Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/46

Այս էջը հաստատված է

46 ԱԲՈՒԼ-Լ-ԱԼԱ-ԱԼ-ՄԱԱՐԻ

Զեստափոնի շրջ.)։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը։ Աշակերտել է Հ. Աճառյանին, Մելիքսեթ֊Բեկին, Ա. Շանիձեին։ Հիմնականում զբաղվել է հայ և վրաց բանասիրությանը վերաբերող հարցերի ուսումնասիրությամբ։ 1938-ին հրատարակել է «Վկայաբանություն Շուշանիկի» վարքագրության վրացերեն և հայերեն տեքստերը։ Գրել է «Հայ֊վրացական գրական կապերը IX–X դարերում» աշխատությունը (1944), տպագրել վրաց ժողովրդի հնագույն պատմության՝ «Քարթլիս ցխովրեբա»֊ի գրաբար տեքստը, վրացերեն թարգմանությունը և դրան նվիրված հետազոտությունը (1953)։ Ա֊ի «Հովհաննես Դրասխանակերտցի» ուսումնասիրությունը (1937) վրաց հայագիտության նվաճումներից է։ Կազմել է գրաբարի (1935), վրացերենի (հայկական դպրոցների համար, 1965) դասագրքեր և «Հին վրացերեն֊գրաբար բառարան» (անտիպ)։ 1937-ին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի № 7117 ձեռագրում Ա. հայտնաբերել է աղվանական գիրը։ Մահացել է հոկտ. 9-ին, Թբիլիսիում։

Երկ. Հայերենի և վրացերենի բառարանային հանդիպումները, «Աշխատությունների ժողովածու ՀՍՍՀ ԳԱ Լեզվի ինստ֊ի», 1948, №3։ К открытию Кавказских албанцев, «Известия ин-та языка, истории и материальной культуры груз. филиала АН СССР», 1938, т. 4.


ԱԲՈՒԼ֊Լ֊ԱԼԱ֊ԱԼ֊ՄԱԱՐԻ (լրիվ անունը՝ Աբու֊լ֊Ալա Ահմեդ բին Աբդուլլահ ալ֊Մաարի, հայ գրկ. մեջ՝ Աբու֊Լալա Մահարի, 973– մոտ 1057), արաբ բանաստեղծ, փիլիսոփա։ Ծնվել է Մաարեթ֊ան֊Նուման գավառական քաղաքում (Սիրիա), ազնվականի ընտանիքում։ Վաղ հասակում զրկվել է տեսողությունից։ Աշակերտել է բանասեր հորը, ապա բազմակողմանի կրթություն ստացել Հալեպում, զբաղվել է ուսուցչությամբ։ 1007–1009-ին եղել է Բաղդադում, շփվել առաջադեմ մտավորականների հետ։ Այնուհետև վերադարձել է ծննդավայրը, ուր և ապրել է մինչև կյանքի վերջը։ Թողել է գրական հարուստ ժառանգություն, որի մեծ մասը կորել է խաչակրաց արշավանքների ժամանակ։ Երիտասարդական շրջանի ոտանավորներում («Կայծքարի հրացայտը») նկատելի է արաբ ներբողագիր և սիրերգու Մութանաբիի ազդեցությունը, որին համարել է իր ասուցիչը։ Հետագա ստեղծագործությունները տոգորված են վհատության, վշտի ու բողոքի տրամադրություններով («Ճանապարհին լքվածը»)։ Քննադատել է իշխողներին, օրենսգետներին, կրոնական քարոզիչներին («Պարտադրականությունն անպարտադրելիության»)։ «Թուղթ ներման մասին» և «Թուղթ հրեշտակների մասին» արձակ երկերում (վերջինս հայտնաբերել է Ի. Յու. Կրաչկովսկին, ռուս. թրգմ. 1932) ծաղրել է սնոտիապաշտ ամբոխի ավանդական պատկերացումներն անդրշիրիմյան կյանքի մասին։ Փիլիսոփայական հայացքներով եղել է պանթեիստ, տատանվել է իդեալիզմի և մատերիալիզմի միջև։ Ընդունելով աստծո գոյությունը՝ չի հարել ոչ մի կրոնի, նախապաշարմունքները համարել է հավասարապես հատուկ բոլոր կրոններին և հայտարարել, որ ճանաչողության միակ միջոցը բանականությունն է։ Սոցիալական անհավասարությունն ու անարդարությունը նրան ի վերջո հանգեցրել են հոռետեսության և սկեպտիցիզմի։ Ա֊լ֊Ա֊ա֊Մ֊ի տապանաքարի վրա փորագրված խոսքերը՝ «Իմ հայրն ինձ դժբախտացրեց, ես ոչ ոքի չեմ դժբախտացրել», ամենասեղմ կերպով բնութագրում են նրա կենսափիլիսոփայությունը։ Նրա կերպարն ընկած է Ա. Իսահակյանի «Աբու֊Լալա Մահարի» պոեմի հիմքում։

Գրկ. Крачовский И. Ю., Избр. соч., т . 1–2, М.–Л., 1955–56; Широян С. Ч., Арабский поэт и мыслитель Абу-ль-Ала-ал-Маари, М., 1957. Ա. Շահսուվարյան


