Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/485

Այս էջը սրբագրված է

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՆՑՔ, տես Երկնոլորտ:

ԱՇԽԱՐՀԻ ԲԵՎԵՌՆԵՐ, տես Երկնոլորտ:

ԱՇԽԱՐՀԻ ԼԵԶՈՒՆԵՐ, երկրագնդի վրա ապրող ցեղերի, ժողովուրդների և ազգերի կենդանի ու մեռած՝ ավելի քան 2500 լեզուները։ Ըստ խոսողների թվի (1970-ի տվյալներով), առավել տարածվածներն են. չինարենը (ավելի քան 700 մլն.), անգլերենը (300 մլն.), հինդուստանին՝ հինդին և ուրդուն (ավելի քան 205 մլն.), իսպաներենը (165 մլն.), ռուսերենը (141,8 մլն.), ճապոներենը (100 մլն.), ինդոնեզերենը (115 մլն.), գերմաներենը (100 մլն.), բենգալերենը (100 մլն.), արաբերենը (100 մլն.), պորտուգալերենը (90 մլն.), ֆրանսերենը (75 մլն.), իտալերենը (55 մլն.), ուկրաիներենը (37 մլն.) ևն։ Առավել հնագույն գրավոր հուշարձաններով ավանդված են՝ շումերերենը (մ. թ. ա. IV հազարամյակից), աքքադերենը (մ. թ. ա. III հազարամյակից), խեթերենը (մ. թ. ա. XVIII դարից), չինարենը (մ. թ. ա. II հազարամյակից), հունարենը (մ. թ. ա. XV դարից՝ կրետական արձանագրություններով), ուրարտերենը (մ. թ. ա. IX դարից), եբրայերենը (մ. թ. ա. IX դարից), սանսկրիտը (մ. թ. ա. VII դարից), հին պարսկերենը (մ. թ. ա. VI դարից) ևն։ Ցեղակցական (ծագումնաբանական) կապերի հիման վրա Ա. լ. խմբավորվում են զանազան լեզվաընտանիքների մեջ։ Հատկապես լավ ուսումնասիրված է հնդեվրոպական ընտանիքը, որի մեջ մտնող լեզուները (հնդկական, սլավոնական, գերմանական, ռոմանական, իրանական, հայերեն ևն) տարածված են Ասիայի ու Եվրոպայի մեծագույն մասում, եվրոպական գաղթականության ու գաղութակալության հետևանքով՝ նաև Աֆրիկայում, Ամերիկայում ու Ավստրալիայում։ Հնդեվրոպական լեզուներով խոսում է մարդկության գրեթե կեսը։

Ասիայի հյուսիս–արևմտյան ու Եվրոպայի հյուսիսային մասը զբաղեցնում է ուգրո–ֆիննական լեզվաընտանիքը (ֆիններեն, հունգարերեն, էստոներեն ևն), որին հատկացնում են նաև Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ափերին տարածված սամոդիական լեզուները (նգանասաներենը, էնեցերենը, սելկուպերենը)։ Միջին Ասիայում, Հեռավոր Արևելքում և Առաջավոր Ասիայում տարածված են թուրքական (թուրքմեներեն, ղազախերեն, ադրբեջաներեն, թուրքերեն ևն), մոնղոլական (մոնղոլերեն, բուրյաթ–մոնղոլերեն, օյրաթերեն ևն) և տունգուս–մանջուրական (մանջուրերեն, էվենկերեն, նանայերեն, էվեներեն ևն) լեզուները, որոնց ժամանակակից լեզվաբաններից շատերը մտցնում են ալթայական մեծ ընտանիքի մեջ։ Կովկասի ոչ հնդեվրոպական ու ոչ թուրքական բազմաթիվ լեզուները (վրացերեն, սվաներեն, աբխազերեն, ավարերեն, լակերեն, լեզգիերեն ևն) կազմում են իբերո–կովկասյան ընտանիքը։ Առաջավոր Ասիայի մեռած հին լեզուները (խեթերեն, խուռիերեն, ուրարտերեն ևն), որոնք մի ժամանակ մեկ խումբ էին համարվում և կոչվում «ասիանական» լեզուներ,նորագույն ուսումնասիրությունների համաձայն պատկանում են տարբեր ընտանիքների։ Տիբեթում, Չինաստանում և Հնդկաչինի մի մասում խոսում են չին–տիբեթական (չինարեն, թայ, լաոսերեն, տիբեթերեն ևն) լեզուներով, որոնք ոմանք բաժանում են երկու ընտանիքի՝ տիբեթաբիրմանական և թայ–չինական՝ չժխտելով նրանց մերձավորությունը։ Հարավ–արևելյան Ասիայում տարածված են ավստրաասիական (մոն, կամբոջերեն, քխմեր, սանտալի ևն) լեզուները։ Հնասիական (հիպերբորյան) ընտանիքն ընդգրկում է Ասիայի հյուսիս–արևելքում և Ամերիկայի հյուսիսում տարածված բազմաթիվ լեզուները (ունանգաներեն, նիվխերեն, էսկիմոսերեն, ալեութերեն ևն), որոնց ցեղակցական կապերը դեռևս վերջնականապես հաստատված չեն։

