Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/424

Այս էջը սրբագրված է

նը։ Մի կողմում գտնվում են արտադրության միջոցների սեփականատեր կապիտալիստները, մյուս կողմում՝ այդ միջոցներից զուրկ բանվորները։ Ս. Մելիքյան

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, 1. առանձին մարդու, անհատի հոգեբանությունը, 2. արտասահմանյան իդեալիստական հոգեբանության մեջ ուղղություն, որի հիմնադիրն է ավստրիացի հոգեբան Ա. Ադլերը։ Այդ ուղղությունը հոգեկանի զարգացման շարժիչ ուժը համարում է մարդկանց անհատապաշտական ձգտումները և, այդ ըմբռնմամբ, մարդու հոգեկան կյանքը դիտում մարդկանց հասարակական–պատմական հարաբերություններից դուրս։ Ա. հ. որոշակի ընդհանրություններ ունի գերմ. փիլիսոփա Ֆ. Նիցշեի ծայրահեղ անհատականության փիլիսոփայության հետ։


ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, մարդու հոգեկան ու ֆիզիկական հատկանիշների այն յուրահատկությունը, որով նա տարբերվում է մնացած բոլորից։ Ա–յան մեջ ընդգրկվում են անձնավորության համեմատաբար կայուն և մշտական հատկությունները։ Ա. մարդու բնական (կենսաբանական) հատկանիշների ու հասարակական պայմանների փոխազդեցության արդյունք է, որտեղ վճռականը հասարակական պայմաններն են։ Ա–յան ձևավորման մեջ հասարակական պայմաններից ամենակարևորը արտադրական հարաբերություններն են։ Ա–յան զարգացման մեջ արտացոլվում են կյանքի կոնկրետ հանգամանքները, այդ պատճառով առանձին մարդու զարգացումը չի կարելի կտրել նրա անհատական և հասարակական միջավայրից։ Ա. դրսևորվում է բնական և հասարակական միջավայրի հետ անհատի փոխհարաբերության պրոցեսում։ Մ. Մազմանյան


ԱՆՀԱՏԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ, բարոյական սկզբունք, որի հիմքում ընկած է անհատի բացարձակ իրավունքների, հասարակությունից և պետությունից նրա անկախության և ազատության ընդունումը։ Ա–յան ձևավորումը կապված է մասնավոր սեփականության և դասակարգային հարաբերությունների ծագման ու զարգացման հետ։ Ա. առավել ամբողջական տեսական հիմնավորում ստացավ բուրժուական փիլիսոփայության ու բարոյագիտության մեջ։ Եթե բուրժուական հարաբերությունների ձևավորման ժամանակաշրջանում Ա. դրական դեր խաղաց ֆեոդալիզմի ու եկեղեցու կապանքներից անհատի ազատագրման գործում (տես Հումանիզմ), ապա բուրժուական հասարակարգի հաղթանակից հետո դարձավ կապիտալիստական շահագործման գաղափարական արդարացման միջոց։ Ա. անհատին հակադրում է հասարակությանը, կոլեկտիվին, նրա շահերը վեր դասելով հասարակության շահերից, փորձում հիմնավորել, որ մարդու եսամոլական էությունը բոլոր ժամանակներում անփոփոխ է։ Հաղթահարելով Ա–յան մնացուկները, սոցիալիստական հասարակությունն ապահովում է անհատի և հասարակության շահերի ներդաշնակություն, պայմաններ ստեղծում մարդու անհատականության համակողմանի զարգացման համար։


ԱՆՀԱՏԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ, ականավոր գործչի հեղինակության առջև կուրորեն խոնարհվելը, նրա ծառայությունների խիստ չափազանցումը, պատմական անհատի ֆետիշացումը։ Ա. պ–ի տեսական հիմքը պատմության իդեալիստական ըմբռնումն է, ըստ որի, հասարակության զարգացման ընթացքը որոշվում է ոչ թե օբյեկտիվ օրենքներով, ժող. մասսաների գործունեությամբ, այյ անհատների (թագավորների, հերոսների, ականավոր գաղափարախոսների ևն) կամքով։ Պատմության մեջ ականավոր անհատի նշանակության բացարձակացումը բնորոշ է իդեալիզմի բազմաթիվ դպրոցների համար (վոլյունտարիզմ, երիտասարդ հեգելականություն, նարոդնիկություն ևն)։ Մարքսիզմ–լենինիզմը հասարակական զարգացման մեջ ականավոր անհատի, առաջնորդի դերը դիտում է դասակարգային պայքարի օբյեկտիվ ընթացքի, ժող. զանգվածների պատմ. գործունեության հետ սերտորեն կապված։ Ականավոր անհատները, առաջնորդները, որպես ժող. մասսաների, դասակարգերի պայքարի ղեկավարներ, կազմակերպիչներ ու ոգեշնչողներ, կարևոր դեր են խաղում պատմ. իրադարձություններում։ Իրենց այդ դերը նրանք առավել հաջողությամբ են իրականացնում, երբ ճիշտ են ըմբռնում հասարակության զարգացման օբյեկտիվ օրինաչափությունները և գործում են այդ օրինաչափություններին, մասսաների ու դասակարգերի պահանջմունքներին համապատասխան։ Սակայն, ականավոր անհատները իրենց գործունեությամբ կարող են արագացնել կամ դանդաղեցնել, բայց չեն կարող փոխել պատմության ընթացքը։ Վճռական դերը հասարակության զարգացման մեջ պատկանում է ժող. մասսաներին, քանի որ նրանք են ստեղծում նյութական բարիքները ու հոգևոր արժեքները, իրականացնում սոցիալական հեղափոխություններն ու վերափոքումները։ Ա. պ. անհամատեղելի է կոմունիստական կուսակցության ու պրոլետարիատի գաղափարախոսության հետ, խորթ է մարքսիզմ–լենինիզմի ոգուն։ Ա. պ. պրոլետարական կուսակցության ներսում աղաղակող հակասության մեջ է մտնում նրա դեմոկրատական էության հետ, խախտում և ի վերջո վերացնում է կոլեկտիվ ղեկավարման սկզբունքը, առանց որի չի կարելի պատկերացնել իսկական հեղափոխական կուսակցություն։ Կոմունիստական և բանվորական շարժման մեջ Ա. պ. խորթ, հակամարքսիստական գաղափարախոսություն և պրակտիկա է, հանգեցնում է հակադեմոկրատական մեթոդների արմատավորման, ղեկավար գործիչների դերի գերագնահատման, կուսակցության և ժողովրդական զանգվածների դերի նսեմացման։ Պրոլետարիատի առաջնորդներ Մարքսը, Էնգելսը և Լենինը, զգուշացնելով հեղափոխական շարժման մեջ Ա. պ–ի ներթափանցման հնարավոր վտանգից, վճռականորեն պայքարել են նրա բոլոր դրսևորումների դեմ։ Կ. Մարքսը գրել է, որ «… դեպի ամեն տեսակ անհատի պաշտամունքն ունեցած զզվանքի պատճառով, Ինտերնացիոնալի գոյության ժամանակաշրջանում ես երբեք թույլ չէի տալիս հրապարակել այն բազմաթիվ ուղերձներր, որտեղ ճանաչվում էին իմ ծառայությունները, որոնցով ինձ ձանձրացնում էին տարբեր երկրներից, ես նույնիսկ երբեք չէի պատասխանում դրանց, միայն հազվադեպ՝ դրանց համար շշպռում էի։ Կոմունիստների գաղտնի ընկերության մեջ Էնգելսի և իմ առաջին անգամ մտնելը տեղի ունեցավ այն անվերապահ պայմանով, որ կանոնադրությունից դեն կնետվի այն ամենը, ինչը նպաստում է հեղինակությունների առաջ սնահավատորեն խոնարհվելուն» (Маркс К. и Энгельс Ф., Соч., 2 изд., т. 34, с. 241)։ Ա. պ–ին մեծ անհանդուրժողականությամբ էր վերաբերվում նաև Վ. Ի. Լենինը։ 1918-ին Վ. Դ. Բոնչ–Բրուևիչին նա ասել է. «Սա ի՞նչ բան է։ Ինչպե՞ս Դուք կարող էիք թույլ տալ։ Տեսեք ինչ են գրում լրագրերում։ Կարդալն ամոթ է։ Գրում են իմ մասին, որ այդպիսին եմ, այնպիսին եմ, ամեն ինչ չափազանցում են, ինձ հանճար են անվանում, ինչ որ հատուկ մարդ… Չէ որ դա սարսափելի է… Եվ այդ ո՛րտեղից։ Մենք ամբողջ կյանքում գաղափարական պայքար ենք տարել անհատի, աոանձին մարդու փառաբանման դեմ, վաղուց ենք լուծել հերոսների հարցը, և այստեղ հանկարծ նորից անհատի փառաբանում։ Դա բոլորովին անվայել է» (Бонч-Бруевич В. Д., Избр. соч., т. 3, 1964, с. 296–97)։ Հակակոմունիզմի գաղափարախոսները սոցիալիզմը վարկաբեկելու նպատակով պնդում են, թե սոցիալիզմն անխուսափելիորեն ծնում է Ա. պ. և որ այն իբր հասցրել է սովետական կարգերի բյուրոկրատական վերասերման։ ՍՍՀՄ–ում սոցիալիզմի կառուցման պայմաններում Ի. Վ. Ստալինի անձի պաշտամունքը մարքսիզմ–լենինիզմի սկզբունքների կոպիտ խեղաթյուրում էր և լուրջ վնաս հասցրեց կուսակցությանը, ՍՍՀՄ–ում սոցիալիզմի կառուցման գործին, միջազգային կոմունիստական շարժմանը։ Ստալինի անձի պաշտամունքը նպաստեց կուսակցական շինարարության և տնտեսական աշխատանքում արատավոր մեթոդների, մերկ վարչարարության, ներկուսակցական դեմոկրատիայի խախտումների տարածմանը։ Ժողովրդական տնտեսության պլանավորման և կառավարման մեջ ծնունդ առան վոլյունտարիզմն ու սուբյեկտիվիզմը, տնտեսական օրենքների և արտադրության զարգացման գործոնների արհամարհումը, լրջորեն խախտվեց ըստ աշխատանքի վարձատրության սոցիալիստական սկզբունքը։ Այն վնաս հասցրեց նաև հասարակական, հատկապես՝ փիլիսոփայական և պատմական գիտություններին, որն իր հերթին արգելակեց մարքսիզմ–լենինիզմի ստեղծագործական զարգացումը, թուլացրեց հասարակության զարգացման վրա գիտության ներգործությունը։

Այդ խեղաթյուրումները, չնայած իրենց ամբողջ լրջությանը, չփոխեցին սոցիալիստական հասարակության բնույթը, չսասանեցին սոցիալիզմի հիմքերը։ ՍՍԿԿ XX և XXII համագումարների նյութերում, ՍՄԿԿ ԿԿ 1956-ի հունիսի 30-ի որոշման մեջ և կուսակցական այլ փաստաթղթերում մերկացվում ու դատապարտվում է Ա. պ., տրվում է նրա առաջացման պատճառների և պայմանների վերլուծությունը, նշվում