Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/440

Այս էջը սրբագրված է

ապահովում դրամական պարտավորությունների լրիվ և ժամանակին կատարումը։ Կապիտալիզմի պայմաններում Ա. հատկապես ծավալվում է ճգնաժամերի ժամանակ և հասցնում սնանկացման։ Սոցիալիզմի օրոք անվճարունակ են դառնում այն ձեռնարկություններն ու կազմակերպությունները, որոնք, աշխատանքների անբավարար կազմակերպման հետևանքով, չեն կատարում պլանային առաջադրանքները ևն։ Ա. ոչ թե վճարումների դադարեցում է, այլ ձգձգում։ Անվճարունակ ձեռնարկության կամ կազմակերպության նկատմամբ կիրառվում են տնտեսական ու կազմակերպական մի շարք միջոցառումներ՝ վարկային և հաշվարկային սանկցիաներ, վարկավորման և անհետաձգելի կարիքների համար հաշվարկային հաշվից արտահերթ վճարումների դադարեցում, այդ հաշվում մուտքագրված միջոցների հատկացում՝ պարտավորությունները մարելու համար։

ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՔՎԵ, պառլամենտում քվեարկությամբ արտահայտված որոշում, որով կառավարության կամ մինիստրի քաղաքականությունը հավանության չի արժանանում։


ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ, Միավորված ազգերի կազմակերպության մշտական գործող ղեկավար քաղաքական մարմին։ Պատասխանատու է միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համար։ Բաղկացած է 5 մշտական և 10 ոչ մշտական անդամներից։ Մշտական անդամներն են՝ ՍՍՀՄ, ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա, ՉԺՀ։ Վերջինիս տեղը 1949-ի հոկտեմբերից մինչև 1971-ի նոյեմբերը ապօրինաբար զբաղեցնում էր Տայվանի Չինական Հանրապետության ներկայացուցիչը։ Ոչ մշտական անդամները ներկայացնում են հիմնական աշխարհագրական շրջանները (Ասիա, Աֆրիկա, Արևելյան Եվրոպա, Արևմտյան Եվրոպա, Լատինական Ամերիկա. Միջին Արևելք)։ Ոչ մշտական անդամներին ընտրում է Գլխավոր ասամբլեան՝ 2 տարի ժամանակով, ընդ որում, ամեն տարի դրանցից հինգը փոխարինվում են նոր երկրներով։ Ա. խ–ում բոլոր հարցերի վերաբերյալ (բացի պրոցեդուրային հարցերից) որոշումներ ընդունելու համար պահանջվում է առնվազն 9 ձայն, այդ թվում՝ 5 մշտական անդամների ձայները (վետոյի իրավունք, որը բացառվում է ձեռնպահ մնալու դեպքում)։ Պրոցեդուրային հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են 9 ձայնով՝ անկախ մշտական անդամների վերաբերմունքից։ Ա. խ. միակ լիազորված մարմինն է, որի որոշումը պարտադիր է ՄԱԿ–ի բոլոր անդամների համար։ Խորհուրդը գործում է բոլոր անդամների անունից և լիազորված է հասնելու միջազգային վեճերի խաղաղ կարգավորման։ ՄԱԿ–ի անդամներ ընտրվում և վտարվում են Ա. խ–ի հանձնարարականով։ Այդ նույն կարգով նշանակվում են նաև Գլխավոր քարտուղարը, Միջազգային դատարանի անդամները ևն։ Ա. խ–ի օժանդակ մարմիններն են՝ Ռազմա–շտաբային կոմիտեն, Զինաթափման հանձնաժողովը, Փորձագետների կոմիտեն ևն։


ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱ, տեխնիկական հարմարանքների և աշխատանքի կատարման ձևերի համակարգ, որ ապա հովում է աշխատանքի պայմանների անվտանգությունը։ Ա. տ–ի կիրառման հիմնական խնդիրը հոգատարությունն է մարդու նկատմամբ, ինչպես նաև վնասվածքների և պրոֆեսիոնալ հիվանդությունների հետևանքով առաջացած տնտեսական կորուստների վերացումը։ Աշխատանքի անվտանգ պայմաններ ստեղծելու համար անհրաժեշտ է նպատակամետ կազմակերպել աշխատանքը, բարեկարգել ձեռնարկությունը և արտադրամասերը, կատարելագործել սարքավորումն ու տեխնիկական պրոցեսները, օգտագործել աշխատողների անհատական պաշտպանության միջոցները ևն։ Արտադրության յուրաքանչյուր ճյուղում սահմանվում են Ա. տ–ի պարտադիր կանոններ, որ հաստատում են համապատասխան արհմիությունները։ Անվտանգության ծառայությունը պլանավորում և կազմակերպում է աշխատանքի պայմանների բարելավումը և վերահսկում դրանց կատարումը։ Ձեռնարկությունների և արտադրամասերի կառուցվածքը պետք է համապատասխանի Ա. տ–ի պահանջներին։ Դրանք շահագործման են հանձնվում միայն այն ժամանակ, երբ համապատասխան մարմինները երաշխավորում են Ա. տ–ի հուսալիությունը։ Ա. տ–ի բարելավման հեռանկարներն անխզելիորեն կապված են գիտա–տեխնիկական առաջընթացի հետ։