Հնդկաստանի արևելյան մասում և Բելուջստանում խոսվում են Հնդկաստանի նախաբնիկների՝ դրավիդյան ընտանիքի լեզուները (թամիլերեն, մալայալամ, տելուգու, կանարա, բրահուի ևն)։ Ավստրոնեզիական կամ մալայո–պոլինեզյան ընտանիքին են պատկանում ճավայերենը, մալայերենը, մալգաշերենը, մալոն, մարովոն, տահիթին ևն, որոնցով խոսում են Ինդոնեզիայի, Մելանեզիայի, Միկրոնեզիայի ու Պոլինեզիայի ժողովուրդները։ Նոր Գվինեայի բնիկների՝ պապուասական ցեղերի լեզուները կազմում են պապուասյան լեզվախումբը, որը ոչ մի ընտանիքի մեջ չի մտցվում, թեև ոմանք փորձում են միացնել ավստրոնեզիականին։ Ասիայի ու Եվրոպայի լեզուներից առանձնացվում և որևէ ընտանիքի մեջ չեն մտցվում ճապոներենը, այնուն (հյուսիսային ճապոնիայում), կորեերենը, բասկերենը (Իսպանիայում և Ֆրանսիայում),վերշիկերենը (բուրուշասկի կամ կանջութի), որով խոսում են Հարավային Պամիրի և Հինդուքուշի վերշիկները։ Ավստրալիայի բնիկների լեզուները, որոնց ցեղակցությունն այժմ արդեն հաստատված է, միացվում են մեկ ընտանիքի մեջ և խմբավորվում աշխարհագրական սկզբունքով (Հյուսիսային Քիմբեռլիի, Հարավ-արևելյան ավստրալիական, Կենտրոնական ավստրալիական, Կենտրոնական և հարավ–արևմտյան ավստրալիական, Քվինսլենդի և Նոր Հարավային Ուելսի լեգուներ)։ Սեմա–քամյան ընտանիքի մեջ են մտնում սեմական (աքքադերեն, եբրայերեն, արաբերեն ևն) ու քամյան (հին եգիպտերեն, ղպտիերեն, լիվիերեն, տուարեգերեն ևն) լեզուները, որոնք հաճախ առանձին ընտանիքներ են համարվում։

Աֆրիկայի զանազան մասերում տարածված մոտ 400 լեզուները, բացի սեմա–քամյան ընտանիքից, բաժանվում են մի շարք խմբերի՝ բանտու և բանտոյիդ, սուդանական, հաուսա, կանուրի–տեդա, արևելյան սուդանական, մանդինգո (մանդե), կհոյսան (հոտենդոտ–բուշմենական), նիլոտական ևն։ Ամերիկայի բնիկների՝ հնդկացիների լեզուները (մոտ 1000) բաժանվում են ավելի քան 100 խմբի, որոնցից գլխավորներն են հոկասիու (հոկա, իրոկեզերեն ևն), աթաբասկյան, սելիշ, ուտոացտեկյան (մայա, նաուա) ևն։

