Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/471

Այս էջը սրբագրված է

առաջ են քաշում գործադուլային շարժման ուժեղացման, դեմոկրատական ազատությունների և արհմիությունների իրավունքների ընդլայնման պահանջներ։ ԱԱՖ–ԱԱԿ ունի իր տպագիր օրգանները՝ «ԱՖԼ–ՍԻՕ նյուս» («AFL-CIO News») շաբաթաթերթը և «Ամերիկեն ֆեդերեյշնիստ» («American Federationist») ամսագիրը։ ԱԱՖ–ԱԱԿ տիրապետող դիրք է գրավում Ազատ արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայում։


ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՐԿԱ, տես Արտադրության միջոցներ։


ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔ, աշխատանքի պրոցեսում ստեղծված սպառողական արժեք, բնության առարկա՝ հարմարեցված մարդկանց պահանջմունքներին։ Աշխատանքի պրոցեսում աշխատանքի առարկան մշակվում, նպատակադրված փոփոխության է ենթարկվում և դառնում է Ա. ա.։ Ըստ բովանդակության, Ա. ա–ները հանդես են գալիս որպես արտադրության միջոց (մեքենաներ, մետաղ, վառելիք են), անձնական սպառման առարկաներ (սնունդ, հագուստ, բնակարան են)։ Ունենալով բազմաթիվ հատկություններ՝ Ա. ա–ները ծառայում են տարբեր նպատակների։ Օրինակ, հացահատիկը ալրաղացում, օղեգործարանում, անասնապահական ֆերմայում հումք է և սերմացու՝ ցանելիս։ Սպառման համար պատրաստի արդյունքը կարող է դառնալ այլ արդյունքի արտադրության հումք, օրինակ, խաղողը՝ գինու արտադրության մեջ։ Ա. ա–ները նաև հումք են արտադրության տարբեր ճյուղերի համար (բուրդ, թելեր, գործվածքներ են)։ Ա. ա–ի այս կամ այն հատկությունը կախված է որոշակի գործածությունից։ Ապրանքային արտադրության պայմաններում Ա. ա. դառնում է առուծախի առարկա։


ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲԱԺԱՆՈՒՄ, ամբողջական օգտակար աշխատանքի տրոհումն ըստ նրա առանձին տեսակների, կամ տարատեսակ աշխատանքների միաժամանակյա գոյություն։ Աշխատանքի արդյունքների տեսակետից հասարակական ամբողջական աշխատանքը բաժանվում է արտադրողականի, որի ոլորտը նյութական արտադրությունն է, և անարտադրողականի, որի ոլորտը ոչ նյութական արտադրությունն է։ Հասարակական արտադրության այս երկու ոլորտներից յուրաքանչյուրն իր հերթին, բուն աշխատանքի տեսակետից, բաժանվում է խոշոր ճյուղերի՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, առևտրի, գիտության, առողջապահության, կրթության, արվեստի ևն, իսկ այդ ճյուղերը՝ ենթաճյուղերի ու մասնաճյուղերի։ Աշխատանքը բաժանվում է նաև ձեռնարկությունների և հիմնարկությունների ներսում։ Ա. բ. ինչպես հասարակությաև, այնպես էլ ձեռնարկության ներսում առաջացնում է անհատների և հասարակական առանձին խմբերի մասնագիտացում։ Գոյություն ունի աշխատանքի տերիտորիալ բաժանում, երկրի ներսում՝ տարբեր շրջանների միջև և տարբեր երկրների միջև։ Ա. բ. աշխատանքի և արտադրության հանրայնացման աստիճանի կարևորագույն արտահայտությունն է, հատուկ է հասարակական–տնտեսական բոլոր ֆորմացիաներին և բնութագրում է հասարակական աշխատանքի ընդհանուր վիճակը։ Անմիջաբար կախված լինելով արտադրողական ուժերի և արտադրական հարաբերությունների զարգացումից՝ Ա. բ. իր հերթին ներգործում է արտադրողական ուժերի և արտադրական հարաբերությունների զարգացման, հասարակական աշխատանքի արտադրողականության բարձրացման վրա։ Ա. բ–ման պարզ ձևը եղել է աշխատանքի բնական բաժանումը, որ նախնադարյան տոհմային համայնքի ներսում ծագել է սեռի ու տարիքի տարբերությունից, այսինքն՝ զուտ ֆիզիոլոգիական հիմքի վրա։ Տղամարդիկ զբաղվել են որսորդությամբ, ձկնորսությամբ, կանայք՝ արմտիք և պտուղներ հավաքելով, տնային տնտեսությամբ, պարզունակ հողագործությամբ և անասնապահությամբ, ծերերը՝ աշխատանքի գործիքներ պատրաստելով։ Ա. բ–ման ոլորտն ընդարձակվում է հասարակական կյանքի զարգացման, բնակչության աճին զուգընթաց։ Այդ պրոցեսն անվերջ է, ինչպես տեխնիկայի զարգացումը։ Աշխատանքի հասարակական առաջին խոշոր բաժանումը հողագործության առանձնացումն էր անասնապահությունից, իսկ երկրորդը՝ արհեստների առանձնացումը գյուղատնտեսությունից։ Ստրկատիրական հասարակարգում արհեստի և ապրանքափոխանակության զարգացման շնորհիվ ստեղծվեցին քաղաքներ, որոնք անջատվեցին գյուղից, և հակադրություն առաջացավ դրանց միջև։ Ապրանքափոխանակության զարգացումը, նրա տարածական սահմանների ընդլայնումը հասցրեց աշխատանքի հասարակական երրորդ խոշոր բաժանմանը՝ վաճառականության առանձնացմանը։ Ա. բ–ման խորացման հիման վրա առաջացավ արտադրության միջոցների մասնավոր սեփականությունը, հասարակությունը բաժանվեց հակամարտ դասակարգերի, ծագեց պետությունը։ Ա. բ. ստրուկների՝ հիմնականում ֆիզիկական, և ստրկատերերի մտավոր գործունեության հասարակական աշխատանքի մի յուրահատուկ բաժանում էր։ Ստրկական աշխատանքի շահագործման և մտավոր աշխատանքի մենաշնորհի պայմաններում հակադրություն առաջացավ ֆիզիկական ու մտավոր աշխատանքի միջև։ Ա. բ. ավելի խորացավ ֆեոդալական հասարակարգում։ Գյուղում հողագործության զարգացման հետ միասին ծագեց գյուղացիների տնային արտադրությունը։ Քաղաքում տեղի ունեցավ արհեստների ճյուղավորում։

