ցել են Երկրի խոր հորիզոններում հրահեղուկ մագման սառչելու և բյուրեղանալու հետևանքով։ Մագման կարող է սառչել նաև Երկրի մակերևույթին՝արտավիժելուց հետո։ Մագմատիկական Ա., նայած սառչելու պայմաններին, լինում են ինտրուզիվ (խորքային) և էֆուզիվ (արտավիժած), որոնք իրարից տարբերվում են ստրուկտուրայով տեքստուրայով։ Ինտրուզիվ Ա. (գրանիտ, սիենիտ, դիորիտ, մոնցոնիտ, գաբրո) մագմայի դանդաղ բյուրեղացման պատճառով ունեն լրիվ բյուրեղային ստրուկտուրա և ներդրվում են որպես բաթոլիտներ, շտոկներ, լակոլիտներ, երակներ են։ Էֆուզիվ Ա. (բազալտ, անդեզիտ, տուֆ) ոչ լրիվ բյուրեղային ստրուկտուրա ունեն, հագեցած են հրաբխային ապակիով և հաճախ տեղադրվում են որպես լավային հոսքեր ու ծածկույթներ։ Մագմատիկական Ա.,ըստ սիլիկահողի պարունակության, լինում են՝ թթու (գրանիտ, ապլիտ, ալյասկիտ), միջին թթվության (սիենիտ, դիորիտ, անդեզիտ), հիմքային (գաբրո, դիաբազ, բազալտ), գերհիմքային (պիկրիտ,դունիտ, ամֆիբոլիտ) և ալկալային (նեֆելինային սիենիտ, ֆոնոլիտ)։ Նստվածքային Ա. առաջանում են տարբեր Ա–ի քայքայման, օրգանիզմների մնացորդների կուտակման, ջրավազաններում քիմիական ու մեխանիկական նըստվածքների հետևանքով։ Նստվածքային Ա., ըստ ծագման, բաժանվումեն բեկորայինի (խճաքար, ավազ, կոնգլոմերատ, ավազաքար), Նստվածքայինքիմիականի (աղ, գիպս) և օրգանականի (կրաքար, տորֆ, քարածուխ ևն)։ Նստվածքները երբեմն զգալի փոփոխություններ են կրում(տես Դիագենեզ), դառնում նստվածքայինԱ., որոնց բնորոշ է շերտայնությունը։ Մետամորֆային Ա. առաջանում են երկրակեղևում՝ հրային և նստվածքային Ա-ի փոփոխման հետևանքով (տես Մետամորֆիզմ): Փոփոխություն առաջացնող գործոններն են՝ մոտակայքում ներդրվող մագմատիկական զանգվածի ջերմությունը, նրանից անջատվող տաք լուծույթների ազդեցությունը, ինչպես նաև երկրակեղևի՝ավելի վերը տեղադրված հաստվսածքների մեծ ճնշումը։ Մետամորֆային Ա–ին (բյուրեղային թերթաքարեր, ամֆիբոլիտներ,սկառներ) բնորոշ է մի շարք միներալների (կորդիերիտ, անդալուզիտ, կիանիտ են) առկայությունը։
Նշված բոլոր ապարները, հատկապես մագմատիկները, լայնորեն տարածված են ՀՍՍՀ–ում։ Ա. ունեն տնտեսական նշանակություն. կիրառվում են որպես շինանյութ (գրանիտ, մարմար, տուֆ), վառելանյութ(ածուխ, տորֆ), քիմիական հումք (ֆոսֆորիտ, աղեր են)։
Գրկ. Լուչիցկի Վ. Ի., Պետրոգրաֆիա, հ. 2, Ապարներ, Ե., 1956։ Кузнецов Е. А., Петрография магаматически и метаморфически пород М., 1956; Швецов М. С., Петрография осадочниx пород, З перераб. изд М., 1958; Заварицкий А. Н., Извереженные горные породы М., 1961.
