Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/484

Այս էջը սրբագրված է

«Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ. Գիտություններ Երկրի մասին» ևն։

Գրկ. Կալեսնիկ Ս. Վ., Ընդհանուր երկրագիտության հիմունքները, մաս 1–2, Ե., 1956–59։ Григорьев А. А., Закономерности строениия и развития географической среды, М., 1966; Баранский Н. Н., Экономическая география. Экономическая картография М., 1960; Современные проблемы географии М., 1964. Ա. Բաղդասարյան


ԱՇԽԱՐՀԱԶՈՐ, պատերազմի ժամանակ ստեղծվող ժողովրդական կամավոր զորամիավորում, հին և միջին դարերում՝ նաև բանակի օժանդակ մաս։ Սովորաբար ձևավորվում է արդարացի–ազատագրական պատերազմներում։ Հայկական Ա. երբեմն վճռական դեր է խաղացել (օրինակ, 450–451-ին՝ Վարդանանց պատերազմում, 1918-ին՝ Սարդարապատի ճակատամարտում ևն)։ Ա. կարևոր նշանակություն ունեցավ Հայրենական մեծ պատերազմում (1941–45)՝ սովետական երկիրը ֆաշիստական զորքերից պաշտպանելու և ազատագրելու գործում։ ՀամԿ(բ)Կ Կենտրոնական կոմիտեն Ա. կազմակերպելու մասին որոշումն ընդունեց 1941-ի հուլիսի 2-ին։ Մինչև 1943-ը Ա–ի միավորումներ ստեղծվեցին Մոսկվայում (12 դիվիզիա), Լենինգրադում (10 դիվիզիա), Կիևում, Խարկովում, Դոնբասում, Ատալինգրադում և այլ քաղաքներում։ 1941-ին Ա–ի վաշտեր ստեղծվեցին Երևանում։ Մարտական պատրաստականություն ստացած տասնյակ հազարավոր աշխարհազորայիններ համալրեցին գործող բանակի շարքերը։


ԱՇԽԱՐՀԱԺՈՂՈՎ, խորհրդակցական ժողով Հին Հայաստանում՝ ժառանգված ռազմական դեմոկրատիայի շրջանից։ Ա–ի մասին հնագույն հիշատակությունը (մ.թ. 14-ին) պահպանել է Հովսեպոս Փլաբիոսը։ Հրավիրվել է թագավորի պահանջով։ Հեթանոսական շրջանում, սովորաբար, գումարվել է ամեն տարի, ամռանը՝ Նավասարդյան տոներին, Բսւգավանի Վանատուր տաճարի սրբավայրում, որը գտնվում էր Բագրևանդ գավառում, Նպատ լեռան ստորոտին, իսկ քրիստոնեության շրջանում՝ Հայոց թագավորի բանակատեղի Վաղարշապատում, Շահապիվանում ևն։ Ա–ում քննարկվել են համապետական նշանակություն ունեցող հարցեր, մշակվել և հաստատվել են ընդհանուր պարտադիր կանոններ։ Գումարվել է նաև արտակարգ՝ հոգևոր առաջնորդի ընտրության, քաղաքական ճգնաժամային կացությունների կամ հանդիսավոր արարողությունների ժամանակ։ Ա–ին մասնակցել են բդեշխները, նախարարները, հոգևորականության վերնախավը, ազատները, երբեմն՝ նաև շինականներ ու ռամիկներ։

Գրկ. Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1909։ Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե., 1968։ Մանանդյան Հ., Ֆեոդալիզմը Հին Հայաստանում, Ե., 1934։ Մ. Կատվալյան


ԱՇԽԱՐՀԱՄԱՍԵՐ, Երկրագնդի ցամաքի պատմականորեն ստեղծված բաժանում ներ, որոնք ընդգրկում են մայր ցամաքները կամ նրանց մասերը՝ հարակից կղզիներով և ցամաքային ծովերով։ Սովորաբար տարբերում են 6 Ա.՝ Ասիա, Եվրոպա (մեկ մայր ցամաք՝ Եվրասիա), Ամերիկա (երկու մայր ցամաք՝ Հարավային և Հյուսիսային), Աֆրիկա, Անտարկտիդա և Ավստրալիա (Օվկիանիայի հետ)։


ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ, ամբողջության մեջ վերցրած աշխարհի ու նրա մեջ մարդու տեղի վերաբերյալ ընդհանրական հայացքների համակարգը։ Ա–ի տարրերն են կազմում աշխարհի հիմքի ու բովանդակության, շարժման, աշխարհի ճանաչելիության, մարդու էության, կյանքի իմաստի, իրականության մեջ մարդու հոգեկանի տեղի ու դերի և նման այլ ընդհանուր հարցերի վերաբերյալ պատկերացումները։ Ա–ի միջուկը կազմում են փիլիսոփայական հայացքները։ Տարերայնորեն կամ նպատակադիր կերպով Ա. ձևավորվում է որոշակի գիտակցական մակարդակ ունեցող յուրաքանչյուր անհատի մոտ և կազմում է նրա հոգևոր աշխարհի անհրաժեշտ կողմերից մեկը, նրա գործունեության հիմնական ուղեցույցը։ Ա. ունի սոցիալական պայմանավորվածություն, այն կախված է ամենից առաջ հասարակական կեցությունից, ինչպես նաև գիտության, կրթության զարգացման մակարդակից և այլ գործոններից։ Անհատի Ա–ի բնույթը որոշվում է նրանով, թե ինչ սոցիալական խմբի է պատկանում նա։ Դասակարգային հասարակության մեջ Ա. կրում է դասակարգային բնույթ։ Ըստ իր խաղացած հասարակական դերի, Ա. լինում է առաջադիմական, պահպանողական և հետադիմական։ Ըստ այն բանի, թե ինչ բնույթի պատկերացումներ են կազմում Ա–ի բովանդակությունը, այն լինում է գիտական-մատերիալիստական և իդեալիստական, կրոնական, առօրեական և այլն։ Բանվորական շարժման առաջացմամբ պատմության մեջ առաջին անգամ ստեղծվեց ամբողջական, կուռ, հետևողական գիտական Ա.՝ մարքսիզմ-լենինիզմը:


