Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/499

Այս էջը սրբագրված է

մշակվել և արդյունաբերական արտադրության մեջ արմատավորվել է Հայաստանում, որի համար Մ. Բաբաջանյանը, Վ. Մինասյանը և Ֆ. Էնտելիսը 1947-ին արժանացել են ՍՍՀՄ պետական մրցանակի։ Ապակեզանգվածից իրեր պատրաստում են տարբեր եղանակներով։ Ա–ու ձգումը ուղղաձիգ կամ հորիզոնական մեքենաներով կիրառվում է լուսամուտի և տեխնիկական Ա–ու, խողովակների, ապակեձողերի, ապակեթելի արտադրության, գլոցումը՝ շինարարական, նախշազարդ, ամրանավորված և այլ տիպի թերթապակիների համար։ Փչումը կիրառվում է տեսակավոր ամանեղեն, նեղբերան տարա, քիմիական–լաբորատոր անոթներ, մամլումը՝ հաստ պատերով իրեր (բաժակ, գավաթ, շաքարաման ևն) պատրաստելու համար։ Մամլափչումը զուգակցում է մամլման և փչման գործողությունները և կիրառվում լայնբերան տարայի արտադրության համար։ Ձուլման եղանակով պատրաստվում են աստղագիտական գործիքների խոշոր սկավառակներ։ Փափկացման եղանակով կաղապարում են նախապատրաստուկներ օպտիկական Ա–ուց, ինչպես նաև ապակե խոշոր արձաններ։ Այդ նպատակով Ա–ու կարծր կտորները մտցնում են կաղապարի մեջ, աստիճանաբար տաքացնում, և մածուցիկ դարձած զանգվածը կաղապարը լցնում է սեփական կշռի շնորհիվ կամ մամլվելով։ Արտադրության պրոցեսում սառչելու հետևանքով առաջացող մնացորդային լարվածությունները վերացնում են թրծաթողման միջոցով։ Առարկային պահանջված հատկություններ հաղորդելու համար այն ենթարկում են տաք, սառը (մեխանիկական) և քիմիական մշակման։ Ներկայումս լայնորեն կիրառվում է նյութի նոր տեսակ՝ սիտալը, որն ստացվում է Ա–ու մշակման և բյուրեղացման ընթացքում։

Ապակու տեսակները։ Շինարարական Ա. ընդգրկում է շինարարության մեջ կիրառվող Ա–ու բոլոր տեսակները։ Առավել մեծ կիրառություն ունի թերթավոր Ա.։ Շինարարական Ա–ու տեսակներն են՝ կոնստրուկտիվ–գեղարվեստական (ապակեբլոկներ, ապակեծրարներ, լուսամուտագոգեր ևն), ամրանավորված, ճարտարապետա–գեղարվեստական (ճարտարապետական դետալներ, զարդաճաղեր, հարթաքանդակներ են) Ա–ները, փրփրապակին ևն։ Կիրառվում է լուսամուտը ապակեպատելու, պատ շարելու, ներքին միջնապատերի, լապտերների պատրաստման, բնակելի շենքերի ճակատամուտքերի, ներսի երեսապատման, սանիտարատեխնիկական կահավորանքի համար ևն։

Տեխնիկական Ա. լայնորեն կիրառվում է ժողովրդական տնտեսության տարբեր ճյուղերում։ Իր հատկություններով և նշանակությամբ բաժանվում է 23 տեսակի։ Դրանցից առավել կիրառական են. օպտիկական, քիմիական–լաբորատորային, բժշկական, էլեկտրատեխնիկական, տրանսպորտային, պաշտպանական, ջերմա–ձայնամեկուսիչ, էլեկտրամեկուսիչ, խողովակային,լուսատեխնիկական, լուսանկարչական, լուծվող Ա–ները, ապակեթելը, ապակեպլաստիկները ևն։

