րությունը՝ թեյի ֆաբրիկաներ (Քոբուլեթ, Չաքվա, Օչխամուրի, Խուցուբանի, Մուխաեստատե), գինեգործությունը (Բաթում, Քեդա), պահածոների արտադրությունը (Բաթում)։ Զարգացած է նաև կաշվի–կոշիկի, կարի, փայտամշակման արդյունաբերությունը (Բաթում), շինանյութերի արտադրությունը (Բաթում, Քոբուլեթ, Չաքվա)։ Կան ֆերմենտացիոն ու ձկան գործարաններ, ծխախոտի ֆաբրիկա, մսի կոմբինատ (Բաթում)։
(նկ․) Մանդարինի բերքահավաքը Քոբուլեթի շրջանի Ցիխիսձորի սովետական տնտեսությունում։
Գյուղատնտեսությանը բնորոշ են մերձարևադարձային բույսերի՝ ցիտրուսների ու թեյի մշակությունը, տունգի, բամբուկի, էվկալիպտի աճեցումը։ Զարգացած են պտղաբուծությունն ու անասնապահությունը։ 1972-ին Ա–ում կար 165 կոլտնտեսություն (երկուսը՝ ձկնորսական), 18 սովետական տնտեսություն։ 1971-ին ցանքատարածությունները կազմել են 13 հզ. հա, բազմամյա տնկարկները (ցիտրուսների և թեյի պլանտացիաներ, պտղատու և խաղողի այգիներ)՝ 23,1 հզ. հա, այդ թվում ցիտրուսներ՝ 6 հզ. հա (ՍՍՀՄ ցիտրուսային տարածությունների 50%-ից ավելին)։ Վրաստանի ցիտրուսների պետական գնումների 2/3-ը բաժին է ընկնում Ա–ին. թեյի պլանտացիաներ՝ 7,5 հզ. հա, պտղատու այգիներ՝ 8,1 հզ. հա, խաղողի այգիներ՝ 1,1 հզ. հա։ Հացահատիկներից գերակշռում է եգիպտացորենը։ Մշակում են նաև ծխախոտ, դեղաբույսեր, բանջարաբոստանային կուլտուրաներ, տունգ, արևելյան արմավ, դափնի։ Անասնապահությունն ունի կաթնամսատու ուղղություն։ Զարգացած է շերամապահությունը, մեղվաբուծությունը, ձկնորսությունը։
Տրանսպորտը։ Ա–ի ծովափնյա մասով անցնում են Սամտրեդիա-Բաթում էլեկտրիֆիկացված երկաթուղին, Նովորոսիյսկ–Բաթում, Բաթում–Ախալցխա խճուղիները։ Բաթումը ներքին ու միջազգային փոխադրումների (հիմնականում՝ նավթամթերքներ)խոշոր նավահանգիստ է։
Մշակույթը։ 1968–69ուս.տարում Ա–ում գործում էին տարրական 200, ութամյա 111 և միջնակարգ 105 (այդ թվում հայկական՝ 3), բաներիտ և գյուղերիտ 24 դպրոց (71,8 հզ. աշակերտ, 1971), արտադպրոցական 16 հիմնարկ, պրոֆտեխնիկական 3 ուսումնարան, միջին մասնագիտական ուսումնական 7 հաստատություն, մանկավարժական ինստ., գիտահետազոտական 11 հիմնարկ, այդ թվում Վրաց. ՍՍՀ ԳԱ Բաթումի ԳՀԻ-ը, Ֆիտոպաթոլոգիայի (Քոբուլեթ), թեյի և մերձարևադարձային բույսերի (Չաքվա) համամիութենական ինստիտուտների մասնաճյուղերը, 175 ակումբ, 222 գրադարան, 156 կինո, ժող. թատրոն, 2 թանգարան։
Գրականությունը։ Ա–ի գրականությունը վրաց գրականության մի մասն է։ Զարգացել է սովետական իշխանության տարիներին։ Հայտնի են Պ. Լորիայի վեպերը։ Ա–ի գրականությունը հարստացրել են նաև Պ. Ռուրուան, Ն. Գվարիշվիլին, Ս. Վարշանիձեն, Ն. Մալազոնիան, Ի. Պագավան, Շ. Ռոքվան, Գ. Սալուկվաձեն և ուրիշներ։ 1927-ին ստեղծվել է աջարական պրոլետարական գրողների ասոցիացիան, իսկ 1932-ին՝ ՎՍՍՀ գրողների միության աջարական բաժանմունքը։ Այն ունի իր ամսագիրը՝ «Թալգա» («Ալիք»), որը լույս է տեսնում 1958-ից:
