Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/47

Այս էջը հաստատված է
ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ 47

է Ասար Սեբաստացին։ Ա֊Ս֊ի այս երկը հայտնի է նաև համառոտ խմբագրությամբ, բաժանված 16 գլուխների և խորագրված՝ «Քաղուածոյ յաղագս կազմութեան մարդոյ» (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. №№ 1713, 1775, 4268 ևն)։ Ա֊Ս. հայերենագետ էր, ենթադրում են, որ մարդակազմության վերաբերյալ աշխատությունը շարադրել է հայերեն։ Մտերիմ էր Ներսես Շնորհալու հետ։

ԱԲՈՒ֊ՍԱԻԴ ԲԱՀԱՏՈՒՐ ԽԱՆ (ծն. և մահ. թթ. անհտ.), Հուլավյան մոնղոլական պետության իլխան (1316–35)։ Հարկերի վերաբերյալ նրա մի հրովարտակից, որը փորագրված է Անի քաղաքի մզկիթի վրա, պարզվում է, որ այդ շրջանում բնակչությունը (գլխավորապես Անի քաղաքի և շրջակայքի) տնտեսապես քայքայված էր տուրքերի, հարկերի ծանրության և կառավարիչների ու ավագների բռնությունների պատճառով։ Հրովարտակով կարգադրվում է «բացի տամղայից (առևտրի և արդյունագործական տուրք) և արդարացի հարկերից, ոչինչ չվերցնել բնակչությունից», որի նպատակն էր կանխել կառավարիչների և ավագների կամայականությունները, երկիրն ամայացնող արտագաղթը։ Հրովարտակում հասարակ ժողովուրդն անվանված է ռայա, ժողովրդի գլխավորները՝ ռայս, ավագները՝ քեդխուդա։


ԱԲՈՒՍԱՀԼ (ծն. և մահ. թթ. անհտ.), Սեբաստիայի իշխան (1037–1080), Վասպուրականի Սենեքերիմ թագավորի որդին։ Ավագ եղբոր՝ Դավթի մահից հետո Ա. իշխում էր Սեբաստիայում մյուս եղբոր՝ Ատոմի հետ։ XI դ. առաջին կեսին, սելջուկյան արշավանքից քիչ առաջ, մի շարք հայ իշխաններ, ընդառաջելով բյուզանդական կայսրության քաղաքականությանը, իրենց կալվածքները «փոխանակում են» կայսրության այլ հողերի հետ։ Ա. չի գնում այդ ճանապարհով՝ իր դեմ գրգռելով Բյուզանդիային։ Երբ Ալփ-Արսլանը հարձակվում է Փոքր Ասիայի վրա, Ռոմանոս Դիոգենես կայսրն անձամբ Արևելք է գալիս և Ա֊ին ու նրա եղբորը զրկում իշխանությունից՝ մեղադրելով «թշնամուն գործակցելու» մեջ։ Ա. պայքար է սկսում բյուզանդացի իշխանների դեմ, սակայն՝ անհաջող։


ԱԲՈՒՍԱՀԼ (Աբուսահլ Հայ, արաբ․ հնչմամբ՝ Աբու Սալիհ ալ֊Արմանի) (ծն. և մահ. թթ․ անհտ.), արաբ․ մատենագիր, ծագումով հայ։ Ապրել է XII–XIII դդ.։ Գրել է Եգիպտոսի եկեղեցիների ու վանքերի 1170–1208-ի պատմությունը՝ տեղեկություններ հաղորդելով եգիպտահայերի, ղպտիների, լիբիացիների, արաբների, նուբիացիների մասին։ Գրքի բուն վերնագիրը հայտնի չէ։ Փարիզի ազգային մատենադարանում կա նրա ձեռագիր ընդօրինակությունը (1338)։ Գրիչը նշում է, որ ինքն այն արտագրել է բարեխղճորեն՝ կատարելով որոշ կրճատումներ։ Ա֊ի պատմության բնօրինակը և անգլերեն թարգմանությունը հրատարակել է Բ. Էվետսը (1895), որից Ղ. Ալիշանը քաղել, թարգմանել և ծանոթագրել է հայերին վերաբերող հատվածները։

Երկ. Պատմութիւն եկեղեցեաց և վանորեից Եգիպտոսի, 2 հրտ., Վնտ., 1933։ The Churches and Monasteries of Egypt and some neighbouring countries, attributed to Abu Salih, the Armenian. Translated from arabic by. B. T. A. Evetts, Oxford, 1895.