ԱԲՈՒԼՀԱՍԱՆ (Աբուլհասան Ալիբաբա օղլի Ալեքպերզադե, ծն. 1906), ադրբեջանցի սովետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ Ծնվել է փետրվարի 27 (մարտի 12)-ին, Բասկալում։ Տպագրվել է 1927-ից, ճանաչվել «Վերելքներ» (1930) ադրբ. սովետական առաջին վեպով։ Ադրբեջանի ադրբ. և հայկ. գյուղերում սոցիալիստական վերակառուցումը և երկու ժողովուրդների բարեկամությունը պատկերել է «Աշխարհը կործանվում է» (1933) վեպում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին և սովետական մարդկանց հայրենասիրության, հերոսության ու բարեկամության մասին գրել պատմվածքներ, «Բարեկամության ամրոցներ» (գիրք 1–4, 1948–67) վեպը։

Երկ. Тəрс адамлар, Бакы, 1967.


ԱԲՈՒ֊Լ֊ՖԻԴԱ Իսմայիլ իբն Ալի (1273–1332), արաբ պատմիչ և աշխարհագրագետ, պետական գործիչ։ Կազմել է «Համառոտ պատմություն մարդկային ցեղի» ժողովածուն, որտեղ նկարագրված դեպքերը ավարտվում են 1329 թվականով։ Որպես մասնակից՝ տեղեկություններ է հաղորդում Կիլիկիայի Հայկ. թագավորության դեմ մամլուքյան արշավանքների մասին։

Գրկ. Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին, կազմ. Հ. Նալբանդյան, Ե., 1965։


ԱԲՈՒՀԱՅԱԹ (պարսկերեն՝ կենսաջուր), հնագույն ջրանցք․ սկիզբ էր առնում Հրազդանի ձախ ափից և ոռոգում Երևանի շրջակա այգիները։


ԱԲՈՒՂԱՄՐԵՆՑ Ս. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ ԱՆԻԻ, գտնվում է քաղաքի հյուսիս֊արևմտյան մասում։ Եղել է Պահլավունիների տոհմի եկեղեցին։ Կառուցվել է X դ. 2-րդ կեսին, 994-ից ոչ ուշ, իշխան Գրիգոր Պահլավունու պատվերով։ Իր հորինվածքով հարում է VII դ. բազմաբսիդ եկեղեցիների տիպին։ Շենքը ներքուստ բոլորաձև է, վերսլաց, մասամբ սվաղված, ունի վեց աբսիդ, բեմի երկու կողմերում՝ փոքրիկ ավանդատներ։ Գմբեթը կրում են աբսիդների միջև դուրս շեշտված որմերը, որոնց հպված են որմնակամարներով ավարտվող կիսասյուներ։ Եկեղեցին արտաքուստ բազմանիստ է. միջաբսիդային նիստերը ջլատված են եռանկյունաձև խորշերով։ Ունի վեց նեղլիկ լուսամուտներ, որոնք եզերված են երկուական որմնասյուներով։ Հվ֊արմ. կողմում բացվող մուտքը կամարակապ է։ Որմնակամարաշարով շրջառված կլոր թմբուկի վրա բացվում են ոլորուն սյունակամարներով եզերված 12 լուսամուտներ։ 1040-ին Աբուղամրի թոռ, Գրիգոր Պահլավունու որդի Աբլղարիբ մարզպանը եկեղեցու հս. կողմում կառուցել է Աբուղամրենց տոհմական դամբարանը՝ Ս. Ստեփանոս և Ս. Քրիստափոր մատուռներով։

Աբուղամրենց եկեղեցին։ Վերևում՝ ընդհանուր տեսքը։ Ներքևում՝ հատակագիծը։


ԱԲՈՒՂԱՄՐԵՆՔ, իշխան. տոհմ միջնադարյան Հայաստանում։ Տես Պահլավունիներ։


ԱԲՈՒ֊ՄՈՒՍԼԻՄ (727–755), Օմայանների դեմ ուղղված ապստամբության (747–750) առաջնորդ, ծագումով պարսիկ։ Ապստամբության հետևանքով իշխանությունն անցավ Աբբասյաններին, իսկ Ա֊Մ. դարձավ Խորասանի կառավարիչ։ Խալիֆ Մանսուրը, վախենալով Ա֊Մ֊ի աճող ազդեցությունից, սպանել տվեց նրան։


ԱԲՈՒ֊ՍԱԻԴ (Բուսաիդ, Ապուսաիտ, Ապուսատ) (ծն. և մահ. թթ. անհտ.), XII դարի ասորի բժիշկ ն հնագետ։ Ապրել է Կիլիկյան Հայաստանում։ Հեղինակ է մարդակազմության վերաբերյալ մի անտիպ երկի, որը բաղկացած է 19 գլուխներից և կրում է «Յաղագս կազմութեան մարդոյ» խորագիրը (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. №№ 463, 464, 466 ևն)։ Աշխատությունը XVII դ. խմբագրել