կան կապեր հաստատել Բագրատունի, Արծրունի և Սյունյաց իշխանական տների միջև։ Դեռևս 870-ական թթ. կեսերին Արծրունյաց, Սյունյաց և մյուս իշխանները Հայոց կաթողիկոսի հետ միասին արաբական խալիֆայից պահանջել էին ճանաչել Ա–ի թագավորությունը։ Հայերին սիրաշահելու, Բյուզանդիայից վանելու նպատակով խալիֆայությունը կատարել է նրանց պահանջը. Սութամիդ խալիֆան 885-ին թագ է ուղարկել Ա–ին։ Ա. ընդունել է նաև Վասիլ I կայսեր ուղարկած թագը՝ գտնելով միջազգային ճանաչում։ Ա. ցուցաբերել է ռազմա-քաղաքական, դիվանագիտական մեծ ձեռներեցություն՝ ամրապնդելով պետությունը։ Նստավայրն էր Բագարան ամրոցը։ Նրա գերիշխանությունը ճանաչում էին նաև Վրաց, Աղվանից իշխանները և Հայաստանի արաբական ամիրայությունները։ Բյուզանդիայի Կոստանդին Ծիրանածին կայսրը (905–959) գրում է, որ Ա. «տիրում էր Արևելքի բոլոր երկրներին» (նկատի է ունեցել կայսրությունից անմիջապես արևելք ընկած շրջանները)։
Գրկ. Հովհաննես Դրասխանակերտցի, Պատմութիւն Հայոց, Թ., 1912։ Լեո, Երկ., հ. 2, Ե., 1967։ Daghbaschean H., Gründung des Bagratidenreiches durch Aschot Bagratuni, B., 1893.
ԱՇՈՏ ԱՐԾՐՈՒՆԻ (ծն. թ. անհտ.–875), Վասպուրականի իշխան։ 849-ին կազմակերպել է Վասպուրականի 16 իշխանների դիմադրությունը Հայաստան ներխուժած արաբ զորապետ Աբուսեթի զորքին՝ ետ վանելով նրան Վասպուրականի սահմանից։ Երբ արաբ․ զորքերը Ալա–Ծովափիի գլխավորությամբ ասպատակել են Վասպուրականի Աղբակ և Անձևացիք գավառները, Ա. Ա. առաջարկել է վերջ տալ խժդժություններին՝ խոստանալով վճարել սահմանված հարկը։ Մերժում ստանալով հարձակվել է և Արճուճ ամրոցի մոտ պարտության մատնել նրանց։ Այնուհետև զորքը շարժելով Տարոն ներխուժած արաբների դեմ, 849-ին, մարտում հաղթել է նրանց, հալածել մինչև Բաղեշ։ 852-ին, ամրանալով Վասպուրականի Նկան ամրոցում, Ա. Ա. դիմադրություն է ցույց տվել արաբ զորապետ Բուղային։ Սակայն թշնամու ուժերի խիստ գերակշռությունը անհեռանկար դարձրեց պաշարված ամրոցի պաշտպանությունը։ Ա. Ա. ստիպված անձնատուր է եղել արաբներին և, որպես գերի, իր որդու՝ Դերենիկի հետ աքսորվել Բաղդադ։ 859-ին մյուս հայ իշխանների հետ կեղծ ուրացությամբ ազատվել և վերադարձել է Վասպուրական՝ վերստանալով նախկին իրավունքները։ 860-ական թթ. պատերազմել է դեպի Վասպուրական առաջացող Ութմանիկների (տես Արաբական ամիրայություններ Հայաստանում) հետ՝ չեզոքացնելով նրանց սպառնալիքը։
Գրկ. Թովմա Արծրունի, Պատմութիւն Տանն Արծրունեաց, ՍՊԲ, 1887։
