ԱՇՎԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդ քաղաքից հյուսիս–արևմուտք, Արածանի գետից աջ։ XX դ. սկզբին քներ 58 տուն՝ մոտ 600 հայ բնակիչներով, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ։ Ա–ում կար երկու եկեղեցի (Ս. Գևորգ, Ս. Սարգիս) և նախակրթական վարժարան։ Բնակչությունը դարձել է ջարդերի զոհ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։
ԱՇՏԱՆԱԿ, լուսատու աղբյուրը պահող, բազմազան հորինվածքներով հարմարանք (մոմակալ, ճրագակալ, ջահակալ ևն) որը սովորաբար ունենում է երեք ոտք, բուն և դրա ծայրին ձուլված մեկ կամ մի քանի ստեղների վրա ամրացված ղամբար (լամբար՝ ջահ, ճրագ, կանթեղ, լապտեր)։ Ա–ները պատրաստվում են տարբեր մետաղներից (հնում՝ պղնձից, արծաթից), հախճապակուց, կավից, դրվում են սեղանին, տարբեր պատվանդանների վրա, բարձրները՝ հատակին, և հաճախ ունենում են գեղարվեստական ձևավորում։ Հայաստանում Ա–ներ հայտնաբերվել են Անիի, Ամբերդի և այլ պեղավայրերից։ Օգտագործվել են նաև անուշահոտ յուղեր և խնկեր վառելու համար։ Ներսես Շնորհալու մոտ հիշատակվում է «եօթնալոյս աշտանակ»–ը։ Արաբ մատենագիր Իբն Բատուտան վկայում է Երզնկայում պատրաստված Ա–ների մասին, որոնք ունեին երեք ոտք, պղնձե ճրագ, պատրույգը շտկելու մկրատ։ Ա. օգտագործվել է նաև եկեղեցիներում։ Հրեական կրոնական արարողությունների մեջ յոթնաստեղյան Ա. կարևոր անոթներից մեկն է։
(նկ․) Աշտանակ։ Անի։ XI–XIII դդ.։
ԱՇՏԱՐԱԿ, հանրապետական ենթակայության քաղաք (1970-ից) Հայկական ՍՍՀ–ում, համանուն վարչական շրջանի կենտրոնը։ Գտնվում է Երևանից (որը մոտակա երկաթուղային կայարանն է) 20 կմ հյուսիս–արևմուտք, Քասաղ գետի ափերին, 1130 մ բարձր։ Երևան–Լենինական, Երևան–Սպիտակ տանող ճանապարհների հանգույց է։ Վարչականորեն նրան է ենթարկվում Մուղնի գյուղը։ 13900 բն. (1972), հայեր։
Ա. ՀՍՍՀ արդյունաբերական կենտրոններից է։ Կան խաղողի վերամշակման և գինու հումքի ստացման կետ, տրիկոտաժի ֆաբրիկա, շրջսպառկոոպմիության արտադրական կոմբինատ, գործող քարհանքեր, կույրերի միավորման արտկոմբինատ, կենցաղսպասարկման կոմբինատ, Երևանի «Տնայնագործ» արտկոմբինատի մասնաճյուղ, շինարարական իրերի կոմբինատ և արտադրական այլ ձեռնարկություններ։ Տարեկան համախառն արտադրանքի (1972-ին՝ ավելի քան 8,5 մլն. ռ.) կեսից ավելին տալիս են սննդարդյունաբերության ձեռնարկությունները։ 1964-ին կոլտնտեսության հիմքի վրա կազմակերպվել է սովետական տնտեսություն։ Ա–ի մեջ է մտնում նաև Արայի սովետական տնտեսությունը։ Գյուղասւնտեսական արտադրության հիմնական ուղղությունն այգեգործությունը և պտղաբուծությունն է։ Մշակվում են ընդեղեն կուլտուրաներ։ Ա–ում գործում են 5 միջնակարգ, հեռակա և երեկոյան, երաժշտական և սպորտդպրոցներ (3701 աշակերտ, 298 ուսուցիչ, 1973), 8 մսուր–մանկապարտեզ, մշակույթի պալատ, պիոներ պալատ, 4 գրադարան, 5 ակումբ, կինոթատրոն, Պ. Պռոշյանի անվան տուն–թանգարան, կինոպրոկատի բաժանմունք, շրջանային հիվանդանոցը (5 բաժանմունք՝ 300 մահճակալով և 209 բուժաշխատողով, որից 49-ը՝ բժիշկ) և դեղատունը։ 1971-ին շահագործման է հանձնվել 3500 տեղանոց մարզադաշտը։ Ա–ում են գտնվում ՀՍՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ու ֆիզիկական հետազոտութ. ինստ–ները։