Գրկ. Ալիշան Ղ., Հայապատում, Վնտ., 1901 (մաս 1)։ Մըսրլյան Գ., Ականավոր հայեր Եգիպտոսի մեջ, Գահիրե, 1947։


ԱԲՈՒՍԱՀԼ֊ՀԱՄԱԶԱՍՊ (ծն. թ. անհտ.– 968), Վասպուրականի թագավոր 958-ից, Գագիկ Արծրունու որդին և Դերենիկ Արծրունու եղբայրը։ Ա֊Հ֊ի օրոք Վասպուրականի թագավորությունը, հակառակ Բագրատունիների, հակվում է Բյուզանդիայի կողմը՝ դառնալով հունամոլ տարրերի ապաստան։ Ա֊Հ. հանդիսավորությամբ ընդունեց բյուզանդական կայսեր ներկայացուցիչ Պանդալեոնին (965), պատսպարեց հունադավանության պատճառով Անիից վտարված Վահան կաթողիկոսին (968)։


ԱԲՈՒ֊ՍԻՄԲԵԼ, պաշտամունքի վայր Հին Եգիպտոսում, Ստորին Նուբիայում, Նեղոս գետի ձախ ափին։ Հիմնադրվել է մ. թ. ա. XIII դարում՝ Ռամզես II փարավոնի օրոք։ Ժայռերի մեջ փորված երկու տաճարներից մեծը նվիրված է Ամոն, Պտահ և Հարախտի աստվածներին ու իրեն՝ փարավոնին, փոքրը՝ Հաթոր աստվածուհուն և փարավոնի կնոջը՝ Նեֆերտարիին։ Մեծ տաճարի շքամուտքի երկու կողմում քանդակված են մոտ 20 մ բարձրությամբ հսկա արձաններ։ Ներսի պատերը զարդարված են արձաններով, որմնանկարներով, արձանագրություններով։ Ա֊Ս. այժմ Ասուանի ամբարտակի ջրերի տակ է, իսկ տաճարները 1966-ին տեղափոխվել են բարձրադիր վայր։


ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ (հուն, άγαθόσ – բարի, άγγελος — հրեշտակ, լրաբեր, ծն. և մահ. թթ. անհտ.), V դ. հայ պատմիչ։ Հեղինակ հայ պատմագրության հնագույն հուշարձանի՝ «Պատմութիւն Հայոց» երկի, որը հայտնի է նաև «Գիրք Ս. Գրիգորիսի» կամ «Պատմութիւն և վարք Ս. Գրիգորի» անուններով։ Գրքում սփռված «կենսագրական» տեղեկությունների և ակնարկների հիման վրա Ա. ավանդաբար համարվել է ծագումով հռոմեացի. Տրդատ Գ Մեծի ժամանակ գալով Հայաստան՝ դարձել է նրա քարտուղարը, որպես Տրդատի ու Գրիգորի աշխարհիկ և հոգևոր սխրագործությունների ժամանակակից ու ականատես, Տրդատի հանձնարարությամբ, գրել է Խոսրով Մեծի և իր դարաշրջանի Հայաստանի պատմությունը։ Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու և մյուս հայ մատենագիրների մոտ Ա֊ի մասին հիշատակությունները միայն հաստատել են այդ ավանդական տեսակետը։ Այստեղից արվել է այն հետևությունը, որ Ա. IV դ. պատմիչ է, նրա գրքի բնագիրը եղել է հունարեն և թարգմանվել հայերեն V դ.՝ հայ գրերի գյուտից հետո։ Այս տեսակետն ընդունվել է անվերապահորեն մինչև XVIII դ. երկրորդ կեսը։ 1709-ին, Պոլսում, Գրիգոր Մարզվանեցու ջանքերով առաջին անգամ տպագրվեց Ա֊ի «Պատմութիւն Հայոց»֊ի բնագիրը։ 1762-ին Հովհ. Ստիլտինգը հրատարակեց հունարեն օրինակը և լատիներեն խմբագրությունը։ Նա էլ առաջին անգամ կասկածի տակ առավ Ա֊ի հաղորդած պատմական շատ փաստերի վավերականությունը։ Ստիլտինգի հունարեն օրինակը հետագայում բազմիցս վերահրատարակվեց, իսկ Պոլ դը Լագարդը կատարեց նրա քննական հրատարակությունը։ Հայերեն բնագրի գիտական արժեք ունեցող առաջին հրատարակությունը լույս տեսավ 1835-ին, Վենետիկում։ Դրա քննական հրատարակությունը տպագրվեց Թիֆլիսում, 1909-ին, իսկ 1911-ին Վիեննայում լույս տեսավ Վիեննայի կրկնագիր ձեռագրի բնագիրը։ Հայկական բնագրի և նրա տարալեզու խմբագրությունների հրատարակումը հնարավորություն տվեց համեմատական վերլուծության միջոցով մանրակրկիտ ուսումնասիրել Ա֊ի երկասիրությունը։ Օտարազգի և հայ բանասերներ, տեքստաբաններ փորձեցին լուծել Ա֊ի առեղծվածը։ Նորայր Բյուզանդացին, ելնելով «Պատմութիւն Հայոց»֊ի լեզվա֊ոճական առանձնահատկություններից, եզրակացրեց, որ Ա. եղել է հույն, և որ Կորյունը, ի թիվս այլ երկերի, Ա֊ի երկը ևս թարգմանել է հայերեն։ Ն. Բյուզանդացին այդ երկերը անվանեց առանձին «դաս»։ Հայագետ Թոռնյանը Ա֊ին է վերագրում այդ «դասի» բոլոր գրական հուշարձանները։ Ա֊ի ֆրանսերեն թարգմանիչ Վ. Լանգլուան հանգեց այն կարծիքին, որ նա չէր կարող ապրել IV դ. և լինել աշխարհիկ գործիչ (քարտուղար), սակայն չփորձեց ժխտել Ա֊ի բնագիրը հունարեն գրված լինելու վարկածը։ Բանասերների մի այլ խումբ (Հերման Ալֆրեդ Գուտշմիդ և ուրիշներ) կասկածի ենթարկեց Ա֊ի անունը, որ զոյություն ունի միայն հայկական խմբագրության մեջ։ Այդ խումբը «Ագաթանգեղոս» անունը համարում է ոչ թե հատուկ անուն, այլ մի բառ, որի ստուգաբանական իմաստը պետք է համապատասխաներ Հայաստանում տեղի ունեցած պատմա֊քաղաքական իրադարձության իմաստին, այսինքն Agathangelos – բարի հրեշտակ, ըստ ֆունկցիոնալ նշանակության՝ բարի հրեշտակություն, ինչպես՝ evangelia — ավետարան ևն։ Բայց Գուտշմիդը տարբեր խմբագրությունների համեմատական ուսումնասիրությամբ հաստատեց, որ Ա֊ի բնագիրը հայերեն է, իսկ հունարենը՝ նրա թարգմանությունը։ Ըստ Ն. Մառի, Գրիգորի լուսավորչական գործունեության մասին IV դ. եղել են զանազան զրույցներ, որոնք վերապատմել, վերամշակել է Մեսրոպ Մաշտոցը՝ կոչելով երկը Ագաթանգեղոս՝ Άγαθάγγελος, որ բառացի նշանակում է՝ լավ, բարի լուր տվող, լրատու կամ լրաբեր, կամ բարի հրեշտակություն բերող։ Ա֊ի ուսումնասիրությամբ զբաղվել են նաև