Օպտիկական Ա. ունի խիստ որոշակի օպտիկական հատկություններ՝ բեկման ցուցիչ և դիսպերսիա։ ՍՍՀՄ–ամ արտադրվում է 14 տեսակ օպտիկական Ա., որը, ըստ քարտարանի, ընդգրկում է 97 Ա.։ Օպտիկական Ա–ու բեկման ցուցիչը 1,47-ից մինչև 2,04 է, իսկ դիսպերսիայի գործակիցը՝ 70-ից մինչև 18։ Օպտիկական Ա. բարձրորակ է, երբ ունի քիմիական մեծ կայունություն, ամրություն, նվազագույն չափով գազային և այլ ներառուկներ։ Կիրառվում է օպտիկական գործիքների, սարքերի, օպտիկա–տեխնիկական հարմարանքների և աստղագիտական գործիքների արտադրության համար։

Էլեկտրամեկուսիչ և էլեկտրավակուումային Ա. աչքի է ընկնում դիէլեկտրիկ, քիմիական և ջերմային հատկություններով։ Կիրառվում է էլեկտրամեկուսիչների ու ռադիոմեկուսիչների, էլեկտրական ու ռադիոլամպերի, էլեկտրավակուումային ու էլեկտրոնային սարքերի, ապարատների պատյանների պատրաստման համար։ Էլեկտրավակուումային և դրոտային Ա. արտադրում է Երևանի «Հայէլեկտրալույս» միավորումը։

Լուսատեխնիկական Ա. օպտիկական հատկությունների (լուսաթափանցում և ցրում) կանոնակարգված ցուցանիշներ ունի սպեկտրի տեսանելի մասում։ Կիրառվում է լուսատեխնիկական ապարատների, լուսաֆիլտրերի, ամրանների, ոսպնյակների պատրաստման համար։ Հայաստանում այն արտադրում է Լենինականի Ա–ու գործարանը։

Ապակեթելն ունի բարձր ամրություն (կտրելիս) և ճկունություն։ Կիրառվում է շինարարության մեջ, ջերմա–, ձայնա– և էլեկտրամեկուսիչ զանազան նյութերի (ապակեբամբակի, ապակեգործվածքի ևն) ստացման, իսկ զանազան խեժերի հետ՝ նաև ապակեպլաստիկների արտադրության համար։ Հայաստանում (Սևանում) գործում է ապակեթել և դրանից զանազան արտադրանք թողարկող «Էլեկտրաապակեմեկուսիչ» գործարանը։

Լուծվող Ա. ալկալիական սիլիկատներից բաղկացած, անգույն (երբեմն՝ թույլ կանաչ կամ դեղնավուն) զանգված է՝ ընդհանուր բանաձևով ( կամ , իսկ m = 2–ից 4,5)։ Լուծվում է ջրում՝ առաջացնելով այսպես կոչված հեղուկ Ա.։ Լուծվող ապակու ջրային լուծույթները քիմիապես ակտիվ են, ունեն սոսնձող և կապակցող հատկություններ։ Ստացվում է քվարցե ավազը և սոդան համատեղ հալելով կամ ամորֆ սիլիկահողը ալկալիներում լուծելով։ Որպես կապակցող նյութ օգտագործվում է թթվակայուն ցեմենտների, սիլիկատային ներկերի, ջնարակների, ապակու, օճառի, սննդի, թղթի և այլ արտադրություններում, նաև խճուղիների շինարարության, բնահողերի ամրացման համար են։ Լուծվող Ա. արտադրում է Երևանի «Հայէլեկտրալույս» միավորումը։ Երևանի քարի և սիլիկատների ԳՀԻ–ում մշակվել է պեռլիտների քիմիական վերամշակմամբ պատրաստի լուծույթ՝ հեղուկ Ա. ստանալու տեխնոլոգիա։

