Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/496

Այս էջը սրբագրված է

ԱՇՈՒՐՆԱԱԻՐՊԱԼ II (ծն. թ. անհտ․ – մ. թ. ա. մոտ 859), Ասորեստանի թագավոր մ. թ. ա. 883-ից։ Նվաճել է Հյուսիսային Միջագետքը, Փյունիկիան, Հյուսիսային Ասորիքը, կողոպտչական արշավանքներ կատարել նաիրյան ցեղերի դեմ։ Ա. իր արձանագրություններում պարծենկոտությամբ պատմում է այդ ցեղերից «զորավոր պարիսպներով 250 քաղաքների» նվաճման մասին։


ԱՈՄԻՆ (պորտուգալերեն՝ Մակաո), պորտուգալական տիրույթ Չինաստանի հարավ–արևելքում, Հարավ–Չինական ծովի ափին, Սիցզյանի գետաբերանում։ Ա. ընդգրկում է համանուն թերակղզին, Թայպա, Կոլոանե կղզիները։ Տարած. 16 կմ² է, բն. 260 հզ. (1968), չինացիներ, պորտուգալացիներ (8 հզ.)։ Գլխավոր քաղաքը Աոմինն է։ Զբաղվում են ձկնորսությամբ և առևրով։ Ոսկու և հաշիշի առևտրի կենտրոն է։ Կան սննդի, լուցկու, ցեմենտի ձեռնարկություններ։ Այժմ ՉԺՀ–ի արտաքին առևտրի զգալի մասն իրականացվում է Ա–ի վրայով։ 1557-ին Պորտուգալիան Ա. վարձակալել է Չինաստանից, իսկ 1849-ին՝ հայտարարել նրա լրիվ անջատումը։ 1951-ին ստացել է Պորտուգալիայի «անդրծովյան տերիտորիայի» ստատուս։


ԱՈՐՏԱ (հուն, άορτή), թռչունների և կաթնասունների արյան շրջանառության մեծ շրջանի գլխավոր զարկերակը։ Մարդու Ա. սկիզբ է առնում սրտի ձախ փորոքից, գոյացնում է լայնանք՝ կոճղեզ, բարձրանում վեր (վերել Ա.), աղեղնաձև թեքվում է հետ (Ա–ի աղեղ) և կրծքային 4-րդ ողի մակարդակից իջնում ցած (վայրէջ Ա.), ապա որկորի հետ խաչվելով անցնում ստոծանին և դուրս գալով որովայնի խոռոչ՝ գոտկային 4-րդ ողի մակարդակին, բաժանվում է աջ ու ձախ զիստային ընդհանուր զարկերակների։ Ա–ի տարբեր հատվածներից սկիզբ են առնում բազմաթիվ զարկերակներ։


ԱՉԱԴԱՐԱ, գյուղ Աբխազական ԻՍՍՀ Սուխումի շրջանում, Գումիստա գետի ափին, Սուխումից 3 կմ արևմուտք։ Երկաթուղային կանգառ է։ 1815 բն. (1970), հայեր և վրացիներ։ Միավորված է Գումիստայի կոլտնտեսության հետ, որն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ։ Ունի հայկական ութամյա դպրոց։ Գյուղը հիմնադրել են Օրդուից եկած հայերը, 1900-ին։


ԱՉԱՋՈՒՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Իջևանի շրջանում, շրջկենտրոնից 17 կմ հյուսիս։ 3854 բն. (1970), հայեր։ Կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև այգեգործությամբ, ծխախոտի, հացահատիկի մշակությամբ։ Ա–ում գործում են միջնակարգ դպրոց, ակումբ, 2 գրադարան, մշակույթի պալատ, կինո, մսուր–մանկապարտեզ, կապի բաժանմունք, ավտոմատ հեռախոսակայան, հիվանդանոց։ Ա–ից 3 կմ հվ. գտնվում է Մակարավանք (X– XI դդ.) նշանավոր հուշարձանը։ Գյուղի շրջակայքում կան գյուղատեղեր, եկեղեցիների ավերակներ, գերեզմանոցներ։


ԱՉՄԱՐԴԱ (ն. Օվա), գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գագրայի շրջանում, Սանդրիփշի գետի ափին, շրջկենտրոնից 38 կմ հյուսիս։ 410 բն. (1970), հայեր։ Միավորված է Բաղնարիի կոլտնտեսության հետ, որն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ և պտղաբուծությամբ։ Կան հայկական ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան։ Գյուղը հիմնադրել են Սոչիի և Աբխազիայի Խոպի շրջաններից տեղափոխված հայերը, 1898-ին։

ԱՉՔ, լուսային գրգիռներն ընկալող օրգան որոշ անողնաշարավոր, բոլոր ողնաշարավոր կենդանիների և մարդու մոտ։ Անողնաշարավորների մեծ մասի համար Ա–ի դեր են կատարում տեսողության ոչ բարդ օրգանները (տես Ֆասետային աչք)։ Ողնաշարավորների Ա–երը զույգ են, ունեն նույնատիպ կառուցվածք, տեղավորված են գանգի ակնակապիճներում և կազմված են ակնագնդից ու օժանդակ օրգաններից (ակնաշարժ մկաններ, արցունքագեղձ, կոպեր, աչքի խորշանյաթ)։ Մարդու ակնագնդի տրամագիծը մոտ 24 մմ է։

