Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/517

Այս էջը սրբագրված է

ԱՊՐԻԼՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ 1917, իշխանության քաղաքական ճգնաժամ Ռուսաստանում։ Սկսվեց արերայնորեն, երբ ապրիլի 20 (մայիսի 3)–ին հայտնի դարձավ, որ արտաքին գործերի մինիստր Պ. Ն. Միլյուկովը ապրիլի 18-ին դաշնակից տերություններին է հղել պատերազմը մինչև հաղթական ավարտին հասցնելու ժամանակավոր կառավարության պատրաստակամության մասին նոտա։ Ապրիլի 21-ին, բոլշևիկների կոչով, հաշտության և իշխանությունը սովետներին հանձնելու պահանջով Պետրոգրադում մոտ 100 հզ. բանվորներ և զինվորներ փողոց դուրս եկան։ Հակահեղափոխական տարրերը, կադետների գլխավորությամբ, կազմակերպեցին հակացույց։ Պետրոգրադի զինվորական օկրուգի գլխավոր հրամանատար, գեներալ Լ. Գ. Կոռնիլովը հրամայեց աշխատավորների դեմ հրետանի հանել, սակայն զինվորները և սպաները չենթարկվեցին։ Բողոքի ցույցեր տեղի ունեցան նաև մի շարք այլ քաղաքներում։ Դեպքերը ցույց տվեցին, որ ժամանակավոր կառավարության նկատմամբ վստահությունը խիստ խախտվել է։ Այդ պայմաններում «Սովետները կարող էին (և պարտավոր էին) իշխանությունն իրենց ձեռքը վերցնել, առանց որևէ մեկի ամենափոքր դիմնւդրության» (Լենին Վ. Ի., հ. 25, էշ 291)։ Բայց մենշևիկա–էսեռական պարագլուխները ուղղակի գործարքի մեջ մտան բուրժուազիայի հետ։ Կառավարությունից հեռացվեցին ժողովրդին ատելի մինիստրներ Սիլյուկովը և Ա. Ի. Գուչկովը։ Մայիսի 6 (19)–ին կազմվեց կոալիցիոն կառավարություն, որի մեջ կադետների հետ մտան նաև մենշևիկների ու էսեռների կուսակցությունից հինգ մինիստրներ։ Իշխանության ճգնաժամը ժամանակավորապես հաղթահարվեց, բայց նրա ծագման պատճառները մնացին (տես Հուլիսյան օրեր 1917

Գրկ. Революционное движение в России в апреле 1917г. Апрельский кризис. Документы и материалы, М., 1958 Ռ. Հովհաննիսյան


ԱՊՐԻԼՅԱՆ ՑՈՒՅՑ 1917, Պետրոգրադի բանվորների և զիnվորների բողոքի ելույթը (ապրիլի 20–21) ընդդեմ ժամանակավոր կառավարության հակաժողովրդական քաղաքականության (տես Ապրիլյան ճգնաժամ 1917


ԱՊՐԻՈՐԻ (<լատ. a priori - բառացի՝ նախորդից), փորձին նախորդող, նրանից անկախ։ «Ա.» հասկացությունն օգտագործվում է իդեալիստական, մասնավորապես՝ Կանտի և նրա հետևորդների փիլիսոփայության մեջ, ըստ որի, տարածության և ժամանակի, պատճառականության և այլ կատեգորիաներ ոչ թե կեցության արտացոլումն են և ունեն օբյեկտիվ բովանդակություն, այլ գիտակցության Ա. ձևեր են։ Իմացության մեջ Ա. հասկացությունների ընդունումը անխուսափելիորեն հանգեցնում է սուբյեկտիվ իդեալիզմի։ Փորձին չհանգող և փորձով չհիմնավորվող իմացական–տրամաբանական ձևերի և գիտելիքների առկայության փաստը դիալեկտիկական մատերիալիզմը բացատրում է՝ դիմելով պատմակաևության սկզբունքին և պրակտիկայի չափանիշին։ Ա–ին հակադիր է ապոստերիորին։