ԱՊԱՐՆԵՐԻ ԱՆՋԱՏՄԱՆ ՁԵՎԵՐ, բլոկների բաժանվելու ձևեր։ Այդ ձևերը պայմանավորված են ապարների բաղադրությամբ, ներքին լարվածությամբ և արտաքին ուժերով։ Նրանք լինում են՝ շերտային, սյունաձև, բազմանիստ, գնդաձև ևն։ Սյունաձև անջատումները հիմնականում առպջանում են հրաբխային ապարներում։ Բնորոշ օրինակ են Հրազդանի կիրճում բազալտների սյունաձև անջատումները (Երևանի և Արզնի առողջարանի մոտ), որոշակի ուղղության ճաքերով անջատվելով, նրանք ընդունել են բազմանիստ (3–9 նիստ) սյուների ձև։ Ա. ա. ձ–ի բնույթը գործնական նշանակություն ունի ապարների շահագործման ժամանակ, ինչպես նաև հիդրոտեխնիկական կառույցներում։
ԱՊԱՐՆԵՐԻ ԽՈՆԱՎԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ, ապարների ջուր կլանելու, ջուրն իրենց մեջ պահելու հատկությունը։ Ըստ ջրով հագեցածության աստիճանի, կան Ա. խ–յան հետևյալ տեսակները՝ լրիվ, համապատասխանում է ապարի ծակոտիների ջրով լրիվ հագեցածության վիճակին, մազական, համապատասխանում է ապարի մազական ծակոտիների ջրով հագեցածության վիճակին, մոլեկուլային կամ թաղանթային, ջրի այն քանակն է, որը թաղանթի ձևով, մոլեկուլային ձգողական ուժերի շնորհիվ պահվում է ապարի մասնիկների մակերևույթի վրա, հիգրոսկոպիկ, խոնավության այն քանակն է, որն ապարը կարող է կլանել օդից։ Ա. խ. բնութագրվում է խոնավատարության գործակիցով՝ ապարում եղած ջրի և չոր ապարի կշռի կամ նրանց ծավալների հարաբերությամբ։ Ըստ խոնավատարության, ապարները լինում են՝ ուժեղ խոնավատար (տորֆեր, կավեր), թույլ խոնավատար (մերգել, կավիճ) և ոչ խոնավատար (գլաքար, կոպիճ, հրային հոծ ապարներ ևն)։
ԱՊԱՐՆԵՐԻ ՋՐԱԹԱՓԱՆՑՈՒԹՅՈՒՆ, ապարների ջուր անցկացնելու հատկությունը։ Ա. ջ. կախված է ապարների ճեղքերի ու ծակոտիների չափերից ու բնույթից, ջրի ճնշման մեծությունից։ Բացարձակ ջրամերժ ապարներ չկան, մեծ ճնշման դեպքում, երկրաբանական երկարատև ժամանակի ընթացքում բոլոր ապարներն էլ ջրաթափանց են։ Սակայն, այն ապարները, որոնց ծակոտիները շատ փոքր են, ընդունված է անվանել ջրամերժ։ Ա. ջ. չափվում է ժամանակի միավորի ընթացքում ապարի միավոր ընդլայնական կտրվածքով անցնող ջրի շարժման արագությամբ և արտահայտվում է ծծանցման գործակցով (միավորներն են՝ սմ/վրկ, մ/օր ևն)։ Ծծանցման գործակիցը որոշվում է Դարսիի օրենքով՝ , որտեղ -ն ծծանցման արագությունն է, -ն՝ ծծանցման գործակիցը, -ն՝ ճնշման գրադիենտը, որը հավասար է ճնշման անկման և ծծանցման ճանապարհի երկարության հարաբերությանը՝ : Ըստ ջրաթափանցության, ապարները բաժանվում են երեք խմբի, ջրաթափանց (գլաքարեր, կոպիճ, ավազ), կիսաթափանց (լյոս, տորֆ) և ջրամերժ (կավեր, զանգվածային բյուրեղային ապարներ ևն)։ Շերտավոր և թերթավոր,ապարները տարբեր ուղղություններով ունեն տարբեր ջրաթափանցություն։ Ծծանցման գործակիցը որոշվում է լաբորատոր և բնական պայմաններում, վերջին դեպքում հետազոտվում է ներծծումը շարֆերում, կատարվում են փորձնական արտամղումներ հորատանցքերից և շարֆերից։
