Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/501

Այս էջը սրբագրված է

Ըստ լուսատեխնիկական հատկությունների, Ա․ լինում է թափանցիկ, լուսացրող ե լուսաուղղորդ։ Ա–ից պատրաստված բեռ չկրող ծածկերում օգտագործվում են ապակե ձևավոր սնամեջ բլոկներ ու պրիզմաներ կամ ձևավոր սալիկներ, իսկ օգտակար բեռ կրող ծածկերում՝ հոծ սալիկներ, պրիզմաներ և ոսպնյակներ։ Այդ ծածկերը կարող են լինել միաձույլ կամ հավաքովի (պանելներով)։ Ա–ում որպես ամրան կիրառվում են 4–10 մմ տրամագծով պողպատե ձողեր, կարերը լցվում ցեմենտա–ավազային շաղախով։ Արտաքին թեք ծածկերի կարերը դրսից պատվում են ջրամեկուսիչ մածիկով։ Հ․ Բաբայան


ԱՊԱԿՈՄՊԵՆՍԱՑՈՒՄ, օրգանիզմի կամ որևէ օրգանի գործունեության խանգարում, անբավարարություն, որը հետևանք է ախտաբանական փոփոխություններին հարմարվելու կարողության անկման։ Ա․ հաճախ առաջանում է սրտի արատների, աթերոսկլերոզի և հիպերտոնիկ հիվանդության ժամանակ։


ԱՊԱԿՈՒ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, զբաղվում է շինարարական, տեխնիկական, տարայի, տեսակային, քիմիական–լաբորատորային, բժշկական, պարֆյումերային և այլ տեսակի ապակիների արտադրությամբ։ Ապակու օգտագործման ոլորտի ընդլայնումը առաջացրեց Ա․ ա–յան բուռն աճ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՍՍՀՄ–ում։ ՍՍՀՄ–ում Ա․ ա–յան մեքենայացված խոշոր ձեռնարկություններ են գործում Գոմել, Գորկի, Աշխաբադ, Սարատով, Օրեխովո–Զուևո և այլ քաղաքներում։ Լուսամատի ապակու արտադրությամբ ՍՍՀՄ աշխարհում գրավում է առաջին տեղը։ 1970-ին արտադրվել է լուսամատի ապակի (2 միլիմետրանոցի վերածած) ՍՍՀՄ–ում՝ 341,0, ԱՍՆ–ում՝ 120,0, Ճապոնիայում՝ 126,0 մլն․ մ2։ 1971–75-ին Ա․ ա–յան զարգացման հիմնական ուղղությունն է շինարարական և տեխնիկական ապակու նոր տեսակների (ապակեպրոֆիլիտ, ապակեբլոկ, ջերմակայուն ապակի ևն) յուրացումը և նրանց արտադրության ծավալի մեծացումը։ Հայաստանում 1950-ին կառուցվեց Արզնիի ապակյա տարաների գործարանը, որի արտադրողականությունը 1950-ի 10 մլն․ շշի դիմաց 1971-ին հասավ 62 մլն․ շշի։ 1965-ին Լենինականում հիմնվեց լուսատեխնիկական ապակու գործարան, նրա արտադրանքը 1970-ին կազմել է 2,1 հզ․ հատ լուսատեխնիկական ապակի և 1,1 մլն․ կոնյակի շիշ։ 1975-ին գործարանը կարտադրի 500 հգ․ մ2 ապակեբլոկ և ապակեպրոֆիլիտ։ 1969-ին շարք մտավ Արզնիի բյուրեղապակու գործարանը, որը 1970-ին արտադրեց 0,8 մլն․ ռ․ արժողությամբ բյուրեղապակի և 12,2 մլն․ կոնյակի շիշ։ 1971-ին Արզնիի բյուրեղապակու և ապակյա տարաների գործարանները միավորվեցին և ստեղծվեց «Բյուրեղապակի» գործարանը։ 1966-ին սկսվել է Հոկտեմբերյանի պահածոների ապակյա տարաների գործարանի կառուցումը, որի նախագծային կարողությունն է 200 մլն․ պայմանական ապակետուփ և 30 մլն․ կոնյակի շիշ։ Այդ ձեռնարկությունները Լենինականի ապակու գործարանի հետ միասին մտնում են «Հայապակի» միավորման (հիմն․ 1973) մեջ։ Ապակեթել արտադրվում է Սևանի «էլեկտրաապակեմեկուսիչ», իսկ էլեկտրավակուումային ապակի՝ Երևանի էլեկտրալամպերի գործարաններում։ Երևանամ գործում է հայելիների և կահույքի ապակու գործարանը։

