Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/415

Այս էջը սրբագրված է

որն Անի կայարանից դեպի Անիպեմզա ունի 5 կմ առանձին ճյուղավորում։ Կառուցվել է Պեմզաշեն–Մարալիկ երկաթուղագիծը (7 կմ, որը հետագայում հասցվելու է մինչև Աղին կայարանը)։ Այն հնարավորություն կտա 112 կմ–ով կրճատել ՀՍՍՀ հարավային շրջաններն առաքվող շինանյութերի ճանապարհը։ Շրջանի տերիտորիայով են անցնում Երևան–Վ. Թալին–Լենինական խճուղին։ Վերջինիս վրա են գտնվում շրջանի բնակավայրերի մեծ մասը։ Ունի 158 կմ երկարությամբ տեղական ճանապարհներ (96 կմ ասֆալտապատ)։ Բոլոր բնակավայրերն ավտոտրանսպորտով կապված են շրջկենտրոնի ու Լենինականի հետ։ 8 բնակավայրում կան կապի բաժանմունքներ:

Առողջապահությունը։ Շրջանում գործում է 6 հիվանդանոց (Մարալիկ, Անիպեմզա, Աղին, Սառնաղբյուր, Զիթհանքով, Գուսանագյուղ)՝ 300 բուժաշխատողով (22–ը՝ բժիշկ, 1972)։ Բոլոր բնակավայրերում ստեղծվել են բուժկայաններ։

Անիի շրջանի բնակավայրերը
Բնակավայրի
անվանումը
Բնակավայրի
տիպը
Տնտեսությունների
քանակը
Բնակչության
թիվը (1970)
Աղին (ներառյալ Աղին
երկաթուղային
կայարանին կից ավանը)
գյուղ 168 791
Անիպեմզա քտա 721
Բագրավան գյուղ 161 796
Բագրավան երկաթուղային
կայարանին կից ավան
ավան 13 74
Բարձրաշեն գյուղ 69 321
Գուսանագյուղ գյուղ 195 948
Իսահակյան գյուղ 117 493
Լանջիկ գյուղ 146 803
Լուսաղբյուր գյուղ 114 630
Խարկով գյուղ 28 122
Հայկաձոր գյուղ 111 493
Ձորակապ գյուղ 150 869
Զիթհանքով գյուղ 271 1320
Մարալիկ քտա 3304
Ներքին Ջրափի գյուղ 24 160
Նորաբեր գյուղ 43 207
Շիրակավան գյուղ 84 397
Սարակապ գյուղ 119 655
Սառնաղբյուր գյուղ 427 2470
Վերին Ջրափի գյուղ 53 267
Քարաբերդ գյուղ 177 917

(նկ․) Տեսարան Սառնաղբյուր գյուղից։

Մշակույթը։ 1916–17 ուս. տարում Ա. շ–ում եղել է 11 դպրոց, որից 5-ը՝ ծխական (մոտ 700 աշակերտ և 19 ուսուցիչ)։ 1972–73 ուս. տարում Ա. շ–ում գործում էին 9 միջնակարգ, 12 ութամյա և տարրական դպրոցներ (5 հզ. աշակերտ, 330 ուսուցիչ, որոնցից բարձրագույն կրթությամբ՝ 167), 4 մսուր–մանկապարտեզ։ Ա. շ–ում աշխատում են բարձրագույն կրթությամբ 294 մասնագետ։ Շրջանն ունի 25 գրադարան (157 հզ. կտոր գիրք), 21 ակումբ ու մշակույթի տուն, 9 կինո։ Գյուղերը հիմնովին վերակառուցված են։ Տները քարակերտ են, թիթեղյա տանիքով, զգալի մասը՝ երկհարկանի։ Բոլոր բնակավայրերն ունեն էլեկտրական լուսավորություն, ռադիոֆիկացված են, օգտվում են հեղուկ, մասամբ բնական (1972-ից) գազից և հեռուստատեսային հաղորդումներից։ 1939-ից լույս է տեսնում շրջանային «Անի» թերթը։

Պատկերազարդումը տես աղ. XVIII, 384–85 էջերի միջև՝ ներդիրում։

Գրկ. Տես Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն հոդվածում։ Ռ. Հովեսյան

ԱՆԻԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԵՐ 1043–45, 1126, 1236, օտար թշնամիների դեմ տնեցիների մղած կռիվները։ 1043-ին բյուզանդական կայսր Մոնոմախը Գագիկ Բ–ից պահանջեց կատարել Տրապիզոնի համաձայնագիրը (1022) և Անին անձնել Բյուզանդիային։ Մերժում ստանալով, բյուգանդական զորքը 1043-ի սկզբին շարժվեց դեպի Անի, բայց Գագիկ Բ և Վահրամ Պահլավունին, կազմակերպեցին քաղաքի պաշտպանությունը՝ ծանր պարտության մատնելով թշնամուն։ Նույն թվականին բյուզանդացիները կրկնեցին իրենց հարձակումները, բայց նորից պարտվեցին։ Գագիկ Բ–ին խաբեությամբ Կ. Պոլիս տանելուց հետո, 1044-ի աշնանը, Բյուզանդիան մեծ բանակով հարձակվեց Անիի վրա։ Հայոց զորքերը Վահրամ Պահլավանու գլխավորությամբ պաշտպանեցին Ա.։ Սակայն, հակառակորդին ի վերջո հաջողվեց 1044-ին խաբեությամբ գրավել քաղաքը։

1126-ին անեցիները մեկ ամբողջ տարի պատերազմեցին Շեդդադյան Փատլուն ամիրայի դեմ։ Նրանց օգնում էին վրացիները։ Պաշարված Անիում սով սկսվեց, բայց ժողովուրդը շարունակեց հերոսաբար դիմադրել։ Հատկապես աչքի ընկավ ռամիկ կին Այծյամն Անեցին, որը արհամարհելով մահվան վտանգը, վիրավոր վիճակում, նետերի տարափի տակ բերդապարիսպներից պարսատիկով քարեր էր նետում թշնամու վրա։

1236-ին Անին պաշարվեց մոնղոլ զորավար Չարմաղանի կողմից, որը աեցիներից պահանջեց անձնատուր լինել։ Հայերը մերժեցին թշնամու առաջարկը և դիմադրություն կազմակերպեցին։ Միայն գերակշիռ ուժերի շնորհիվ թշնամին կարողացավ գրավել քաղաքը և դաժան հաշվեհարդար տեսնել բնակչության հետ։

Գրկ. Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակսւգրութիւն, Վաղ–պատ, 1898, էջ 96–97։ Սամուել Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղ–պատ, 1893, էջ 125–127։ Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե., 1961, էջ 258–59։ Լ. Բաբայան


ԱՆԻԻ ՊԱՐՈՆԻ ՊԱԼԱՏ, միջնադարի ճարտարապետական հուշարձան, պայմանականորեն այսպես է կոչվել Անիի հյուսիս–արևմտյան կողմում, «Սմբատաշեն» պարիսպներից ոչ հեռու, Ծաղկոցաձորի ու Իգաձորի միացման տեղում գտնվող զառիթափի մոտ կառուցված քաղաքացիական շենքը։ Կառուցման ժամանակը համարվում է XII–XIII դդ.։ Ստույգ պարզված չէ, թե ինչ նպատակի է ծառայել։ Ենթադրվում է, որ պատկանել է որևէ իշխանի կամ պարոնի։ Պալատը քաղաքի կողմից երկհարկանի էր, իսկ Ծաղկոցաձորի կողմից՝ եռահարկ։ Կիսով չափ գետնի մեջ թաղված ու ենթադրաբար տնտեսական նպատակների համար օգտագործված առաջին հարկը թաղածածկ էր։ Մնացած ծածկերը, դատելով պատերի մեջ պահպանված բներից, ունեցել են Փայտե հեծաններ։ Անկանոն պարագիծ ունեցող հատակագծային հորինվածքի կենտրոնում տեղավորված էր քառակուսի (10 մ × 10 մ) և հավանաբար գմբեթածածկ սրահը, որի շուրջը համախմբված էին մեծ ու փոքր սենյակներ։ Հարկերը միմյանց հաղորդակցվել են, ըստ երևույթին, շարժական սանդուղքներով, որոնց համար թաղածածկի մեջ բացված է եղել (հետագայում՝ փակված) հատուկ

(նկ․) Անիի Պարոնի պալատը։ Ձախից՝ տեսքը Իգաձորից։ Աջից՝ Կրկնահարկ շքամուտքը։