Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/459

Այս էջը սրբագրված է

Կոմիտասի և Մ. Աբեղյանի լրացումով ու խմբագրումով, լույս է տեսել 1903-ին,Վաղարշապատում («Հազար ու մի խաղ»երգարան)։ Մեղեդին, որ հայ երաժշտական ազգագրության բացառիկ արժեքավոր նմուշներից է, հայտնաբերել և մշակել է Կոմիտասը (հրատարակվել է 1907-ին, Փարիզում, «Հայ քնար» հավաքածու)։ Դրամատիկորեն լարված, ողբերգական բնույթի այդ երգ մենախոսությունն իր մեջ խտացնում է կոմիտասյան արվեստի, մասնավորապես՝ ինքնատիպ ներդաշնակության և դաշնամուրային շարադրաձևի կարևորագույն գծերը և հայ դասական երաժշտության անկրկնելի երկերից է։ Ռ. Աթայան

ԱՆՏՔԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում,Բիթլիսի վիլայեթի Ճապաղջրի գավառում։ XIX դ. վերջին ուներ 45 տուն հայ բնակիչներ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի։ Շրջակայքում կային հին բնակավայրերի ավերակներ և գերեզմանատուն։ Ա–ի բնակիչների մի մասը զոհվեց 1895-ին, մնացածները գաղթել են տարբեր երկրներ։


ԱՆՐԱԿ, ուսագոտու զույգ ոսկրեր, որոնք վերին վերջույթը միացնում են իրանի կմախքին։ Ա. մի ծայրով հոդավորվում է կրծոսկրի, մյուսով՝ թիակի հետ։ Պարանոցի, ուսի և կրծքի մկանները կպած են Ա–ին։ Նրա տակից են անցնում դեպի թևը գնացող նյարդերը և անոթները։ Ա. կոտրվելիս ուսային հոդը սեղմվում է կրծքի վանդակին և վերին վերջույթի շարժումները դառնում են խիստ սահմանափակ։


ԱՆՑԱԳԻՐ, 1. անձնավորությունը հաստատող փաստաթուղթ, որն իրավունք է տալիս մուտք գործել սահմանամերձ գոտի, փակ տիպի ձեռնարկություններն ու հիմնարկները, ներկա լինել հասարակական տոնահանդեսներին, շքերթներին, դիտումներին։ 2. Ռազմական նշանաբան։


ԱՆՑԿԱՑՆՈՂ ԽՐՁԵՐ բույսերի, բարձրակարգ բույսերի անցկացնող հյուսվածքների ամփոփ խմբերից կազմված բարդ համակարգ, որով ջրում լուծված նյութերը (հանքային և օրգանական) տեղաշարժվում են դեպի օրգանները։ Ա. խ.իրենց կառուցվածքով, ձևով և չափսերով բազմազան են և բնորոշ բույսերի յուրաքանչյուր խմբի համար։ Ա. խ. բույսի օրգանում կարող են դասավորված լինել ծայրային և կենտրոնական մասերում՝ ցրված, անկանոն կամ համատարած շերտով։ Ա. խ–ի հիմնական մասերն են բնափայտը (քսիլեմա) և լուբը (ֆլոեմա)։ Ա. խ., բացի անցկացնող հյուսվածքներից, հաճախ ունենում են մեխանիկական հյուսվածք։ Երբ խրձերը կազմված են միայն անցկացնող հյուսվածքներից, կոչվում են պարզ անոթային, իսկ երբ շրջապատված են մեխանիկական հյուսվածքով՝ անոթաթելային։ Ա. խ. առաջանում են պրոկամբիումի մերիսթեմային հյուսվածքից. մի դեպքում վերջինս ամբողջությամբ կարող է դիֆերենցվել քսիլեմայի և ֆլոեմայի՝ առաջացնելով փակ խուրձ (միաշաքիլ բույսեր), մյուս դեպքում՝ քսիլեմայի և ֆլոեմայի՝ միջև պահպանվում է մերիսթեմային չդիֆերենցված բջիջների շերտ՝ խրձային կամբիում, որն ընդունակ է առաջացնելու բաց խուրձ։ Վ. Փալանջյան


ԱՆՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻՑ ՍՈՑԻԱԼԻԶՄԻՆ, պատմական հատուկ ժամանակաշրջան, որ սկսվում է սոցիալիստական հեղափոխության հաղթանակով, պրոլետարիատի դիկտատուրայի ու արտադրության կարևորագույն միջոցների հանրային սեփականության հաստատումով և ավարտվում սոցիալիզմի լիակատար հաղթանակով։ «Կապիտալիստական և կոմունիստական հասարակության միջև ընկնում է մի ժամանակաշրջան, երբ առաջինը ռևոլյուցիոն ձևով փոխարկվում է երկրորդին։ Այդ շրջանին համապատասխանում է նաև անցման մի քաղաքական շրջան, և այդ շրջանի պետությունն ուրիշ ոչինչ չի կարող լինել, բացի պրոլետարիատի ռևոլյուցիոն դիկտատուրայից» (Մարքս Կ., Գոթայի ծրագրի քննադատությունը, 1955, էջ 30)։ Անցման ժամանակաշրջանի անհրաժեշտությունը պայմանավորված է արտադրության կոմունիստական եղանակի առաջացման ու զարգացման առանձնահատկություններով։ Արտադրության միջոցների մասնավոր սեփականության վրա հիմնված յուրաքանչյուր նոր հասարակարգի արտադրահարաբերություններն առաջանում են նախորդ հասարակարգի ընդերքում։ Օրինակ՝ կապիտալիստական արտադրահարաբերություններն առաջանում են ֆեոդալական հասարակարգի ընդերքում և գոյություն ունենում որպես տնտեսաձև։ Դա պայմանավորված է այդ հասարակարգերի տնտեսական հիմքերի նույնատիպությամբ։ Բուրժուական հեղափոխությունն ավարտվում է միայն իշխանության գրավումով, որի միջոցով վերացվում են ֆեոդալական հիմնարկությունները։