Քարտեզը տես 490–91 էջերի միջև՝ ներդիրում։

Գրկ. Աղայան Է. Բ., Լեզվաբանության ներածություն, 3 հրտ., Ե., 1967։ Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի, համեմատությամբ 562 լեզուների. Ներածություն, Ե., 1955։ Реформатский А. А., Введение в языковедение, М., 1967; Meilet A. et Cohen M., Les langues du monde, 2 ed., P., 1952. Է. Աղայան

«ԱՇԽԱՐՀԻ ՅՈԹ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ», հին աշխարհի ճարտարապետության և քանդակագործության հռչակավոր ստեղծագործություններից մի քանիսի պայմանական անվանումը։ «Ա. յ. հ.» են համարվում Քեոփսի բուրգը (Մեծ բուրգ) Եգիպտոսում, «Շամիրամի կախովի պարտեզները» Բաբելոնում, Ֆիդիասի քանդակած՝ Զևսի արձանը Օլիմպիայում, Հռոդոսի կոթողը (Հելիոս աստծո հսկա արձանը Հռոդոս կղզում), Արտեմիսի տաճարը Եփեսոսում, Հալիկառնասի դամբարանը (Մավզոլի դամբարանը Հալիկառնաս քաղաքում) և Ալեքսանդրիայի փարոսը։ «Ա. յ. հ.»–ից պահպանվել է միայն Քեոփսի բուրգը։

ԱՇԽԱՐՀԻԿ ԴՊՐՈՑ, եկեղեցու ազդեցությունից ու միջամտությունից ազատ ուսումնական հաստատություն։ Ա. դ. կազմակերպում, ֆինանսավորում և կառավարում են քաղաքացիական (աշխարհիկ) իշխանությունները։

ԱՇԽՈՒՅԺ (Գրիգորյան Խաչատուր Սուքիասի, 1884–1961), հայ աշուղ։ Ծնվել է Ղազնաֆար գյուղում (այժմ՝ Արագած, Ապարանի շրջան)։ Երգել է ջութակի նվագակցությամբ։ Երկու հազարից ավելի երգերի, բազմաթիվ հեքիաթսիրավեպերի ու պոեմների հեղինակ Է։ Վաղ շրջանի ստեղծագործություններում խարազանել է անարդարությունն ու կեղծիքը, սովետական տարիներին երգել իր վերածնված հայրենիքն ու նոր կյանք կառուցող մարդուն («Մեր նոր աշխարհ», «Ջան հայրենիք», «Նոր Երևան», «Դաշտերի հերոսուհին» ևն)։ Ա–ի երգերն ամփոփված են «Աշուղական» (1947), «Քնար» (1955) և «Աղբյուր» (1958) ժողովածուներում։

ԱՇԽՕՐ, կոլտնտեսականի կատարած աշխատանքի քանակի և որակի գնահատման չափ ու բաշխման ձև գյուղատնտեսական արտելում։ Կոլտնտեսություններում Ա. կիրառվում է 1931-ից։ Կատարած աշխատանքի դիմաց կոլտնտեսականին գրանցվում է Ա. արտադրական նորմաների և աշխատանքի վարձատրության տարիֆային գնահատումների հիման վրա։ Յուրաքանչյուր տարի, աշխատանքի արտադրողականության միջին մակարդակին համապատասխան, աշխատանքի կազմակերպման, արտադրության տեխնոլոգիայի ու տեխնիկայի մեջ կատարված փոփոխություններից ելնելով՝ վերանայվում և փոփոխվում են արտադրական նորմաները, ըստ որի, փոխվում է նաև գրանցվող Ա–երի քանակը։ Մեխանիզատոր կոլտնտեսականներին Ա. է գրանցվում նաև աշխատանքային ստաժի և կարգայնության համար։ Վարձատրության ֆոնդի մեծ մասը բաշխվում է ըստ Ա–ի քանակի, իսկ մյուս մասը՝ լրացուցիչ վարձատրության կարգով։ Ա–ի հասույթը պայմանավորված է հանրային տնտեսության զարգացման մակարդակով։ Տես նաև Աշխատանքի վարձատրությունը կոլտնտեսություններում:

ԱՇԿԱԼԱ, Աշկալե, Աշխալի, Աղջակալա, գյուղաքաղաք Արևմտյան