Ա. հատակագծվել է 1949-ին, վերահատակագծվել 1960-ին՝ 25 հզ. բնակչի համար։ Կազմվում է նոր գլխավոր հատակագիծ։ 1955-ին շահագործման հանձնվեց Քասաղի նոր, միաթռիչք հսկա կամուրջը, և քաղաքը տարածվեց նաև գետի ձախ ափին։ Ա. զբաղեցնում է 450 հա տարածություն։ Բնակելի ֆոնդը 100,6 հզ. մ² է (60,5 հզ մ² անհատական, 39,5 հզ. մ² պետական, 1972)։ Կառուցվել են բնակելի ու վարչական բազմահարկ շենքեր բացվել ու բարեկարգվել են մի շարք փողոցներ։ Քաղաքը թաղված է պտղատու այգիների մեջ, ունի 2 զբոսայգի։ Գործում է ջրմուղ–կոյուղին։ Խմելու ջուրն ստանում է Սաղմոսավանից (10 լ/վ, 10 կմ երկարությամբ ջրատարով), Շորշորից (49 լ/վ, 5 կմ), 1970-ից՝ նաև Նազրվանից (40 լ/վ, 5,4 կմ)։ Նախատեսվում է նաև 9 կմ երկարությամբ նոր ջրատար կառուցել Սաղմոսավանից (40 լ/վ): Էլեկտրաէներգիան ստանում է Երևանից։ Ա–ում կառուցվում է հացի գործարան, հյուրանոց, կուլտուրայի տուն։
Ա. առաջին անգամ հիշատակվում է IX դարից, որպես այգեվետ ու բարեբեր գյուղ, իսկ երբեմն էլ՝ գյուղաքաղաք։ Ա–ում պահպանվել են հայ արվեստի և ճարտարապետության բազմաթիվ նշանավոր հուշարձաններ (V–XVIII դդ.), որոնք վկայում են նրա ավելի հին լինելը։ Վաղ քրիստոնեության շրջանի կառույցներից է բազմիցս վերանորոգված Ծիրանավոր եռանավ բագիլիկը (V դ.)։ Շենքն անառիկ դարձնելու նպատակով XVIII դ. սկզբներին կառուցվել են արտաքին կրկնապատեր։ Տեղացիներն այդ մասն անվանում են «Բերդաթաղ»։ Ա–ի Կարմրավորը Հայաստանի VII դ. նշանավոր կառույցներից է։ Եկեղեցին կենտրոնագմբեթ է, խաչաձև հատակագծով, պահպանվել է անաղարտ վիճակում։ Կարմրավորն այն եզակի հուշարձաններից է, որ կրում է VII դ. կղմինդրե ծածկ։ Այն ունի շինարարական արձանագրություն, ներքուստ եղել են որմնանկարներ, որոնք հետագա դարերում ծածկվել են սվաղի շերտով։ Մարինե (Մարիանե) եկեղեցին (XIII դ.) գտնվում է Ա–ի հս–արլ. մասում, «գմբեթավոր սրահների» տիպի կառուցվածք է։ Հուշարձանն ունեցել է քարաշար բարձր պարիսպ։ Ըստ հիշատակության, մի ժամանակ այն եղել է մենաստան։ Սպիտակավոր եկեղեցին (XIII–XIV դդ.) փոքրածավալ շենք է, քառանկյուն հատակագծով, ունեցել է թաղակապ ծածկ, գտնվում է Բերդաթաղում, քարաժայռի գլխին։ Ա–ի արլ. կողմում՝ Քասաղ գետի վրա, 1664-ին կառուցվել է եռաթռիչք, տուֆակերտ մեծ կամուրջ, որի կողքին նկատելի են XII–XIII դդ. կամրջի մնացորդները։ Գերեզմանատունը հարուստ է հաշարձան–մահարձաններով, խաչքարերով (XII–XIV դդ.), կենցաղային թեմաներով քանդակազարդված տապանաքարերով (XVI–XVIII դդ.)։
Ա–ում պահպանվել են հայկական բնակելի տան հիանալի օրինակներ (XVIII–XIX դդ.)։ Տների հատակագծային լուծումներին բնորոշ են փողոցի կողմի գեղեցիկ շքամուտքերից դեպի բակը ձգվող թաղակապ անցումները, որոնց երկու կողմերում բացվում են տնտեսական նշանակություն ունեցող, հիմնականում թաղածածկ կիսանկուղների դռները։. Բնակարանի բոլոր
(նկ․) Տեսարան Աշտարակ քաղաքից։