Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/515

Այս էջը սրբագրված է

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ, մեծածախ առևտրի մշտապես գործող շուկա, որտեղ առևտրական գործարքները կնքվում են առանց ապրանքների առկայության, սահմանված ստանդարտների ու նմուշների հիման վրա։ Բորսայական առևտրում չեն ընդգրկվում տարբեր անհատական հատկություններ ունեցող ապրանքներ (արվեստի ստեղծագործություններ, շենքեր ևն)։ Այստեղ վաճառվում են միատեսակ և միմյանց փոխարինող մասսայական ապրանքներ (հացահատիկ, բուրդ, քարածուխ, մետաղ, սուրճ ևն)։ Ա. բ–ում հիմնականում կնքվում են ժամկետային գործարքներ, որոնք կարող են տևել նույնիսկ մի քանի ամիս։ Առաջնակարգ բորսաներում (Նյու Ցորք, Չիկագո, Լոնդոն, Լիվերպուլ ևն) ապրանքների առաջարկի ու պահանջարկի վիթխարի կենտրոնացման շնորհիվ՝ դրանց գները որոշիչ դեր են խաղում միջազգային առևտրում։ Բորսայական առևտրին բնորոշ են չարաշահական գործարքները, որոնք հենվում են գների անկման կամ բարձրացման հաշվարկների վրա։ Իմպերիալիզմի դարաշրջանում, երբ արտադրությունը մոնոպոլացվում է, Ա. բ–ները վերածվում են մոնոպոլիաների թելադրած գների գրանցման վայրի։ Պետական–մոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում կառավարությունը (հատկապես ԱՄՆ–ում) օգտագործում է իր միջոցները բորսայական ապրանքների (մասնավորապես ստրատեգիական հումքի) պաշարներ ստեղծելու և գների վրա ներազդելու համար։ Վ. Հայրապետյան


ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼ, տես Կապիտալի շրջապտույտ:


ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐ, իրացման համար նախատեսված պատրաստի արտադրանք, որ գտնվում է ձեռնարկությունների և վաճառահանող ու մթերող առևտրական կազմակերպությունների պահեստներում։ Կապիտալիզմի ժամանակ Ա. պ. ապրանքաշրջանառության անհրաժեշտ տարրն են և չեն համապատասխանում վճարունակ պահանջարկով պայմանավորված մակարդակին։ Սովորաբար Ա. պ–ի մեծությունը գերազանցում է այդ մակարդակը՝ վաճառահանման դժվարությունների և կապիտալիզմին հատուկ հակասությունների պատճառով։ Սոցիալիստական ժող. տնտ. մեջ Ա. պ. ունեն նոր բովանդակություն և ապահովում են բնակչության մատակարարումը սպառման առարկաներով, իսկ արտադրության մատակարարումը՝ նյութական ռեսուրսներով։ Ա. պ–ի մեծությունը, կազմը ն տեղաբաշխումը որոշվում է ժող. տնտ. մատակարարման պետ. պլանով։


ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՖԵՏԻՇԻԶՄ, ապրանքներին գերբնական հատկությունների վերագրում, արտադրության միջոցների մասնավոր սեփականության վրա հիմնված ապրանքային տնտեսության արտադրական հարաբերությունների իրայնացում։ Տարերային ապրանքային արտադրության պայմաններում ապրանք արտադրող աշխատանքը անմիջաբար հանդես է գալիս որպես մասնավոր աշխատանք, որի հասարակական բնույթը դրսևորվում է շուկայում՝ ապրանքների փոխանակման ժամանակ։ Ապրանքարտադրողների հասարակական կապերն իրականացվում են ապրանքների փոխանակման միջոցով և առերևույթ արտահայտվում են որպես ապրանքների հարաբերություն, որ թվում է թե բխում է դրանց բնական հատկություններից։ Ուստի և մարդկանց հասարակական հարաբերությունները նրանց աչքում ընդունում են իրերի հարաբերության ֆանտաստիկ ձև։ Ապրանքներին, որպես փոխանակային արժեքների, վերագրվում են ապրանքատերերի վրա իշխելու գերբնական հատկություններ։ Պահանջարկի ու առաջարկի ազդեցությամբ ապրանքագները շարունակ փոփոխվում են, որի հետևանքով էլ ոմանք հարստանում են, մյուսները՝ քայքայվում։ Ֆետիշիզմը տարածվում է նաև փողի վրա։ Փողով ցանկացած ապրանք ձեռք բերելու հնարավորությունը դրսևորվում է որպես ոսկու և արծաթի բնական հատկություն։ Մինչդեռ փողի իշխանությունը տարերային տնտեսության հասարակական հարաբերությունների գերիշխանությունն է մարդկանց նկատմամբ։ Ա. ֆ. իր ամենաբարձր զարգացմանն է հասնում կապիտալի ֆետիշացումով, կապիտալին վերագրվում է ինքնաճման բնական հատկություն, որը իրականում հավելյալ արժեքի ստեղծման արդյունք է, քանի որ ամեն մի կապիտալ կապիտալացված հավելյալ արժեք է։

Ա. ֆ–ի էությունը բացահայտել է Կ. Մարքսը։ Արտադրության միջոցների մասնավոր սեփականության վերացմամբ անհետանում է Ա. ֆ.։

