Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/423

Այս էջը սրբագրված է

ԱՆՀԱՍՈՒԹՅՈՒՆ, երեխայի ծնունդը մինչև հղիության լրիվ ժամկետի (40 շաբաթ) լրանալը։ Նորածինը համարվում է անհաս, եթե նրա կշիռը 2500 գ–ից պակաս է (մինչև 1000 գ), իսկ հասակը՝ 45 սմ–ից կարճ։ Ա–յան պատճառներն են՝ հղի կնոջ սեռական օրգանների քրոնիկական և սուր հիվանդությունները, հոգեկան և ֆիզիկական վնասվածքները, մոր և պտղի միջև առաջացող շիճուկաբանական անհամատեղելիությունը։ Որքան պակաս է անհաս երեխաների սկզբնական կշիռը, այնքան բարձր է նրանց մահացության տոկոսը։ Անհաս երեխաների խնամքն իրականացվում է ծննդատներում։


ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ (մաթ.), առնչություն թվերի կամ մեծությունների միջև, որ ցույց է տալիս, թե որն է դրանցից մեծ (փոքր) մյուսից։ Գրում են (–ն մեծ է –ից, –ն փոքր է –ից), (մեծ կամ հավասար, փոքր կամ հավասար), իսկ եթե –ն հավասար չէ –ին, ապա գրում են ։ Ա–յան հիմնական հատկություններն են. 1. եթե , ապա , 2. եթե և , ապա , իսկ եթե , ապա ։ Ֆունկցիոնալ Ա–ները ֆունկցիաները միմյանց հետ են կապում նշանով։ Լուծել ֆունկցիոնալ Ա. նշանակում է գտնել փոփոխականի այն արժեքները, որոնք բավարարում են նրան։ Օր. Ա–յան լուծումն է ։ Ա. լուծում չունի, քանի որ չի բավարարում փոփոխականի ոչ մի արժեքի։


ԱՆՀԱՏ, մարդը որպես հասարակական էակ, հասարակականորեն պայմանավորված ն անհատականորեն արտահայտված իր հատկությունների և ֆունկցիաների (դերերի) ամբողջության մեջ։ Մարդը մի բարդ ամբողջություն է, որի բնութագրման համար օգտագործվում են ինդիվիդ, անհատականություն, անձնավորություն և Ա. հասկացությունները։ Ինդիվիդ հասկացությունը ցույց է տալիս մարդու լոկ ընդհանրական սեռային հատկությունը, նրա պատկանելությունը մարդկային ցեղին և այդ իմաստով չի ներառում նրա կոնկրետ սոցիալական ու հոգեբանական բնութագծերը։ Անհատականություն հասկացությամբ արտահայտվում է բնատուր և անհատական զարգացմամբ ձեռք բերված առանձնահատկությունների ամբողջությունը, որով տվյալ ինդիվիդը տարբերվում է մյուսներից։ Անձնավորության հասկացությունը մարդուն բնութագրում է առավելապես հոգեբանական առումով։ Իսկ Ա. հասկացությամբ մարդը վերցվում է հատկապես իբրև սոցիալական էակ։ Այդ առումով Ա. հասարակական զարգացման արդյունք է, միաժամանակ և հասարակական հարաբերությունների կրողը, մարդկային հանրությունների՝ որևէ խավի, դասակարգի, ազգի, հասարակական ամբողջի տարր։ Այսպիսով, մարդը որպես Ա. ոչ թե ծնվում, այլ ձևավորվում է, և այդ պրոցեսը, իևչպես անհատական, այնպես էլ պատմական զարգացման առումով, իր բնույթով սոցիալական է։ Ա. սոցիալական միջավայրի ծնունդ է։ Սոցիալական նոր հատկությունների ու ֆունկցիաների, հետևաբար և Ա–ի փոփոխությունը պայմանավորված է նախ հասարակական կյանքի նյութական պայմանների և ապա մյուս բնագավառների զարգացմամբ։

Ա–ի հարցը հասարակական զարգացման մեջ նրա խաղացած դերի տեսանկյունից քննելիս՝ պետք է առանձնացնել պատմական կամ նշանավոր Ա. հասկացությունը։ Պատմական Ա. կոչվում է այն մարդը, որը հանդես է գալիս որպես հասարակական կամ մշակութային որևէ նշանակալից շարժման առաջևորդ, գաղափարախոս։ Մարքսիզմն ընդունում է պատմական Ա–ի որոշակի, դրական կամ բացասական, դերը հասարակական զարգացման մեջ, բայց այդ դերը չի համարում վճռական գործոն․ անհատն իր գործունեությամբ կարող է այս կամ այն չափով արագացնել կամ դանդաղեցնել պատմական առաջընթացը։ Պատմական անհատի գործունեությունն ինքը, որպես անհրաժեշտ տարր, մտնում է հասարակական օրինաչափության գործողության մեջ։ Պատմության մեջ անհատի դերի գերագնահատումը կարող է հանգեցնել անհատի պաշտամունքի։ Յուրաքանչյուր սոցիալական խավ, դասակարգ, հատկապես պատմական զարգացման բեկումնային շրջաններում, առաջ է քաշում իր առաջնորդին։ Ա. պատմության մեջ նշանակալից դեր է խաղում այն դեպքում, երբ հենվում է ժողովրդի, հասարակության առաջադեմ խավերի վրա։ Ա. Հովսեփյան


