Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/425

Այս էջը սրբագրված է

է, որ Ա. պ. արմատականորեն հակասում է սոցիալիզմի, մարքսիզմ–լենինիզմի էությանը։ ՍՄԿԿ–ն միջոցներ իրականացրեց Ա. պ–ի հաղթահարման ուղղությամբ կուսակցական, պետ. և գաղափարական աշխատանքի բոլոր բնագավառներում, կուսակցական կյանքի լենինյան նորմաների պահպանման ուղղությամբ։ Ռ. Մովսիսյան

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ, հանկարծահաս, ծանր հիվանդությունների ժամանակ ցույց տրվելիք շուտափույթ բժշկական օգնութուն։ Ա. բ. օ. հիմնականում վերաբերում է թերապևտիկ հիվանդներին (կրծքային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ, սննդային թունավորումներ, ուղեղի արյունազեղում, երիկամների և միզուղիների նոպաներ), իսկ վիրաբուժական հիվանդների Ա. բ. օ. կազմակերպում է շտապ բժշկական օգնության կայանը։ ՍՍՀՄ–ում Ա. բ. օ. են ցույց տալիս բժշկական բոլոր հիմնարկները, իսկ խոշոր քաղաքներում (Հայկական ՍՍՀ–ում՝ Երևանում, Լենինականում, Կիրովականում) կան օգնության կետեր, որոնք տնային հիվանդներին սպասարկում են պոլիկլինիկայի աշխատանքային ժամերի ավարտից հետո։


ԱՆՀԻԴՐԻԴՆԵՐ (<հուն. άνυδρος – անջուր), թթվածին պարունակող միացություններ, որոնք կարելի է ստանալ թթվածնավոր թթուներից ջուր պոկելով։ Միանալով ջրի հետ՝ Ա. առաջացնում են թթուներ։ Ա–ի անվանումները կազմվում են համապատասխան թթվի անունից և «անհիդրիդ» բառից։

Անօրգանական թթուների Ա. են ոչ մետաղների և որոշ ծանր մետաղների բարձրարժեք օքսիդները, ծծմբական անհիդրիդը՝ , ծծմբային անհիդրիդը՝ , ֆոսֆորական անհիդրիդը՝ , արսենական անհիդրիդը՝ (տես Արսեն), ածխաթթվական անհիդրիդը՝ (տես Ածխածնի օքսիդներ), քրոմական անհիդրիդը՝ ևն։ Մտացվում են համապատասխան պարզ նյութի և թթվածնի միացումից, թթուների և աղերի քայքայումից։ Օգտագործվում են թթուների, աղերի ստացման համար, մի քանիսը նաև իբրև չորացնող նյութեր ևն։

Օրգանական թթուների՝ կարբոնաթթուների Ա. են քացախաթթվի անհիդրիդը՝ , բենզոյական անհիդրիդը՝ ևն։ Տարբեր թթուներ իրար հետ առաջացնում են խառը Ա., օր. մրջնաքացախաթթվական անհիդրիդը՝ ։ Երկհիմն թթուները կարող են առաջացնել նաև օղակաձև կառուցվածք ունեցող Ա., օր. սաթաթթվի անհիդրիդը՝ ։ Օրգ. թթուների Ա. հեղուկներ կամ պինդ նյութեր են։ Մրջնաթթուն անհիդրիդ չի առաջացնում։ Ստացվում են կարբոնաթթուների աղերի և նրանց հալոգենանհիդրիդների փոխազդմամբ, երբեմն նաև՝ կարբոլաթթուներից ջրի մոլեկուլ պոկելով։ Օգտագործվում են ացիլացման, արհեստական խեժերի, ներկանյութերի և այլ նյութերի ստացման համար։ Է. Մարգարյան, Լ. Գրիգորյան


ԱՆՀԻԴՐԻՏ, միներալ, կալցիումի անջուր սուլֆատ՝ ։ Համակարգը ռոմբային է։ Հանդիպում է հոծ ագրեգատներով, աղյուսաձև կամ պրիզմատիկ բյուրեղներով։ Գույնը՝ սպիտակ, կապտավուն կամ կարմրավուն, կարծրությունը՝ 3–3,5, խտությունը՝ 2800–3000 կգ/մ³։ Ա. ջուր կլանելով վերածվում է գիպսի: Տարածված է նստվածքային ապարներում, քարաղի և գիպսի հանքավայրերում (ՀՍՍՀ–ում՝ Մերձերևանյան աղաբեր ավազանում, Ալավերդու, Ղափանի, Շամլուղի պղնձի հանքավայրերում ևն)։ Օգտագործվում է որպես պարարտանյութ, շինանյութ ևն։


ԱՆՀՈՅ, Անհուեյ, նահանգ Չինաստանի արևելքում, Յանցզի գետի ստորին հոսանքում։ Տարած. 139,9 հզ. կմ² է, բն. 35 մլն. մարդ (1968)։ Կենտրոնը՝ Հեֆեյ։ Տերիտորիայի հյուսիսային մասը դաշտավայրային է, հարավայինը՝ բարձրադիր, լեռնային։ Կլիման մերձարևադարձային մուսոնային է, հունվարի միջին ջերմաստիճանը 0°C–ից 4°C է, հուլիսինը՝ 24°C–ից 28°C։ Տարեկան տեղումները՝ 600–1500 մմ։ Անտառազուրկ է՝ բերրի ալյուվիալ կարբոնատային հողերով։ Մշակում են բրինձ, ցորեն, եգիպտացորեն, կորեկ, ռամի, ծխախոտ, սոյա, բամբակենի, թեյ։ Զարգացած է խոզաբուծությունը։ Արդյունաբերության զարգացող ճյուղերն են լեռնահանքայինը և մետալուրգիականը։ Արդյունահանվում է քարածուխ (Հուայնան), երկաթ (Դանտու), պղինձ (Տունգուանշան), ֆոսֆորիտներ, ծծումբ ևն։ Ունի նավաշինության (Ուխու), գյուղատնտեսական մեքենաշինության և մետաղամշակության (Հեֆեյ, Բանբու), ալրաղաց, բրնձի մաքրման, յուղի, ծխախոտի, թեյի վերամշակման, բամբակե գործվածքեղենի ձեռնարկություններ։


ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ, աշխատանքային օրվա մաս, որի ընթացքում բանվորը վերարտադրում է իր աշխատուժի արժեքը, այսինքն՝ նյութական բարիքների համարժեքը, որ անհրաժեշտ է բանվորի և նրա ընտանիքի ապրուստի համար։ Այդ ժամանակահատվածում ծախսված աշխատանքը կոչվում է անհրաժեշտ աշխատանք։ Պետք է տարբերել Ա. ա. հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակից (տես Աշխատանք


ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՇԽԱՏԱՆՔ, աշխատուժի վերարտադրությունն ապահովող անհրաժեշտ աշխատաժամանակի ընթացքում ծախսվող աշխատանք։ Ա. ա. յուրաքանչյուր հասարակարգում ստանում է տնտեսական նոր բովանդակություն և դրսևորման ձև։ Դասակարգային շահագործողական հասարակարգերում Ա. ա–ի մեծությունը սահմանափակվում է շահագործման համար պահանջվող աշխատուժի վերարտադրության շրջանակներով։ Սոցիալիստական հասարակարգում Ա. ա–ի սահմանները որոշվում են աշխատուժի անկաշկանդ վերարտադրության, ինչպես և արտադրողների համակողմանի զարգացման պատմական կոնկրետ պահանջներով։


ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՐԴՅՈՒՆՔ, կենսամիջոցների ամբողջություն, որ բավարարում է նյութական արտադրության աշխատողների և նրանց ընտանիքի կենսական պահանջմունքները։ Կապիտալիստական հասարակարգում Ա. ա. դրսևորվում է աշխատավարձի ձևով, որի մեծությունը որոշվում է աշխատուժ–ապրանքի արժեքի օրենքով և այդ ապրանքի առք ու վաճառքի շուկայական կոնկրետ պայմաններով։

Սոցիալիզմի պայմաններում ընդլայնվում են Ա. ա–ի սահմանները։ Ա. ա. արտադրվում և օգտագործվում է անհատի, նրա ֆիզիկական ու հոգևոր կարողությունների բազմակողմանի զարգացման համար։ Ա. ա. արտահայտվում է բանվոր–ծառայողների աշխատավարձի, գյուղատնտեսական կոոպերատիվների աշխատողների դրամական ու բնամթերային եկամուտների, ինչպես նաև սպառման հասարակական ֆոնդերից և աձնական օժանդակ տնտեսություններից ստացվող եկամուտների ձևով։


ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՎ ԲԱՎԱՐԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ (մաթ.), տվյալ պնդման իրավացիության անհրաժեշտ պայմաններ կոչվում են այն պայմանները, որոնց խախտման դեպքում պնդումը սխալ է, իսկ պնդման իրավացիության բավարար պայմաններ կոչվում են այն պայմանները, որոնց առկայությամբ պնդումը ճիշտ է։ Օր. բնական թվի վերջին թվանշանի 7 չլինելը այդ թիվը 5-ի բաժանվելու անհրաժեշտ պայման է (7-ով վերջացող բնական թվերը չեն բաժանվում 5-ի), բայց բավարար պայման չէ (օր. 33-ը չի վերջանում 7-ով և չի բաժանվում 5-ի)։ Տված թիվը 5-ի բաժանվելու բավարար պայման է այդ թվի վերջին թվանշանի 0 լինելը։ Նշված պայմանն անհրաժեշտ պայման չէ (օր. 35-ը 0-ով չի վերջանում, բայց բաժանվում է 5-ի)։ Որպեսզի թիվը բաժանվի 5-ի, անհրաժեշտ է և բավարար, որ թվի վերջին թվանշանը լինի 0 կամ 5։ Հաճախ «անհրաժեշտ է և բավարար» և «այն և միայն այն դեպքում» արտահայտությունները գործածվում են նույն իմաստով։


ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, սովետական պետության, հանրային շահերի, պաշտպանվողի կամ այլ անձի անձնավորության կամ իրավունքների նկատմամբ կատարվող ոտնձգությունների դեմ ուղղված օրինաչափ պաշտպանություն, որն իրականացվում է հարձակվողին վնաս պատճառելով։ Օրենքը բացառում է Ա. պ–յան ընթացքում պատճառված վնասի հասարակական վտանգավորությունը և պատժելիությունը։ Ա. պ–յան ինստիտուտի ընդունումը ՍՍՀՄ–ում կապված է պետությանը, հասարակությանը և քաղաքացիներին հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու համընդհանուր պարտավորության հետ։ Պաշտպանվելիս վնաս կարելի է պատճառել միայն հարձակվող հանցագործին՝ չանցնելով Ա. պ–յան սահմանները։ Սահմանների անցում է պաշտպանության ակնհայտ անհամապատասխանությունը ոտնձգության բնույթին և վտանգավորությանը։ Իրավունքի (այդ թվում և հայ իրավունքի) պատմությանը Ա. պ–յան մասին իրավանորմեր հայտնի են հնուց ի վեր և ունեցել են որոշակի դասակարգային բովանդակություն։ Ըստ սովետական իրավունքի, Ա. պ–յան ինստ–ը քաղաքացու սուբյեկտիվ իրավունքներից է և հիմնավորվում է հա սարակական–քաղաքական նպատակահարմարությամբ։