Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/430

Այս էջը սրբագրված է

1933-ին Գերմանիայում հաստատվեց ֆաշիստական դիկտատուրա։ Հիտլերյան Գերմանիան ԱՄՆ–ի, Անգլիայի և Ֆրանսիայի իմպերիալիստական շրջանների թողտվությամբ 1938-ի մարտին զավթեց Ավստրիան։ Ա–ին նպաստեց նաև տեղական հետադեմ ուժերի դավաճանությունը։ Միայն սովետական կառավարությունը վճռական բողոք հայտնեց (1938-ի մարտի 17-ի նոտան) Ա–ի դեմ և հանդես եկավ ագրեսորի նկատմամբ կոլեկտիվ միջոցառումներ ձեռնարկելու առաջարկություններով։ 1945-ի ապրիլին Ավստրիայի ազատագրմամբ վերականգնվեց նրա անկախությունը։ 1955-ի մայիսի 15-ին, Վիեննայում ստորագրված (ՍՍՀՄ, ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա, Ավստրիա) անկախ և դեմոկրատական Ավստրիայի վերականգնման Պետական պայմանագրով Ա. արգելվում է։

ԱՆՈԴ (<հուն. ἆνοδοε – ելնող, ծագող), 1. Էլեկտրական աղբյուրի դրական բևեռ։ Օրինակ՝ գալվանական էլեմենտի կամ էլեկտրական կուտակիչի դրական բևեռը։ 2. Էլեկտրոնային (իոնային) սարքի բևեռ, որը միացված է հոսանքի աղբյուրի դրական բևեռին։ 3. Էլեկտրական աղեղի դրական Էլեկտրոդ։ 4. Էլեկտրոլիտային վաննայի դրական բևեռ։ Անոդների պատրաստման համար, նայած նրանց կիրառությանը, նյութ են հանդիսանում տանտալը, մոլիբդենը, նիկելը, պղինձը, երկաթը, վոլֆրամը, գրաֆիտը ևն։


ԱՆՈԴԱ–ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄ, մետաղի մշակման եղանակ՝ էլեկտրական հոսանքի քիմիական ու ջերմային համակցված ազդեցությամբ և գործիք–էլեկտրոդի մեխանիկական ներգործությամբ։ Կատարվում է ցածր լարման (20–30 վ) հաստատուն հոսանքի փակ շղթայում հատուկ էլեկտրոլիտի (հեղուկ ապակու) միջավայրում։ Անոդի (մշակվող իրի) վրա էլեկտրոլիտի առաջացրած պաշտպանական թաղանթը պատռվում է գործիք–կաթոդի միջոցով, որի հետևանքով հոսանքի մեծացող խտությունը տվյալ տեղամասում քայքայում է անոդը։ Կիրառվում է մետաղների ուղղագիծ և կորագիծ կտրման, կարծր համաձուլվածքներից պատրաստված գործիքների սրման և հղկման համար։ Ա–մ. մ–ման հաստոցը բաղկացած է հենոցից (որի մեջ տեղավորվում են հաստատուն հոսանքի աղբյուրը, հոսանքասահմանափակող դիմադրությունների բլոկը և էլեկտրոլիտի մատուցման համակարգը), մատուցման մեխանիզմ ունեցող սեղանից և պտտվող գործիքով իլային գլխիկից։ Գործիք–կաթոդը պատրաստվում է արույրից՝ հարթ կամ պրոֆիլավորվսւծ սկավառակի, ձողի, ժապավենի և այլ ձևով։

Գրկ. Лазаренко Б. Р., Электролитические методы обработки металлов и сплавов, М., 1961. Կ. Սարգսյան


ԱՆՈԴԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐ, էլեկտրոնային կամ պարպման խողովակում անոդից որոշ դեպքերում առաքվող դրական իոններ։ Դիտվում են ալկալիական կամ հողալկալիական մետաղների աղերից որևէ մեկով երեսապատված անոդից դանդաղ էլեկտրոնների, ինչպես նաև մետաղական անոդին հարյուր Կէվ կարգի կինետիկ էներգիայով էլեկտրոնների հարվածների դեպքում։


