Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/461

Այս էջը սրբագրված է

էպիտաքսիալ տեխնոլոգիան, որը միավորում է դիֆուգիոն, աճեցված և մակերևութապատնեշային Ա–ի ստացման եղանակները։ Այն հնարավորություն է ստեղծում կիսահաղորդչային սարքերը մամլելու պլաստմասսաների մեջ, որը թույլ է տալիս ոչ միայն կիսահաղորդչային սարքերի մետաղե–ապակե իրանները փոխարինել պլաստմասսայե իրաններով, այլև մեքենայացնել ու ավտոմատացնել սարքերի հավաքման առավել աշխատատար ու դժվար գործողությունները։ Տես նաև Կիսահաղորդչային սարքեր, Կիսահաղորդչային դիոդ, Տրանզիստոր, Կիսահաղորդչային նյութեր, Ֆոտոէլեմենտ։

Գրկ. Федотов Я. А., Основы физики полупроводниковыx приборов, 2 испр. и дополн. изд., М., 1969. Վ. Պողոսյան

ԱՆՑՔԱԼԱՅՆԻՉ, բազմասայր մետաղահատ գործիք՝ նախապես գայլիկոնած, ինչպես նաև անմիջապես ձուլումից, կռումից ու դրոշմումից հետո ստացվող անցքերի և նրանց ձևավոր մասերի մշակման համար։ Ըստ աշխատանքի բնույթի, լինում են՝ գլանային, ճակատային, ձևավոր և համակցված, ըստ կառուցվածքի՝ ամբողջական և հավաքովի, ըստ ամրացման եղանակի՝ գլանային կամ կոնական պոչամասով և հագցնովի (նկ.)։ Ա–ներն ապահովում են մշակման III–IV դասի ճշգրտություն և մակերևույթի մինչև III–V դասի մաքրություն։ Պատրաստվում են գործիքային կամ արագահատ պողպատներից, ինչպես նաև ամրանավորվում են կարծր համաձուլվածքների թիթեղիկներով կամ ամբողջովին պատրաստվում դրանցից։ Ա–ով իրականացվող մշակման պրոցեսն անվանում են անցքալայնում, որ կատարում են անցքերին ճիշտ ձև տալու և ավելի ճշգրիտ չափեր ստանալու համար։

(նկ․) Անցքալայնիչներ. ա. գլանային՝ կոնական պոչամասով, բ. գլանային՝ կարծր համաձուլվածքից, գ. գլանային՝ հագցնովի, դ. հագցնովի՝ կարգավորող, ե. երկատամ՝ հավաքովի։


ԱՆՑՔԱԿՈԿԻՉ, բազմասայր մետաղահատ գործիք՝ անցքերի վերջնամշակման համար։ Ըստ կիրառման եղանակի, լինում են ձեռքի և մեքենայական, ըստ կառուցվածքի՝ ամբողջական և հավաքովի, ըստ ամրացման եղանակի՝ կոնական, գլանային կամ քառակուսաձև պոչամասով և հագցնովի, ըստ մշակվող անցքերի ձևի՝ գլանային և կոնական (նկ. 1)։ Օգտագործվում են նաև փոփոխական (0,5–0,15 մմ սահմաններում) տրամագծով կարգավորվող Ա–ներ: Ա–ի կառուցվածքային տարրերը ցույց են տրված նկ. 2-ում։ Ա–ները պատրաստվում են գործիքային (ածխածնային, ցածրալեգիրված կամ արագահատ) պողպատներից, ինչպես նաև ամրանավորվում են կարծր համաձուլվածքների թիթեղիկներով կամ ամբողջովին պատրաստվում դրանցից։ Ա–ով կատարվող մշակման պրոցեսն անվանում են անցքակոկում, որով հասնում են անցքերի մշակման բարձր ճշգրտության և մաքրության։

(նկ․) Նկ. 1. Անցքակոկիչներ. ա. ձեռքի, խ. ձեռքի՝ կարգավորող, գ. հագցնովի՝ ամբողջական և հավաքովի, դ. գլանային՝ մեքենայական, ե. կոնական։ (նկ․) Նկ. 2. Անցքակոկիչի կառուցվածքային տարրերը. 1. կտրող մաս, 2. տրամաչափող մաս, 3. ակոս, 4. ժապավեն, 5. պոչամաս, 6. կոն,7. վզիկ, 8. աշխատանքային մաս, 9. ատամ, 10. հակադարձ կոն։


ԱՆՈՒԽՎԱ, գյուղ Աբխազական ԻԱՍՀ Գուդաութայի շրջանում, շրջկենտրոնից 15 կմ արևելք։ 2600 բն. (1968), հայեր, աբխազներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, դափնու, եգիպտացորենի, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։ Ա–ում կան միջնակարգ, ութամյա և տարրական դպրոցներ, ակումբ, գրադարան, կինո։ Գյուղը հիմնադրել են Սամսունից գաղթած հայերը, 1875-ին։


ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱՊԱՑՈՒՅՑ, տես Ապացույց:


ԱՆՈՒՂՂԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ընտրական կարգ, երբ ընտրողներն անմիջական մասնակցություն չունեն իշխանության մարմինների ընտրություններին (ԱՄՆ–ի, Արգենտինայի, Ֆինլանդիայի պրեզիդենտների ընտրությունները ևն)։ Ի տարբերություն ուղղակի ընտրությունների, ընտրողներն իրենց ձայնը տալիս են ոչ թե դեպուտատության թեկնածուի օգտին, այլ ընտրողների թեկնածուի կամ այնպիսի ներկայացուցչական մարմնի թեկնածուների օգտին, որոնք ընտրելու են պաշտոնատար անձին կամ ընտրովի մարմինը։


ԱՆՈՒՂՂԱԿԻ ԾԱԽՍԵՐ, տես Ինքնարժեք:


ԱՆՈՒՅ (Anouilh) Ժան (ծն. 1910), ֆրանսիացի դրամատուրգ։ Ծնվել է հունիսի 23-ին, Բորդոյում։ Առաջին պիեսներում՝ «Սպիտակ կզաքիսը» (1932), «Ճանապարհորդն առանց բեռի» (1937), «Վայրենուհին» (1938) ևն արտացոլել է երիտասարդ, ազնիվ հերոսների պայքարը կեղծիքի, երեսպաշտության, անարդարության դեմ։ Լավագույն գործերից է Սոֆոկլեսի ողբերգության հիմքի վրա ստեղծված միանգամայն ինքնատիպ «Անտիգոնե» դրաման (1943)։ Գերմանական օկուպացիայի ժամանակ բեմադրված այդ պիեսի հերոսուհու՝ Անտիգոնեի ըմբոստացումը, կյանքից հրաժարվելու գնով, հնչեց որպես նացիզմի դեմ մարտնչելու կոչ։ 1953-ին գրել է «Արտույտ» պիեսը՝ նվիրված ֆրանսիական ազգային հերոսուհի ժաննա դ՚Արկին։ Ա–ի «Անտիգոնե» դրաման բեմադրվել է Կիրովականի Հ. Աբելյանի անվ. դրամատիկական թատրոնում (1969), «Մեդեա» և «Ճանապարհորդն առանց բեռի» պիեսները՝ Երևանի դրամատիկական թատրոնում (1969, 1971)

Գրկ. Зонина Л., Жан Ануйль. в кн.: Современная зарубежная драма, М., 1962; История франц. литературы, т. 4, М., 1963.


ԱՆՈՒՆ, տրամաբանության մեջ. լեզվական արտահայտություն, որ ցույց է տալիս մտքի որևէ առարկա կամ առարկաներ։ Կան Ա–ներ, որոնք պայմանականորեն վերագրվում են որևէ կոնկրետ առարկայի կամ առարկաների բազմության («Մասիս», «տուն», «թիվ»), և Ա–ներ, որոնք արտահայտում են առարկան նշելու եղանակը («քառակուսի արմատ երկուսից», «Անուշի հեղինակ», «Հայաստանի մայրաքաղաք», «ամենամեծ մոլորակ» ևն)։ Անվան և նրա նշած առարկայի փոխհարաբերությունը ճշգրիտ ուսումնասիրման է ենթարկվում սեմանտիկայում։ Այստեղ անվանը վերագրվում է դենոտատ և իմաստ, յուրաքանչյուր Ա. նշում է որևէ առարկա՝ դենոտատ և այդ նշման եղանակով էլ արտահայտում է իր իմաստը։

Ժամանակակից ձևական լեզվական համակարգերի կառուցման և ուսումնասիրման հիմնական պրոբլեմն այն է, որ, մի կողմից, յուրաքանչյուր անվան վերագրվի մեկ իմաստ (դա արվում է նոր Ա–ների ներմուծման միջոցով), մյուս կողմից, դուրս մղվեն դենոտատ չունեցող, բայց իմաստ ունեցող Ա–ները։


ԱՆՈՒՆ, անձնանուն, անձի անվանումը՝ հասարակության մեջ նրան անհատականացնելու նպատակով։ Նեղ իմաստով Ա. անձի անհատական անվանումն է, լայն առումով՝ նաև հայրանունը և ազգանունը, որը տրվում է (ծնողների ընտրությամբ) զագսում՝ նրա ծնունդը գրանցելիս։ Ըստ գիտության մեջ լայն տարածում գտած տեսակետի, մարդկանց Ա–ները ծագել են մարդու զարգացման շատ վաղ շրջանում և ի սկզբանե գոյություն են ունեցել բոլոր ցեղերի ու ժողովուրդների մոտ։ Անթրոպոնիմիկայի (ուսումնասիրում է Ա–ները, դրանց ծագումը, փոփոխությունները, աշխարհագրական տարածումը և անթրոպոնիմիկական համակարգերի կառուցվածքն ու զարգացումը) տվյալներով անձնանունները հիմնականում առաջա–