ված։ Ա–ներ են ունեցել հին ու միջնադարյան Հայաստանի և Կիլիկիայի հայկական պետության քաղաքների ու ամրոցների (Արտաշատ, Տիգրանակերտ, Դվին, Կարս, Սիս, Տարսոն) պարիսպները։ Հոյակապ օրինակներ են՝ Անիի բերդապարսպի (X–XIII դդ.) Ա–ները, հայկ. միջնադարյան եկեղեցիների զանգակատները։ Ա–ի փոխարեն միջին դարերում օգտագործվել են նաև բուրգ և բուրջ տերմինները։
«ԱՇՏԱՐԱԿ», թնդեցված տեսակավոր գինի։ Մինչև 1953-ը արտադրվել է «Խերես» մակնիշով։ Ստացվում է «Ոսկեհատ» և մասամբ «Ճիլար» խաղողից։ Թնդությունը 20 ծավալային % է, շաքարայնությունը՝ 3%, տիտրվող թթվությունը՝ 3–4,5 գ/լ։ «Ա.» հարդագույն է, ունի բոված կաղինի համ՝ դառը նշի երանգով։ Հնեցման ընդհանուր ժամկետը 3 տարի է։ Համամիութենական և միջազգային մրցույթներում ու համտեսների ժամանակ «Ա.»–ին շնորհվել են 3 ոսկե, 8 արծաթե մեդալ, 1 դիպլոմ, 1 ատեստատ։ Արտադրվում է Աշտարակի գինու գործարանում։
«ԱՇՏԱՐԱԿ», օրգան ՀԿԿ Աշտարակի շրջկոմի և աշխատավորների դեպուտատների շրջանային սովետի։ Հրատարակվում է Աշտարակում, 1962-ից, շաբաթը երեք անգամ։ Լույս է տեսել նաև «Այգեգործ կոլխոզնիկ» (1931–55), «Այգեգործ կոլտնտեսական» (1956–62) և «Արագած»( 1963–72) անուններով։ Թերթն արտացոլում է շրջանի հաջողությունները գյուղատնտեսական ու անասնաբուծական մթերքների արտադրության գործում։ «Ա.»տպագրում է շրջանի աշխատանքային առօրյային նվիրված ակնարկներ՝ խրախուսելով և տարածելով առաջավոր փորձը, մասնագիտական հոդվածներ, հասարակական–քաղաքական, տնտեսագիտական թեմաներով զրույցներ։
ԱՇՏԱՐԱԿԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ, ՀՍՍՀ գինեգործական ձեռնարկություն։ Գտնվում է Աշտարակի շրջանի Օշական գյուղում, ունի բաժանմունքներ Աշտարակում ե Ոսկեվազում։ Կազմակերպվել է 1932-ին։ 1953-ին շահագործման է հանձնվել գործարանի նոր շենքը։ Հագեցված է գինեգործական ժամանակակից տեխնիկայով, ունի 10 հզ. տ խաղողի վերամշակման կարողություն (գինեգործական սեզոնում)։ Վերամշակվող խաղողի հիմնական տեսակը ոսկեհատն է (խարջին), որից պատրաստվում են բարձրորակ տեսակավոր գինիներ, սեղանի և թնդեցրած գինենյութեր։ Նրա «Աշտարակ», «Օշական», «Բյուրական» և «Ոսկեվազ» գինիները միջազգային և միութենական համտեսներում և ցուցահանդեսներում շահել են 10 մեդալ (3 ոսկե, 7 արծաթե)։Խաղողի վերամշակումը գործարանում 1980-ին կհասնի 15 հազար տոննայի, կավելացվի տեսակավոր գինիների արտադրությունը։
ԱՇՏԱՐԱԿԻ ՇՐՋԱՆ, վարչական շրջան Հայկական ՍՍՀ–ում։ Կազմվել է 1930-ի սեպտ. 9-ին (1920–30-ին իբրև գավառակ մտել է ՀՍՍՀ Էջմիածնի գավառի մեջ, 1952–53-ին՝ Երևանի օկրուգի մեջ)։ Տարածությունը 663,7 (1973) կմ² է։ Կենտրոնը՝ Աշտարակ։
Բնական պայմանները։ Գտնվում է Արարատյան գոգավորության նախալեռնային և լեռնային գոտում, Արագած լեռնազանգվածի հվ. և հվ–արլ. լանջերին (1000–3800 մ)։ Կլիմայական պայմանները փոփոխվում են ցածրադիր մասերից դեպի Արագածի լեռնագագաթը՝ չոր ցամաքայինից մինչև լեռնա–տունդրայինը։ Տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր գոտում 14°C է, Արագածի գագաթին՝ -2°C, համապատասխանաբար հուլիսինը՝ 25°C և 8°C, հունվարինը՝ -6°C և -12°C, տարեկան տեղումները 300 և 800 մմ է, ձյունածածկույթի տևողությունը՝ 60 և 240 օր։ Խոշոր գետը Քասաղն է (Ամբերդ վտակով), որի հոսքը