Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/493

Այս էջը սրբագրված է

ԱՇՏԵ (նաև աշտեն), երկար կոթով նիզակ: Գործ է ածվել ձեռքով հարվածելու կամ նետելու համար։ Ա–ի կոթունը պատրաստվել է փայտից, ծայրը՝ հնում բրոնզից, միջին դարերում՝ երկաթից։ Հայկական բանակում եղել է աշտեավորների հատուկ զորամաս։ Ա. առաջին անգամ հիշատակում է Մովսես Խորենացին, որն այն նույնացնում է մկունդի հետ։


ԱՇՏԻՇԱՏ (հնագույն ձևը՝ Հաշտիշատ), ավան Մեծ Հայքի Տարոն նահանգում, Արածանի գետի աջ ափին։ Ագաթանգեղոսը և Մովսես Խորենացին Ա. անվանում են նաև «Հաշտից տեղիք»։ Ա. հեթանոսական Հայաստանի կրոնական գլխավոր կենտրոնն էր։ Այստեղ էին գտնվում Վահագնի, Անահիտի և Աստղիկի մեհյանները՝ նրանց արձաններով։ Ա–ում հատուկ շուքով նշվում էր Վարդավառի տոնը (տես Հայ ժողովրդական տոներ)։ Մովսես Խորենացու վկայությամբ, հեթանոսական շրջանում Ա. Վահունի քրմապետների ժառանգական սեփականությունն էր։ Հայաստանում քրիստոնեության տարածման ժամանակ Ա–ի մեհյաններն ավերվեցին և նրանց տեղում հիմնվեց վանք, որը դարձավ Աղբիանոսյանների եպիսկոպոսական տոհմի նստավայրը և նույնիսկ հավակնությունը 439-ին, Սահակ Պարթև կաթողիկոսի մահից հետո, կտակով անցան Մամիկոնյաններին։ Ա–ում տեղի են ունեցել եկեղեցական երեք ժողովներ (տես Աշտիշատի ժողով 356)։ Ա–ում էր գտնվում Սահակ Պարթևի դամբարանը։ Մինչև 1915-ը ավանի տեղում հայաբնակ Դերիկ գյուղն էր։

Գրկ. Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1909։ Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե., 1968։ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց․ Ե․, 1968։ Կ. Ավետիսյան


ԱՇՏԻՇԱՏԻ ԺՈՂՈՎ 356, կանոնադիր ժողով Հայաստանում։ Հրավիրվել է Տարոն գավառի Աշտիշատ ավանում, Ներսես Ա Մեծ կաթողիկոսի նախաձեռնությամբ, եպիսկոպոսների և ավագ իշխանների մասնակցությամբ։ Ընդունել է կանոնական որոշումներ, որոնք արտացոլել են IV դ. Հայաստանի հասարակական հարաբերությունները։ Դասակարգային սրված հակասությունները մեղմելու նպատակով ժողովը իշխողներից պահանջում էր չափավորել աշխատավոր խավերի վրա ծանրացած հարկերը։ Ծառաներին պատվիրում էր հավատարիմ և հնազանդ լինել տերերին։ Քրիստոնեական գաղափարախոսությունը ժողովրդի մեջ արմատավորելու համար սահմանում էր բոլոր գավառներում հիմնել հունարեն և ասորերեն դպրոցներ (Հայաստանում IV դ. ուսուցումը կատարվում էր այդ լեզուներով)։ Ա. ժ. կանոնում էր արգելել հեթանոսական որոշ սովորույթներ՝ մերձավոր ազգականների ամուսնությունը, մեռելների վրա անպատշաճ լաց ու կոծը, նվագելը ևն։ Նախատեսում էր անբուժելի հիվանդությամբ տառապողների համար բացել հիվանդանոցներ, անկելանոցներ և մեկուսացված բնակատեղեր, որոնց խնամատարությունը կատարվելու էր ավաններից ու ագարակներից գանձվող հատուկ հարկերով։ Գյուղերում և քաղաքներում պետք է կառուցվեին հյուրանոցներ, որբանոցներ ու այրիանոցներ։

Գրկ. Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե., 1968։ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց․ Ե․, 1968։ Մ․Կատվալյան


ԱՇՐԱՊ, Աշրաֆ, գյուղ Պարսկահայաստանում, Ղարադաղի Քեյվանի գավառակում, լեռնային և սակավաջուր վայրում։ XX դ. սկզբներին ուներ 20 տուն՝ 120 հայ բնակիչներով, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և մասամբ՝ այգեգործությամբ։ Ուներ եկեղեցի, նախակրթակաև մասնավոր փոքրիկ վարժարաև։ 1946-ին Ա–ի հայերը ներգաղթել են Սովետական Հայաստան։


ԱՇՐԱՖԻ Մուխթար Աշրաֆովիչ (ծն. 1912), ուզբեկ սովետ, կոմպոզիտոր և դիրիժոր։ ՍՍՀՄ ժող. արտիստ (1951)։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ Ծնվել է մայիսի 29 (հունիսի 11)–ին, Բուխարայում։ 1934–36-ին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի դասարանում, 1948-ին էքստեռն ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիայի դիրիժորական ֆակուլտետը։ 1944-ից դասավանդել է Տաշքենդի կոնսերվատորիայում (1953-ից՝ պրոֆեսոր)։ Ս. Ն. Վասիլենկոյի հետ ստեղծել է ուզբեկական առաջին ազգային օպերաները՝ «Բորան» (1938), «Մեծ ջրանցք» (1940)։ Գրել է «Հերոսական սիմֆոնիա» (1942, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1943), «Ուզբեկստան» (1947) և «Երգ երջանկության» (1951, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1952) կանտատները, «Դիլորոմ» օպերան (1957)։