«ԱՇԽԱՐՀԱՑՈՅՑ» («Աշխարհացույց»), տիեզերագիտության և աշխարհագրության հայերեն ձեռնարկ, որին կից եղել է քարտեզների ժողովածու՝ ատլաս։ Կազմվել է 591–610-ի միջև։ Ա. բառացի նշանակում է Աշխարհի ատլաս։ Պահպանվել են այդ քարտեզները նկարագրող աշխատության ընդարձակ և համառոտ բնագրեր։ Ա–ի հեղինակի անունը հայտնի չէ։ Իբրև աշխարհագրության ձեռնարկ, Ա. դասավանդվել է միջնադարյան Հայաստանի դպրոցներում՝ Սովսես խորենսւցու «Հայոց պատմության» և Անանիա Շիրակացու մաթեմատիկական ու տիեզերագիտական աշխատությունների հետ և, սովորաբար, կցված է եղել դրանց։ Ուստի մեզ հասած ձեռագրերի մի մասում Ա–ի հեղինակ է համարվում Սովսես Խորենացին, իսկ մյուսներում՝ Անանիա Շիրակացին։ Այն իր կառուցվածքով նմանվում է հույն աշխարհագիր Կլավդիոս Պտղոմեոսի (90–168) «Աշխարհսւգրությսւն»–ը։ Ա–ի ներածականում՝ «Հասարակախոսություն»–ում տրվում է տիեզերագիտությունը և Երկրի, որպես մոլորակի, նկարագրությունը։ Ա–ի հեղինակը հունաբան դպրոցի ականավոր և առաջադեմ ներկայացուցիչներից է, հետևում է հելլենիստական ժամանակաշրջանի տիեզերագիտական հայացքներին։ Երկիրը պատկերացնում է գնդաձև և զարգացնում է երկրակենտրոն (գեոցենտրիկ) տեսությունը՝ տալով գլոբուսը և աշխարհի քարտեզը կազմելու տարրերը։ Երկրի միջօրեականը տրվում է ըստ հույն աշխարհագիր Երատոսթենեսի (մ. թ. ա. 276–194)։ Ա–ի հեղինակը մաթեմատիկական հաշիվներով կառուցել է աստիճանացանց, որի մեջ տրված է այն ժամանակ հայտնի աշխարհը։ Վերջինս ընդգրկում է Արևելյան կիսագնդի հյուսիսային մասը, որը բաժանված է յոթ կլիմայական գոտիների՝ «նահանգների»։ Ներածականից հետո սկսվում է Ա–ի բուն մասը («Երկրաչափը»), որը կազմված է երկու բաժիններից։ Առաջինը կոչվում է «Աշխարհագիր» կամ «Աշխարհագրություն» ե պարունակում է աշխարհի քարտեզագրական նկարագրությունը, որի հիման վրա կազմվել է աշխարհի քարտեզը՝ «Աշխարհացոյց քարտեզ տիեզերաց»–ը։ Այս բաժնում հասարակածի նկարագրությունից հետո տրվում է ջրագրությունը, օվկիանոսի (Ատլանտյան) և երեք հիմնական ծովերի՝ Հնդկական (Հնդկական օվկիանոս), Հունական (Միջերկրական ծովը Պոնտոսի՝ Աև ծովի հետ միասին) և Կասպից ծովի նկարագրությունը՝ նրանց մեջ թափվող հիմնական գետերով և կղզիներով։ Ջրագրությանը հետևում է մայր ցամաքի նկարագրությունը, որը բաժանվում է երեք մասի՝ «Եվրոսյա», «Լիբիա» (Աֆրիկա) և «Ասիա»։ «Երկրաչափի» երկրորդ բաժինը՝ «Երկրագրութիւնը», նկարագրում է առանձին երկրամասերն ըստ մայր ցամաքների՝ հետևելով Պտղոմեոսի «Երկրագրության» հաջորդականությանը։ Հայաստանից և նրան շրջապատող երկրներից դուրս գտնվող երկրամասերին վերաբերող բաժինները հիմնականում Պտղոմեոսի աշխատության համապատասխան գլուխների համառոտ շարադրանքն են և ունեցել են առանձին քարտեզներ՝ կազմված նրա քարտեզների հիման վրա։ Ա–ի հեղինակը Պտղոմեոսի երկը հագեցնում է նոր նյութերով և համապատասխանեցնում իր ժամանակաշրջանին։ Գիտության համար նոր խոսք է Մեծ Հայքի, Վրաց աշխարհի, Աղվանքի, Պարսից աշխարհի, մասամբ և Կողքիսի, Հյուսիսային Կովկասի («Ասիական Աարմատիա») և Փոքր Ասիայի («Միջերկրեայք»), Միջագետքի ու Ասորիքի նկարագրությունը, որին նվիրված է Ա–ի բնագրի մեծ մասը։ Նշված երկրամասերի պտղոմեոսյան նկարագրությունը չէր բավարարում Ա–ի հեղինակին, ուստի նա դիմել է այլ աղբյուրների։ Ա–ի բնագրի հետազոտությունից երևում է, որ աշխարհի մեզ չհասած ատլասը պարունակել է շուրջ 15 քարտեզ։ Ա–ի ուսումնասիրությունը վկայում է, որ վաղ միջնադարյան Հայաստանում եղել է զարգացած քարտեզագրություն, որը նախորդել է արաբական քարտեզագրությանը։ Մեզ է հասել նաև XIII ղ. «Աշխարհացոյց»–ը՝ Վարդան Արևելցու անունով, որը զուրկ է քարտեզագրական տարրերից։

Գրկ. Երեմյան Ս., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»–ի, Ե., 1963։ Патканов К., Армянская география VII века, СПБ, 1877; Géographie de Moïse de Corène d'après Ptolémée. Texte arménien, traduit en français par le P.A. Soukry, Venise, 1881; Marquart J., Ērānšahr nach der Geographie des ps. Moses Xorenaći, B., 1901. Ս. Երեմյան