Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/470

Այս էջը սրբագրված է

են մասնակի՝ կոլտնտեսությունների աշխատանքային ռեսուրսների, երիտասարդության, որակյալ բանվորների, մասնագետների հաշվեկշիռներ։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՍՍՀ Մինիստրների սովետի, զբաղվում է աշխատանքային ռեսուրսների բաշխման ու օգտագործման հարցերով։ Ստեղծվել է 1967-ի հունվ. 27-ին։ Մինչ այդ նրա ֆունկցիան կատարել է 1940-ի հոկտ. 15-ին ՀՍՍՀ ժողկոմսովետին կից կազմակերպված Աշխատանքային ռեզերվների վարչությունը, այնուհետև՝ 1953-ին ՀՍՍՀ Մինիստրների սովետին կից Բանվորների կազմակերպված հավաքագրման վարչությունը։ 1955-ին ՀՍՍՀ Մինիստրների սովետի որոշման համաձայն գոյություն ունեցող վերաբնակեցման և բանվորների կազմակերպված հավաքագրման երկու առանձին վարչությունները միացվել են՝ կազմելով Վերաբնակեցման և բանվորների կազմակերպված հավաքագրման գլխավոր վարչություն։ Կոմիտեն աշխատանքներ է կատարում հանրապետության աշխատանքային ռեսուրսների ուսումնասիրման, նրանց օգտագործման արդյունավետության բարձրացման, անձնական տնտեսություններում զբաղված աշխատունակ բնակչությանը հանրային արտադրության մեջ ներգրավելու, ժամանակավորապես չաշխատող քաղաքացիներին աշխատանքի տեղավորելու, բանվորական ուժի հավաքագրման, վերապատրաստման, բաշխման ուղղությամբ։ Աշխատանքային ռեսուրսների օգտագործման պետական կոմիտեի նախագահն է Գ. Գևորգյանը (1967-ից)։


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԵՐ, անհամաձայնություններ, որոնք աշխատանքային հարաբերությունների ոլորտում ծագում են՝ ա. բանվորի, ծառայողի և ձեռնարկության (հիմնարկի) ադմինիստրացիայի միջև՝ աշխատանքային օրենսդրության, կոլեկտիվ պայմանագրի, աշխատանքային ներքին կանոնների և այլ նորմատիվ ակտերի կիրառման շուրջը, և բ. արհմիութենական կոմիտեի ու ադմինիստրացիայի միջև՝ տվյալ ձեռնարկության (հիմնարկի) բոլոր աշխատողների ընդհանուր շահերի հետ կապված հարցերի շուրջը։ ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների աշխատանքային օրենսդրության հիմունքների 86-րդ հոդվածի համաձայն, Ա. վ. քննարկում են՝ աշխատանքային վեճերի հանձնաժողովները (ԱՎՀ), արհմիութենական տեղական կոմիտեները և ժողովրդական դատարանները։ ԱՎՀ ձեռնարկություններում (հիմնարկներում) կազմակերպվում են արհմիության կոմիտեի և ադմինիստրացիայի հավասար թվով ներկայացուցիչներից։ ԱՎՀ սկզբնա– կան պարտադիր մարմիններ են բոլոր աշխատանքային վեճերի քննարկման համար, բացառությամբ այն վեճերի, որոնք անմիջականորեն ենթակա են ժողովրդական դատարաններին և այլ մարմիններին։ Արհմիութենական տեղական կոմիտեն Ա. վ. քննում է միայն այն դեպքում, երբ ԱՎՀ–ում համաձայնություն չի կայացվել, կամ, երբ նրա որոշման դեմ աշխատողը բողոքել է տեղկոմին։ Տեղկոմի որոշման դեմ տրված բողոքը (աշխատողի կամ ադմինիստրացիայի) քննում է ժողդատարանը։ Նույն հիմունքների 89-րդ հոդվածով աշխատանքում վերականգնվելու վերաբերյալ աշխատանքային վեճը աշխատողը կարող է անմիջականորեն հարուցել ժողդատարան։ 1957-ի հունվ. 31-ի կանոնադրության № 1 հավելվածում թվարկվող աշխատողների արձակման, վերականգնման, փոխադրման և տույժի վերաբերյալ վեճերը քննարկվում են ենթակայության կարգով (տես նաև Աշխատանքի պաշտպանություն


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ (ԱՎՀ), տես Աշխատանքային վեճեր։


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ, բանվորների և ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրական նորմերի (օրենքների) ժողովածու։ Սովետական առաջին Ա. օ. հրատարակվել է 1918-ին, ՌՍՖՍՀ–ում։ 1922-ի հոկտ. 30-ին հաստատվեց ՌՍՖՍՀ նոր Ա. օ., որն ուժի մեջ մտավ նույն թվականի նոյեմբ. 15-ին։ 1923-ի հունվ. 1-ից Անդրֆեդերացիայի Միութենական սովետը ՌՍՖՍՀ Ա. օ–ի գործողությունը տարածեց Հայկական, Վրացական և Ադրբեջանական ՍՍՀ–ներում։ Հայկական ՍՍՀ VIII գումարման Գերագույն սովետի 3-րդ նստաշրջանում (1972-ի հունիսի 16-ին) ընդունվել է ՀՍՍՀ նոր Ա. օ.։


