Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/486

Այս էջը սրբագրված է

Հայաստանում, Էրզրումի վիլայեթում, Էրզրում քաղաքից մոտ 40 կմ արևմուտք, Աշկալայի դաշտում, Երզնկա տանող խճուղու վրա։ XIX դ. սկզբին ուներ 1800, իսկ 1909-ին՝ մոտ 800 հայ և թուրք բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, արհեստներով և առևտրով։ Ա. ուներ երկու եկեղեցի, դպրոց։ Գյուղի մոտ, բարձունքի վրա, որտեղ գերեզմանոցն էր, պահպանվել էին հին բերդի ավերակներ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ա–ի հայ բնակչության մի մասը գաղթել է Արևելյան Հայաստան, մյուս մասը զոհվել ջարդերի ժամանակ։

ԱՇԿԱԼԱ, գյուղ Վրացական ԱԱՀ Ծալկայի շրջանում։ Գտնվում է Թրիալեթի լեռնաշղթայի հվ. լանջին, շրջկենտրոնից 32 կմ հս–արլ.։ 2500 բն. (1970), հայեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Ունի միջնակարգ ու տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, կինո։ Գյուղը հիմնադրել են Էրզրումի վիլայեթից գաղթած հայերը, 1830-ին։ Հ. Միքայելյան


ԱՇԿԱԼԱՅԻ ԴԱՇՏ, գտնվում է Էրզրումի և Երզնկայի միջև, Արևմտյան Եփրատի հովտում, որտեղ գետն ընդունում է Մայմանսուր և Աշկալա վտակները։ Ուղղված է արևմուտքից արևելք։ Բարձր. 1700 մ է, լայնությունը՝ 9–10 կմ, երկարությունը՝ 30 կմ։ Երկրաբանական մոտ անցյալում լիճ է եղել։ Ա. դ. տափարակ է, եզերված լեռնաճյուղերով և բարձունքներով։ Կազմված է կարծր կրաքարի կոպիճներից և փխրուն նստվածքներից։ Աշկալա գյուղաքաղաքի մոտ կա կերակրաաղի հանքավայր, որի շրջակայքում բխում են աղահամ աղբյուրներ։ Ձմեռը ցուրտ է, ձնառատ, ամառը՝ շոգ։ Տարածված են շագանակագույն հողեր և սևահողեր։ Բուսականությունը տափաստանային է։ Մշակում են հացահատիկ։


ԱՇԿԱԼԱՇԵ, գավառ ուրարտական Դիաուխե երկրում (Տայք)՝ Եփրատ և Ճորոխ գետերի վերին հոսանքում։ Ա–ից է, թերևս, ծագել ներկայիս Աշկալա բնակավայրի անունը։ Հիշատակվում է մ. թ. ա. 785-ի դեպքերի կապակցությամբ, երբ Արգիշտի I արշավել է Դիաուխե, պարտության մատնել նրա թագավորին և պարտավորեցրել ամեն տարի հարկ վճարել։


ԱՇՆԱԿ, գյուղ Հայկական ՍՍՀ Թալինի շրջանում։ Գտնվում է շրջկենտրոնից 15 կմ հվ–արմ., սարահարթի վրա։ 1063 բն. (1970), հայեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեպտղաբուծությամբ, ծխախոտագործությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, կինո։ Ա. Հայաստանի Արագածոտն գավառի հնագույն բնակավայրերից է։ Պահպանվել են հայկական ամրոցի (IX–X դդ.) ավերակներ, հին գյուղատեղի, մ. թ. ա. I դ. դամբարաններ, բերդապարիսպներով միջնադար, կիսավեր եկեղեցի։ Ներկայիս բնակիչները եկել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, Սասունից, Տարոնից, Անուսից։ Հայտնի է Ա–ի պարի ինքնագործ խումբը, որը հանրապետական, միութենական և երիտասարդության համաշխարհային VI (1957, Մոսկվա) փառատոների դափնեկիր է։


ԱՇՆԱՆԱՑԱՆ ԲՈՒՅՍԵՐ, միամյա բույսեր, որոնց բնականոն զարգացման համար պահանջվում է աշնանային ցանք։ Գարնանը ցանելիս Ա. բ. ծլում, թփակալում են, բայց նույն վեգետացիոն շրջանում ցողուններ և հասկեր չեն տալիս, չեն պտղաբերում, որովհետև յարովիզացիայի փուլն անցնելու համար անհրաժեշտ է 35–50 օր տևողությամբ ցածր ջերմաստիճան (0°C-ից 3°C)։ Աշնանացան և գարնանացան բույսերը խիստ սահմանազատել հնարավոր չէ, նրանք կապված են փոխանցիկ ձևերով։ Որոշ սորտեր, նայած կլիմայական պայմաններին, կարող են լինել և՛ աշնանացան, և՛ գարնանացան։ Օրինակ՝ ՀՍՍՀ–ում ցորենի տեղական սորտերից գալգալոսը, սպիտակահատը, կարմիր կունդիկը, սպիտակ կունդիկը երկցան են։ Ա. բ. են, գլխավորապես, հացազգիները (ցորեն, գարի, աշորա), իսկ ընդավորներից՝ վիկը, ոլոռը։ Ա. բ. ձմեռում են թփակալած, զարգացած արմատներով, օգտագործում են հողում կուտակված խոնավության և սննդի աշնանային, ձմեռային ու գարնանային պաշարները, երաշտադիմացկուն են, բարձր բերքատու և 7–10 օր շուտ են հասունանում գարնանացան բույսերից։


ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԲՎԻԿ (Agrotis segetum, Euxoa segetum, Schiff), բվիկների ընտանիքի թիթեռ։ Առջևի թևերն ունեն բաց գորշագույնից սև, հետևինները՝ սպիտակ գունավորում։ Թևերի երկարությունը բացված վիճակում 4–4,5 սմ է։ Ա. բ–ի թրթուրների (աշնանացանի որդ) երկարությունը մինչև 5,2 սմ է։ Դրանք ունեն յուղային փայլ, ապրում են հողում և սնվում գյուղատնտեսական բույսերի արմատներով, արմատավզիկներով, ցողուններով։ Ա. բ–ի թրթուրները վնասում են հացահատիկային (հատկապես աշնանացան), բանջարաբոստանային, տեխնիկական բույսերին և մատղաշ տնկարկներին։ Տարածված է ՀՍՍՀ բոլոր շրջաններում։ Պայքարի միջոցներն են՝ սերմերի նախացանքային փոշեպատումը հեքսաքլորանով, մոլախոտերի ոչնչացումը, ցանքերի սրսկումը սևինի 0,3–0,5 տոկոսանոց լուծույթով, թիթեռների ոչնչացումը լուսաթակարդներով։


ԱՇՈՏ (Աշոտ Հայրապետի Դաղալյան, ծն. 1907), հայ գուսան։ ՀՍՍՀ ժողովրդ. արտիստ (1967)։ Ծնվել է ապրիլի 12 (25)–ին, Գորիսում։ Որպես գուսան հանդես է եկել 1928-ից («Աշուղ եմ», «Վառող սեր» ևն)։ 1946-ին, 1955-ին և 1958-ին Երևանում լույս են տեսել նրա երգերի ժողովածուները («Գուսանական երգեր», «Գուսանի սերը», «Գուսանի սերը»՝ լրացված և նոտագրված)։ Ա–ի երգերին հատուկ է թեմատիկ բազմազանությունը։ Հարազատ մնալով հայ ժողովրդական երգարվեստի ձայնելևէջային, ռիթմական, կառուցվածքային ձևերի ավանդական միջոցներին՝ Ա. ստեղծել է երգերի նոր, ինքնատիպ երաժշտական լեզու։ Իր մեղեդիներում օգտագործել է ասերգի, երգի և պարերգի արտահայտչամիջոցները։ Ա–ի երգերը («Զանգեզուրի բարի ծնունդ», «Էն սարերը», «Սարվորի երգը», «Սյունյաց սարեր», «Պախրա», «Հուշարձան աղբյուր», «Հով սարեր, մով սարեր», «Սարի սիրուն յար», «Ո՛ւր է», «Գուսանն էն է», «Արի բաղերով», «Յար առանց քեզ ինչիս է պետք», «Սերս վանքում Տաթևի» ևն) լայն ժողովրդականություն են վայելում։ Ա. ժամանակակից հայկական գուսանական արվեստի ականավոր ներկայացուցիչներից է։

Գրկ. Առաքելյան Ե., ուզաթաթավ երգեր ստեղծողը, «Կուլտուր–լուսավորական աշխատանք», 1965, № 1։ Գասպարյան Ս., Գուսան Աշոտ, «Կուլտուր–լուսավորակսւն աշխատանք», 1967, № 8։ Մ. Մանուկյան


ԱՇՈՏ, Աշոտի, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Տարենտեի գավառակում։ Ա. առաջին անգամ հիշատակված է Այնթապի եկեղեցում պահպանված 1619-ի ձեռագիր հիշատակարանում։ Մեծ եղեռնի նախօրյակին ուներ 1650 հայ բնակիչ (650 տուն), որոնք զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով և առևտրով։ Բարեկարգ ճանապարհով կապված էր Սեբաստիայի հետ։ Ա. ուներ եկեղեցի, վանք և ուսումնարան։ Շրջակայքում պահպանվել էին միջնադարյան բերդի ավերակներ և հին գերեզմանոց։ Մեծ եղեռնի ժամանակ Ա–ի հայերը դարձան ջարդերի զոհ։ Մելիք-Բախշյան


ԱՇՈՏ Ա (ծն. թ. անհտ. – 890), Հայոց թագավոր 885-ից։ Բագրատունյաց հարստության հիմնադիրը։ 855-ին փոխարինել է հորը՝ Հայոց սպարապետ Սմբատ Բագրատունուն։ 862-ին խալիֆայությունից ստացել է Հայոց իշխանաց իշխանի տիտղոսը։ Նույն թվականին Ա. Ա սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին։ Թուլացող արաբական խալիֆայությունը Ա–ին է արտոնել ամբողջ Արմինիայի հարկահանությունը։ Ա–ի ձեռքում կենտրոնացավ երկրի վարչական, ռազմական և տնտեսակաև իշխանությունը, արաբական տիրապետությունը դարձավ ձևական։ Ա. ձախողեց Արմինիայի ոստիկանի դավադրությունը՝ վտարելով նրան Հայաստանից։ Վարպետորեն օգտվել է արաբա–բյուզանդական մրցակցությունից։ Վասիլ I կայսրը Ա–ից խնդրել է թագադրել իրեն իբրև հին թագադիր տոհմի ներկայացուցչի և դաշինք կնքել, իսկ Բյուզանդիայի Փոտ պատրիարքը, եկեղեցական միաբանության առաջարկ անելով, Ա–ին անվանել է «բարետոհմությամբ քաջահայտ, հզորագույն, բարձրագույն և վսեմագույն»։ Ա. ամրապնդել է երկրի միասնությունը, միջամտել իշխանական տների միջև ծագած գժտություններին, խնամիա–