Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/426

Այս էջը սրբագրված է

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, փիլիսոփայական կատեգորիաներ։ Մատերիալիստական դիալեկտիկայի ուսմունքի համաձայն, անհրաժեշտությունը բխում է երևույթների ներքին էությունից և նշում է նրանց օրենքը, կապն ու կաոուցվածքը։ Անհրաժեշտությունն այն է, ինչ որոշ պայմաններում անխուսափելիորեն պետք է կատարվի։ Պատահականությունն իր հիմքերն ունի ոչ թե տվյալ երևույթների էության, այլ տվյալ և այլ երևույթների փոխազդեցության մեջ. դա այն է, ինչ տվյալ պայմաններում կարող է առաջանալ կամ չառաջանալ, կարող է տեղի ունենալ տվյալ կամ այլ ձևով։ Ե՛վ անհրաժեշտությունը, և՛ պատահականությունն ունեն իրենց օբյեկտիվ պատճառները, սակայն առաջին դեպքում պատճառը գտնվում է երևույթների ներքին, էական կապակցության մեջ, մինչդեռ երկրորդ դեպքում պատճառը գտնվում է երևույթների արտաքին կապակցությունների ոլորտում։ Ա. և պ–յան փոխհարաբերության դիալեկտիկական մատերիալիստական ըմբռնումը հակադրվում է երկու տեսակետների, որոնցից մեկը ժխտում է անհրաժեշտությունը և ամեն ինչ հանգեցնում է պատահականությանը, իսկ մյուսը, ընդհակառակն, պատահականությունն է հանգեցնում անհրաժեշտությանը։ Մետաֆիզիկական այդ երկու ծայրահեղությունները, իդեալիզմի դիրքերից, առաջին անգամ հաղթահարեց Հեգելը, սակայն միայն դիալեկտիկական մատերիալիզմը բացահայտեց Ա. և պ–յան փոխհարաբերությունն ու էությունը։

Ըստ մարքսիստական փիլիսոփայության, ցանկացած պրոցեսում միշտ առկա են էական (անհրաժեշտ) և ոչ էական (պատահական) հատկություններ։ Դրա համար Ա. և պ. դիալեկտիկորեն փոխկապված են և միմյանցից անկախ գոյություն չունեն։ Չկա մաքուր անհրաժեշտություն, ոչ էլ մաքուր աատահանանություն։ Անհրաժեշտությունը սովորաբար դրսևորվում է պատահականությունների մեջ ու նրանց միջոցով, իսկ պատահականը հանդես է գալիս իբրև անհրաժեշտության դրսևորմաև ձև և լրացում։

Ա. և պ–յան փոխհարաբերության դիալեկտիկական մատերիալիստական ըմբռնումը սերտորեն կապված է ժամանակակից գիտության կողմից մասսայական պատահարների և մասնավորապես վիճակագրական ու դինամիկական օրինաչափությունների ուսումնասիրության հետ։ Ա. և պ–յան էության բացահայտման համար կարևոր են օրենք, էություն, պատճառականություն կատեգորիաները։

Գրկ. Էնգելս Ֆ., Բնության դիալեկտիկա, Ե., 1969։ Լենին Վ. Ի., Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ, գլուխ 3, Երկ., հ. 14։ Մելիքյան Մ. Ա., Անհրաժեշտություն և պատահականություն, «Մատերիալիստական դիալեկտիկայի կատեգորիաները» (հոդվածների ժողովածու), Ե., 1960։ Гегель, соч., т. 1, М.-Л., 1929 (отдел 2 )։ Նույնի, Соч., т. 5, М., 1937 (отдел 3, гл. 3 ); Бом Д., Причинность и случайность в современной физике, пер. с англ., М., 1959. Հ. Շաքարյան