ԱՆՈԴԱՅԻՆ ՕՔՍԻԴԱՑՈՒՄ, էլեկտրաքիմիական օքսիդացում, մետաղի մակերեսին օքսիդի պաշտպանական թաղանթի առաջացում էլեկտրոլիզի միջոցով։ Առաջացած շերտը՝ անոդային թաղանթը, որն ունի 1–200 մկմ հաստություն, մետաղը պաշտպանում է կոռոզիայից, մեխանիկական մաշումից, խոնավությունից, արտաքին շերտին տալիս է կարծրություն, էլեկտրամեկուսիչ և ջերմամեկուսիչ հատկություններ, իսկ հետագա մշակումից հետո՝ ցանկացած գույն։ Անոդային թաղանթը ծառայում է որպես ներկահիմք լաքերի և ներկերի ծածկույթների համար։ Ա. օ–ման միջոցով ստանում են արծնանման ծածկույթներ ալյումինի և նրա համաձուլվածքների վրա։ Ա. օ. կիրառվում է հատկապես ինքնաթիռաշինության, ճշգրիտ սարքաշինության մեջ։


ԱՆՈԹԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, անատոմիայի բաժին, որն ուսումնասիրում է արյան և ավշային անոթների կառուցվածքը։ Տես նաև Արյունատար համակարգ:


ԱՆՈԹԱԼԱՅՆԻՉ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐ, դեղանյութեր, որոնց ներմուծումն օրգանիզմ լայնացնում է արյան անոթները և իջեցնում արյան ճնշումը։ Ըստ ազդեցության մեխանիզմների լինում են՝ անուղղակի ազդեցություն ունեցող Ա. դ. (մենթոլ, վալիդոլ, պախիկարպին, ապրոֆեն), որոնք ընդհատում են սիմպաթիկ համակարգի անոթասեղմիչ ներգործությունը, ուղղակի ազդեցություն ունեցող Ա. դ. (նիտրիտներ, թեոբրոմին, պապավերին, դիբազոլ), որոնք անմիջական ներգործություն ունեն մկանաթելերի կծկման վրա. անոթաշարժ կենտրոնի տոնուսն իջեցնող Ա. դ. (քլորալ, հիդրատ, սալսոլին)։ Ա. դ. օգտագործվում են հիպերտոնիկ հիվանդության, կրծքային հեղձուկի, ուղեղի արյան շրջանառաթյան խանգարման դեպքերում։


ԱՆՈԹԱՅԻՆ ՈՒՌՈՒՑՔ, անգիոմա (հուն. ανγετον – անոթ և ωμα – վերջավորություն՝ ուռուցքների անվանումներում), արյան կամ ավշային անոթներից առաջացող բարորակ ուռուցքներ։ Լինում են 3 տեսակի՝ մազանոթային կամ պարզ Ա. ու–ներ, որոնք մեծ մասամբ բնածին, նորագոյացած մազանոթների կուտակում են և արտահայտվում են մաշկի մուգ կարմրավուն կամ կապտավուն խալերի ձևով․ խոռոչային Ա. ու–ներ, որոնք կազմված են արյունով լցված, խոշոր խոռոչներից, առաջանում են ենթամաշկային ճարպաշարակցական շերտում, բերանի լորձաթաղանթում, լյարդում, գլխուղեղում․ ճյուղավորվող Ա. ու–ներ, որոնք ի հայտ են գալիս տարբեր օրգանների պարենքիմի մեջ ցրված, զարկերակային կամ երակային անոթների ոլորուն կծիկների ձևով։ Դեմքի վրա եղած Ա. ու–ները առանձին դեպքերում կարող են առաջ բերել այլանդակություն, որը վերացվում է վիրաբուժական միջամտությամբ։