ԱՇՈՏ Բ ԵՐԿԱԹ (ծն. թ. անհտ.– 929), Հայոց թագավոր 914-ից։ Հաջորդել է հորը՝ Սմբատ Ա–ին։ Ա. Բ Ե–ի գահակալության սկզբում Հայաստանն ապրում էր ծանր իրավիճակ։ Ատրպատականի Յուսուֆ ամիրայի զորքը ներխուժել էր Հայաստան և սպառնում էր վերացնել երկրի անկախությունը։ Հայ ժողովուրդը ոտքի ելավ հայրենիքը պաշտպանելու համար։ Իր եղբոր՝ Մուշեղի հետ 910-ին դուրս է եկել Յուսուֆ ամիրայի դեմ, Ձկնավաճառի ճակատամարտում գլխավորել հայոց բանակը։ Հոր եղերական մահից հետո մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրեց Բագրևանդը, Շիրակը, Գուգարքը, Աղստևի հովիտը, Հայաստանի մի շարք այլ մասեր։ Երբ Յուսուֆը կրկին ներխուժեց Հայաստան (915), Ա. Բ Ե. մեկնեց Բյուզանդիա, բանակցեց Կոստանդին VII կայսեր հետ։ Բյուզանդիան նրան ճանաչեց Հայոց թագավոր և տվեց օգնական զորք։ Ա. Բ Ե. ծավալեց իր պայքարը բոլոր կենտրոնախույս ուժերի դեմ՝ ձգտելով ստեղծել քաղաքականապես միասնական Հայաստան։ Աշոտ Շապուհյանը (Ա. Բ Ե–ի հորեղբոր՝ Շապուհի որդին), որ դեռ Սմբատ Ա–ի օրոք հարում էր Յուսուֆին, վերջինիս կողմից 915-ին ճանաչվեց որպես Հայոց թագավոր։ Դառնալով Ա. Բ Ե–ի հակաթոռը՝ նա պայքար սկսեց օրինական թագավորի դեմ։ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը փորձ արեց հաշտեցնել նրանց։ Թեև Աշոտ Շապուհյանն ստացավ Վաղարշապատն իր շրջակայքով, բայց չդադարեցրեց պայքարը։ Ա. Բ Ե–ի դեմ դուրս եկան նաև Գուգարքի Շամշուլդե բերդի տերերը։ Ապստամբեց նաև աները՝ Գարդմանի իշխան Սահակ Սևադան։ Ա. Բ Ե. գերի վերցրեց Սահակ Սևադային ու նրա որդուն և կուրացնել տվեց նրանց։ Նա հարկադրված եղավ պայքարել նաև Ուտիք նահանգի ապստամբ իշխան Ցլիկ Ամրամի և վրաց Գուրգեն իշխանի դեմ։ Ա. Բ Ե. ստիպված էր քաշվել Սևանա կղզին և այնտեղից կազմակերպել պայքարը։ Սևանի ճակատամարտում նրան հաջողվեց պարտության մատնել Յուսուֆ ամիրայի Բեշիր զորապետին։ Այնուհետև հաղթահարելով ներքին և արտաքին թշնամիների դիմադրությունը՝ նա վերականգնեց Բագրատունյաց թագավորության սահմանները։ Բաղդադի խալիֆայությունն ստիպված ճանաչեց հայ Բագրատունիների սյուզերենական իրավունքները նախկին Արմինիայի տարածքի ֆեոդալական իշխանությունների նկատմամբ՝ 922-ին Ա. Բ Ե–ին և նրա հաջորդներին շնորհելով «Շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը։ Աշոտ Շապուհյանը դուրս մղվեց ասպարեզից, իսկ Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունին հրաժարվեց Հայոց թագավոր դառնալու հավակնությունից՝ մնալով միայն իբրև «թագավոր Վասպուրականի»։ Խիզախության և կորովի համար Աշոտ Բ ստացել է «Երկաթ» մականունը։ Նրա կերպարը գեղարվեստորեն մարմնավորել են Մուրացանը՝ «Գևորգ Մարզպետունի» և Բ. Այվազյանը՝ «Աշոտ Երկաթ» պատմավեպերում։
Գրկ.' Հովհաննես Դրասխանակերտցի, Պատմութիւն Հայոց, Թ., 1912։ Լեո, Երկ. ժող., հ. 2, Ե., 1967։ Adontz N., Ašot Ercat, ou de fer Roi d’Arménie de 913 á 929, նրա «Êtudes Arméno-Byzantines» գրքում, Lisbonne, 1965.