ԱՇՐԱՖՅԱՆ Զարմայր Անդրեասի (1898–1936), սովետական պետական և կուսակցական աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1918-ից։ Ծնվել է մարտի 15-ին, Հաջիղարա (այժմ՝ Հայկական ՍՍՀ Գուգարքի շրջանի Լեռնապատ) գյուղում։ 1917-ին ավարտել է Թիֆլիսի 6-րդ արական գիմնազիան։ 1919-ին ընդունվել է Թիֆլիսի համալսարանի պատմա–բանասիրական ֆակուլտետը, բայց ուսումը չի շարունակել։ 1920-ին ՌՍԴԲԿ Կովկասյան երկրկոմի առաջադրանքով մեկնել է Ղարաքիլիսա, մասնակցել Մայիսյան ապստամբությանը, ապա սովետական կարգերի հաստատմանն ու ամրապնդմանը։ Ա. երկար տարիներ ղեկավար աշխատանք է կատարել Հայկական ՍՍՀ–ում, Անդրկովկասյան Ֆեդերացիայում, Ուկրաինական ՍՍՀ–ում։ 1923–26-ին աշխատել է որպես Հայաստանի Ռազմա–հեղափոխական տրիբունալի նախագահ, 1927–28-ին՝ գերագույն դատարանի նախագահ, 1928–29-ին՝ Արդարադատության ժողկոմ։ 1932-ին, ավարտելով Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստ–ը, վերադարձել է Հայաստան, նշանակվել լուսժողկոմ, ապա աշխատել որպես ՀԿԿ Կենտկոմի քարտուղար։ Եղել է ՀԿԿ Կենտկոմի և ՀՍՍՀ ԿԳԿ–ի անդամ։ 1934-ին Ա. Անդրֆեդերացիայի պետպլանի նախագահի տեղակալն էր, 1935–36-ին՝ Ուկրաինայի Կարմիր պրոֆեսուրայի ինստ–ի դիրեկտորը, ապա՝ Ուկրաինայի կոմկուսի ԿԿ–ի կուլտուրայի և պրոպագանդայի բաժնի վարիչը։ Ա. զբաղվել է նաև գիտական գործունեությամբ. «Սովետական Միության քրեական իրավունք» (1933, ռուս.) աշխատության համահեղինակն է։


ԱՇՈՒՂ (արաբ. սիրահար), հայերի, ադրբեջանցիների, վրացիների և ՍԱՀՄ մի շարք ուրիշ ժողովուրդների, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրների ժողովրդա–պրոֆեսիոնալ արվեստագետ՝ բանաստեղծ–երգիչ–երաժիշտ։ Ա. երգի ձևով մատուցում է սեփական բանաստեղծությունը՝ այն զուգորդելով ավանդական կամ ինքնաստեղծ մեղեդու հետ, որևէ երաժշտական գործիքի վրա նվագակցելով ինքն իրեն։ Եղել են գյուղական, քաղաքային ու պալատական Ա–ներ։ Արտահայտել են հասարակական հնչեղություն ունեցող գաղափարներ ու մարդկային զգացմունքներ։ Ելույթ են ունեցել մենակ, երկուսով (երկախոսելով կամ մրցելով), նվագածուների խմբի ընկերակցությամբ՝ գյուղական հրապարակում, քաղաքային սրճարանում, հարսանիքների, խնջույքների, ժողովրդական տոնախմբությունների և ուխտագնացությունների ժամանակ՝ կատարելով թե՛ սեփական և թե՛ այլ աշուղների ստեղծագործությունները։

Հայ իրականության մեջ հին գուսաններից մի քանիսը «աշըղ» են վերանվանվել տակավին XVI դ.։ Սակայն հայկ. պրոֆեսիոնալ աշուղությունը ծագումով կապված է Մերձավոր Արևելքի ուշ միջնադարյան (XVII – XVIII դդ.) մշակութային ընդհանուր իրականությանը և կազմավորվել է Սպահանի (Նոր Ջուղայի), Կ. Պոլսի և Թիֆլիսի հայկական գաղութներում։ Հայ Ա–ներն իրենց արվեստի մի քանի էական կողմերով ու արտաքին հատկանիշներով սկզբում ընդհանուր շատ գծեր ունեին Մերձավոր Արևելքի այլազգի (պարսիկ, թուրք) աշուղների հետ։ Նրանք, որպես կատարողներ, տվյալ շրջապատում տիրապետող լեզվի կամ հայկական որևէ բարբառի միջնորդությամբ մեր ժողովրդին ծանոթացրել են արևելյան մի շարք վեպերի, սիրավեպերի ու հեքիաթների («Ռոստամ Զալ», «Խոսրով թագավոր», «Ասլի Քյարամ», «Քյորօղլի», «Լեյլի Մեջնուն», «Սիաբենտո և Խաջե Զարե»)։ Ա–ները արծարծել են բազմազան թեմաներ՝ սեր, փիլիսոփայական մտորում, բարոյական խրատ, պատմական իրադարձություն, հայրենասիրություն, սոցիալական ու կենցաղային հարցեր։ Դրանք մարմնավորելիս նրանք օգտվել են Մերձավոր Արևելքի, ինչպես նաև ազգային գուսանական, քաղաքային, գեղջուկ–ժողովրդական, անգամ եկեղեցական երգարվեստի ակունքներից ու տաղերգուների արվեստից, նշանակալի ավանդ են մուծել աշու–