Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/518

Այս էջը սրբագրված է

ԱՊՈՒԼԻԱ (Puglia), մարզ հարավ–արևելյան Իտալիայում, Ադրիատիկ և Հոնիական ծովերի ափերին։ Տարածությունը 19,4 հզ. կմ² է, 3628,9 հզ. բն. (1969)։ Կազմված է Բարի, Բրինդիզի, Լեչչե, Տարանտո, Ֆոջա նահանգներից։ Քաղաքներն են՝ Բարի, Տարանտո, Ֆոջա։ Տերիտորիայի մեծ մասը բլրապատ դաշտավայր է, առավել բարձր մասերն են Դաունիա լեռը (1151 մ) և Գարգանո զանգվածը (1056 մ): Կլիման միջերկրածովային ցամաքային է, տարեկան տեղումները՝ 400–500 մմ։ Ա. գյուղատնտեսական շրջան է։ Մշակվող հողերի 1/3 զբաղեցնում են խաղողի, ձիթենու և պտղատու այգիները։ Ա. ձիթենու և խաղողի բերքով, ձիթապտղի յուղի և գինու արտադրությամբ Իտալիայում գրավում է առաջին տեղը, ծխախոտի և նշի արտադրությամբ՝ երկրորդ տեղը։ Մշակում են հացահատիկային ու բանջարաբոստանային բույսեր։ Ունի նավաշինություն, մետաղաձուլություն (Տարանտո), գյուղատնտեսական մեքենաշինություն, նավթի վերամշակում (Բարի), բոքսիտների, բնական գազի արդյունահանում։


ԱՊՈՒԽՏ, տես Բաստուրմա:


ԱՊՈՒՇՈՒԹՅՈՒՆ, իդիոտիա (<հուն.ίδιωτεία - կոպտություն, տգիտություն), բնածին թուլամտության խոր աստիճան, հոգեկան թերզարգացում, որը կապված է պտղի կամ երեխայի ուղեղի թերաճման հետ։ Պատճառները՝ պտղի ներարգանդային վնասվածք, ինքնաթունավորում (ծնողների ալկոհոլամոլություն, սիֆիլիս) կամ երեխայի կյանքի առաջին ամիսներին առաջացած տրավմա։ Ա–յան գլխավոր նշաններն են՝ մտածողության բացակայությունը, խոսքի թերզարգացումը, արտաքին գրգիռների նկատմամբ թույլ ռեակցիան, երբեմն մոլուցքի բռնկումը (ջարդելու, փշրելու ցանկություն)։


ԱՊՈՒՉԵԽ, էպիչեխու (թուրք. Էպչաղա), գյուղ Փոքր Հայքում, Ակն քաղաքի հարավ–արևելյան մատույցներում։ XX դ. սկզբին ուներ 1100 հայ բնակիչ, որոնք զբաղվում էին այգեգործությամբ, տորոնի մշակությամբ (արտահանվում էր Փոքր Ասիայի բոլոր շուկաները), ջուլհակությամբ, կոշկակարությամբ, ատաղձագործությամբ։ Հռչակված էին Ա–ում պատրաստած կանացի գլխաշորերը։ 1880-ին Ա–ում կային 2 շուկա, 4 փուռ, 1 բաղնիք, մի քանի տասնյակ խանութներ և արհեստանոցներ։ Ա–ում գործում էր Վարագա վարժարանը, որը 1883-ին ուներ 140 աշակերտ (90 տղա և 50 աղջիկ) և 4 ուսուցիչ։ Ա–ում էին գտնվում Վարագա Ս. Նշան եկեղեցին (XIV դ.), շրջակայքում՝ Ս. Սահակ, Ս. Հակոբ, Ս. Թորոս եկեղեցիների ավերակները։ Ա. տվել է 13 ամիրայական ընտանիքներ (Ճեզայիրլյան, Չերազյան, Ազատյան, Թամուրյան ևն)։

Գրկ. Քեչյան Ա., Ակն և ակնցիք, Փարիզ, 1952։


ԱՋ ԹԵՔՈՒՄ ՀամԿ(բ)Կ–ում, տես Ֆրակցիոնականություն:


