Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/473

Այս էջը սրբագրված է

պերիալիզմի ժամանակ Ա. և ա. հ. նյութական նախադրյալ է արտադրության կոմունիստական եղանակին անցնելու համար։

Արտադրության միջոցների կապիտալիստական մասնավոր սեփականության փոխարկումը արտադրության միջոցների հանրային սոցիալիստական սեփականության նշանսւվորեց Ա. և ա. հ–ման նոր, ավելի բարձր աստիճան։ Սոցիալիզմի ժամանակ այդ պրոցեսն ընդգրկում է ժողովրդական տնտեսության բազմաթիվ ճյուղեր։ Պայմաններ են ստեղծվում աշխատանքի հետագա բաժանման, արտադրության ճյուղերի մասնագիտացման և նորերի ստեղծման, համատեղ, կոոպերացված աշխատանքը խոշոր արտադրական միավորումներում համակենտրոնացնելու համար, ուղղակի անմիջական պլանային կապեր են ստեղծվում առանձին ձեռնարկությունների և հասարակական արտադրության ճյուղերի միջե։ Արտադրության պրոցեսի հասարակական բնույթը հիմնվում է արտադրության միջոցների հանրային սոցիալիստական սեփականության վրա։ Դրա շնորհիվ հակամարտ հակասություն չկա արտադրողական ուժերի և արտադրական հարաբերությունների միջև, որ լայն հնարավորություն է ստեղծում արտադրողական ուժերի, աշխատանքի և արտադրության պրոցեսի հասարակական բնույթի հետագա զարգացման համար։


ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ (ԱՊԽ), ՌՍՖՍՀ ժողկոմխորհին (1920–23), այնուհետև՝ ՍՍՀՄ Ժողկոմխորհին (1923–37) կից հանձնաժողով։ Ստեղծվել է 1920-ի ապրիլին՝ Բանվորա–գյուղացիական պաշտպանության խորհրդի վերակազմավորմամբ։ ԱՊԽ–ի նախագահ է եղել Վ. Ի. Լենինը։ Խորհուրդը կոորդինացնում էր գերատեսչությունների գործունեությունը երկրի պաշտպանության և տնտեսական շինարարության բնագավառում։ Նրա կազմը անհատապես նշանակում էր Ժողկոմխորհը։ ԱՊԽ հրատարակում էր իշխանության կենտրոնական և տեղական բոլոր մարմինների համար պարտադիր որոշումներ, կարգադրություններ և հրահանգներ՝ այդ մասին հաղորդելով ՍՍՀՄ Ժողկոմխորհին։ Վերջինս իրավունք ուներ կասեցնել դրանք։


ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՐԿԱԿԻ ԲՆՈՒՅԹ, տես Ապրանք։


ԱՇԽԱՏԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ, աշխատանքային օրերի, ժամերի կամ րոպեների որոշակի քանակ, որ անհրաժեշտ է այս կամ այն ճյուղում պատրաստի արտադրանք ստանալու համար։ Ա. ժ. արտադրության ժամանակի կարևորագույն բաղկացուցիչ մասն է, որի ընթացքում ծախսվում է աշխատուժ, կատարվում աշխատանք։ Ա. ժ–ի տևողությունը կախված է արտադրության տվյալ ճյուղի բնույթից, գիտության և տեխնիկայի նվաճումների ներդրման, մեքենայացման և ավտոմատացման, արտադրության և աշխատանքի կազմակերպման առաջավոր ձևերի, մեթոդների կիրառման, աշխատողների որակավորման բարձրացման մակարդակից։


ԱՇԽԱՏԱՆՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏ, ստեղծվել է Սովետական Հայաստանի կառավարության կազմում՝ 1920-ի դեկտ. 2-ին, Հայաստանի Հեղկոմի դեկրետով։ Խնդիրն էր կատարել նորաստեղծ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության աշխատունակ գործազուրկ քաղաքացիների հաշվառում, ըստ մասնագիտության նրանց աշխատանքի տեղավորել, կարգավորել նրանց հարաբերությունները պետական և մասնավոր ձեռնարկությունների ու հիմնարկների հետ։ Այդ խնդիրներն իրականացնում էր աշխատանքի բորսաների միջոցով, արհեստակցական միությունների անմիջական մասնակցությամբ։ Ա. ժ. կ. միաժամանակ զբաղվում էր աշխատավորների աշխատանքային պայմանների նորմալացման, աշխատավարձերի չափերի սահմանման, դրանց տարբեր ձևերի կիրառման, անչափահասների աշխատանքի տեղավորման ու աշխատաժամանակի կարգավորման հարցերով։ Հայաստանի Հեղկոմի և Ա. ժ. կ–ի 1921–22-ի դեկրետներով սահմանվել են ըստ մասնագիտությունների աշխատավարձերի չափերը, աշխատանքային օրվա տևողությունը՝ 8-ժամյա՝ մեծահասակների և 4-ժամյսւ՝ անչափահասների համար, գործազրկության և անաշխատունակության նպաստների, կենսաթոշակների ձևերն ու չափերը, աշխատանքի պաշտպանության հարցերը ևն։ 1923-ի հուլիսի 3-ին, Անդրֆեդերացիայի Ա. ժ. կ. ստեղծելու կապակցությամբ, ի թիվս մի շարք այլ ժողկոմատների, Ա. ժ. կ. վերացվել է։ 1930-ին գործազրկության վերացման կապակցությամբ վերացվում են աշխատանքի բորսաները։ 1931-ի հոկտ. 31-ին ՀամԿ(բ)Կ Կենտկոմի որոշմամբ Անդրֆեդերացիայի ժողկոմսովետի վերակառուցման ժամանակ հանրապետություններում դարձյալ կազմվել են Ա. ժ. կ–ներ, որոնք գոյատևել են մինչև 1933-ի հունիսի 23-ը, երբ Կենտգործկոմի և Ժողկոմսովետի որոշմամբ ՍՍՀՄ–ում դրանք վերացվեցին։ Աշխատավորների աշխատանքային իրավունքների պաշտպանության, աշխատավարձի և աշխատաժամանակի կարգավորման, աշխատանքային օրենսդրության պահպանման գծով Ա. ժ. կ–ի բոլոր ֆունկցիաները հանձնվեցին արհմիություններին։ ՀՍՍՀ–ում Աշխատանքի ժողկոմներ են եղել Հ. Կոստանյանը (1920–21), Ա. Խաչյանը (1921), Հ. Հովսեփյանը (1922–23), Պ. Մակինցյանը (1932-33)։ Ա. Լյուլիկյան