ԱՆՏԱԲԼԵՄԵՆՏ (ֆր. entablement, <table – սեղան, տախտակ), ախավեղագես, դասական ճարտարապետական օրդերի բաղկացուցիչ մաս. սովորաբար նստում է սյուների խոյակների վրա։ Ա–ի մասերն են (ներքևից վերև) արխիտրավը, ֆրիզը, քիվը: Պատահում է նաև ոչ լրիվ՝ առանց ֆրիզի Ա.։

(նկ․) Անտաբլեմենտ (դորիական օրդեր), ա. արխիտրավ, բ. ֆրիզ, գ. քիվ, դ. եռակոսիկ, ե. մետոպ։


ԱՆՏԱՆԱՆԱՐԻՎՈՒ (Antananarivo), Տանանարիվե (Tananarive), Մալգաշական Հանրապետության մայրաքաղաքը։ Գտնվում է Մադագասկար կղզու կենտրոնական մասում։ 342,5 հզ. բն. (1967)։ Հանրապետ. տնտ. գլխավոր կենտրոնն Է։ Երկաթուղով կապված է Անցիրաբեի և Տամատավե նավահանգստի հետ։ Ավտոխճուղային հանգույց Է։ Ա–ից 50 կմ հեռավորության վրա գտնվում է Արիվունիմամու միջազգային օդանավակայանը։ Կա սննդի, կաշվի–կոշիկի, քիմիական, փայտամշակման արդյունաբերություն, կուտակիչների արտադրություն։ Գործում են համալսարան, գիտությունների ակադեմիա, թանգարաններ, աստղադիտարան։ Հիմնադրվել է XVII դ. առաջին կեսին։ XVII–XIX դդ. եղել է Մադագասկարի թագավորների աթոռանիստը։ 1895-ին ֆրանսիացիները գրավեցին Ա. և դարձրին Մադագասկար գաղութի վարչական կենտրոնը։ 1960-ից անկախ Մալգաշական Հանրապետության մայրաքաղաքն Է։


ԱՆՏԱՆՏ, «Սրտագին համաձայնություն» (ֆրանս. Entente cordiale), Անգլիայի, Ֆրանսիայի և ցարական Ռուսաստանի իմպերիալիստական բլոկ (այլ կերպ՝ «Եռյակ համաձայնություն»)։ Վերջնականապես ձևավորվեց 1907-ին, ի հակակշիռ Գերմանիայի, Ավստրո–Հունգարիայի և Իտալիայի իմպերիալիստական բլոկի՝ Եռյակ միության (1882)։ Ա–ի կազմավորման ուղղությամբ առաջին քայլը եղավ Ֆրանս-ռուսական դաշինքը (1891–1893)։ Ա–ի ստեղծման գործում մեծ դեր խաղաց անգլո–գերմանական հակամարտությունը, որը XX դ. սկզբին որոշիչ ուժ էր միջազգային հարաբերություններում։ Հաշվի առնելով Գերմանիայի վտանգը՝ Անգլիան ստիպված հրաժարվեց «փայլուն մեկուսացման» ավանդական քաղաքականությունից և մերձեցավ իր վաղեմի գաղութային մրցակիցներ Ֆրանսիային ու Ռուսաստանին, որի արդյունքը եղան Անգլո–ֆրանսիական (1904) և Անգլո–ռուսական համաձայնագրերը (1907)։ Ա–ի ստեղծումը XIX դ. վերջին և XX դ. սկզբին կապիտալիստական գլխավոր պետությունների միջև խիստ սրված իմպերիալիստական պայքարի, նրանց կատաղի գաղութային մրցակցության արտահայտությունն Էր, որը կապիտալիստական աշխարհը բաժանեց երկու հակամարտ ռազմա-քաղաքական ճամբարի և ի վերջո հանգեցրեց առաջին համաշխարհային պատերազմին (1914–18)։ Պատերազմի ընթացքում Ա–ին միացան 22 պետություններ, այդ թվում՝ Իտալիան, Ճապոնիան (1915) և ԱՄՆ–ը (1917)։ Հետագայում Ա–ին հարեց նաև Հայաստանի դաշնակցական կառավարությունը։ Համաշխարհային պատերազմի տարիներին Ա–ի պետությունները մշակեցին զավթողական նպատակներ հետապնդող նոր, գաղտնի համաձայնագրեր։ 1915-ի Անգլո–ֆրանս–ռուսական համաձայնագրով նախատեսվում էր սևծովյան նեղուցների անցումը Ռուսաստանին, Լոնդոնյան պայմանագիրը (1915), Ա–ի և Իտալիայի միջև, իրավունք էր տալիս Իտալիային տերիտորիաներ ձեռք բերել Ավստրիայի, Թուրքիայի և Ալբանիայի հաշվին, իսկ Անգլո–ֆրանս. պայմանագրի (տես Սայքս–Պիկոյի պայմանագիր 1916) համաձայն կատարվելու էր Գերմանիայի դաշնակից Թուրքիայի արաբական և հայկական որոշ մարզերի բաժանում Անգլիայի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի միջև։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ա–ի և ԱՄՆ–ի իմպերիալիստական շրջանները, կնքելով նոր համաձայնագրեր, 1918–20-ին զինված ինտերվենցիա կազմակերպեցին սովետական պետության դեմ՝ նպատակ ունենալով Ռուսաստանը