ԱՋ ՁԵՌՔԻ ԿԱՆՈՆ, մագնիսական դաշտում շարժվող ուղիղ հաղորդիչում մակածված էլեկտրական հոսանքի ուղղությունը որոշելու կանոն, եթե աջ ձեռքի ափը պահենք մագնիսական դաշտի ուժագծերին հանդիպակաց, իսկ 90°–ով բացված բութ մատը ուղղենք հաղորդչի շարժման ուղղությամբ, ապա պարզված չորս մատները ցույց կտան հաղորդիչում մակածված հոսանքի (ինչպես նաև՝ էլշուի) ուղղությունը։


ԱՋ ՍՈՑԻԱԼԻՍՏՆԵՐ, կապիտալիստական երկրներում բանվորական շարժման մեջ բուրժուական քաղաքականություն տարածող սոցիալ–դեմոկրատական կուսակցությունների ռեֆորմիստ գործիչներ։ Ա. ս. II Ինտերնացիոնալի սոցիալ–դեմոկրատական կուսակցությունների ժառանգորդներն են, որոնք էկլեկտիկորեն հին օպորտունիստական գաղափարները միացնում են բուրժուական «նորագույն» տեսությունների հետ՝ պնդելով, թե իբր կապիտալիզմն ինքնըստինքյան փոխակերպվում է սոցիալիզմի։ Նրանք գիտական սոցիալիզմին հակադրում են, այսպես կոչված, «դեմոկրատական սոցիալիզմը», որն իբր իր մեջ սինթեզում է կապիտալիզմի և սոցիալիզմի առավելությունները՝ այսպես կոչված արևմտյան պառլամենտական դեմոկրատիան զուգորդելով «պլանավորված տնտեսական սիստեմի» հետ։ Ա. ս. մերժում են պրոլետարիատի դիկտատուրայի գաղափարը՝ պնդելով, որ կարելի է սոցիալիզմի հասնել՝ մնալով բուրժուական դեմոկրատիայի շրջանակներում։ Սակայն այս տեսակետը հերքվել է իրենց իսկ փորձով, որովհետև բազմիցս հասնելով պառլամենտական մեծամասնության և ստանձնելով կառավարությունը Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Սկանդինավյան երկրներում և այլուր, Ա. ս. չեն փոխել բուրժուական հասարակարգի սոցիալ–դասակարգային էությունը։ Ա. ս. ժխտում են սոցիալիզմի կառուցման համար մասնավոր սեփականության լիակատար վերացման անհրաժեշտությունը՝ առաջարկելով ազգայնացնել սոսկ տնտեսության «հրամանատարական բարձունքները», որ նրանց հասկացությամբ չի ընդգրկում նույնիսկ արտադրության վճռական նշանակություն ունեցող բոլոր ճյուղերը։ Այսպես, Մեծ Բրիտանիայում 1945– 1951-ին լեյբորիստական կառավարության ազգայնացման քաղաքականությունը չշոշափեց երկրի համար այնպիսի կարևոր ճյուղ, ինչպիսին է ծովային տրանսպորտը, մետալուրգիական արդյունաբերությունը մասամբ պետականացվեց են։ Ա. ս–ի միջոցառումները արտադրամիջոցների ազգայնացման բնագավառում ըստ էության ուժեղացնում են պետական մոնոպոլիստական կապիտալիզմը։ Մյուս կողմից, մասնավոր սեփականության պահպանումը նույնիսկ մանր արտադրության ձևով նշանակում է պահպանել կապիտալիզմ և շահագործում ծնող հիմքը։