Տարայի Ա. նախատեսված է զանազան հեղուկ և պինդ նյութեր պահելու, փոխադրելու և օգտագործելու նպատակով անոթներ պատրաստելու համար, որոնք լինում են նեղբերան (շիշ, բժշկական սրվակ ևն) և լայնբերան (պահածոյի տուփ, շիշ, դեղագործական ամաններ ևն)։ Տարբեր տեսակի շշեր է արտադրում Արզնիի «Հայբյուրեղապակի» գործարանը։ Տարայի գործարան է կառուցվում Հոկտեմբերյանում՝ պահածոյի տուփեր և կոնյակի շշեր արտադրելու համար։

Տեսակային և գեղարվեստական Ա. ընդգրկում է կապարային, ոչ կապարային, անգույն, գունավոր և անթափանց Ա–ուց ստացված իրերը, որոնք նախատեսվում են կենցաղային կարիքների, բնակարանը զարդարելու, կուլտուրկենցաղային հիմնարկները հարդարելու համար։ Այդ իրերը դասակարգվում են ըստ կիրառման՝ ճաշի և թեյի սպասք, գեղարվեստա–դեկորատիվ իրեր ևև, արտադրության եղանակի՝ փչովի, մամլափչովի ևն, մշակման՝ գեղարվեստորեն ձևավորված (արտադրության ընթացքում), հղկված, փորագրված, արծնով և ներկերով նախշազարդված ևն, Ա–ու տեսակի՝ անգույն, բյուրեղային, գունավոր (ամբողջությամբ ներկված), շերտածածկ։ Տեսակային և գեղարվեստական Ա–ուց պատրաստում են՝ բաժակներ, գավաթներ, ծաղկամաններ, մատուցարաններ, ջահեր ևն։ Հայաստանում Ա–ու այս տեսակն արտադրում է «Հայապակի» միավորումը։

Հումքը։ Ա–ու գլխավոր բաղադրամասը՝ , պարունակում են քվարցային ավազները և ավազաքարերը, որոնք Ա–ու արտադրության համար հիմնական հումքն են։ Ապակեգործության մեջ դրանց կիրառման ոլորտը որոշվում է հիմնական բաղադրամասի և առարկայի լուսաթափանցիկության վրա ազդող գունավորող օքսիդների () պարունակությամբ։ Ընդհանուր առմամբ Ա–ու համար ծախսված հումքի 80–85% ավազներ և 10–15% ավազաքարեր են։

Ա–ու մեջ և մտցնում են կարբոնատային ապարների՝ դոլոմիտների, կրաքարերի են, ՝ գլխավորապես կավահողի, պեգմատիտի, նեֆելինային սիենիտի, հիմնային օքսիդները՝ սոդայի, պոտաշի կամ բորակի, իսկ բորի անհիդրիդը՝ բորաթթվի, բորաքսի կամ բորատահանքի (աշարիտ) միջոցով։ Մի շարք օժանդակ նյութերի (գունաթափողների, գունավորողների ևն) կիրառմամբ Ա–ուն որոշակի հատկություններ են հաղորդվում։ ՍՍՀՄ–ում Ա–ու արտադրության հիմնական հումքի՝ քվարցային ավազների և ավազաքարերի հանքավայրերից հայտնի են Ավդեևյան, Նովոսելովյան, Միխայիլովյան և այլ հանքավայրերը։ Ներկայումս Ա–ու հումքի անվանացանկը ընդլայնվել է։ Պաշարների հաշվեկշռի մեջ մտցված են քվարցկաոլինային ավազները, լիպարիտները, ինչպես նաև Հայաստանի հանքավայրերի՝ Էրտիճի, Ջերմուկի, Արարատի պեռլիտային ավազները և Արտենիի քվարցիտները։ –ի պարունակությունը քվարց պարունակող հումքի մեջ 90-ից 99,7% է, իսկ –ինը՝ 0,01-ից 2,5% : Մտնում են նաև մի շարք այլ օքսիդներ՝ ևն։ Անգույն Ա. ստանալիս գունավորող օքսիդների (երկաթի, տիտանի, քրոմի) պարու–