Ակնագնդի պատերը կազմված են երեք պատյաններից և նրանց մեջ պարփակվող աչքի կորիզից (ապակենման մարմին, ոսպնյակ, առաջային խցիկի հեղուկ)։ Ակնագնդի արտաքին պատյանը կոչվում է սպիտապատյան (կարծրաթաղանթ), որին կպած են ակնագունդը շարժող 6 մկաններ։ Սպիտապատյանի առջևի ուռուցիկ մասը եղջերաթաղանթն է, որը բացարձակ թափանցիկ է և կատարում է լուսաբեկիչ դեր։ Ակնագնդի միջին պատյանը անոթաթաղանթն է, հարուստ՝ ակնագունդը սնող արյանանոթներով։ Անոթաթաղանթը Ա–ի առաջային մասում գոյացնում է վայրէջ ծիածանաթաղանթ՝ լցված աչքի գույնը պայմանավորող պիգմենտային բջիջներով։ Ծիածանաթաղանթի կենտրոնում բիբն է, որտեղից լույսի ճառագայթները անցնում են ակնագնդի մեջ։ Ծիածանաթաղանթը ունի շրջանաձև և ճառագայթաձև դասավորված մկանախրձեր, որոնք ուժեղ լույսի դեպքում բիբը նեղացնում են, իսկ թույլ լույսի կամ մթության պայմաններում՝ լայնացնում։

Ծիածանաթաղանթի ներսի երեսին գոյություն ունեն թարթիչային մարմիններ, որոնց մկանախրձերը նուրբ թելիկներով կապված են երկուռուցիկ ոսպնյակը գրկող պատյանի հետ։ Թարթիչային մարմնի մկանները կծկվելով թուլացնում կամ ձգում են ոսպնյակի պատյանի կապանները՝ փոփոխելով նրա լուսաբեկիչ հատկությունները։ Հեռու գտնվող առարկաները դիտելիս ոսպնյակը տափակում է, մոտիկին նայելիս՝ դառնում ավելի ուռուցիկ (տես Ակոմոդացիա աչքի)։ Ակնագնդի պատի ներքին շերտը ցանցաթաղանթն է, որը կազմված է լուսային գրգիռներն ընկալող մի քանի շերտ նյարդաբջիջներից։ Վերջիններս նման են ցուպիկների և շշիկների։ Ցուպիկներն ընկալում են լույսի ամենաթույլ ճառագայթները (մթնշաղային տեսողություն), իսկ շշիկները՝ միայն վառ լույսի ճառագայթները (ցերեկային տեսողություն) և առարկայի գույնը։ Մարդու Ա–ում կան 110–125 մլն. ցուպիկներ և 6–7 մլն. շշիկներ։ Ցանցաթաղանթի ամենազգայուն տեղը դեղին բիծն է։ Յուրաքանչյուր ակնագնդում, ցանցաթաղանթի ներսի երեսից սկիզբ են առնում 800 հզ.–1 մլն. նյարդաթելեր, որոնք, միանալով միմյանց, կազմում են տեսողական նյարդը։ Վերջինս, մտնելով գանգի խոռոչը, միանում է մյուս Ա–ից եկող տեսողական նյարդի հետ, կիսախաչվում և կազմում տեսողական ուղին, որը շարունակվում է մինչև տեսողության բարձրագույն նյարդային կենտրոնը՝ գլխուղեղի ծոծրակային բլթի կեղևը։ Ա–ի կոպերը զույգ, շարժուն, վարագուրանման մաշկային գոյացություններ են, որոնց ազատ եզրին դասավորված են թարթիչները։ Կոպերի հաստության մեջ կան ճարպագեղձեր, որոնց արտադրած ճարպը դուրս է գալիս եզրից և օծում նրան։ Ակնակապճի վերին դրսի անկյունում տեղակայված է սպիտապատյան արցունքագեղձը, որի ծորանը բացվում է վերին կոպի տակ։ Արցունքն ակնագունդը լվանալուց հետո մղվում է դեպի աչքի ներսի անկյունը, որտեղից հատուկ անցքերով լցվում է արցունքապարկ, ապա քթարցունքային խողովակով գնում քթի խոռոչ։ Հ. Հակոբյան


ԱՉՔԱՍԱՐ, Ակչալա, Ջավախքի լեռնաշղթայի ամենաբարձր (3196 մ) գագաթը Հայկական ՍՍՀ տերիտորիայում։ Ա. անթրոպոգենի լավային կոն է՝ կազմված անդեզիտադացիտներից։ Լանջերի ստորին և միջին մասերը զառիթափ են, վերին մասերը՝ համեմատաբար թեք ե ծածկված քարացրոններով։


ԱՉՔԸ ԶԱՏՈՂ ՆՅԱՐԴ, գլխուղեղային վեցերորդ զույգ նյարդը։ Կորիզը գտնվում է երկարավուն ուղեղի վարոլյան կամրջի հաստության մեջ։ Ակնակապճում նրան միանում են նաև գգացող և սիմպաթիկ նյարդեր։ Նյարդավորում է ակնագունդը զատող դրսային ուղիղ մկանը։ Ա. զ. ն. վնասվելիս ակնագունդը թեքվում է դեպի քիթը (շլություն


ԱՉՔԻ ԵՂՋԵՐԱԹԱՂԱՆԹԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, կերատիտ (հուն. κέρας), առաջանում է աչքի լորձաթաղանթի վարակական բորբոքման, եղջերաթաղանթի վնասվածքների, տարաճական փոփոխությունների, ինչպես նաև այլ հիվանդությունների (սիֆիլիս, տուբերկուլոզ ևն) հետևանքով։ Ախտանիշներն են՝ աչքի լորձաթաղանթի