ԱՊՐՈԲԱՑԻԱ (գյուղատնտեսական) (լատ.approbatio – հավանություն տալ, հաստատել, ընդունել), սորտային ցանքերի և պտղատու տնկարկների հետազոտում՝ սորտի իսկությունը հաստատելու, դրա և բերքի որակը որոշելու, ինչպես նաև սերմնաբուծության կանոնների կատարումն ստուգելու համար։ Ա. ՍՍՀՄ–ում պետական միջոցառում է, իրականացվում է ՍՍՀՍ գյուղատնտեսության մինիստրության հրահանգով։ Դաշտավարական բույսերի Ա. կատարվում է դաշտում՝ դաշտային Ա., և շտեմարաններում՝ եգիպտացորենի կողրերի ամբարային Ա.։ Ա. իրագործում են տնտեսությունների գյուղատնտեսները, շրջանի ապրոբատորի ղեկավարությամբ՝ ընտրելով ու վերլուծելով խրձերը ն կողրերի, սերմնապտուղների, ունդերի նմուշները։ Ա. կարևոր միջոցառում է բարձր բերքատու և սորտային սերմեր ստանալու, գյուղատնտեսական բույսերի սորտային համատարած ցանքեր ստեղծելու գործում։

Ապրոբացիա գյուղատնտ. կենդանիների ցեղերի, ՍՍՀՄ գյուղատնտեսության մինիստրության կոլեգիայի կողմից ցեղերի և ցեղախմբերի հաստատում։ Ա–ի համար ընտրած կենդանիների խմբերի գնահատումը կատարում է փորձագետների հանձևաժողովը։ Հանձնաժողովի ներկայացրած նյութերին համապատասխան, կոլեգիան հրամանով հաստատում է տվյալ կենդանիների խումբը, որպես ցեղ կամ ցեղախումբ։ Ա. Մաթևոսյան


ԱՊՐՈՅԱՆՆԵՐ, հայ գերդաստան [Աբրահամ (Ապրո) Չելեբիի անունով]։ Ապրոյանների տոհմահայր Աստվածատուրը XV դ. Անիից գաղթել է Կարին։ Որդիները՝ Ալփիարը ն Ասլանը, 1521-ին, թուրք–պարսկական պատերազմների ժամանակ, Կարինից գաղթել են Բելգրադ (Հարավսլավիա)։ Ա–ի տոհմը XVII դ. տեղափոխվել է Կ. Պոլիս, ոմանք՝ Զմյուռնիա և Եգիպտոս։ Ա. հիմնականում զբաղվել են վաճառականությամբ, եղել են թարգմանիչներ. (Անգլիայում, Հոլանդիայում, Եգիպտոսում), պետական ու քաղաքական գործիչներ ևն։ Մասնակցել են հայ հասարակական կյանքին, կառուցել են եկեղեցիներ, վարժարաններ (Մեսրոպյան վարժարանը՝ Զմյուռնիայում, 1825), գումարներ են տրամադրել բարեգործական նպատակներով։

Աբրահամ (Ապրո) Չելեբի (1621–1676), մեծահարուստ վաճառական, հասարակական գործիչ, «այր խորագետ և զգուշավոր» (Մ. Չամչյան)։ Օսմանյան կառավարող շրջաններում ունեցած իր ազդեցությունն օգտագործել է ազգօգուտ գործերի համար։ Երբ թուրքերը գրավել են Կրետե կղզին (1646), հայերի համար տեղացիներից գնել է մի եկեղեցի՝ կալվածքներով։ 1666-ին բնակություն է հաստատել Կ. Պոլսում, որտեղ իր միջոցներով վերանորոգել է հրդեհից վնասված Ա. Սարգիս և Ս. Նիկողայոս եկեղեցիները։ Թուրք, կառավարությունից կորզել է Մակեդոնիայում հայերի բնակության և եկեղեցի ունենալու արտոնություն (1671)։ Մասնակցել է Արևմտյան Հայաստանում առանձին կաթողիկոսություն հաստատելու հարցի կապակցությամբ Եղիազար Այնթապցու և Հակոբ Դ Ջուղայեցու վեճերին, սկզբում նեցուկ հանդիսանալով առաջինին, իսկ հետագայում անցնելով երկրորդի կողմը։ Պահպանվել են նրա հայերեն և հայատառ թուրքերեն նամակները, որոնցում շոշափված են հայ հասարակական կյանքի զանազան խնդիրներ։ Թաղված է Ադրիանուպոլսում։ 1687-ին Ֆրանսիայի Լյուդովիկոս XIV թագավորը ազնվականության թուղթ է նվիրել նրա որդի Մատթեոսին։

