Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/446

Այս էջը սրբագրված է

յին, ճահճային և մարգագետնային է ։Նոսր անտառներում հաճախ հանդիպում են սփռված կամ կիսասփռված, կորացած ձևեր։ Ծառերի կամ անտառակղզիների արանքում, բազմամյա խոտերի հետ մեկ տեղ, տարածված են քարաքոսա–մամռային, թփուտային կամ մացառուտային համակցություններ։ Սկանդինավյան թ–կղ. հս–ում Ա. զ. կազմված է կեչու կորացած անտառներից, Կոլա թ–կղզում՝ կեչու, եղևնու, սոճու նոսր անտառներից և թփուտաքարաքոսային տունդրայից, Սպիտակ ծովի և Ուրալի միջև ընկած շրջանում՝ սիբիրական եղևնուց (երբեմն նաև՝ խեժափիճի և կեչի) և ակնաթփա–քարաքոսային տունդրաներից։ Ուրալյան լշ–ի և Պյասինա գետի միջև ընկած նոսր անտառներում գերակշռում են սիբիրական խեժափիճին, եղևնին և լաստենին, Պյասինա գետից արլ. դաուրական խեժափիճին։ Յուրահատուկ է Հեռավոր Արևելքի լեռնային անտառատունդրան, որի նոսր անտառը կազմված է դաուրական խեժափիճուց, մայրենու և լաստենու մացառուտա–թփուտային սփռվածքից, բոշխա–ճահճային տունդրայից։ Հյուսիսային Ամերիկայի նոսր անտառները կազմված են սպիտակ և սև եղևնուց, ամերիկյան խեժափիճուց, Գրենլանդիայում՝ բուրավետ կեչուց, լաստենուց և արոսենուց։ Ա. զ–ում կաթնասուններից հանդիպում են հս. եղջերու, գայլ, կզաքիս, կուղխ, աքիս, սպիտակ նապաստակ, դաշտամուկ, լեռնային շրջաններում՝ ծվծվան, Սիբիրում՝ արջամուկ և գետնասկյուռ։ Ավելի բազմազան է թռչնաշխարհը (սպիտակ կաքավ, սագեր, բադեր, կտցար, ճնճղուկ ևն)։ Ա. զ–ի 85–90%–ը եղջերվային արոտավայրերն են։ Հողագործության ժամանակակից բևեռային սահմանը հիմնականում համապատասխանում է անտառների և նոսր անտառների հս. սահմանին։ Հովտային մարգագետինները բնութագրվում են հացազգիների բարձր բերքատվությամբ։

Գրկ. Бер Л. С., Географические зоны Советского Союза, 3 изд., М., 1947.

ԱՆՏԱՌՈՒՏ (մինչև 1949՝ Ինաքլու), գյուղ Հայկական ՍՍՀ Աշտարակի շրջանում, Արագածի հարավ-արևելյան լանջին, շրջկենտրոնից 16 կմ հյուսիս-արևմուտք։ 186 բն. (1970), հայեր։ Միավորված է Բյուրականի այգեգործական սովետական տնտեսության հետ։ Ա. հիմնադրվել է XIX դ. երկրորդ կեսին։ Գյուղի շրջակայքում պահպանվել են խաչքարեր (XIII դ.), հյուսիս–արևմուտքում՝ Ամբերդի ավերակները։


ԱՆՏԱՐԵՍ α Կարիճի, աստղ (առաջին աստղային մեծության)։ Կարմիր գերհսկա։ Ա–ի տրամագիծը շուրջ երեք անգամ գերազանցում է Երկրի ուղեծրի տրամագծին, իսկ լուսատվությունը մեծ է Արեգակի լուսատվությունից 1800 անգամ։


ԱՆՏԱՐԿՏՒԴԱ, մայր ցամաք Հարավային կիսագնդում, ընդգրկում է Հարավային բևեռային շրջանի՝ Անտարկտիկայի կենտրոնական մասը։ Տարած. 13975 հզ. կմ² է, մայրցամաքային ծանծաղուտով՝ 16355 հզ. կմ²։ Ա–ում է գտնվում Հարավային բևեռը (բարձր. 2800 մ): Մշտական բն. չունի։ Ծովամերձ շրջաններում կան գիտական կայաններ և ձկնորսական բազաներ։ Ողողվում է Ատլանտյան, Հնդկական և Խաղաղ օվկիանոսների ջրերով։ Ափերը թույլ են մասնատված։ Ափագծի երկ. ավելի քան 30 հզ. կմ է։