ԱՊԱՐՆԵՐԻ ՌԱԴԻՈԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ, ուրանի և թորիումի խմբերի ռադիոակտիվ տարրերի ու նրանց տրոհման նյութերի, ինչպես նաև ռադիոակտիվ կալիումի (K40) և կապարի (Pb87) առկայությունն ապարներում։ Բնական մյուս ռադիոակտիվ տարրերի պարունակությունը էապես չի ազդում Ա. ռ–յան վրա։ Գլխավոր ռադիոակտիվ տարրերի միջին պարունակությունը առավել տարածված ապարներում (գ/տ) հետևյալն է.
Ապարների տեսակները | Ra | U | Th |
Մագմատիկական ապարներ | |||
Թթու | 2,4 · 10-6 | 7,0 | 20,5 |
Միջին | 1,9 · 10-6 | 5,6 | 19,0 |
Հիմքային | 0,95 · 10-6 | 3,0 | 6,9 |
Գերհիմքային | 1,9 · 10-6 | 0,6 | 2,36 |
Նստվածքային ապարներ | |||
Ավազաքարեր | 0-1,5 · 10-6 | մինչև 4 | – |
Կավեր | 1,3 · 10-6 | 4,3 | 13,0 |
Կավային թերթաքարեր | 1,1 · 10-6 | 3 | – |
Կրաքարեր | 0,5 · 10-6 | 1,5 | 0,5 |
Դոլոմիտներ | 0,1 · 10-6 | 0,3 | – |
Բյուրեղային ապարներում ռադիոակտիվ տարրերը ներկա են մասամբ ուղեկից միներալների կազմում, մասամբ էլ՝ «ազատ ատոմների» ձևով։ Նստվածքային ապարներում ռադիոակտիվ տարրերի պարունակությունը կախված է նրանց ծագումից։ Կավերը, որպես կանոն, առավել ռադիոակտիվ են։ Նվազագույն ռադիոակտիվություն ունեն աղային նստվածքները՝ գիպսը, քարաղը, բացառությամբ կալիումական աղերի։ Ռադիոակտիվ տարրերի կուտակումները ապարներում սովորաբար մեծ չեն, սակայն երբեմն, հատկապես նստվածքային ապարներում, տասնյակ և հարյուրավոր անգամ գերազանցում են միջին մեծություններին՝ կլարկներին։
ԱՊԱՐՆԵՐԻ ՍՏՐՈՒԿՏՈՒՐԱ ԵՎ ՏԵՔՍՏՈՒՐԱ (լատ. structura – կառուցվածք, textura – հյուսվածք), բյուրեղների հատիկների տարածական դասավորությունն ապարում։ Այդ բյուրեղների չափով և ձևով հիմնական զանգվածի (հրաբխային ապակու) հետ փոխհարաբերությամբ է պայմանավորված ապարների ստրուկտուրան։ Ապարների բաղադրամասերի համեմատական դասավորությունը, տեղադրումը տարածության մեջ, զանգվածի բյուրեղացման աստիճանը բնորոշում են ապարների տեքստուրան։ Ի տարբերություն վերջինի, ապարների ստրուկտուրան որոշվում է մանրադիտակով։ Ամերիկյան և անգլիական մասնագիտական գրականության մեջ այս տերմիններն օգտագործվում են հակառակ իմաստով։