Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/474

Այս էջը սրբագրված է

շինարարական և գյուղատնտեսական աշխատանքներում, հանքերում, արհեստսանոցներում են։ Գյուղացիների համատեղ աշխատանք կիրառվել է ֆեոդալական կալվածքներում։ Երկու դեպքում էլ Ա. կ. խարսխվել է անմիջական տիրապետման և ենթարկման հարաբերությունների վրա։ Կապիտալիզմի ժամանակ Ա. կ. դառնում է արտադրության կապիտալիստական եղանակի հիմնական ձև և հիմնվում է արտադրության միջոցների մասնավոր կապիտալիստական սեփականության ու վարձու աշխատուժի շահագործման վրա։

Կոմունիստական հասարակարգում Ա. կ. զարգանում է որպես արտադրության այդ եղանակի հիմնական ձև և ստանում միանգամայն նոր բնույթ՝ իրագործվելով որպես արտադրության միջոցների հանրային սեփականություն և շահագործումից ազատ հարաբերությունների վրա ծավալվող մարդկանց պլանաչափ համագործակցություն (տես նաև Արտադրողական ուժերի տեղաբաշխում):


ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՐՈՍ, պատվավոր կոչում։ Սահմանվել էր ՍՍՀՄ ԿԳԿ–ի և ԺԿԽ–ի 1927-ի հուլիսի 27-ի որոշմամբ։ Շնորհվում էր արտադրության, գիտական գործունեության, պետական կամ հասարակական բնագավառներում հատուկ ծառայություններ մատուցած անձանց, ինչպես նաև 35 տարվա աշխատանքային ստաժ ունեցող բանվոր–ծառայողներին։ Ա. հ–ի կոչում շնորհելու իրավունք ունեին ՍՍՀՄ և միութենական հանրապետությունների Կենտգործկոմների նախագահությունները։ Այդ որոշման հիման վրա Հայկական ՍՍՀ ԿԳԿ–ի նախագահությունը հանրապետության մի շարք անվանի մարդկանց շնորհեց Ա. հ–ի կոչում։ ՍՍՀՄ Գերագույն սովետի 1938-ի դեկտ. 27-ի հրամանագրով, սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում սահմանելու կապակցությամբ, Ա. հ–ի կոչում շնորհելը դադարեցվեց։


ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻԳԻԵՆԱ, հիգիենայի բաժին, որն ուսումնասիրում է մարդու աշխատանքային գործունեությունը, աշխատանքի ընթացքում օրգանիզմի կրած ազդեցությունները, մշակում է գործնական միջոցառումներ բարենպաստ և անվտանգ աշխատանքային պայմաններ ստեղծելու, աշխատավորների առողջությունն ու աշխատունակությունը պահպանելու համար։ Ա. հ. ուսումնասիրում է մարմնի և նրա տարբեր մասերի կատարած շարժումները, լարվածության աստիճանը, աշխատանքի ընթացքում օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիոլոգիական պրոցեսների տեղաշարժերը, աշխատավայրի հիգիենիկ պայմանները՝ օդի ջերմաստիճանը, խոնավությունը, շարժման արագությունը, ճնշումը և փոշոտվածությունը, ճառագայթային էներգիայի տարբեր տեսակները, աղմուկը, ցնցումը և այլն, նրանց ազդեցությունը օրգանիզմի վրա և դրանց վերացման միջոցները, արտադրական թույները աշխատանքային միջավայրի օդում, նրանց ազդեցությունը օրգանիզմի վրա, վերացման ուղիները, մշակում սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների չափերը։

Ա. հ. օգտվում է ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի, ֆիզիկայի, քիմիայի, կլինիկական բժշկության, վիճակագրության, տեխնիկայի և գիտության այլ բնագավառների գիտելիքներից և մեթոդներից։ Ա. հ–ի վերաբերյալ գիտական առաջին աշխատանքը տվել է իտալացի բժիշկ Բերնարդինո Ռամացինին։ Նա լույս է ընծայել «Դատողություններ արհեստավորների հիվանդությունների մասին» մենագրությունը (1700)։ Ա. հ–ի ռուսերեն առաջին գիրքը գրել է Ա. Ն. Նիկիտինը՝ «Բանվորների հիվանդությունները նախապաշտպանական միջոցառումների ցուցումներով» (1877), իսկ առաջին օրիգինալ աշխատությունը հրատարակել է Մոսկվայի համալսարանի պրոֆ. Ֆ. Ֆ. Էրիսմանը՝ «Պրոֆեսիոնալ հիգիենա կամ մտավոր և ֆիզիկական աշխատանքի հիգիենա» (1877)։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Մոսկվայում, Լենինգրադում և Սովետական Միության այլ քաղաքներում հիմնվել են աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ԳՀԻ–ներ, բժշկական ինստ–ներում՝ Ա. հ–ի ամբիոններ։ ՀՍՍՀ–ում (Հրազդանում) աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնպլ հիվանդությունների գիտահետազոտական ինստ. հիմնադրվել է 1959-ին, իսկ 1961-ի մարտին այդ ինստ. տեղափոխվել է Երևան և վերանվանվել Ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների հայկական գիտահետազոտական ինստիտուտ Ն. Բ. Հակոբյանի անվան։ Ա. հ–ի սկզբունքների հիման վրա մշակվել և հրապարակվել են բազմաթիվ օրենքներ և պարտադիր որոշումներ, որոնց կիրառման հսկողությունը իրականացնում են ՍՍՀՄ Առողջապահության մինիստրությունը և արհմիութենական օրգանները։

