նակությունը նվազեցնելու նպատակով կատարվում են հանքահարստացում, մագնիսական զատում, քիմիական մշակում ևն։
Հայաստանում Ա–ու ավանդական քվարցային հումքի՝ ավազների բացակայությունը, ինչպես նաև Ա–ու մեծ պահանջը պայմանավորեցին ապակեգործության մեջ տեղական ապարների կիրառումը։ Առաջին անգամ պեմզան որպես հումք օգտագործելու փորձ կատարել է Սպրիգերը 1927-ին (Գերմսաիայում)՝ Հայաստանի ժողովրդական տնտեսության բարձրագույն խորհրդի հանձնարարությամբ և տվել բացասական եզրակացություն։ Սակայն 1928–29-ին սովետական գիտնականներ Ի. Կիտայգորոդսկին և Ս. Ռոդինը պեմզաներից և օբսիդիաններից ստացան շշի Ա., որն իր հատկություններով գերազանցում էր սովորականին։ Այժմ «Հայբյուրեղապակի» գործարանը պեմզան օգտագործում է մուգ կանաչ գույնի տարայի արտադրության համար։ Հայաստանի ԳՀԻ–ներում (ՀՍՍՀ ԳԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի, ՍՍՀՄ շինանյութերի արդյունաբերության մինիստրության Երևանի քարի և սիլիկատների ևն) մշակվել և մշակվում են ապակեբամբակի, ապակեթելի, փրփրապակու, տարայի Ա–ու, սիտալների ևն արտադրության համար տուֆեր, բազալտներ, քվարցիտներ, պեռլիտներ, պեմզաներ, կրաքարեր օգտագործելու տեխնոլոգիական պրոցեսներ։ Այդ տեսակետից առավել հեռանկարային են Արտենիի պեռլիտային ավազների, Արագածի պեռլիտի, Ջրաբերի և Չարենցավանի պեմզայի, Ջերմուկի հրաբխային խարամի և այլ հանքավայրեր։ Այդ ինստ–ներում մշակվել են նաև ապարներից մի շարք նյութերի՝ այդ թվում և անգույն Ա–ու համար հումքերի՝ «Երևանիտի» և «Կանազիտի» ստացման տեխնոլոգիաներ։
Ապակեգործության զարգացման պատմությունը։ Բնական Ա. (օբսիդիան) օգտացործվում էր նախնադարյան ժամանակաշրջանում։ Ա–ու արտադրությունն սկզբնավորվել է 5–6 հզ. տարի առաջ։ Ամենահին նմուշները Եգիպտոսում մ. թ. ա. IV հազարամյակի հուշարձաններում հայտնաբերված ուլունքներն են։ II հազարամյակի կեսերից, Եգիպտական XVIII դինաստիայի ժամանակաշրջանում, արտադրվել են անոթներ։ Ապակեգործության հին ավանդույթները շարունակվել են նաև I հազարամյակում։ Օծանելիքի փյունիկյան և եգիպտական ծագում ունեցող բազմաթիվ սրվակներ են հայտնաբերվել միջերկրածովյան երկրներում, ՍՍՀՄ հարավում և այլուր, որոնք թվագրվում են մ. թ. ա. VI–IV դդ.։ Այդ ժամանակաշրջանի վերջում ապակեգործության խոշոր կենտրոն է դարձել Ալեքսանդրիան։ Հելլենիստական շրջանում հնարավոր եղավ ավելի բարձր ջերմաստիճանի հալոցքում ստանալ բարելավված բաղադրությամբ Ա.։ Մ. թ. ա. I դ. վերջում, երբ երևան եկավ փչման տեխնիկան, խոշոր հեղաշրջում կատարվեց ապակեգործության ասպարեզում։ Առաջ եկան նոր կենտրոններ Արևմուտքում (Իտալիա, Իսպանիա, Գալիա, Հռենոսի մարզ, Բրիտանիա) և Արևելքում (Մերձավոր Արևելք, Անդրկովկաս, Միջին Ասիա ևն)։ Առանձնապես աչքի ընկան Ալեքսանդրիան (Եգիպտոս) և Սիդոնը (Ասորիք), որտեղ արտադրվում էին գեղարվեստական բարձրարժեք անոթներ (գունավոր, անգույն, խճանկարով ևն)։ Ա. հնագույն ժամանակևերից հայտնի էր Չինաստանում, որտեղ մ. թ. ա. V–III դդ. ապակե իրեր պատրաստվում էին բավական մեծ քանակությամբ։ Չինաստաևում Ա. պատրաստելու մասին առաջին գրավոր վկայությունները վերաբերում են III դ. վերջին, իսկ V դ. աղբյուրներում խոսվում է չինացիների հինգ գույնով Ա. պատրաստելու հմտության մասին։