ԱՆՀՈՒՇ, հին բերդ Իրանի հարավ–արևմուտքում, Խուժաստան (Խոզեստան) նահանգի Դիզֆուլ քաղաքի մոտ։ Սասանյան թագավորները Ա–ում ցմահ բանտարկում էին անհնազանդ վասալներին, առավել ծանր հանցագործներին։ Պարսից Շապուհ II արքան խաբեությամբ Ա–ում բանտարկել է նաև Հայոց Արշակ Բ թագավորին և Վասակ սպարապետին։ Մովսես Խորենացին բերդն անվանել է «Անհուշ», Փավստոս Բուզանդը հիշում է «Անդմըշն, որ Անհուշ բերդն են կոչում»։Պարսից պատմագրության մեջ հիշվում է նաև «Ղասրե Ֆարամուշ» անունով, որ բառացի նշանակում է Անհուշ բերդ։


ԱՆՁԱԽԻ ՁՈՐ, Անձահի ձոր, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում, Կոտոր (այժմ՝ Կոտուր–չայ) գետի հովտում։ Հիշատակվում է VII դ., «Աշխարհացոյց»–ում և Թովմա Արծրունու մոտ։ Ա. ձ. կոչվել է նաև Ընծայից ձոր (Ձորն Ընծայից)։ Գավառում էր գտնվում Կոտոր բերդը։ Հայտնի էր Ա. ձ–ի Ընծայից նախարարական տոհմը։


ԱՆՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, աֆոնիա (<հուն. ά – ժխտ. + φωνή – ձայն), հնչեղ ձայնով խոսելու անընդունակություն։ Տարբերում են՝ օրգանական (կոկորդային) և ֆունկցիոնալ (հոգեկան կամ հիստերիկ) Ա.։ Օրգանականի պատճառներն են կոկորդի հիվանդությունները (բորբոքում, ուռուցք, լուծանք), որոնք ուղեկցվում են ձայնալարերի անբավարար հպումով և տատանումներով, ֆունկցիոնալինը՝ նևրոզով տառապողների վախը և հուզմունքը։ Բուժումը, օրգանական Ա–յան դեպքում վերացնել պատճառ հանդիսացող հիվանդությունը, ֆունկցիոնալի դեպքում՝ պսիխոթերապիա, շնչական և ձայնական վարժություններ։


ԱՆՁԱՎԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ, բնական (նախնադարյան) և արհեստական քարանձավներ, որոնք, որպես բնակարան, մարդիկ օգտագործել են դեռ հին պալեոլիթի աշելյան փուլում։ Այդ տիպի բնորոշ հուշարձաններ հայտնի են Ֆրանսիայում, Կովկասում (Հյուսիսային Օսեթիա, Ղարաբաղ), Մերձավոր Արևելքում (Սիրիա, Իսրայել) և այլուր։ Հայաստանում հայտնի է Լուսակերտ 1-ը։ Միջին պալեոլիթյան Ա. բ. հայտնաբերվել են նաև Հայաստանում (Երևան I, Երևան II, Լուսակերտ II, Նուռնուս), որտեղ գտնվել են մեծ քանակությամբ օբսիդիանե գործիքներ։ Միջին դարերում արհեստական, մասամբ բնական քարանձավներում (Նոյեմբերյան, Արզնի, Գեղամա լեռներ) ստեղծվել են պաշտամունքային, ռազմական, տնտեսական շինություններ, որոնք գիտության մեջ հաճախ անվանվում են նաև «Անձավային քաղաքներ» (Ղրիմ, Փոքր Ասիա, Եգիպտոս, Չինաստան, Պաղեստին, Հնդկաստան ևն)։ Վրաստանում ուշագրավ են Ուփլիս–Ցիխեն և Վարձիան, Հայաստանում՝ Գեղարդի ժայռափոր անձավները, Խնձորեսկ գյուղը, Անիի բնակեցված քարանձավները, որոնք գտնվում են Ծաղկոցաձորում և քաղաքը շրջապատող այլ կիրճերում։ Դրանց մի մասը ճարտարապետական առանձին կուքպլեքսներ են՝ տարբեր հարկաբաժիններով և ունեն ճոխ հարդարում։ Անիում հայտնաբերվել և ուսումնասիրվել են XII–XIII դդ. ստորգետնյա խանութներ, եկեղեցիներ, դամբարաններ։ Նույն ժամանակաշրջանում Հայաստանի լեռնային անառիկ վայրերում ստեղծված քարանձավային բնակարան–ապաստարաններ են եղել Ողջաբերդում, Գեղարդում, Յայջիում, այժմյան Նոյեմբերյանի, Իջևանի, Շամշադինի, Թումանյանի, Գորինի շրջաններում։

