Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/436

Այս էջը սրբագրված է

ԱՆՎԱՀԱՐՈՒՄ, մահապատժի ձև, որը կիրառվում էր ստրկատիրության և ֆեոդալիզմի դարաշրջանում։ Տես Մահապատիժ։


ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, կամ նոմինալ աշխատավարձ, դրամով արտահայտված աշխատավարձ, որով աշխատողը ձեռք է բերում անձնական սպառման առարկաներ և վճարում մի շարք ծառայությունների համար։ Ա. ա–ով հնարավոր չէ ճշգրիտ պատկերացում կազմել աշխատավորության կենսամակարդակի մասին։ Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև անձնական սպառման առարկաների գները և ծառայությունների հատուցման դրամային մեծությունը։ Աշխատավորության կենսամակարդակը ճիշտ արտացոլում է իրական աշխատավարձը։


ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ (նոմենկլատուրա), քիմիական տարրերի և միացությունների, քիմիական տարրերի և միացությունների անվանումների համակարգ, որը, ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր խոսքում ապահովում է նյութի բաղադրությունը ցույց տվող միանիշ անվանումը։ Քիմիայի զարգացման սկզբնական շրջանում նոր հայտնաբերված նյութերին տրվում էին պատահական անուններ, որոնք առաջանում էին նյութի բնորոշ հատկության, օգտագործման կամ ստացման եղանակի, աղբյուրի, արտահանող երկրի կամ հայտնաբերող գիտնականի անուններից (ֆոսֆոր, կերակրի աղ, պիրոգալոլ, միզանյութ, չիլիական բորակ, բերթոլեի աղ ևն)։ Նրանցից շատերը պահպանվել և օգտագործվում են (ավելի հաճախ՝ տեխնիկայում) մինչև այժմ։ Պատահական անուններ են տրվում նաև դեռևս անհայտ կառուցվածք ունեցող նյութերին։ Քիմիայի զարգացման շնորհիվ հայտնաբերվող բազմաթիվ նյութեր անվանելու համար անհրաժեշտ դարձավ (XVIII դ.) ստեղծել գիտական Ա.։ Առաջին գիտական Ա. մշակեցին Գ. Մորվոն, Ա. Լավուազիեն, Կ. Բերթոլեն և Ա. Ֆուրկրուան (1787)։ Ավելի ուշ Ա. դարձավ միջազգային քիմ. ընկերության պարբերական քննարկման առարկա։ Միջազգային քիմ. կոնգրեսը (Ժնև, 1892) հաստատեց Ա., որը հայտնի է Ժնևյան Ա. անունով։ Մաքուր և կիրառական քիմիայի միջազգային միությունը (UIPAC) բազմիցս քննարկել և քննարկում է գիտական Ա–ման խնդիրները և մշակում քիմ. նյութերի անվանակոչման սկզբունքներ (Լյեժ՝ 1930, Հռոմ՝ 1938, Լոնդոն՝ 1947, Ամստերդամ՝ 1949, Մյունխեն՝ 1959 ևն)։ Ժամանակակից հայերեն քիմ. գրականության մեջ օգտագործվում են հին հայկ., պատահական և միջազգային ճանաչում գտած որոշումների հիման վրա ստեղծված անվանումներ, ինչպես նաև ռուսերենից և այլ լեզուներից փոխ առնված անվանումների ձևեր։ Ազգային լեզուներով Ա. են մշակվել (Էստոնիա, Մոլդավիա) և մշակվում են (Ռուսաստան, Ուկրաինա, Լատվիա, Ադրբեջան) Սովետական Միության մի շարք հանրապետություններում։

Անվանակարգում անօրգանական միացությունների. քիմ. տարրերն անվանելու համար հայերենում մեծ մասամբ օգտագործվում են նրանց լատինական անունները (երբեմն նաև թարգմանությունները՝ թթվածին, ջրածին)։ Հնուց հայտնի տարրերի համար օգտագործում են գոյություն ունեցող անվանումները (ոսկի, արծաթ, պղինձ, երկաթ, անագ, սնդիկ, կապար, ծծումբ, ծարիր)։ Տարրերի գրության համար օգտագործում են միջազգային նշաններ, որոնք սովորաբար տարրի լատինական անվան սկզբնատառերն են։ Տարրերի անունները և միջազգային նշանները տես Տարրերի պարբերական համակարգ հոդվածում։ Իզոտոպները նշելու համար տարրի անվանն ավելացնում են զանգվածի թիվը (օր. թթվածին 18, նշանն Է՝ )։ Պարբերական համակարգի որոշ ենթախմբերի տարրեր ունեն ընդունված պատահական ընդհանուր անուններ՝ հալոգեններ, հալկոգեններ, ալկալիական մետաղներ, հողալկալիական մետաղներ, իներտ գազեր ևն։ Քիմ. միացության անվանումը, ըստ հին ռացիոնալ Ա–ման, կազմվում է մոլեկուլը կազմող ատոմների կամ. ատոմական խմբերի անուններից՝ ցույց տալով նրանց քանակը մոլեկուլներում։ Նախ տրվում է մոլեկուլի Էլեկտրադրական, ապա՝ էլեկտրաբացասական մասի անունը։