Միջին դարերում ապակեգործության հիմնական կենտրոնները գտնվում էին Բյուզանդական կայսրության սահմաններում, Մերձավոր Արևելքում, Անդրկովկասում, Միջին Ասիայում։ Արտադրվում էին տարբեր տիպի և գույնի անոթներ։ Ասորիքում և Բյուզանդիայում լայն տարածում գտան արծնապատ, ոսկեզօծ և նկարազարդ անոթները։ XIII դ. համաշխարհային շուկայում Բյուզանդիան իր դերը զիջեց Վենետիկին, որտեղ մեծ վարպետությամբ ստեղծվեցին բարդ ձևերի և երանգների անոթներ։ XVII դ. Անգլիայում և Չեխիայում երևան եկավ բյուրեղապակին: Ռուսաստանում Ա–ու արտադրությունը սկսվել է միջին դարերից։ Ապակեգործությունը զարգացած է եղել Կիևյան Ռուսիայում, Անդրկովկասում։ XVII–XVIII դդ. Ռուսաստանում ստեղծվում են Ա–ու գործարաններ, որոնք, սակայն, արտադրության եղանակով գտնվում էին նախորդ շրջանի մակարդակին։ XIX դ. վերջում մի շարք երկրներում ապակեգործությունը ինդուստրացվեց, արտադրական պրոցեսները մեքենայացվեցին, արագորեն ընդլայնվեց արտադրանքի տեսականին և ապակե իրերը մատչելի դարձան ժողովրդական լայն զանգվածների համար։
Հայաստանում Ա–ու ամենահին նմուշները (ուլունքներ) հայտնաբերվել են Լճաշենի դամբարաններում (մ. թ. ա. II հազարամյակ)։ Մ. թ. ա. VII դ. Հռոդոսյան ծագում ունեցող անոթներ գտնվել են Կարմիր բլուրում։ Մ. թ. ա. VI–I դդ. հուշարձաններում (հիմնականում՝ դամբարաններ) հայտնաբերվել են ուլունքներ, կնիքներ, ճարմանդներ։ Ապակե իրերն ու առարկաները լայն տարածում են գտել անտիկ դարաշրջանում։ Հայաստանի անտիկ շրջանի Ա. պատրաստման եղանակով, գույների և ձևերի բազմազանությամբ կարևոր նշանակություն ունի հին աշխարհի ապակեգործության պատմությունն ուսումնասիրելիս։ Հայաստանի անտիկ Ա–ու մի մասը իր տիպական առանձնահատկություններով համարվում է տեղական արտադրանք։ Տիգրան Բ Մեծի և Արտավազդ Բ օրոք հարևան հելլենիստական երկրներից Հայաստան են տեղափոխվել բազմաթիվ արհեստավորներ, այդ թվում և ապակեգործներ։ Հայաստանում ապակեգործության առկայության մասին վկայում է նաև Ագաթանգեղոսը հռիփսիմյան ավանդավեպում, ըստ որի կույսերը Վաղարշապատում սկսեցին ապակե ուլունքների արտադրությունը։ Անտիկ ապակեգործության ավանդույթները լայն կիրառում գտան միջնադարյան Հայաստանում։ Ա–ու արտադրության հիմնական կենտրոններն էին Դվինն ու Անին։ Կիրառական լայն հնարավորություններով, ձևերի բազմազանությամբ և գույների ներդաշնակությամբ Հայաստանի միջնադարյան Ա. մերձենում էր Առաջավոր Ասիայի և Մերձավոր Արևելքի ապակեգործությաև արտադրանքի մակարդակին և իր որակով չէր զիջում դրան։ Պեղումների ժամանակ հայտնաբերված մեծաքանակ նյութերը ցույց են տալիս, որ այն կրում էր մասսայական արտադրության բնույթ և արտածվում էր օտար երկրներ։ Հայկական միջնադարյան ապակեգործության զարգացումը ընդհատվեց XIII դ., երբ Հայաստանը ընկավ օտար նվաճողների լծի տակ։
Սովետական իշխանության հաստատումից հետո ապակեգործությունը ՍՍՀՄ–ում, այդ թվում Հայկական ՍՍՀ–ում, աննախադեպ զարգացում ունեցավ։ Գործարկվեցին մեքենայացված նոր գործարաններ, վերակառուցվեցին հները։ Աննախընթաց չափով ավելացավ շինարարական Ա–ու արտադրությունը, ընդլայնվեց տեխնիկական, տեսակային և գեղարվեստական Ա–ու տեսականին ու թողարկումը։ Բազմաթիվ ԳՀԻ–ներ սկսեցին զբաղվել Ա–ու նոր տեսակների ստեղծման և արտադրության տեխնոլոգիական պրոցեսների մշակման ու կատարելագործման հարցերով։ (Տես նաև Ապակու արդյունաբերություն)։
Պատկերազարդումը տես աղ. XXII, 384–85 էջերի միջև՝ ներդիրում։
Գրկ. Առաքելյան Բ. Ն., Տիրացյան Գ. Ա., Խաչատրյան Ժ. Դ., Հին Հայաստանի ապակին (I–IV դդ.), Ե., 1969։ Կոստանյան Կ. Ա., Սիլիցիումի քիմիա և սիլիկատների ֆիզիկական քիմիա, Ե., 1967։ Бутт Л. М., Полляк В. В., Технология стекла, М., 1960; Технология стекла, под общ. ред. И. И. Китайгородского, 4 изд., перераб., М., 1967; Бахтик С., Поспихал В., Облагораживание стекла, пер. с чешск., М., 1970.
ԱՊԱԿԻԵՐԿԱԹԲԵՏՈՆ, երկաթբետոնից և ապակե տարրերից պատրաստված շինարարական նյութ։ Կիրառվում է շենքերի արտաքին ու ներքին լուսաթափանցիկ պատերի, սանդղավանդակների, միջնորմների, տանիքածածկերի, գմբեթների, թաղերի կառուցման համար, ինչպես նաև ճարտարապետական փոքր ձևերում։
(նկ․) Երևանի ավտոկայանի ապակիերկաթբետոնե ծածկը։