Հայաստանն ունի ապակու հումքի գործնականում անսպառ պաշարներ (պեմզա, օբսիդիան, պեռլիտ, քվարցիտ ևն)։ Հրազդանի լեռնա–քիմիական կոմբինատում, քիմիական մշակման շնորհիվ, կստացվեն «Երևանիտ» և «Կանազիտ» բարձրորակ հումքատեսակները։ ՀՍՍՀ ապակու խոշոր սպառող է (գինեգործություն, էլեկտրատեխնիկական, պահածոյի արդյունաբերություն, հանքաջրերի լցում ևն)։


ԱՊԱՀԱՐԶԱՆ, նույնն է, ինչ Ամուսնալուծություն։


ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ, վնասի փոխհատուցման և նյութական ապահովության եղանակ։ Հատուցումը տրվում է իրավաբանական անձանց և քաղաքացիներին տարերային աղետների ու դժբախտ պատահարների հետևանքով նրանց գույքը վնասվելու, նաև ընտանիքը կերակրողի մահվան, աշխատունակության կորստի և այլ դեպքերում։ ՍՍՀՍ–ում Ա․ պետ․ մենաշնորհ դարձավ 1918-ին, բայց, ըստ էության, սկսեց կիրառվել (նաև Հայկ․ ՍՍՀ–ում) 1921-ից։ Ա–յանը մասնակցում են երկու կողմեր՝ ապահովագրողը (ՍՍՀՄ Պետապը, որը ստեղծում է հատուկ ապահովագրական ֆոնդ ու կառավարում այն) և ապահովագիրը (կազմակերպություն, ձեռնարկություն, տնտեսություն կամ քաղաքացի, որը ապահովագրական մուծումներ է կատարում ապահովագրական ֆոնդին)։ 1931-ից պետ․ ունեցվածքը ապահովագրման ենթակա չէ։ Ա․ ըստ ապահովագրման առարկայի լինում է գույքային և անձնական։ Գույքային Ա–յան ժամանակ ապահովագրողը պարտավորվում է ապահովագրին կամ երրորդ անձին (օգտառուին) հատուցել տարերային աղետի կամ դժբախտ պատահարի հետևանքով առաջացած վնասը, նախապես սահմանված գումարով։ Անձնականի դեպքում՝ ապահովագրի կյանքում որոշակի դեպքեր վրա հասնելու պարագայում՝ նրան կամ օգտառուին վճարվում է պայմանավորված ապահովագրական գումարը կամ նրա մի մասը։ Անձնական Ա–յան դեպքում ապահովագրողը, ի ապացույց կնքված պայմանագրի, ապահովագրին տալիս է պոլիս (ապահովագրական վկայական)։ Ինչպես գույքային, այնպես էլ անձնական Ա․ իրականացվում է երկու ձևով՝ պարտադիր և կամավոր։ Պարտադիր Ա․ առաջանում է օրենքի ուժով, իսկ կամավորը՝ ապահովագրողի և ապահովադրի միջև կնքված պայմանագրի հիման վրա։ Անձնական Ա–յան հիմնական ձևը կյանքի խառը Ա․ է, որը կնքվում է 16–60 տարեկան անձանց հետ, տարբեր ժամկետներով։ Պարտադիր անձնական ապահովագրման են ենթարկվում երկաթուղային, ջրային, օդային և ավտոմոբիլային տրանսպորտով հեռավոր երթևեկության կատարող ուղևորները, որոնցից ապահովագրական գանձույթը կատարվում է տոմսի արժեքի հետ։ Ա․ ՍՍՀՄ–ում կարգավորվում է ընդհանուր միութենական օրենսդրությամբ, իսկ առանձին հարցեր՝ միութենական հանրապետությունների օրենսդրությամբ։ Գ․ Ղարախանյան