Օքսիդների անունները կազմվում են համապատասխան տարրի անվանն ավելացնելով օքսիդ բառը՝ կալցիումի օքսիդ , բորի օքսիդ ։ Փոփոխական արժեքականություն ունեցող տարրի օքսիդների անունները կազմելիս ցույց են տրվում մոլեկուլում տարրի մեկ ատոմին բաժին ընկնող թթվածնի ատոմների թիվը՝ ծծմբի երկօքսիդ , ծծմբի եռօքսիդ ։ Թթու առաջացնող օքսիդներն անվանվում են նաև անհիդրիդներ՝ ֆոսֆորային անհիդրիդ , ֆոսֆորական անհիդրիդ ։ Ժամանակակից Ա–մամբ փոփոխական արժեքականություն ունեցող տարրի օքսիդն անվանելիս ցույց է տրվում այդ տարրի արժեքականությունը (գրավոր խոսքում հռոմեական թվանշանով)՝ երկաթի (II) օքսիդ , երկաթի (III) օքսիդ ։ Թթուներն իրենց անվանումներն ստանում են թթու առաջացնող տարրի անունից։ Թթվածին չպարունակող թթուների անունները կազմվում են թթուն առաջացնող տարրի անվանն ավելացնելով ջրածնական թթու բառերը (քլորաջրածնական թթու, ծծմբաջրածնական թթու ևն)։ Թթվածին պարունակող թթուների անունները կազմվում են թթու առաջացնող տարրի անվանն ավելացնելով –ական թթու (եթե տարրը ունի առավելագույն արժեքականություն) կամ –ային թթու (եթե ունի ավելի փոքր արժեքականություն)։ Եթե տարրը առաջացնում է թթուներ (կամ թթու), որոնցում նրա արժեքականությունը հաստատուն է, ապա վերջածանցները չեն օգտագործվում (օր. ածխաթթու, բորաթթու են)։ Այդպես են կոչվում նաև փոփոխական արժեքականություններով տարրերի առաջացրած թթուների հավաքական անունները (ծծմբաթթուներ, ֆոսֆորաթթուներ ևն)։ Հիմքերի անունները կազմվում են հիմք առաջացնող տարրի անվանն ավելացնելով հիդրօքսիդ բառը (նատրիումի հիդրօքսիդ, կալցիումի հիդրօքսիդ ևն)։ Աղերի անունները կազմվում են մետաղների և թթվային մնացորդների անուններից։ Թթվային մնացորդները անվանում են թթու առաջացնող տարրի լատիներեն անվան արմատին ավելացնելով ատ (–ական վերջավորություն ունեցող թթուների համար), իտ (–ային վերջավորություն ունեցող թթուների համար) և իդ (թթվածին չպարունակող թթուների համար) վերջածանցները. օր. բարիումի սուլֆատ , բարիումի սուլֆիտ , բարիումի սուլֆիդ ։ Թթու աղերի անվանումները կազմելիս ցույց է տրվում թթվի մոլեկուլում մետաղով տեղակալված ջրածնի ատոմների քանակը [նատրիումի երկտեղակալված ֆոսֆատ՝ , կալցիումի միատեղակալված ֆոսֆատ՝ ]։ Եթե թթու աղ առաջացնող թթուն երկհիմն է, ապա կարելի է ավելացնել միայն (մետաղի անվանումից հետո) թթու բառը [նատրիումի թթու կարբոնատ՝ , կալցիումի թթու սուլֆատ՝ ]։ Հիմնային աղերի անվանումները կազմելիս ցույց է տրվում չտեղակալված խմբերի թիվը [բիսմութի երկհիդրօքսինիտրատ՝ ]: Եթե հիմնային աղ առաջացնող հիմքը երկթթվային է, ապա կարելի է ավելացնել միայն հիմնային բառը՝ մետաղի անվանումից հետո լպղնձի հիմնային կարբոնատ՝ : Եթե հիմքը կամ աղը պարունակում է փոփոխական արժեքականություն ունեցող մետաղ, ապա ցույց է տրվում նաև նրա արժեքականությունը (գրավոր խոսքում հռոմեական թվանշանով)։ Կոմպլեքսային միացությունների ժամանակակից Ա–ման հիմքերը տվել է Ա. Վեռները։ Ընդհանուր դեպքում կոմպլեքսային միացության անվանումը կազմվում է այսպես․ նախ այբբենական կարգով անվանում են ներքին ոլորտում գտնվող թթվային մնացորդները (նշելով նրանց քանակը), ապա՝ չեզոք մոյեկոււները և, վերջապես, կենտրոնական իոնը, որի արժեքականությունը ցույց է տրվում համապատասխան վերջածանցով (միարժեքը՝ ա, երկարժեքը՝ ո, եռարժեքը՝ ե, հնգարժեքը՝ ան, վեցարժեքը՝ ոն), այնուհետև անվանվում է արտաքին ոլորտի անիոնի անունը (եթե կոմպլեքսային է կատիոնը)։ Եթե կոմպլեքսային է անիոնը, ապա ավելացվում է ատ վերջածանցը, արտաքին ոլորտի կատիոնի անունը գրվում է սկզբում։ Ոլորտի ներսում գտնվող –ը և –ն համապատասխանաբար անվանվում են ամինա և աքֆա։

Օր. նիտրաքլոիաքառաամինակոբալտի նիտրատ, կալիումի երկնիտրաերկքլորապլատինատ։

Անվանակարգում օրգանական միացությունների. հին ռացիոնալ Ա., որն օգտագործվում է մինչե այժմ, ստեղծվել է օրգ. միացությունների առաջին գիտական դասակարգման հիման վրա (Շ. Ժերար, 1852)։ Ըստ այդ Ա–ման, միացությունը դիտվում էր իբրև տվյալ հոմոլոգիական շարքի պարզագույն անդամի ածանցյալ, այսպես, հագեցած ածխաջրածինները՝ մեթանի, չհագեցածները՝ Էթիլենի և ացետիլենի, սպիրտները՝ մեթանոլի (կարբինոլի) ևն.