Ա. ս. սոցիալական անհավասարության վերացման և սոցիալիզմի կառուցման գլխավոր լծակը համարում են բարձր պրոգրեսիվ հարկը, որը իբր կոչված է փոխելու եկամուտների բաշխման անարդարացի սիստեմը։ Նրանց կարծիքով այդ հարկից գոյացած միջոցները կենտրոնացված ձևով պետության կողմից պետք է ուղղվեն աշխատավորական զանգվածների նյութական և սոցիալական իրավիճակի բարելավման նպատակին, իսկ անհավասարություն ծնող հիմքը՝ մասնավոր սեփականությունը, զգալի չափով մնում է անձեռնմխելի։ Ա. ս. եղել և մնում են բուրժուազիայի գաղափարական ու քաղաքական հենարան բանվորական շարժման ներսում։ Ետպատերազմյան տարիների բանվորական շարժման փորձը, կոմունիստական ու բանվորական կուսակցությունների կողմից օպորտունիզմի վճռական քննադատությունը հետզհետե ուժեղացնում են աջ սոցիալ–դեմոկրատների ռեֆորմիստական գաղափարախոսության ճգնաժամը։ Նրա լիդերներից ոմանք ստիպված են հաշվի առնել աշխատավոր զանգվածների պահանջները տնտեսական ու սոցիալական, ինչպես նաև հանուն խաղաղության և առաջադիմության պայքարում։ Միջազգային ասպարեզում սոցիալ–դեմոկրատիան ներկայացնող Սոցիալիստական ինտերնացիոնալը, որն ստեղծվել է 1951-ին Մայնի Ֆրանկֆուրտում, 1973-ին միավորում է 54 կուսակցություններ՝ 17 մլն. անդամներով, սակայն այն հիմնականում եվրոպական կազմակերպությունների ասոցիացիա է։ 1956-ին Սոցինտերնի բյուրոն վճռականապես մերժեց «կոմունիստական կուսակցությունների հետ ամեն մի համագործակցություն», սակայն ներկայումս, խաղաղության, դեմոկրատիայի, ազգային անկախության համար մղվող իրենց պայքարում կոմունիստներն արդեն որոշ աջակցություն են ստանում մի շարք երկրների (Ֆինլանդիայի, Բելգիայի, Իտալիայի, ճապոնիայի են) սոցիալ–դեմոկրատական կուսակցություններից։ Սոցիալ–դեմոկրատների կողմից գլխավորվող ԳՖՀ կառավարության արևելյան քաղաքականությունը, ՍՍՀՄ և ԼԺՀ հետ ԳՖՀ կնքած պայմանագրերը, գերմանական երկու պետությունների միջև կոնտակտների հետզհետե ուժեղացումը կարող են Եվրոպայում կայուն խաղաղություն հաստատելու գործում շրջադարձային կետ հանդիսանալ։ Կոմունիստների և սոցիալդեմոկրատների համագործակցությունը արտացոլում է խաղաղության, դեմոկրատիայի, ազգային անկախության ու սոցիալիզմի համար պայքարող բոլոր ուժերի հետզհետե աճող միավորման տենդենցը։ Միաժամանակ կոմունիստները հետևողական պայքար են մղում բանվոր դասակարգի շահերը մոնոպոլիստական բուրժուազիայի շահերին ենթարկելու Ա. ս–ի փորձերի դեմ։

Գրկ. Լենին Վ. Ի., «Ձախության» մանկական հիվանդությունը կոմունիզմի մեջ, Երկ., հ. 31։ Բրեժնև Լ. Ի., ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեի հաշվետու զեկուցումը Սովետական Միության կոմունիստական կուսակցության XXIV համագումարին. 1971 թ. մարտի 30-ին, Ե., 1971, Էջ 32-33։ Попов С. И., Как правые социалисты воюют против социализма, М., 1971. Зёдер Г., Очерк правосоциалистической идеологии, пер. с нем., М., 1959.


ԱՋԱՄ–ՄԱՎՐԱԿ, գյուղ Կարսի մարզում, Լենինական քաղաքից 26,5 կմ հարավ–արևմուտք, Ախուրյանի աջ ափին, արգավանդ ու ջրառատ շրջանում։ 1907-ին ուներ 572 հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի ու վարժարան։ Ա–ի բնակիչների մի մասը զոհ գնաց 1920-ի հայ–թուրքական պատերազմի ժամանակ, իսկ