Ճարտարապետությունը։ Ա–ի ճարտարապետական հուշարձաններից են. Գոնիա ամրոցը, բյուզանդական Պետրա քաղաք–ամրոցի մնացորդները (հիմնադրվել է VI դ.), Թամարիսցիխեն, Սխալթայի մեծ եկեղեցին (XIII դ.), Մախոյի, Մախունցետիի, Դանդալոյի և Պուրտիոյի միակամար կամուրջները։
Սովետական իշխանության տարիներին Բաթումի և բուժավայրերի (Քոբուլեթ, Մախինջաուրի, Ցիխիսձիրի և այլն) շինարարությունը լայն թափ է առել։ Բաթումում կառուցվել են՝ «Ինտուրիստ» հյուրանոցը (1939, ճարտ. Կ. Ի. Ջավախիշվիլի, Բ. Մ. Կիրակոսյան), Դրամատիկական թատրոնը(1952, ճարտ. Լ. Ս. Տեպլիցկի), Հեղափոխության թանգարանը (1955, ճարտ.Կ. Ի. Ջավախիշվիլի), «Թբիլիսի» կինոթատրոնը (1964, ճարտ. Ն. Աբաշիձե)։ 1958-ին հաստատվել են Բաթումի և Քոբուլեթի գլխավոր հատակագծերը։
Կերպարվեստը։ Պրոֆեսիոնալ կերպարվեստը Ա–ում սկզբնավորվել է XX դ.։ Սովետական իշխանության հաստատումից հետո Երևան են գալիս պատմա-հեղափոխական թեմայով նկարներ (Շ. Գ. Խոլուաշվիլի, Ն. Ն. Յակովենկո), բնանկարներ (Ս. Ն. Արտմելաձե, Շ. Ա. Զամթարաձե, Խ. Դ. Ինիաշվիլի)։ Զարգանում են քանդակագործությունը (Թ. Պ. Չանթուրիա, Մ. Ա. Բոլկվաձե), գրաֆիկան (Գ. Ա. Սեչենյան, Վ. Օ. Սեիդիշվիլի), բեմանկարչությունը (Դ. Խ. Իմնաիշվիլի, Ա. Ս. Ֆիլիպով), մոնումենտալ–դեկորատիվ արվեստը (Թ. Մ. Ջալագանիա), դեկորատիվ–կիրառական արվեստը (Շ. Ի. Քվեռնաձե, Օ. Չաչուա)։
Երաժշտությունը։ Աջարական ժող. երգը բազմաձայն է, ունի և՛ քառյակային, և՛ 3–4 մաս միավորող բարդ կառուցվածք։ Հատկապես տարածված են «նադուրի» քառաձայն աշխատանքային երգերը, որ կատարվում են 8–12 տղամարդկանց երգչախմբով։ Աջարական երգերը գլխավորապես երկմաս և եռամաս չափի են, գործիքային երաժշտության մեջ կան նաև հնգամաս չափի մեղեդիներ։ Ժողովրդական չիբոնի (պարկապզուկ), չոնգուրի (եռալար, նվագարան), դհոլի(թմբուկ), ճիանուրի, սալամուրի, սազ, քյամանչա գործիքները նվագակցելու համար են, երբեմն՝ մենակատարման։ Գործում են Մ. Կուխինիձեի անվ. երգի և պարի պետ. անսամբլը (1921-ից), ֆիլհարմոնիան (1921-ից), երաժշտական ուսումնարանը(1929-ից)։ ԱԻՍՍՀ–ում աշխատող կոմպոզիտորներից է Ա. Ա. Փարցխալաձեն։
(նկ․) Բաթում։ Դրամատիկական թատրոնը։
Թատրոնը։ 1937-ին Բաթումում բացվեց Ի. Ճավճավաձեի անվ. դրամատիկական թատրոնը։ Լավագույն բեմադրություններից են՝ Կ.Գուցկովի «Ուրիել Ակոստա»–ն (1941),Վ. Փշավելայի «Վտարանդին» (1945), Շեքսպիրի «Համլետ»–ը (1956) և «Օթելլո»–ն (1959), Սոֆոկլեսի «Էդիպ արքա»-ն (1963)։ Թատրոնի կազմում են ՎՍՍՀ ժող. արտիստներ Յու. Օ. Քոբալաձեն, Ա. Դ. Մգելաձեն, Ն. Ու. Թեթրաձեն, Մ. Մ. Խինիկաձեն և ուրիշներ։ 1923-41-ին գործել է Բաթումի հայկական թատրոնը, 1942-ից՝ Բաթումի հայկական դրամատիկական խումբը։
(նկ․) Ելույթ է ունենում Աջարական ԻՍՍՀ երգի-պարի անսամբլը։