Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/497

Այս էջը սրբագրված է

կարմրություն, այտուց, արցունքահոսություն, լուսավախություն, ցավ, տեսողության նվազում, եղջերաթաղանթի վրա երբեմն խոցերի առաջացում։ Առողջացումից հետո պրոցեսի տեղում մնում են պղտորումներ (եղջերենու հատ), որոնք կարող են անդրադառնալ տեսողության վրա և կուրության պատճառ դառնալ։ Բուժումը՝ անտիբիոտիկներ, սուլֆանիլամիդներ և վերականգնման պրոցեսներն արագացնող դեղամիջոցներ։

ԱՉՔԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ակնագնդի, նրա հավելյալ մասերի (կոպեր, արցունքային օրգաններ) և ակնակապճի ախտաբանական վիճակ։ Ա. հ. ամբողջ օրգանիզմի կամ նրա առանձին օրգանների և համակարգերի հիվանդությունների (ռևմատիզմ, տուբերկուլոզ, սիֆիլիս, հիպերտոնիկ հիվանդություն, նյութափոխանակության և ներզատիչ գեղձերի հիվանդություններ) հետևանք են, բայց կարող են առաջանալ նաև տեղային պատճառներից (վարակ, վնասվածք)։ Ա. հ. լինում են բնածին կամ ձեռքբերովի, վարակիչ և ոչ վարակիչ, բորբոքային և ոչ բորբոքային, սուր և քրոնիկական, միակողմանի և երկկողմանի։ Ա. հ–ի շարքին են դասվում նաև բեկունակության խանգարումները (կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ), աչքի նորագոյացությունները, աչքի տրավմաները։ Ավելի հաճախ լինում են աչքի անոթաթաղանթի առաջային հատվածի, լորձաթաղանթի և եղջերաթաղանթի բորբոքումները՝ ծիածանաբորբ, աչքի եղջերաթաղանթի բորբոքում, շաղկապենաբորբ։ Համեմատաբար քիչ են լինում անոթաթաղանթի հետին հատվածի և ցանցաթաղանթի բորբոքումները (անոթաթաղանթի բորբոքում, ցանցենաբորբ)։ Ոչ բորբոքային հիվանդություններից հաճախ հանդիպում են գլաուկոման («սև կամ կանաչ ջուր»), ոսպնյակի մթագնումը («սպիտակ ջուր», «հատ») և աչքի ֆունկցիաների ժամանակավոր կամ կայուն խանգարումով ուղեկցվող տրավմաները։ Ա. հ. մեծ մասամբ լինում են միակողմանի, սակայն երբեմն սկսվելով մի աչքում, անցնում են մյուսին։ Օրինակ՝ աչքի սիմպաթիկ բորբոքումը առաջանում է առողջ աչքում՝ մյուս աչքի թափանցող վնասվածքի հետևանքով։ Կանխարգելման նպատակով անհրաժեշտ է հեռացնել վնասված աչքը։

Ա. հ–ի տարածվածությունը, բնույթը և ծանրությունը կախված են աշխարհագրական, կլիմայական, սոցիալ–տնտեսական պայմաններից և դրանցից բխող՝ առողջապահության ասպարեզում կիրառվող միջոցառումներից։ Բուժական կանխարգելիչ միջոցառումների բարելավման շնորհիվ ՍՍՀՄ–ում վերացել են տրախոման, բլենոռեան, բնական ծաղկի և սիֆիլիսի հետևանքով առաջացած Ա. հ.։ Ա. հ. ուսումնասիրող գիտությունը կոչվում է ակնաբանություն:

Գրկ. Авербах М. И., Офтальмологческие очерки, М., 1949; Многотомное руководство по глазным болезням, под ред. В. Н. Архангельского, т. 1–5, М., 1959–62. Ս. Մուրադյան


ԱՊԱԱԿՏԻՎԱՑՈՒՄ, հագուստից, սննդամթերքից, շինություններից, գետնից, ռազմական տեխնիկայից և այլ առարկաներից ռադիոակտիվ նստվածքների հեռացումը։ Տարբերում են մասնակի և լրիվ Ա.։ Մասնակի Ա. կատարվում է անմիջականորեն վարակված շրջանում, երբ ռադիոակտիվ նստվածքները հեռացվում են այն մակերևույթներից ու առարկաներից, որոնց հպվելիս կարող են վարակվել մարդիկ։ Լրիվ Ա. իրականացվում է միայն վարակված շրջանից հեռանալուց հետո՝ հատուկ մշակման կայաններում։ Ա–ման համար օգտագործվում են ջրի ուժեղ շիթ, ապաակտիվացնող լուծույթ, գետնի վերին շերտը (առնվազն 5 սմ) հեռացնող մեքենաներ (գրեյդերներ, բուլդոզերներ)։


ԱՊԱԲԵՎԵՌԱՑՈՒՄ, 1. էլեկտրոդների բևեռացման փոքրացումը էլեկտրտկան հոսանքի քիմիական աղբյուրներում կամ էլեկտրոլիզի ժամանակ։ Ա. հետևանք է ապաբևեռացնող նյութերի ( ևն) ազդեցության, որոնք սովորաբար մասնակցում են էլեկտրոդսւյին պրոցեսին, փոխում նրա բնույթը (երբեմն նաև մեծացնում պրոցեսի արագությունը), փոքրացնում էլեկտրոդի պոտենցիալը։ 2. Լույսի բևեռացման աստիճանի փոքրացումը նկատվում է պղտոր միջավայրում կամ կաթնապակու վրա լույսի ցրման ժամանակ։ Լույսի մոլեկուլային ցրման դեպքում, ըստ մոլեկուլների անիզոտրոպության, ցրված լույսը ապաբևեռացվում է։ Լյումինեսցենցող լուծույթների արձակած լույսը ապաբևեռացվում է երկու ճանապարհով՝ գրգռված մոլեկուլների պտտման (լույսի պտտական Ա.) կամ գրգռման էներգիան գրգռված մոլեկուլներից չգրգռվածներին փոխանցելու միջոցով (լույսի կենտրոնացած Ա.)։