կարգավորվում է Ապարանի ջրամբարի ջրերով։ Ա. շ–ում տարածված են կիսաանապատային, լեռնաշագանակագույն, լեռնակարբոնատային և լեռնային սևահողերը, լեռնամարգագետնային հողերի տարատեսակները՝ օշինդրային-կիսաանապատային, տափաստանային և ալպյան բուսականությամբ, Ամբերդի շրջակայքում՝ չորասեր կաղնուտները (մոտ 2700 հա)։ Կենդանիներից հանդիպում են՝ գայլ, աղվես, նապաստակ, կզաքիս, գորշուկ, աքիս ևն։ Ա. շ. հարուստ է շինանյութերով (տուֆեր, հրաբխային խարամ, պեմզա, բազալտներ, անդեզիտաբազալտներ, անդեզիտներ)։
Բնակչությունը։ Ա. շ–ում բնակվում է 33 հզ. մարդ (1972, առանց հանրապետական ենթակայության Աշտարակ քաղաքի և Մուղնի գյուղի), հայեր և մասամբ՝ քրդեր։ Միջին խտությունը 1 կմ² վրա՝ 49,5 մարդ։ Ունի 23 բնակավայր։
Քարտեզը տես 496 էջից հետո՝ ներդիրում։
Պատմական ակնարկ։ Հին և միջին դարերում Ա. շ–ի ներկայիս տերիտորիան մտել է Սեծ Հայքի Այրարատյան նահանգի Արագածոտն գավառի մեջ։ Արշակունիների թագավորության շրջանում Ա. շ. եղել է արքունիքի սեփականություն, որը հետագայում անցել է Ամատունի նախարարներին։ Արաբական տիրապետության ժամանակ Ա. շ. ամբողջապես մտել է Բագրատունիների Անի–Շիրակի թագավորության մեջ՝ կազմելով Պահլավունի իշխանների սեփականությունը։ XIII դ. սկզբներին, Զաքարյան իշխանների օգնությամբ թուրք–սելջուկներին Հյուսիսային Հայաստանից դուրս վռնդելու ժամանակ, Ա. շ–ում հաստատվել են Վաչուտյանները։ Վերջիններիս իշխանության կենտրոնը Արագածի հվ. լանջին գտնվող Ամբերդ դղյակն էր, որը նախորդ շրջանում պատկանում էր Պահլավունիներին։ Թուրք–պարսկական տիրապետության շրջանում (XVI դարից մինչև XIX դ. առաջին քառորդի վերջը) Ա. շ․ կազմում էր Երևանի խանության Կարբի–բասարի մահալը, որը հետագայում՝ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, մտավ Երևանի նահանգի (1849) մեջ՝ սկզբում կազմելով Երևանի գավառի, իսկ 1867-ից՝ նորաստեղծ Էջմիածնի գավառի մասը։ Նախասովետական շրջանում Ա. շ–ի տնտեսությունը, լեռնային մյուս շրջանների համեմատությամբ, փոքր–ինչ ավելի զարգացած էր, բայց գյուղերը, իրենց արտաքին տեսքով ու տների կառուցվածքով, ոչնչով չէին տարբերվում Հայաստանի մյուս շրջանների գյուղերից։ Դրանք հարթ կտուրով խրճիթների անկանոն կուտակումներ էին, անբարեկարգ, զուրկ տարրական հարմարություններից:
Մարքսիստական գաղափարների առաջին տարածողները Ա. շ–ում եղել են ուսանող–երիտասարդները, որոնք, սովորելով Պետերբուրգում, Մոսկվայում, Թիֆլիսում և այլուր, վերադառնում էին հայրենի վայրերը։ Առաջին կոմունիստական կուսակցական բջիջները կազմակերպվել են սովետական կարգերի հաստատումից հետո, 1921–22-ին՝ Աշտարակ, Կարբի գյուղերում։ 1925-ին արդեն այդ կազմակերպություններում կոմունիստների թիվը 50-ից ավելի էր։ Մինչև 1930-ը Ա. շ–ի կուսակցական աշխատանքները գլխավորում էր Էջմիածնի գավառային կուսկոմիտեն։ 1930-ից ստեղծվեց Ա. շ–ի կուսկազմակերպությունը, որն անցած տարիներին ունեցել է 34 կոնֆերանս։ 1973-ի հունվ. 1-ի դրությամբ Ա. շ–ում կար 83 կուսակցական սկզբնական կազմակերպություն՝ 1140 կոմունիստներով, իսկ 1920-ական թթ. ձևավորված կոմերիտական կազմակերպությունում՝ 74 սկզբնական կազմակերպություն՝ 4223 կոմերիտականներով։
Ա. շ. հարուստ է հնագիտական և ճարտ. հուշարձաններով, որոնք պատկանում են ամենատարբեր ժամանակա–