Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/466

Այս էջը սրբագրված է

առևտրական կետ Ռուսաստանի և Իրանի միջև։ 1906-ի հունիսի սկզբին բռնկում է Ա–ի կայազորի և երկաթուղայինների ապստամբությունը, որը դաժանորեն ճնշվում է։ 1917-ի մարտին ստեղծվում է բանվորա–գյուղացիական սովետ։ Սովետական իշխանություն հաստատվել է 1917-ի դեկտեմբերին։ 1918-ի հուլիսի 11–12-ին սպիտսւկգվարդիական–էսեռական ավազակախմբերը զավթեցին իշխանությունը և գնդակահարեցին աշխաբադյան 9 կոմիսարներին։ 1919-ի հուլիսի 9-ին սովետական զորքերը ազատագրեցին այն։ Ա. մինչև 1924-ը Թուրքեստանի ԻՍՍՀ կենտրոնն էր, 1924-ից Թուրքմենական ՍՍՀ մայրաքաղաքն է, նրա քաղաքական և արդյունաբերական կենտրոնը, տրանսպորտային հանգույցը, լուսավորության, գիտության և արվեստի կարևորագույն օջախը։ Ա–ում են կենտրոնացած ապակու, ցեմենտի, բամբակյա գործվածքեղենի, տրիկոտաժի, կարի, մետաքսաթելի, գորգագործական, կոշիկի, մսի, ալրաղաց, ոչ ալկոհոլային խմիչքների, հրուշակեղենի, մետաղամշակման ու մեքենաշինական (բուլդոզերների, գազօջախների, նավթապոմպերի, գյուղատնտեսական մեքենաների արտադրություն, ջերմաքարշերի, ավտոմեքենաների վերանորոգում ևն), պոլիգրաֆ և կահույքի ձեռնարկությունները։ 1969-ից շարք է մտել Բայրամ–Ալի–Աշխաբադ գազամուղը։

(նկ․) Աշխաբադ։ Ձախից՝ Կ. Մարքսի հրապարակը։ Աջից՝ Մ. Գորկու անվ. թուրքմենական պետական համալսարանը։

Ա–ում են Թուրքմենական ՍՍՀ ԳԱ–ն, համալսարանը, պոլիտեխնիկական, բժշկական և գյուղատնտեսական ինստ–ները, միջին մասնագիտական 12 ուսումնական հաստատությունները, 3 թանգարան, 4 թատրոն, պետական ֆիլհարմոնիան, կինոստուդիան։ Ա. գտնվում է սեյսմիկ գոտում։ 1948-ի երկրաշարժը (9 բալ) համարյա ամբողջությամբ ավերեց քաղաքը։ Ա. արագ վերաշինվեց և դարձավ ավելի բարեկարգ։ Եթե մինչև 1948-ը քաղաքի հիմնական տարածությունը կազմում էր 3 հզ. հա, ապա 1969-ին այն արդեն 7,5 հզ. հա էր։ Կառուցվել են սեյսմակայուն, 3–4 հարկանի բնակելի տներ և հասարակական շենքեր։ Աչքի են ընկնում Թուրքմենստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի, կառավարության, ԳԱ–ի համալիրի, Սոլլանեպեսի անվան ակադեմիական դրամատիկական թատրոնի, համալսարանի, Կարակումշինի վարչության, «Ինտուրիստ» և «Աշխաբադ» հյուրանոցների շենքերը։ Ա–ում հայերը հաստատվել են հիմնականում XIX դ. սկսած և գլխավորապես զբաղվել են գինեվաճառությամբ։

Գրկ. Туркменистан, М., 1969 (серия «Советский союз»).

ԱՇԽԱԴԱՐ (ծն. և մահ. թթ. անհտ.), Հայոց թագավոր՝ 110–113-ին։ Հաջորդը՝ Տրդատ Ա–ի, որդին՝ Պարթևաստանի Բակուր II թագավորի։ Գահ բարձրացավ Հռոմի և Պարթևաստանի փոխհամաձայնությամբ (տես Հռանդեայի պայմանագիր 64) Պարթևաց Խոսրով I թագավորը 113-ին Ա–ին գահազրկում է և փոխարենը նշանակում նրա եղբայր Պարթամասիրին։ Այս փոփոխությունը դիտելով պայմանախախտություն՝ Տրայանոս կայսրը 114-ին արշավում է Արևելք, նվաճում Պարթևաստանը, գահընկեց անում Պարթամասիրին և Հայաստանը հայտարարում Հռոմի պրովինցիա։


ԱՇԽԱԼԱ, Աշգալե, գյուղ Արևմտյան Հայաստանում, Ալաշկերտի գավառում։ XIX դ. կեսերին ուներ 300–500 տուն հայ բնակիչ, իսկ 1895-ի հայկական ջարդերից հետո հիմնականում դարձել էր քրդաբնակ: Ա–ի բնակիչներն զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գավառում հայտնի էր Ա–ի ցորենը։


ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԵԿՇԻՌ, ժամանակի ընդհանուր ռեսուրսները և արտադրության մեջ դրանց օգտագործումը բնութագրող փոխկապակցված ցուցանիշների համակարգ։ Բացահայտում է աշխատանքի արտադրողականության ռեզերվները և որոշում աշխատուժի պահանջարկը։ Հաշվետու և պլանային Ա. հ–ներ կազմելիս սահմանում են օրացուցային, ոչ աշխատանքային, առավելագույն հնարավոր, օգտագործվող և չօգտագործվող ժամանակը։ Օրացուցային ժամանակը համապատասխանում է մի որոշ ժամանակաշրջանի օրերի (ժամերի) քանակին, որի համար կազմվում է Ա. հ.։ Օրացուցային ժամանակից ոչ աշխատանքայինի (հանգստյան և տոն օրեր) հանուրդով ստանում են առավելագույն հնարավոր ժամանակը, որի մեջ մտնում են օգտագործվող ժամանակը, տևական արձակուրդներից կախված պարապուրդները, աշխատաժամանակի կորուստը ևն։

Պլանային Ա. հ. արդյունաբերության մեջ կազմվում է մեկ տարով, ըստ եռամսյակների, օրերի և ժամերի՝ միևնույն մասնագիտության և կարգի աշխատողների յուրաքանչյուր խմբի համար։ Այն կազմելիս նախատեսվում է օգտագործվող ժամանակի մեծացումը։ Աշխատաժամանակի կորուստները մեծ մասամբ չեն պլանավորվում, սակայն հաշվի են առնվում։ Սանրամասն վերլուծության հիման վրա միջոցառումներ են ձեռնարկվում դրանց վերացման համար, որոշվում են աշխատուժի պահանջարկը և նորմավորված աշխատանքները (ըստ մասնագիտության, կարգի ևն)։


ԱՇԽԱՏԱՆՔ, ամենից առաջ մարդու և բնության միջև տեղի ունեցող պրոցես, որի ընթացքում մարդը նպատակահարմար արտադրողական գործունեությամբ ձևափոխում է բնության առարկաները` իր պահանջմունքները բավարարելու համար, մարդկանց գոյության պայման, մշտական, բնական անհրաժեշտություն, առանց որի չէր լինի մարդկային կյանքը։ Ա. բացառապես հատուկ է մարդուն և վճռական դեր է ունեցել նրա ձևավորման գործում։ Դրա շնորհիվ մարդն առանձնացավ կենդանական աշխարհից։ Մարդու արմատական տարբերությունը կենդանուց սկսվում է աշխատանքի գործիքներ պատրաստելուց։ Ի տարբերություն կենդանու բնազդական գործողությունների, մարդու աշխատանքային գործունեությունը բնութագրվում է որոշակի նպատակաուղղվածությամբ։ Մարդը միջնորդավորում, կարգավորում և վերահսկում է նյութափոխանակությունը իր և բնության միջև, արտադրում անհրաժեշտ կենսամիջոցներ։ Ներգործելով բնության վրա և վերափոխելով այն՝ մարդը միաժամանակ փոփոխում է իր սեփական բնությունը։

Ա–ի պրոցեսի պարզ տարրերն են՝ նպատակահարմար գործունեությունը կամ բուն Ա., նրա առարկան և միջոցները։ Բոլոր այն իրերը, որոնք ենթարկվում են Ա–ի ներգործությանը, նրա առարկաներն են։ Ա–ի միջոցը իր է կամ իրերի համալիր, որի շնորհիվ մարդը ներգործում է Ա–ի առարկայի վրա։ Ա–ի առարկաների և միջոցների համակցությունը կազմում են արտադրության միջոցները։ Ա–ի ընթացքում միակցվում են արտադրությունն ու աշխատուժը։ Փոխադարձ պայմանավորված այդ գործոնների անխզելի միասնության մեջ է միայն տեղի ունենում Ա., որի վճռական տարրը մարդն է, նրա նպատակահարմար գործունեությունը:

Ա. միշտ ունի հասարակական բնույթ։ Մարդիկ արտադրում են համատեղ, արտադրական գործունեությունն իրագործվում է աշխատանքի կոոպերացիայի և բաժանման ձևով։ Բնության հետ մտնելով ակտիվ փոխներգործության մեջ՝ մարդիկ միաժամանակ միմյանց հետ մտնում են հասարակական արտադրական հարաբերությունների մեջ, որոնց միջոցով միայն հնարավոր է իրագործել Ա–ի պրոցեսը։ Արտադրական հարաբերությունները որոշվում են արտադրողական ուժերի հասարակական բնույթով։ Հասարակական արտադրությունը երկու փոխպայմանա–