Գրկ. Кипшидзе Д. А., Пещеры Ани, Е., 1972. Ա. Քալանթարյան


ԱՆՁԵՎԱՑԻՆԵՐ, Անձավացիներ, նախարարական տոհմ Հին Հայաստանի համանուն գավառում։ Ըստ Մ. Խորենացու, Ա. նախարարությունը հաստատել Է Հայոց ավանդական Վաղարշակ թագավորը։ Ըստ Ղ. Ինճիճյանի, նախարարությունը իր անունն ստացել է Անձևացիք գավառից։ Ա. ունեն, հավանաբար, ուրարտական ծագում։ Հայաստանի հոգևոր և քաղաքական կյանքում մեծ դեր ուներ այս տոհմը։ IV դ. Գրիգոր Լուսավորչին համագործակցում էր Անձևացի մի իշխան՝ կռվելով Արձան քրմապետի դեմ։ Գահնամակում կարևոր տեղ է հատկացված Ա. նախարարությանը, որն ուներ 2 ճյուղ և հայ զորքին տալիս էր 500 զինվոր։ Պապ թագավորի հավատարիմ զինակիցներից էր Գնել Անձևացին։ Ա. մասնակցել են 451–484-ի ազատագրական շարժումներին՝ զորավիգելով հայրենասեր աժերին։ Ղևոնդ պատմիչը VIII դ. կեսերին հիշում է նշանավոր զորավար, հայ իշխան Տաճատ Անձևացուն (մահ. 784-ին)։ IX–X դդ. Թովմա Արծրունին Ա–ին հիշում է որպես հայրենիքի հավատարիմ պաշտպանների, որոնք ետ են վանել մահմեդական տիրողների հարձակումները։ IX դ. վերջից Ա–ի տոհմը, որ առանձին իշխանություն Էր, ենթարկվեց Արծրունիներին՝ պահպանելով կիսանկախ վիճակը:

Գրկ. Մովսես խորենացի, Պատմություն Հայոց, Ե., 1968։ Թովմա Արծրունի, Պատմութիւն Տանն Արծրունեաց, ՍՊԲ, 1887։ Ոսկյան Հ․, Ուսումնասիրություններ հայ նախարարություններու մասին, Վնն., 1955։


ԱՆՁԵՎԱՑԻՔ, գավառ Վասպուրական նահանգի հարավ–արևմտյան մասում, Անձևացիների նախարարության ժառանգական սեփականությունը։ Տարածվում Էր Արևելյան Տիգրիսի ակունքների դժվարամատչելի լեռնաստանում։ Ասուրա–բաբելական արձանագրություններում հիշատակվում է Անզի ձևով։ Հայաստանի 387-ի բաժանման ժամանակ գավառն անցավ Պարսկաստանին, իսկ VII դ. կեսերին նվաճեցին արաբները։ X դարից Ա. արաբական աղբյուրներում հիշատակվում Է ազ–Զավազան աղավաղված ձևով։ Մինչև Արծրունիների զերիշխանությաև հաստատումը վասպուրականում Ա–ում գոյություն ուներ ինքնուրույն իշխանություն, որը IX դ. կեսից ենթարկվեց Արծրունիներին՝ պահպանելով հարաբերական ինքնուրույնություն, շնորհիվ գավառի անմատչելի դիրքի։ 885-ին Ա. մտավ Բագրատունիների թագավորության կազմի մեջ, իսկ երբ ստեղծվեց վասպուրականի թագավորությունը (908), ընդգրկվեց նրա կազմի մեջ՝ խաղալով ռազմա-քաղաքական կարևոր դեր։ 990-ին Վասպուրականի թագավորությունը բաժանվեց Արծրունի երեք եղբայրների միջև, և նրա մասերից մեկը հանդիսացող Ա–ում թագավորեց Գուրգեն Արծրունին։ 1021-ին Ա. Վասպուրականի