյ՝ վասն տիրելոյն տաճկաց. ասացեալ ի յԱբրահամ ականատես վարդապետէ»։ Կազմել է «Հայոց պատմութեան ժամանակագրութիւն» (ընդգրկում է հայոց ազգաբանությունից մինչև 1358-ի դեպքերը)։ Աշխատության վերջին մասում տրված է հռոմեական և հունական կայսրերի գործունեության համառոտ պատմությունը։ Դրել է նաև հոգևվոր տաղեր։

Ա բ ր ա հ ա մ (Ս ե վ ա ն ց ի)։ Սևանի Առաքելոց եկեղեցու հարավային դուռը։ 1486։ Հայաստանի պատմության պետական թանգարան։


ԱԲՐԱՀԱՄ ԲԱՂԻՇԵՑԻ, Խոշաբեցի, Մշեցի (ծն. թ. անհտ.– 1734), Հայոց կաթողիկոս 1730-ից։ Շինարարական աշխատանքներ է կատարել Էջմիածնի վանքում, պատկերազարդման տվել Մայր տաճարի երկու խորանները, որմերն ու սյուները։ Ա. Բ. հեղինակ է ներբողական և հոգևոր մի շարք տաղերի, որոնք անտիպ են։ Նրա գերեզմանը գտնվում է Ս. Գայանեի վանքում։

Գրկ. Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, մաս 3, 2 հրտ., Պեյրութ, 1959, էջ 2871–82։ Անասյան Հ. Ս., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959, էջ 101 – 103։


ԱԲՐԱՀԱՄ ԵՐԵՎԱՆՑԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), XVIII դարի հայ պատմագիր։ Գրել է «Պատմութիւն պատերազմացն…» երկը, որն արժեքավոր աղբյուր է Անդրկովկասի և թուր֊պարսկական հարաբերությունների պատմության համար։ Ընդգրկում է աֆղանների ապստամբությունից մինչև Նադիր Շահի գահակալությունը կատարված դեպքերը (1721–36)։ Առանձնապես կարևոր է գրքի 2-րդ գլուխը, որտեղ մանրամասն նկարագրված է Երևանի պաշտպանությունը 1724-ին։ Պարունակում է նաև հետաքրքիր տեղագրական տվյալներ հին Երևանի մասին։ «Պատմության» բնագիրը, որից ընդօրինակված է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի № 8069 ձեռագիրը, գտնվում է Վենետիկի Մխիթարյան մատենադարանում։ Ա. Ե-ու «Պատմությունը» տպագրվել է 1938-ին։ Հրատարակվել է նաև ռուսերեն (1939)։ Հ. Անասյան


ԱԲՐԱՀԱՄ ԽՈՍՏՈՎԱՆՈՂ (Զենակացի) (ծն. և մահ. թթ. անհտ.), V դարի հայ մատենագիր։ Ծնվել է Տայքի Զենակս գյուղում։ Ղազար Փարպեցին պատմում է, որ Ա. Խ. ինքնակամ միացել է Վարդանանց պատերազմից հետո պարսից Հազկերտ արքայի հրամանով Պարսկաստան տարվող հայ նախարարներին ու հոգևորականներին և 454-ին նրանց հետ աքսորվել Ասորիք։ 462-ին վերադարձել է Հայաստան, ուր Գյուտ կաթողիկոսը նրան ձեռնադրել է Բզնունիք գավառի եպիսկոպոս։ Ա. Խ. ասորերենից հայերեն է թարգմանել Մարութա Նփրկերտցու «Վկայք Արևելից»-ը։ Թովմա Արծրունին հիշատակում է Ա. Խ֊ի՝ Վարդանանց պատերազմի մասին մեզ չհասած աշխատությունը։ Ըստ ավանդության, Ա. Խ-ի գերեզմանը գտնվում է Հայոց ձորի (Վասպուրական) Աբրահամու անապատում (այստեղից էլ՝ անապատի անվանումը)։


ԱԲՐԱՀԱՄ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), XVI–XVII դարերի հայ ինքնուս կենդանաբան։ Ապրել և ստեղծագործել է Կոստանդնուպոլսում։ 1611-ին գրել է «Պատմութիւն անասնոց և գազանաց, չորքոտանեաց, սողնոց և թիւնաւորաց, թռչնոց և մարդկան, ծովային ձկանց և անասնոց և գազանաց և այլ ժժմակաց ծովու և ցամաքի» մեզ հասած հայերեն ամենահին կենդանաբանական աշխատությունը (Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռ. № 1418)։ Օգտվելով վեց լեզուներով աղբյուրներից և սեփական դիտողությունների ու լսածի հիման վրա Ա. Կ. տվել է 180 կենդանիների՝ չորքոտանիների (դրանց մի մասի մորթու կամ մուշտակի), թռչունների, ձկների, խեցեմորթների, միջատների, առասպելական կենդանիների ու մարդկանց («սովորաբար Հրեշք կոչվածքն») նկարագրությունը՝ հաճախ ուղեկցելով առասպելաբանություններով և բարոյախոսական գրքերից քաղած նյութերով։ Ա. Կ. կրկնել է XVI դ. նշանավոր կենդանաբանների (Գեսներ, Ռոնգելեն, Բելոն, Ալգրովանդի) գործածած դասակարգումը։

Գրկ. Տեր֊Պողոսյան Ա., Բիոլոգիական մտքի զարգացումը Հայաստանում սկզբից մինչև XVIII դարը, Ե., 1960։


ԱԲՐԱՀԱՄ ԿՐԵՏԱՑԻ (ծն. թ. անհտ.– 18. 4. 1737), Հայոց կաթողիկոս 1734-ից։ Ծնվել է Կրետե կղզու Կանդիա քաղաքում։ Մոտ 25 տարի եղել է Թրակիայի Թեքիրդաղ (Ռոդոսթո) քաղաքի թեմի առաջնորդ, որի համար կոչվել է նաև Թեքիրդաղցի։ Ա. Կ֊ու օրոք Անդրկովկասի քաղաքական դրությունն անկայուն էր։ Իրանում ասպարեզ իջած Թահմազ Ղուլի խանը, (ապագա Նադիր Շահը) պատերազմելով Թուրքիայի դեմ, վերանվաճեց Իրանի կորցրած հողերը։ Ա. Կ., շահելով նրա