Սառցածածկը և մակերևույթը։ Ա–ի սառցածածկույթի միջին հաստությունը 1720 մ է (առավելագույնը՝ 4 կմ), ծավալը՝ 24 մլն. կմ³, որը կազմում է երկրի մակերևույթի քաղցրահամ ջրերի ծավալի 90%: Սառցազանգվածները կենտրոնից դանդաղ (1 տարում՝ 30–40 մ–ից մինչև 350–400 մ) շարժվում են դեպի ծայրամասերը՝ առաջացնելով սառցասարեր և մայրցամաքային ծանծաղուտային սառցադաշտեր, որոնցից Ռոսսինը (538 հզ. կմ²) և Ֆիլխներինը (483 հզ. կմ²) ամենամեծերն են։ Ա–ի տարածության միայն 0,2–0,3% է ազատ սառույցներից (տես Անտարկտիկական օազիսներ)։ Երկրակեղևը Ա–ում մի քանի անգամ հաստ է, քանի օվկիանոսներում, կազմված է կարծր պլատֆորմային միջուկից՝ շրջապատված տարբեր հասակի ծալքավոր կառուցվածքներով։ Ա. ամենաբարձր մայր ցամաքն է. միջին բարձր. 2040 կմ է (2,8 անգամ ավելի, քան մյուս մայր ցամաքներինը, առավելագույնը՝ 5140 մ, Վինսոն լ.)։ Երկրաբանական կառուցվածքի և մակերևույթի առանձնահատկություններից ելնելով՝ Ա. բաժանում են Արևելյան և Արևմտյան մասերի։ Առաջինը գրավում է տերիտորիայի 3/4, ավելի զանգվածային է և միապաղաղ, եզերված է լայնակի լեռնաշղթաներով ու իջվածքներով։ Մինչքեմբրյան բյուրեղային հիմքը ծածկված է երիտասարդ (դևոնից–տրիաս) նստվածքային ապարներով, որոնց հետ և կապված են օգտակար հանածոների (քարածուխ, երկաթ, պղինձ, մոլիբդեն, կապար ևն) հանքավայրերն ու երևակումները։ Կան հանգած և գործող հրաբուխներ (Էրեբուս լ., 3794 մ)։ Արմ. Ա–ում (Ռոսսի ծովի արմ. ափից մինչև Գրեյամի երկիր) տիրապետում են մեզոզոյան, կայնոզոյան հասակի և անթրոպոգենի նստվածքները։ Արևմտյան Ա–ում մեծ տարածում ունեն օազիսները։

Կլիման։ Ա–ում (բացառությամբ առափնյա շրջանի) տիրապետում է բևեռային ցամաքային կլիման (տես Անտարկտիկական կլիմա)։ Ամռանը (դեկտեմբեր–փետրվար), պարզ օրերի շնորհիվ, մեծ է մակերևույթի վրա ընկնող ջերմության քանակը, սակայն դրա 70–90%-ը անդրադարձվում է մայր ցամաքի սպիտակ մակերևույթից (հատկապես՝ բևեռային գիշերներին)։ Կենտրոնից ծայրամասերն են ուղղվում «հոսքային» քամիները, ծովափին հաճախակի են փոթորիկները և ձնաբքերը։ Օդի նվազագույն ջերմաստիճանը –88,3°C է (Վոստոկ կայան՝ երկրագնդի ցրտի բևեռը), առավելագույնը՝ -20°C։ Տարեկան տեղումները ներքին շրջաններում 30–50 մմ է, առափնյա մասերում՝ 600–800 և նույնիսկ 1000 մմ։

Օրգանական աշխարհը։ Բուսական և կենդանական աշխարհն աղքատ է և ինքնատիպ։ Սառցից ազատ տեղերում աճող քարաքոսերը և մամուռները համատարած ծածկ չեն կազմում։ Գրեյամի երկրում հանդիպում են ծաղկավորների մի քանի տեսակներ։ Ծովափնյա շրջաններում կան փոկեր, պինգվիններ, շրջակա ծովերում՝ կետեր։

Քարտեզը տես 448 էջից հետո՝ ներդիրում։

Հետազոտության պատմությունը։ Ա. հայտնագործել է Ֆ. Բելլինսգաուզենի և Մ. Լազարևի ղեկավարած ռուսական արշավախումբը 1820-ին։ Ա–ի եզրագծերը հիմնականում քարտեզագրվել են XIX դ. ընթացքում։ XX դ. սկզբին Ա–ի ներքին շրջաններում արշավախմբեր են կազմակերպել Ռ. Սկոտը, է. Շեկլտոնը, Ռ. Ամունդսենը, Դ. Մոուսոնը և ուրիշներ։ 1928-ից հետազոտություններ են կատարվում նաև ինքնաթիռներով։ Ա–ի հետազոտությունների նոր փուլն սկսվեց Միջազգային գեոֆիզիկական 3-րդ տարվա նախապատրաստումից (1957–59), որին մսւսնակցում էին ՍՍՀՄ–ը, ԱՄՆ–ը, Անգլիան, Ավստրալիան և այլ երկրներ։ Սովետական գիտնականների հետազոտությունների արդյունքները հրապարակվել են բազմաթիվ ուսումնասիրություններում և «Անտարկտիկայի ատլաս»–ում։

Պատկերազարդումը տես աղ. XX, 384–385 էջերի միջև՝ ներդիրում։

Գրկ. տես Անտարկտիկա հոդվածի գրականությունը։


ԱՆՏԱՐԿՏԻԿԱ (<անտի… + arktikos – հյուսիսային), երկրագնդի հարավային բևեռային շրջանը մինչև հարավային լայնության 48°–60°։ Ընդգրկում է Անտարկտիդա մայր ցամաքը և Ատլանտյան, Հնդկական ու Խաղաղ օվկիանոսների հվ. մասերը՝ Ուեդդելի, Ռոսսի, Ամունդսենի և Բելինսգաուզենի ծովերի հետ միասին, ինչպես նաև մերձանտարկտիկական ջրերում գտնվող կղզիները՝ Հարավային Սանդվիչյան, Հարավային Օրկնեյան, Հարավ–Շոտլանդական ևն։ Տարած, մոտ 52,5 մլն. կմ² է, որից 45 մլն. կմ² լողացող սառույցների գոտին է։ Ա–ի ռելիեֆը կտրտված է սարավանդներով ու լեռնազանգվածներով (3000 մ և ավելի բարձրությամբ)։ Կղզիները գերազանցապես ունեն հրաբխային ծագում։ Մայրցամաքային ծանծաղուտը