ԱՊԱՀՈՎԻՉ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, էլեկտրական տեղակայումներն ու հաղորդալարերը գերբեռնվածությունից և կարճ միացման հոսանքից պահպանող սարք։ Կազմված է իրանից և հալուն ներդիրից, որը հալվում է՝ անջատելով շղթան, երբ հոսանքը գերազանցում է նոմինալ մեծությանը։ Ներդիրի երկարությունը պետք է բավարար լինի նրա հալման դեպքում առաջացող աղեղը մարելու համար։ Ներդիրը պատրաստվում է պղնձից, ցինկից և արծաթից, ինչպես նաև կապարից ու նրա համաձուլվածքներից, իսկ իրանը՝ ճենապակուց կամ մեկուսիչ այլ նյութերից։ Մինչև 500 վ լարման դեպքում օգտագործվում են խցանային, թիթեղնավոր և փողաձև, մինչև 10 հզ․ վ–ի դեպքում՝ փողաձև, իսկ մինչև 35 հզ․ վ–ի դեպքում՝ եղջերաձև ապահովիչներ։ Լայն կիրառություն ունեն Մինչև 500 վ լարման ավտոմատները, որոնք կատարում են նաև անջատիչի դեր։


ԱՊԱՀՈՒՆԻՆԵՐ, հայ նախարարական տոհմ Հին Հայաստանի Ապահունիք գավառում։ Ուրարտական արձանագրություններում հիշատակվում են «Աբաենի» անունով (որպես ցեղ և երկիր)։ Մովսես Խորենացին Ա–ին համարում է Հայկից սերված, որոնց նախարարական իրավունքը իբրև հաստատել է ավանդական Վաղարշակ թագավորը։ Ըստ Զորանամակի, Ա–ի ներկայացրած զորաթիվը 1000 ձիավոր էր։ Նրանք այն սակավաթիվ նախարարություններից էին, որոնք արքունիքում զբաղեցնում էին երկու բարձ (տես Գահնամակ)։ Ունեին առանձին եպիսկոպոսություն։ Խորենացին Ա–ին անվանում է «մեծ նախարարություն», «քաջ և զորեղ ցեղ»։ Ա․, ի դեմս Մանեճ իշխանի, Վարդանանց պատերազմում գործակցում էին Վասակ Սյունուն։ Սեբեոսը Ա–ից հիշատակում է Մանվել, Արտավազդ, Վստամ և Հմայակ իշխաններին, որոնք VI դ․ վերջերին պարսկական բանակրւմ կռվում էին քուշանների դեմ։ VI դ․ հետո, շատ նախարարությունների նման, Ա․ կորցնում են իրենց քաղաքական դերը։ Մ․ Կատվալյան


ԱՊԱՀՈՒՆԻՔ, գավառ Սեծ Հայքի Տուրուբերան նահանգում։ Տարածվում էր Բագրևանդ գավառից հարավ՝ Արածանիի վերին ավազանում։ Համապատասխանում է ներկայիս Մելազգերտի (Մանազկերտի) սանջակին։ Արաբ աշխարհագիր Յակուտը վկայում է, որ Ա–ում մշակվում էին երկաթի, պղնձի, մագնեզիումի, աղի հանքեր, կպրաձյութ։ Ըստ Մովսես Խորենացու, Հայոց ավանդական Վաղարշակ թագավորը Ա–ում հաստատել է առանձին նախարարություն (տես Ապահունիներ)։ Ա․ ուներ կենտրոնական դիրք և բազմիցս եղել է պարսիկների, Բյուզանդիայի և արաբների մղած պատերազմների ասպարեզ։ Արաբական տիրապետության շրջանում, IX դ․ սկզբին, Ա–ում իշխում էին Կայսիկները, կարճատև ժամանակ՝ նաև Մրվանյաններն ու Համդանյանները (տես Արաբական ամիրայություններ Հայաստանում)։ Արաբներն Ա․ անվանում էին «Բաջունայիս»։ 885-ից գավառը մտնում էր Հայոց Բագրատունիների թագավորության մեջ, թեև այնտեղ շարու–