ԱՇՈՏ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ (ծն. թ. անհտ.–689), Հայաստանի կառավարիչ 685-ից։ Հաջորդել է Գրիգոր Մամիկոնյանին։ Հայոց իշխան և պատրիկ Ա. Բ. իր եղբայր Սմբատին նշանակեց հայկ. զորքերի սպարապետ, հաշտվեց արաբների հետ, ծավալեց շինարարական գործունեություն։ Սակայն 686-ից ենթարկվելով բյուզանդական հարձակումներին՝ հարկադրված եղավ հոգալ երկրի պաշտպանության մասին։ 689-ին Հուստինիանոս II կայսրը նվաճեց Հայաստանը, բայց պահպանեց Ա. Բ–ի իշխանությունը և պատրիկական իրավունքները։ Նույն տարին երկիրը ասպատակեցին արաբ․ զորքերը։ Ղևոնդ պատմիչի վկայությամբ, Ա. Բ. ջախջախեց և երկրից դուրս վանեց նրանց։ Ա. Բ. կռիվներում ծանր վիրավորվելով՝ փոխադրվեց հայրենի Դարույնք բերդաքաղաքը, ուր մահացավ և թաղվեց նախնիների հանգստարանում։ Ա. Բ. կառուցել է Դարույնքի Ս. Փրկիչ (Ամենափրկիչ) եկեղեցին, հեղինակել «Զորս ըստ պատկերի» սկսվածքով շարականը։ Նա առաջին աշխարհականներից էր, որի հորինած երգն ընդունեց եկեղեցին։ Հին ու նոր մի շարք շարակնոցներում այս երգը սխալմամբ վերագրվում է Գրիգոր Մագիստրոսին։
Գրկ. Վարդան վարդապետ, Հաւաքումն պատմութեան, Վնտ., 1862։
ԱՇՈՏ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ (ծն. թ. անհտ.–761), Հայոց իշխան 732–748-ին, որին նշանակել էր Արմինիայի ոստիկան Մրվանը։ Վարել է Օմայան խալֆայության հետ մերձեցման քաղաքականություն։ Անձամբ բանակցելով Հիշամ խալիֆայի հետ՝ Ա. Բ. կարողացել է վերականգնել Հայոց այրուձիու ռոճիկը (տարեկան 100 հազար դիրհեմ)։ Ոստիկանի հետ մասնակցել է խազարների դեմ հաղթական արշավանքին։ Մրվան խալիֆայի օրոք (744–750) ապստամբության ժամանակ Ա. Բ., ի պաշտպանություն խալիֆայության, Հայոց այրուձին տարել է Միջագետք։ Հայերի ապստամբության (747–750) առաջնորդ Գրիգոր Մամիկոնյանն Ա. Բ–ին առաջարկել է միանալ ապստամբներին, սակայն մերժում է ստացել, որի համար էլ կուրացնել է տվել նրան։ Մահացել է Դարույնքում։ Նրա որդի Սմբատ սպարապետից սկսած հայ Բագրատունիները ժառանգաբար իշխել են Հայաստանում։
ԱՇՈՏ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ (ծն. թ. անհտ.–մոտ 804), Հայոց իշխան (775–781), Սահակ Բագրատունու որդին։ Արաբների հանդեպ վարել է զգուշավոր քաղաքականություն։ Հայերի 774–775-ի ապստամբությունն անիմաստ համարելով՝ չի հարել ապստամբներին և, պատճառ բռնելով թշնամու զորեղությունը, խորհուրդ է տվել հրաժարվել պայքարից։ Արաբ․ բանակի ռազմական գործողությունների մասին Ա. Բ. տեղեկացրել է հայ ապստամբներին, որոնք, սակայն, չեն վստահել նրան։ Ապստամբության պարտությունից հետո դարձել է Հայոց իշխան։
ԱՇՈՏ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ Մսակեր (ծն. թ. անհտ.– 826), Հայոց իշխան 790-ից։ 774–775-ի ապստամբության նահատակ Սմբատ Բագրատունու որդին։ Օգտվելով Կամսարական և Մամիկոնյան տոհմերի թուլացումից՝ ընդարձակել է Բագրատունի–