ԱՆՀԱՏ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, անհատի և հասարակության պատմականորեն որոշակի փոխհարաբերությունը։ Ա–ի և հ–յան փոխհարաբերության պրոբլեմը սոցիոլոգիայի կարևոր պրոբլեմներից է։ Անհատը, մի կողմից, կազմում է հասարակության մասը և իր գործողություններով ենթարկվում է նրա օրինաչափություններին, մյուս կողմից, ունի որոշակի ինքնուրույնություն, կամքի ազատություն և հակադրվում է հասարակությանը։ Ոչ մարքսիստական սոցիոլոգիայում բացարձակացվում է մե՛րթ մեկ, մե՛րթ մյուս կողմի դերը տվյալ փոխհարաբերության մեջ։ Իդեալիստական ըմբռնմամբ հասարակության բնույթն ու զարգացումը պայմանավորված են բացառապես այն կազմող անհատների առանձնահատկություններով, նրանց գիտակցությամբ ու ենթագիտակցությամբ։ Մեխանիստական–մատերիալիստական ըմբռնմամբ, ընդհակառակն, անհատը հասարակական հարաբերությունների լոկ մեխանիկական կրողն է։ Մարքսիստական սոցիոլոգիան այդ երկու միակողմանիությունն էլ հաղթահարում է՝ ելնելով Ա–ի և հ–յան փոխազդեցության, փոխադարձ պայմանավորվածության սկզբունքից։ Չնայած հասարակական կյանքը միլիոնավոր անհատների գիտակցական գործունեության արդյունք է, բայց նրա զարգացումն ու գործառնությունը իրենց բնույթով օբյեկտիվ, առանձին մարդկանց կամքից ու գիտակցությունից անկախ կատարվող պրոցեսներ են։ Օբյեկտիվ հասարակական պայմանները որոշում են առանձիև մարդկանց ու մարդկային հանրությունների գործունեության ընդհանուր շրջանակներն ու հնարավորությունները։ Բայց այդ շրջանակներում անհատն ընդունակ է ազատ, հենց այդ պայմանների վերափոխմանն ուղղված ակտիվ գործողությունների։ Ա–ի և հ–յան փոխհարաբերությունը յուրաքանչյուր հասարակական–տնտեսական ֆորմացիայում ունենում է իր յուրահատուկ դրսևորումները։ Մարքսիզմը ցույց տվեց, որ անձնական և հասարակական շահերի հակադրությունը, ընդհանրապես Ա–ի և հ–յան միջև եղած հակասությունները, պայմանավորված են մասնավոր սեփականության տիրապետությամբ, հետևաբար անխասափելի են միայն հակամարտ դասակարգային հասարակության մեջ։ Դրանք վերանում են կոմունիստական հասարակարգում, երբ ստեղծվում են բոլոր պայմաններն անհատի ներդաշնակ, համակողմանի զարգացման համար։ Ա. Հովսեփյան


ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ, տվյալ տեսակի արտադրաևքի միավորի արտադրության համար առանձին արտադրողի ծախսած ժամանակը, որով ապրանքային արտադրության պայմաններում որոշվում է ապրանքի անհատական արժեքը։ Ա. ա. կախված է աշխատանքի միջոցների զարգացման մակարդակից, արտադրության կազմակերպումից, արտադրողի հմտությունից և այլ պայմաններից։ Ա. ա. կարող է չհամընկնել հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակին, որով որոշվում է ապրանքի հասարակական արժեքը։


ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, կապիտալիստակաև արտադրական պրոցեսի վերսկսումը, անընդհատ կրկնությունը։ Տնտեսության այլևայլ ճյուղերում տարբեր ապրանքների արտադրության համար օգտագործվող անհատական կապիտալները միմյանց հետ կապված են աշխատանքի հասարակական բաժանման սիստեմով։ Այդ անմիջական կապն իրականացվում է միայն մասնավոր փոխանակության, անհատական կապիտալների փոխանակության միջոցով։ Անհատական բոլոր կապիտալների շրջապտույտների միահյուսումից ամբողջանում է հասարակական կապիտալի շարժումը։ Ա. կ. վ. ընդունում է պարզ և ընդլայնված ձև։ Պարզ վերարտադրության դեպքում արտադրության պրոցեսը կրկնվում է նախկին չափերով, իսկ ստացված հավելյալ արժեքը տրամադրվում է կապիտալիստներին՝ անձնական սպառման համար։ Ընդլայնված վերարտադրության ժամանակ արտադրության պրոցեսը վերսկսվում է ավելի մեծ չափերով, հավելյալ արժեքի մի մասը օգտագործվում է լրացուցիչ արտադրամիջոցներ և աշխատուժ ձեռք բերելու համար։ Ընդլայնված վերարտադրությունը ներառում է պարզ վերարտադրությունը որպես իր բաղկացուցիչ մասի։ Ա. կ. վ. ցույց է տալիս, որ կապիտալիստների սեփականությունը, անկախ իր ծագման աղբյուրից, հավելյալ արժեքի մի մասի աստիճանական կուտակման արդյունք է։ Ա. կ. վ. բացահայտում է, որ ոչ թե կապիտալիստն է վարկավորում բանվորին, այլ բանվորն է իր աշխատանքով վարկավորում կապիտալիստին։ Բանվորները փաստորեն վարձատրվում են իրենց նախորդ՝ չվարձատրված աշխատանքի արդյունքից։ Ա. կ. վ–յան մեջ արտահայտվում է կապիտալիստական հակամարտ հարաբերությունների վերարտադրությու–