Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/5

Այս էջը հաստատված է

Հայ ընթերցողը վաղուց է զգում մայրենի լեզվով հանրագիտարանի կարիքը։ Ընդհանուր սկզբունքով կազմված գիտելիքների համապարփակ հավաքածուն անհրաժեշտ է ամենից առաջ որպես գիտական տեղեկատու։ Հանրագիտարանը միաժամանակ մատչելի շարադրված գիտելիքների հարուստ շտեմարան է, որից կարելի է օգտվել ցանկացած ժամանակ։ Սակայն, չնայած հայերեն տեղեկատու գրականության, մասնավորապես բառարանագրության բազմադարյան ավանդույթներին, ազգային հանրագիտարան ստեղծելու անցյալի բոլոր փորձերն ապարդյուն են եղել։ Եվ ահա, առաջին անգամ ընթերցողին է մատուցվում հայերեն հանրագիտարան, որ պատրաստվել է մեր գիտական մտավորականության ջանքերով։

Հայկական սովետական հանրագիտարանը (ՀՍՀ) լույս է ընծայվում Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի և Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Մինիստրների սովետի որոշմամբ։ ՀՍՀ ստեղծումը հնարավոր դարձավ սովետական իշխանության պայմաններում հայ ժողովրդի սոցիալական, ազգային ու պետական վերածննդի, տնտեսության ու մշակույթի համակողմանի զարգացման շնորհիվ։

ՀՍՀ պատրաստումը իրականացնում է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիան (ԳԱ), իսկ հրատարակությունը՝ Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի պոլիգրաֆիայի, հրատարակչությունների և գրքի վաճառքի պետական կոմիտեն։ Հոդվածների կազմմանը և մասնագիտական քննարկմանը անմիջականորեն մասնակցում են ԳԱ գիտահետազոտական ինստիտուտները։ Որպես հայ իրականության մեջ ստեղծվող նման տիպի առաջին հրատարակություն, ՀՍՀ աննախադեպ իրադարձություն է մեր ժողովրդի հոգևոր կյանքում։ Ի տարբերություն ճյուղային հանրագիտարանների, որոնք նկատի ունեն ընթերցողների համեմատաբար նեղ շրջանների մասնագիտական հետաքրքրությունները և պարունակում են սոսկ տվյալ գիտությանը վերաբերող տեղեկություններ, ՀՍՀ իր բնույթով համապարփակ է, ընդգրկում է բոլոր գիտությունները՝ արտացոլելով մարդկային մտքի զարգացման արդի մակարդակը։

ՀՍՀ գաղափարական հիմքը մարքսիստական-լենինյան ուսմունքն է։ Լուսաբանելով հասարակական և բնական գիտությունների հարցերը՝ ՀՍՀ ղեկավարվում է գիտության նվաճումները աշխարհի հեղափոխական վերափոխմանը, աշխատավոր զանգվածների կոմունիստական դաստիարակությանը, նրանց գիտակրթական մակարդակի հետագա բարձրացմանը ի սպաս դնելու վերաբերյալ Սովետական Միության կոմունիստական կուսակցության ցուցումներով։

ՀՍՀ հենվում է ազգային մշակույթի ու գիտության անցյալի ժառանգության և ժամանակակից նվաճումների վրա, օգտագործում համաշխարհային, հատկապես ռուս և սովետական հանրագիտական մտքի հաջողությունները։

Հայերեն գիտական տեղեկատու գրականությունն սկզբնավորվել է տակավին V դարում, երբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է հայերեն գրերը։ Այդ և հետագա դարերում հայ գիտնականներն ստեղծել են ոչ քիչ թվով երկեր՝ ընդհանրացնելով տարբեր դարաշրջանների գիտական նվաճումները։ Ըստ էության հանրագիտական բնույթ ունեն Մովսես Խորենացու (V դ.). Անանիա Շիրակացու (VII դ.). Մովսես Կաղանկատվացու (VII դ.), Գրիգոր Մագիստրոսի (XI դ.), Մխիթար Հերացու (XII դ.), Ստեփանոս Օրբելյանի (XIII դ.), Վարդան Արևելցու (XIII դ. ), Գրիգոր Տաթևացու (XIV դ.), Ամիրդովլաթ Ամասիացու (XV դ. ) և անցյալի մեր ուրիշ ականավոր գործիչների երկերը, որոնք, տվյալ ժամանակի համաշխարհային մշակույթի մակարդակը արտացոլելով հանդերձ, պարունակում են գիտական ու պատմաաշխարհագրական հարուստ, այսօր էլ մեծ արժեք ներկայացնող տվյալներ։

ՀՍՀ ստեղծման կարևոր նախադրյալ են հայերեն բառարանները։ Աշխարհի տարբեր վայրերում վերջին երկուսուկես դարերի ընթացքում լույս տեսած հայերեն բազմաբնույթ բառա–