ԱՆՈՂՆԱՇԱՐԱՎՈՐՆԵՐ (Invertebrata), թիկնալար կամ ողնաշար չունեցող կենդանիներ։ Ֆրանսիացի կենսաբան Ժ. Բ. Լամարկը 1801-ին առաջին անգամ կատարել է կենդանական աշխարհի բաժանումը Ա–ի և ողնաշարավորների, որը սակայն կարգաբանական նշանակություն չունի։ «Ա.» տերմինը կիրառվում է գիտական և հատկապես ուսումնական գրականության մեջ։ Ա. են երկրագնդի վրա ապրող կենդանիների մեծ մասը։ Հայտնի է (1969) Ա–ի մոտ 1 մլն. 260 հազար տեսակ (ողնաշարավորներն ունեն ընդամենը 45 հզ. տեսակ), որից նախակենդանիներ՝ 20 հզ., սպունգներ՝ 5 հզ., ուղեխորշավորներ՝ 9 հզ., տարբեր որդեր՝ 35 հզ., փափկամորթներ՝ 128 հզ., հոդվածոտանիներ՝ 1066 հզ. (որից 1 մլն. միջատներ են), մամռակենդանիներ՝ 2700 ևն։ Բնության մեջ տարածված Ա–ի թիվը, հավանաբար, շատ ավելի մեծ Է, քանի որ ամեն տարի նկարագրվում են Ա–ի բազմաթիվ նոր տեսակներ։

Ա. տարածված են ամենուրեք, ապրում են քաղցրահամ ջրերում, ծովերում ու օվկիանոսներում, ցամաքում, հողի շերտերում ևն։ Շատերը բույսերի և կենդանիների մակաբույծներ են։ ՀՍՍՀ–ում Ա–ից տարածված են նախակենդանիները, միջատները և փափկամորթները։ Ա–ի բրածո մնացորդները կարևոր նշանակություն ունեն երկրաբանական շերտերի հասակը որոշելիս, որը և նպաստում է օգտակար հանածոների (նավթ, կավիճ, քարածուխ) հայտնաբերմանը։ Բացառիկ մեծ է Ա–ի նշանակությունը մարդու համար։ Ա–ի շատ տեսակներ և նրանց արտադրանքը (խեցգետնակերպեր, փափկամորթներ, մեղվի մեղր ևն) մարդիկ օգտագործում են որպես սնունդ, դրանք միաժամանակ կեր են թռչունների, ձկների ու այլ կենդանիների համար։ Ա–ի որոշ տեսակներ զանազան վարակիչ հիվանդությունների փոխանցողներ են, բազմաթիվ տեսակներ մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Որոշ Ա–ից ստացվում են մետաքսաթել, սադափ, ներկանյութեր, մարգարիտ, մեղրամոմ։ Առանձին դեպքերում Ա. կենսաբանական պայքարի միջոց են։ Ա–ի որոշ խմբերի ուսումնասիրությամբ ՀՍՍՀ–ում զբաղվել են պրոֆեսորներ Ա. Գ. Տեր–Պողոսյանը, Մ. Ե. Տեր–Մինասյանը, Ս. Մ. Խնձորյանը և ուրիշներ։

Գրկ. Դոգել Վ. Ա., Անողնաշարավորների կենդանաբանության դասագիրք, մաս 1–2, Ե., 1937։ Жизнь животных, т. 1–3, Беспозвоночные, М., 1968–69. Ա. Մինասյան


ԱՆՈՄԱԼԻԱ (հուն. άνωμαλία – շեղում նորմայից, ընդհանուր օրինաչափությունից, անկանոնություն), 1. մագնիսական Ա–ներ՝ Երկրի մագնիսականության տարրերի արժեքների շեղումը (մագնիսական շեղում, մագնիսական խոտորում ևն) բնականոն արժեքներից։ Մագնիսական Ա–ները լինում են՝ մայրցամաքային, ռեգիոնալ և տեղային։ Մայրցամաքային Ա–ները, որոնց պատճառները հիմնականում անհայտ են, ընդգրկում են Երկրի մակերևույթի զգալի մասը՝ տասնյակ մլն. կմ² (օրինակ՝ արևմտյան շեղման մարզը՝ Արևելյան Սիբիրում)։ Տեղային և ռեգիոնալ մագնիսական Ա–ները պայմանավորված են երկրակեղևի կառուցվածքով։ Ռեգիոնալ Ա–ներն ընդգրկում են հարյուրից մինչև հարյուր հազարավոր կմ² մակերես։ Այս Ա–ների հիմնական տարբերիչ հատկանիշը մագնիսական տարրերի անոմալ արժեք–