Կոմունիստական արտադրաեղանակն արմատականորեն տարբերվում է կապիտալիստականից և, հետևաբար, որպես տնտեսաձև, չի կարող առաջանալ նրա ընդերքում։ Կապիտալիզմի պայմաններում ստեղծվում են միայն կոմունիստական արտադրաեղանակին անցնելու նյութական (խոշոր մեքենայական արտադրություն) և սուբյեկտիվ (բանվոր դասակարգ) նախադրյալներ։ Պրոլետարական հեղափոխությունը տեղի է ունենում կոմունիստական տնտեսաձևի բացակայության պայմաններում։ Իշխանության գրավումն այդ հեղափոխության սկիզբն է.հաստատվում է պրոլետարիատի դիկտատուրայի պետություն, որն օգտագործվում է որպես միջոց՝ կապիտալիստական արտադրահարաբերությունները վերացնելու և կոմունիստական արտադրաեղանակի ստորին փուլը՝ սոցիալիզմը կառուցելու համար։ Այս արմատական վերափոխման համար պահանջվում է պատմական հատուկ անցման ժամանակաշրջան։ Սոցիալիզմի կառուցմանը բնորոշ են մի շարք ընդհանուր օրինաչափություններ, որոնք հաստատվում են ՍՍՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկրների փորձով։ Դրանք են՝ մարքս–լենինյան կուսակցության առաջնորդությամբ բանվոր դասակարգի կողմից աշխատավորական զանգվածների ղեկավարումը պրոլետարական հեղափոխություն կատարելու և այս կամ այն ձևով պրոլետարիատի դիկտատուրա հաստատելու համար, բանվոր դասակարգի դաշինքը գյուղացիության հիմնական զանգվածի և աշխատավորական այլ խավերի հետ. կապիտալիստական սեփականության վերացումն ու արտադրության հիմնական միջոցների հանրային սեփականության հաստատումը, գյուղատնտեսության աստիճանական սոցիալիստական վերափոխումը, սոցիալիզմի և կոմունիզմի կառուցման, աշխատավորների կենսամակարդակի բարձրացման նպատակով ժողովրդական տնտեսության պլանաչափ զարգացումը, սոցիալիստական հեղափոխության իրագործումը գաղափարախոսության ու կուլտուրայի բնագավառում և աշխատավոր ժողովրդին, սոցիալիզմի գործին նվիրված մտավորականության ստեղծումը. ազգային ճնշման վերացումը և ժողովուրդների միջև իրավահավասարության և եղբայրական բարեկամության հաստատումը, սոցիալիզմի նվաճումների պաշտպանությունն արտաքին ու ներքին թշնամիների ոտնձգություններից, տվյալ երկրի բանվոր դասակարգի համերաշխությունը մյուս երկրների բանվոր դասակարգի հետ՝ պրոլետարական ինտերնացիոնալիզմը:

Սոցիալիստական արտադրահարաբերությունների հաղթանակի անհրաժեշտ պայմանը սոցիալիզմի նյութա-տեխնիկական բազայի՝ էլեկտրիֆիկացված խոշոր մեքենայական արտադրության ստեղծումն է, որ վարվում է կոլեկտիվ ձևով և զարգանում պլանաչափորեն։

Անցման ժամանակաշրջանի օրինաչափությունները տարբեր երկրներում իրագործվում են յուրահատուկ ձևերով, որոնք համապատասխանում են յուրաքանչյուր երկրի պատմականորեն կազմավորված առանձնահատկություններին և տվյալ ժամանակաշրջանում ստեղծված պայմաններին։ Ձևերի այդ բազմազանությունը ոչ միայն չի բացառում ընդհանուր օրինաչափությունները, այլև ստեղծագործաբար հարստացնում է սոցիալիզմի կառուցման մարքս–լենինյան տեսությունը։ Անցման ժամանակաշրջանի էկոնոմիկային հատուկ են երեք հիմնական՝ սոցիալիստական, կապիտալիստական և մանրապրանքային տնտեսաձևեր։ Բայց որոշ երկրներում կարող են գոյություն ունենալ նաև նահապետական-գյուղացիական և պետական կապիտալիզմի տնտեսաձևեր։ Հիմնական տնտեսաձևերին համապատասխանում են դասակարգեր՝ բանվոր դասակարգը, մանր բուրժուազիան (հատկապես՝ գյուղացիությունը) և բուրժուազիան։ Անցման ժամանակաշրջանի հիմնական հակասությունը մեռնող կապիտալիզմի և նոր զարգացող սոցիալիզմի միջև եղած հակասությունն է։ «Անցման այդ ժամանակաշրջանը չի կարող պայքարի ժամանակաշրջան չլինել մեռնող կապիտալիզմի և ծնվող կոմունիզմի միջև, կամ, այլ խոսքով՝ պարտված, բայց չոչնչացված կապիտալիզմի և ծնված, բայց դեռ բոլորովին թույլ կոմունիզմի միջև» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 30, էջ 115–16)։ Սոցիալիզմի և կապի–