Կապիտալիստական հասարակարգում չափազանց խորանում է Ա. բ–ման պրոցեսը։ խոշոր մեքենայական արտադրության զարգացումը պայմանավորում է Ա. բ–ման հետագա խորացումը ճյուղերի ներսում։ Ենթաճյուղերի և մասնաճյուղերի թիվն ավելի ու ավելի է աճում։ Կապիտալիստական արտադրությունն անվերջ միմյանցից տարերայնորեն առանձնացող և մրցակցող ճյուղերի բազմապիսություն է։ Եթե նախորդ հասարակարգերում բացառված էր Ա. բ. արհեստանոցի և տնտեսությունների ներսում, կամ այդ բաժանումը զարգանում էր փոքր չափերով և եզակի ու պատահական ձևով, ապա կապիտալիզմի ժամանակ Ա. բ. ձեռնարկության ներսում դառնում է բնորոշ երևույթ։

Կապիտալիզմի ժամանակ կազմավորվում է աշխատանքի միջազգային բաժանման համակարգ, իմպերիալիզմի փուլում գաղութային և կախյալ երկրները դառնում են մայր երկրների կցորդ, առավել զարգացած և տնտեսապես հզոր տերությունները հաստատում են իրենց տիրապետությունը։ Կապիտալիստական հասարակարգում Ա. բ–ման հետ խորանում է արտադրության հասարակական բնույթի և յուրացման մասնավոր կապիտալիստական ձևի միջև հակասությունը՝ իր արտահայտման բոլոր ձևերով հանդերձ։

Սոցիալիզմը ստեղծում է Ա. բ–ման սկզբունքորեն նոր համակարգ, որն էապես տարբերվում է կապիտալիստականից։ Այն իրագործվում է պլանաչափորեն՝ հանրային արտադրության զարգացման, աշխատանքի արտադրողականության բարձրացման և հասարակության նյութական ու հոգևոր աճող պահանջմունքների բավարարման շահերից ելնելով։ Աշխատանքի ճյուղային, տերիտորիալ և ձեռնարկության ներսում (մասնագիտական) բաժանումը դասակարգային հակամարտ բնույթ չունի։ Սոցիալիզմի ամաշխարհային սիստեմի առաջացմամբ կազմավորվում և զարգանում է աշխատանքի միջազգային սոցիալիստական բաժանումը (տես նաև Տնտեսական փոխօգնության խորհուրդ

Ա. բ. խորանում և առանձնահատուկ գծեր է ձեռք բերում սոցիալիզմը կոմունիզմի վերաճելու պրոցեսում։ Գիտատեխնիկական առաջադիմության և արտադրական պրոցեսների մեքենայացման ու ավտոմատացման հիման վրա աստիճանաբար վերանում է աշխատանքի նեղ մասնագիտական բաժանումը ձեռնարկության ներսում, ապահովվում է անհատի բազմակողմանի զարգացումը։ Սակայն դա ամենևին չի նշանակում, թե կոմունիզմի ժամանակ ընդհանրապես վերանալու է աշխատանքի ամեն մի բաժանում, և միևնույն մարդը կարողանալու է հավասարապես աշխատել ցանկացած բնագավառում։ Ինչպես նյութական, այնպես էլ ոչ ևյութական արտադրության ոլորտներում կմնա ու կխորանա նեղ ճյուղային մասնագիտացումը, և, հետևաբար, անընդհատ կաճեն մասնագիտական հասարակական խմբերը։ Կոմունիզմը հնարավորություններ կստեղծի անհատի տաղանդի ու ստեղծագործական ընդունակությունների լայն դրսևորման, անձնական հակումներին ու ընդունակություններին համապատասխան մասնագիտություն ընտրելու համար։ Աշխատօրվա տևողության կրճատումը մարդուն հնարավորություն կտա զբաղվելու արտադրության իր բնագավառին վերաբերող գիտական ստեղծագործությամբ, արվեստով, սպորտով։


ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲՈՐՍԱ, հիմնարկություն, որ միջնորդի դեր է կատարում բանվորների և ձեռնարկատերերի միջև՝ աշխատուժի առք ու վաճառքի ժամանակ։ Ա. բ–ներն առաջացել են XIX դ. առաջին կեսին։ ժամանակակից պետական–մոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում աշխատուժ վարձելու միջնորդի դերը հիմնականում կատարում են աշխատանքի մի