Աբրահամ (1689–1719), Պետրոս և Ստեփան՝ Մատթեոսի որդիները։ Մեծահարուստ և ձեռներեց վաճառականներ, մետաքսագործներ։ Վաճառատներ են ունեցել Ասիայում ու Եվրոպայում։ Ամստերդամում ծանոթացել են Պետրոս I հետ, որը հրավիրել է նրանց Ռուսաստան՝ մետաքսագործությունը տարածելու նպատակով։ 1717-ի հունվ. 28-ի կայսերական հրովարտակով նրանց շնորհել է ամբողջ կայսրությունում ազատ առևտուր անելու արտոնություն։ Շուրջ 10 տարի ապրել են Մոսկվայում, ապա վերադարձել Զմյուռնիա։

Առաքել Պեյ (1832–1875), Պետրոսի թոռան՝ Աբրահամ Ապրոյանի որդին, Եգիպտոսի պետական և քաղաքական գործիչ։ Սպանվել է հաբեշների դեմ մղված կռվում։

Տիգրան Փաշա Ապրո (1846–1904), եղել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության խորհրդական, ապա՝ նախարար։ Շահավետ դաշնագրեր (առևտրական ևն) է կնքել եվրոպական պետությունների հետ։

Ասլան Ապրո (1848–1917), նախորդի եղբայրը, արվեստաբան։ Մոտ 1851-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Իտալիա; 1879-ին եղել է պատվադիր ուսուցիչ Նեապոլի գեղարվեստական վարժարանում։ Թագավորական հրովարտակով կարգվել է Նեապոլի արվեստի և արդյունաբերական թանգարանի նախագահ։ Հայկական հարցի կապակցությամբ թղթակցել է Ներսես պատրիարքի, Ջեյմս Բրայսի, ժան Բրուսալի, Մինաս Չերազի և այլոց հետ։ Եղել է Միացյալ ընկերություն հայոց կազմակերպության անդամ։

Գրկ. Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե․, 1959։ Զարդարյան Վ., Հիշատակարան, Տարեգիրք 1941 տարվո, Կահիրե, 1940։ Նույնի, Հիշատակարան, Տարեգիրք 1942 տարվո, Կահիրե, 1941։ Հ․ Ղազարյան


ԱՊՈՒԼԵՈՒՍ (Apuleius) (ծն. մոտ 124 – մահ. թ. անհտ.), հռոմեական գրող։ Ծնվել է Մադավրա քաղաքում (Հյուսիսային Աֆրիկա)։Հարել է պլատոնականների դպրոցին։ Գրել է հունարեն և լատիներեն։ Գրական ժառանգությունը լրիվ չի պահպանվել։ Մեզ հասել են «Փոխակերպություններ» (հայտնի է նաև «Ոսկե ավանակ» անունով) վեպը, «Ապոլոգիա կամ պաշտպանական ճառը՝ իրեն կախարդանքի մեջ մեղադրելու դեմ», քաղվածքներ հռետորական ելույթներից՝ «Ծաղկաքաղ» վերնագրով, «Պլատոնի և նրա ուսմունքի մասին», «Սոկրատի աստվածության մասին» տրակտատները։

Երկ. Апология…, Метаморфозы в 11 книгах. Флориды, М., 1959.