Գրկ. Руководство по гигиене труда, гл. ред. Ф. Г. Кротков, т. 1–3, М., 1961–65. Հ. Միրզաբեկյան


ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, հոգեբանության բնագավառ, որն ուսումնասիրում է մարդու աշխատանքային գործունեության տարբեր տեսակների առանձնահատկությունները, նրանց կախվածությունը հասարակական–պատմական պայմաններից և ուսուցման մեթոդներից։ Ա. հ–ի նպատակն է մարդու հոգեկան գործունեության օրինաչափությունների բացահայտումը աշխատանքի պրոցեսում և դրանց կիրառումը աշխատանքային գործունեության որակի բարձրացման համար։ Ա. հ–ի հիմնական խնդիրներից են. ստեղծագործական մոտեցումը աշխատանքում, մասնագիտական ունակությունների ձևավորման և գնահատման հարցերը, աշխատատեղի և արտադրողական մեթոդների ռացիոնալացումը, ուսուցումը ևն։ Ա. հ. կապված է աշխատանքի ֆիզիոլոգիայի, աշխատանքի հիգիենայի, բժշկա–աշխատանքային էքսպերտիզայի, անվտանգության տեխնիկայի հետ։ Պոլիտեխնիկական և արտադրական ուսուցման մի շարք հարցերում Ա. հ. կապված է մանկավարժության հետ։ (Տես նաև Էրգոնոմիկա


ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՒՄ, աշխատանքի միջպետական բաժանման նոր տեսակ, որը կազմավորվում է համաշխարհային տնտեսության սոցիալիստական սիստեմի շրջանակներում։ Ա. մ. ս. բ. իրագործվում է պլանաչափորեն, կամավորության սկզբունքով, ինքնուրույն ե իրավահավասար սոցիալիստական պետությունների տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության կարգով։ Սոցիալիստական երկրների ժողովրդական տնտեսության զարգացման պլանների մշակումն ու կոորդինացումը բարենպաստ պայմաններ են ստեղծում աշխատանքի բաժանման խորացման, մասնավորապես՝ արտադրության մասնագիտացման և կոոպերացման համար։ Հաշվի են առնվում յուրաքանչյուր երկրի պատմականորեն ստեղծված արտադրության պայմանները, զարգացվում են ժողովրդական տնտեսության այն ճյուղերը, որոնց համար տվյալ երկիրն ունի բնական ու տնտեսական առավել նպաստավոր պայմաններ։ Ա. մ. ս. բ. նպաստում է սոցիալիստական երկրների աշխատանքային և նյութական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, տնտեսական և պաշտպանական հզորության ամրապնդմանը։ Այն ապահովում է ժողովրդական տնտեսության բարձր տեմպերով առաջնթացը, հաղթահարում այդ երկրների միջև պատմականորեն գոյացած տնտեսական զարգացման անհամաչափությունը։ Սոցիալիստական երկրների տնտեսական համագործակցության հիմնական ձևը ինտեգրացիան է (տես Ինտեգրացիա տնտեսական)։ Ա. մ. ս. բ. իրագործող օրգանը Տնտեսական փոխօգնության խորհուրդն է։


ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ, տես Արտադրության Միջոցներ։


ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՍՍՀՄ–ում և սոցիալիստական մյուս երկրներում աշխատանքի բարենպաստ պայմաններ և կյանքի անվտանգություն ապահովող տնտեսական, իրավական, տեխնիկական և սանիտարա–հիգիենիկ պետական միջոցառումների համակարգ։ ՍՍՀՍ–ում Ա. պ–յան հիմնական դրույթները շարադրված են սահմանադրության մեջ (հոդ. 119) և աշխատանքի վերաբերյալ միութենական հանրապետությունների օրենսգրքերում։ Ա. պ–յան նորմաներ են պարունակվում նաև անվտանգության տեխնիկայի և արտադրական սանիտարիայի հատուկ կանոններում։ Ա. պ–յան հատուկ կանոններ են սահմանված կանանց և անչափահասների համար։ Աշխատանքային օրենսդրությունը բոլոր հիմնարկ–ձեռնարկություններին պարտավորեցնում է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ վերացնելու կամ նվազագույնի հասցնելու աշխատանքի վնասակար պայմանները, կանխելու դժբախտ դեպքերը։ Սահմանված է պաշտոնատար անձանց խստագույն պատասխանատվություն՝ Ա, պ–յան խախտման և առողջական ու աշխատանքի անվտանգ պայմանները չապահովելու դեպքում։ Ա. պ–յան նորմաների ապահովման ընդհանուր հսկողությունը դրված է դատախազության, իսկ հատուկը՝ արհմիութենական կազմակերպությունների և մասնագիտացված տեսչությունների ու կոմիտեների վրա։ Արդյունաբերական ձեռնարկություններում աշխատանքի սանիտարական պայմանների ընթացիկ հսկողությունը իրագործում են պետսանտեսչության և սանէպիդկայանների արդյունաբերական–սանիտարական բժիշկները։