ԱՇԽԱՏԱՆՔԻ ԼԱՐՈՒՆՈՒԹՅՈՒՆ, աշխատանքի լարվածության աստիճան արտադրության պրոցեսում, որոշվում է ժամանակի միավորի ընթացքում ֆիզիկական և նյարդային ուժերի ծախսումներով։ Ա. լ–յան բարձրացումը ենթադրում է միևնույն ժամանակամիջոցում աշխատանքի ավելի մեծ ծախսում, երբ աճում է և՛ արտադրվող արդյունքների քանակը, և՛ դրանց մեջ պարունակվող աշխատանքի մեծությունը։ Քանի որ արդյունքների քանակի աճն ուղիղ համեմատական է աշխատանքի ծախսումներին, ուստի յուրաքանչյուր միավորի արտադրության վրա ծախսվող աշխատանքի մեծությունը մնում է անփոփոխ։ Մինչդեռ մեծանում է նոր ստեղծվող արժեքը, որովհետև աճում են կենդանի աշխատանքի ծախսումները։ Տարբերում են նորմալ–անհրաժեշտ և չափազանց բարձր Ա. լ.։ Նորմալ Ա. լ–յան դեպքում, աշխատանքից հետո՝ հանգստի ժամանակաշրջանում լրիվ վերականգնվում է աշխատողի աշխատունակությունը։ Չափազանց բարձր Ա. լ. հյուծում է նրա օրգանիզմը, հասցնում անաշխատունակության։ Նորմալ Ա. լ. աշխատանքի արտադրողականության գործոններից է, կազմում է հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակի տարր։ Կապիտալիստական հասարակարգում Ա. լ–յան բարձրացումը հավելյալ արժեքը մեծացնելու միջոց է։ Իմպերիալիզմի ժամանակ մոնոպոլիաները բարձր շահույթ ստանալու նպատակով կիրառում են Ա. լ. բարձրացնելու ձևեր ու մեթոդներ՝ աշխատանքի կազմակերպման «քրտնաթոր» սիստեմներ, ինչպես, օրինակ՝ թեյլորիզմը, ֆորդիզմը։ Սոցիալիզմի պայմաններում աշխատանքի ռացիոնալ կազմակերպումն ապահովում է մարդու ֆիզիկական ու հոգևոր կարողությունների նպատակահարմար օգտագործումն ու զարգացումը, նրա աշխատունակության պահպանումն ու բարձրացումը։ Աշխատանքի և հանգստի կարգ սահմանելիս նկատի է առնվում նորմալ–անհրաժեշտ Ա. լ–յան ապահովումը (տես նաև Աշխատանքի հիգիենա


ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿՈՈՊԵՐԱՑԻԱ, աշխատանքի կազմակերպման ձև, երբ աշխատանքի միևնույն պրոցեսին կամ աշխատանքի տարբեր, բայց իրար հետ կապված պրոցեսներին պլանաչափ կերպով և համատեղ շատ մարդիկ են մասնակցում։ Ա. կ. պարզ է, երբ աշխատողները կատարում են միատեսակ աշխատանք, և բարդ, որի դեպքում աշխատողների միջև կատարվում է աշխատանքի բաժանում։ Ա. կ. ստեղծում է հասարակական նոր արտադրողական ուժ, բարձրացնում հասարակական աշխատանքի արտադրողականությունը։ Յուրաքանչյուր առանձին դեպքում աշխատանքի արտադրողականությունը բարձրանում է տարբեր եղանակներով՝ աճում է աշխատանքի մեխանիկական աժը, տարածականորեն ընդարձակվում է նրա ներգործության ոլորտը, տարածականորեն նեղացվում է արտադրության ոլորտն արտադրության մասշտաբի համեմատությամբ, լարված պահերին կարճ ժամանակամիջոցում մեծ քանակությամբ աշխատանք է շարժման մեջ դրվում, առանձին անհատների մրցակցություն է ծավալվում և նրանց կենսական ուժերն են լարվում, անձերի միատեսակ գործողությունները դառնում են անընդհատ ու բազմակողմանի, տարբեր գործողություններ միաժամանակ են կատարվում, արտադրության միջոցները տնտեսվում են դրանց համատեղ գործադրման շնորհիվ, անհատական աշխատանքը հասարակական միջին աշխատանքի բնույթ է ստանում։

Ա. կ. զարգացել է հասարակության առաջընթացի հետ մեկտեղ։ Նրա բնույթը որոշվում է տիրապետող արտադրության եղանակով։ Նախնադարյան համայնքներում մարդիկ համատեղ զբաղվել են որսորդությամբ, ձկնորսությամբ, հողագործությամբ և անասնապահությամբ։ Ա. կ. այստեղ հիմնվել է արտադրամիջոցների համայնական սեփականության վրա։ Ստրկատիրական կարգերում ստրուկների զանգվածային աշխատանքը կիրառվել է