Գրկ. Մարքս Կ., Կապիտալ, հ. 1, Ե., 1954, գլուխ 1։ Բ. Օհանյան


ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ, առք ու վաճառքի գործողությունների ամբողջություն, որ ապահովում է ապրանքային զանգվածների հոսքը արտադրությունից դեպի սպառողը։ Առևտրական գործարքների տեսակներից կախված՝ Ա. լինում է ներքին ու արտաքին, մեծածախ ու մանրածախ։ Ա–յան հիմնական ցուցանիշներն են՝ ընդհանուր ծավալը, տեսականու կազմը, տարատեղումն ու բաշխումն ըստ առևտրի ձևերի, ինչպես նաև ապրանքային զանգվածի տևականությունը շրջանառության ուղիներում։ Կապիտալիստական հասարակարգում Ա. զարգանում է անհամաչափորեն։ Մանրածախ Ա–յան աճը սահմանափակվում է բնակչության հիմնական զանգվածի ցածր գնողունակությամբ։ Արտաքին Ա–յան հիմնական մասը բաժին է ընկնում տնտեսապես զարգացած կապիտալիստական երկրներին։ Ընդ որում, այդ երկրները հիմնականում արտահանում են արդյունաբերության պատրաստի ապրանքներ, իսկ թույլ զարգացած և կախյալ երկրները՝ հումք ու պարեն։

Սոցիալիզմի պայմաններում Ա–յան ոլորտը ընդգրկում է ինչպես արտադրության միջոցների, այնպես էլ սպառման առարկաների շարժումը։ Աշխատանքի հասարակական բաժանման հետևանքով Ա–յան ֆունկցիան իրագործում են ժողովրդական տնտեսության առանձին ճյուղերը (առևտուր, նյութատեխնիկական մատակարարում, մթերումներ)։ Արտադրության միջոցների շրջանառությունն իրագործվում է ինչպես ձեռնարկությունների ուղղակի կապերի, այնպես էլ մատակարարող, վաճառահանող և մթերող կազմակերպությունների միջոցով։ ժողովրդական սպառման առարկաների շրջանառությունն իրագործում են առևտրի և հասարակական սննդի կազմակերպությունները։ Սոցիալիստական բոլոր երկրներում Ա. զարգանում է պլանաչափորեն։ Բարձր տեմպերով աճում է մանրածախ Ա. և բարելավվում նրա կառուցվածքը։

Սովետական Հայաստանում Ա–յան ընդհանուր ծավալը 1928-ի 39 մլն. ռ. դիմաց 1970-ին կազմել է 1254 մլն. ռ., իսկ մեկ շնչին ընկնող Ա. համապատասխանորեն՝ 4 մլն. և 498 մլն. ռուբլի։


ԱՊՐԵՍՅԱՆ Հրանտ Զաքարի (ծն. 1903), հայ սովետական գեղագետ։ Փիլ. գիտ. դ–ր (1965), պրոֆեսոր (1966), ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1973)։ ՍՄԿԿ անդամ 1925-ից։ Ծնվել է մարտի 24-ին, Ղազախում (այժմ՝ Ադրբեջանական ՍՍՀ–ում)։ 1947-ից դասավանդում է Մոսկվայի տարբեր բուհերում։ Ա–ի «Անդրկովկասյան ժողովուրդների գեղագիտական միտքը, մինչմարքսիստական շրջան» (1968, ռուս.) աշխատությունը նվիրված է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ժողովուրդների V–XIX դդ. գեղարվեստական մշակույթի վերլուծությանը։ Հայտնի են նաև Ա–ի «Սասունցի Դավիթ» էպոսի, Սայաթ–Նովայի, Պ. Պռոշյանի, Րաֆֆու և սովետահայ գրողների ստեղծագործությունների մասին գրված աշխատությունները:

Երկ. Из истории армянской эстетической мысли, Е., 1973.


ԱՊՐԵՏԱՎՈՐՈՒՄ (<ֆրանս. apprêter – վերջնականապես մշակել), գործվածքների վերջնամշակման հիմնական գործողություններից մեկը, դրանց քսածածկումը կամ տոգորումը լուծույթներով՝ ապրետներով։ Վերջիններս գործվածքներին տալիս են բարձր մաշակայունություն, անջրանցիկություն, չկծկվելու, չտրորվելու, հականեխիչ, հրակայուն և այլ հատկություններ։ Բամբակե և վուշե գործվածքները մշակում են օսլայի ապրետով, որի բաղադրության մեջ, բացի օսլայից ու նրա հիդրոլիզի արգասիքից (դեքստրինից), մտնում են փափկացնող (յուղեր, ճարպեր, օճառներ), խոնավածուծ (գլիցերին, կերակրի աղ), փայլ տվող (մոմ, պարաֆին) նյութեր։ Սակայն օսլան և մյուս սոսնձող նյութերը հեշտ են լվացվում։ Բացի այդ, օսլան սննդամթերք է, և նրա կիրառումը Ա–ման նպատակներով ցանկալի չէ։ Արտասահմանում, որպես չլվացվող ապրետներ, օգտագործում են ցելյուլոզի տարբեր եթերներ (մասնավորապես՝ օքսիէթիլային եթեր), այս դեպքում տեխնոլոգիական պրոցեսը համեմատաբար բարդ է։ ՍՍՀՄ–ում կիրառում են պոլիվինիլքլորիդի, պոլիմեթիլմեթակրիլատի և այլ լատեքսներ։ Բրդե և մետաքսե գործվածքների վերջնամշակման դեպքում օսլայի փոխարեն օգտագործում են մորթեփառի սոսինձ, ժելատին ևն։ Բամբակե, վուշե և վիսկոզաշտապելային գործվածքներին չտրորվելու հատկություն են հաղորդում մի շարք սինթետիկ խեժանյութերի սկզբնական խտացման նյութերով։ Գործվածքների անջրանցիկությունն ապահովելու համար