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ ՍՍՀՄ ԵՎ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, միութենական օրենք, ընդունվել է 1970-ի հուլիսի 15-ին, ՍՍՀՄ VIII գումարման Գերագույն սովետի առաջին նստաշրջանում և կիրարկվել 1971-ի հունվ. 1-ից։ Հիմունքները բաղկացած են 15 գլխից (107 հոդվածով), որոնք կարգավորում են բանվորների և ծառայողների աշխատանքային իրավահարաբերությունները, բովանդակում այնպիսի կարևորագույն ինստ–ներ, ինչպես կոլեկտիվ պայմանագիրը, բանվորների ու ծառայողների և նրանց միավորող արհմիությունների մասնակցությունը արտադրության կառավարմանը։ Ձևակերպված են աշխատանքային պայմանագրի, աշխատաժամանակի ն հանգստի ժամանակի, աշխատանքի վարձատրության, դրա երաշխիքների ու փոխհատուցումների, աշխատանքի գիտակցական կարգապահության, աշխատանքի պաշտպանության, կանանց և երիտասարդների աշխատանքի վերաբերյալ դրույթները։ Առանձին գլուխներ են նվիրված աշխատանքային վեճերի կարգավորման ե աշխատավորների պետ. սոցիալական ապահովագրության հարցերին։ Հատուկ նորմեր են սահմանված աշխատանքային օրենսդրության կենսագործման նկատմամբ հսկողության և վերահսկողության մասին։ Հիմունքներն աշխատանքային օրենսդրության կարևորագույն խնդիրն են համարում նպաստել աշխատանքի արտադրողականության աճին, հանրային արտադրության արդյունավետության բարձրացմանը և այդ հիման վրա աշխատավորների կյանքի նյութական և կուլտուրական պահանջմունքների առավել բավարարմանը։


«ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԽՈՒՄԲ, ռուսական առաջին մարքսիստական ս–դ. կազմակերպությունը։ Հիմնադրել են 1883-ին, Ժնևում (Շվեյցարիա) Գ. Պլեխանովը, Պ. Աքսելրոդը, Վ. Զասուլիչը, Լ. Դեյչը, Վ. Իգնատովը։ Խումբը մեծ գործ է կատարել Ռուսաստանում մարքսիզմը տարածելու ուղղությամբ։ «Ա. ա.» խ–ի անդամները (Գ. Պլեխանով, Վ. Զասուլիչ) անձամբ կապ են պահպանել Ֆ. էնգելսի հետ։ Խմբի անդամների թարգմանությամբ ռուսերեն հրատարակվել և Ռուսաստանում գաղտնի տարածվել են Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի մի շարք աշխատությունները, այդ թվում՝ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»։ Գ. Պլեխանովը իր աշխատություններում՝ «Սոցիալիզմը և քաղաքական պայքարը» (1883), «Մեր տարաձայնությունները» (1885), «Պատմության նկատմամբ մոնիստական հայացքի զարգացման հարցի շուրջը» (1895) շարադրել է մարքսիզմի հիմնական հարցերը և բացահայտել նարոդնիկության էությունը։ «Ա. ա.» խ. հրատարակել է ծրագրի երկու նախագիծ (1884 և 1888)։ 1888-ին խումբը հիմնադրել է «Ռուսական սոցիալ–դեմոկրատսւկան միությունը», շարունակելով հրատարակել ս–դ. հեղափոխական գրականություն, այդ թվում «Սոցիալ–դեմոկրատ» հանդեսը։ ՌՍԴԲԿ II համագումարում (1903) «Ա. ա.» խ. հայտարարեց իր գործունեության դադարեցման մասին։ Խումբն ուներ լուրջ սխալներ։ Պլեխանովը ճիշտ չէր գնահատում լիբերալ բուրժուազիայի դերը հեղափոխության մեջ, թերագնահատում էր պրոլետարիատի և գյուղացիության դաշինքի նշանակությունը։ «Ա. ա.» խ. պրակտիկ կերպով կապված չէր մասսայական բանվորական շարժման հետ։ Մարքսիզմը բանվորական շարժման հետ կապելու խնդիրը Ռուսաստանում առաջին անգամ իրականացրեց Վ. Ի. Լենինի կազմակերպած Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միություն»–ը։


ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ–ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆԳՐԵՍ (ԱԱՖ–ԱԱԿ, American Federation of Labor-Congress of Industrial Organizations), ԱՄՆ–ի հիմնական արհմիութենական միավորումը։ Հիմնադրվել է 1955-ի դեկտեմբերին՝ Աշխատանքի ամերիկյան ֆեդերացիայի (ստեղծվել Էր 1881-ին) ն Արտադրական արհմիությունների կոնգրեսի (ստեղծվել էր 1935-ին) միավորումով։ ԱԱՖ–ԱԱԿ ղեկավարությունը հիմնականում կենտրոնացված է արհմիութենական աջ լիդերների ձեռքում, որոնք վարում են դասակարգային համագործակցության քաղաքականություն։ ԱԱՖ–ԱԱԿ ղեկավարությունը կանգնած Է հակակոմունիզմի դիրքերում և նպաստում է ամերիկյան իմպերիալիզմի ագրեսիվ արտաքին քաղաքականության կիրառմանը։ Համաձայնողական դիրքորոշման հետևանքով նրա հեղինակությունը ամերիկյան աշխատավորների շրջանում աստիճանաբար նվազում Է։ Արհմիութենական տեղական կազմակերպությունների ղեկավարների մի մասի մոտ աճում է դժգոհությունը ԱԱՖ–ԱԱԿ ղեկավարության քաղաքականության նկատմամբ։ Նրանք