ԱՊԱԳԱ (մինչև 1935՝ Թուրքմենլու), գյուղ Հայկական ՍՍՀ Էջմիածնի շրջանում, շրջկենտրոնից 11 կմ հարավ–արևմուտք։ 1196 բն. (1970), հայեր, քրդեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, կինո, բուժկայան։


ԱՊԱԴԱՆ, հանդիսությունների և ընդունելությունների դահլիճ Աքեմենյան Պարսկաստանի թագավորական պալատներում։ Հատակագծում քառակուսի կամ ուղղանկյուն է, բազմասյուն, փայտածածկ, հարթ տանիքով։ Հայտնի են Պասարգադի, Պերսեպոլսի, Շոշի (Սուզա) Ա–ները։ Ամենանշանավորը Պերսեպոլսի՝ երեք կողմից շքամուտքեր ունեցող, 36 սյուներով, այսպես կոչված, Դարեհի և Քսերքսեսի Ա. է (62,5 մ × 62,5 մ)։ Նման դահլիճների նախատիպը հանդիպում է ուրարտական հուշարձաններում (Էրեբունիի և Ալթըն–Թեփե բլրի վրա հայտնաբերված ամրոցի սրահները)։ Էրեբունիի ուրարտական Խալդ աստծո տաճարի 12 սյուներով սրահը Աքեմենյան տիրապետության շրջանում վերակառուցվել է, տեղադրության նույն ռիթմով ավելացվել է ևս 18 սյուն և ստացվել է 30 սյուն ունեցող (29 մ × 33 մ) դահլիճ։

(նկ․) Էրեբունիի ապադանը (մասնակի վերականգնում)։


ԱՊԱԶԳԱՅՈՒՆԱՑՈՒՄ, դեսենսիբիլացում (<լատ. de – ապա + sensibilis – զգայուն). 1. քիմիայում՝ լուսանկարչական թաղանթների լուսազգայունության արհեստական փոքրացում։ Ա. հնարավոր է դարձնում հայտածման ընթացքի տեսողական հսկումը։ Լուսանկարչական թաղանթները մշակում են ապազգայունացնող նյութերի լուծույթներում, որոնք, սովորաբար, օքսիդիչ ներկանյութեր են։ Տարածված ապազգայունացնողներ են պինակրիպտոլ կանաչը (1:5000 ջուր) և դեղինը (1:2000 ջուր)։ Սրանցից առաջինը հայտածիչում չի քայքայվում և կարելի է ուղղակի խառնել նրան։ Օքսիդացնող հատկության պատճառով ապազգայունացնողը խանգարում է լուսազգայուն կենտրոնների քայքայմանը՝ լույսի ազդեցության տակ։ Ապազգայունացված պանքրոմային բարձր զգայուն թաղանթները կարելի է հայտածել դեղին կամ կանաչ, իսկ պոզիտիվները՝ թույլ էլեկտրական լույսի տակ (առանց ֆիլտրի)։ 2. Կենսաբանության մեջ՝ օրգանիզմի զգայունության փոքրացումը որևէ քիմիական, հատկապես՝ սպիտակուցային նյութերի կրկնվող ներգործության նկատմամբ։ Սպիտակուցային նյութերի, օրինակ շիճուկների նույնիսկ ամենափոքր քանակության ներերակային, ներմկանային և ենթամաշկային ներարկումը սովորաբար առաջացնում է օրգանիզմի զգայունության բարձրացում՝ սենսիբիլացում, իսկ կրկնվող ներմուծումը՝ Ա.։ Շիճուկներով բուժելու անհրաժեշտության դեպքում օրգանիզմը ապազգայունացնում են՝ կիրառելով շիճուկի կոտորակային ներմուծում (Ա. Ս. Բեզրեդկա, 1928), որը կանխում է շիճուկային հիվանդությունների (տես Անաֆիլաքսիա) հնարավոր առաջացումը։ Հ. Չալթիկյան


ԱՊԱԼԱՉՆԵՐ (Appalachian Mountains), լեռներ Հյուսիսային Ամերիկայի արևելքում, հյուսիսային լայնության 33°–49°–ի միջև (ԱՄՆ, Կանադա)։ Երկ. 2600 կմ է, լայն. 300–500 կմ։ Ամենաբարձր գագաթը Միտչելն է (2037 մ)։ Ա. առաջացնում են հվ–արմ–ից հս–արլ. ձգվող լեռնաշղթաների. հովիտների, սարավանդների և սարահարթերի գոտի։ Հվ–արլ. և հս. մասերը կազմված են բյուրեղային, հվ–արմ–ը՝ նստվածքային ապարներից։ Մեզոզոյի վերջում և կայնոզոյում ենթարկվել են ուժեղ բարձրացման, մասնատվել և ստացել ներկայիս տեսքը։ Անթրոպոգենում հս. մասը սառցապատվել է, հվ–այինը մնացել է տաք և խոնավ կլիմայի պայմաններում։ Ա–ի հս–ը (մինչև Նյու Յորք քաղաքը) սարահարթ է, առանձին զանգվածներով և լեռնաշղթաներով՝ Ադիրոնդակ (1628 մ), Կանաչ լեռներ (1200 մ), Սպի–