Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/526

Այս էջը սրբագրված է

տիեզերքի նկատմամբ, այլապես դա կնշանակեր տիեզերքի սկզբնավորման ընդունում։ Տիեզերքը չունի զարգացման միագիծ ուղղություն, այն բնորոշվում է պրոցեսների ցիկլայնությամբ, նրա որոշ մասերում առկա Ա. զուգակցվում է մյուս մասերի հետադիմությամբ, որով ե ստացվում է նրա հավերժական դիալեկտիկական շրջապտույտը։ Տիեզերքի մեզ հայտնի մասում, ներառյալ, մասնավորապես, մեր երկիրը, առկա է մատերիայի առաջադիմական զարգացում, որի աստիճաններն են՝ մինչաստղային, աստղային, մոլորակային, կենսաբանական և սոցիալական մակարդակները, ընդ որում, դրանցից յուրաքանչյուրի շրջանակներում նույնպես տեղի է ունենում Ա.։ Այս Ա–յան համար բնորոշ է տեմպերի աստիճանական արագացումը, ինչպես և այն, որ ամբողջությամբ առած, համակարգի առաջադիմական զարգացումն ուղեկցվում է նրա առանձին տարրերի լրիվ կամ մասնակի, ժամանակավոր հետադիմությամբ: Իրականության յուրաքանչյուր զարգացող բնագավառ ունի Ա–յան իր չափանիշը՝ պայմանավորված նրա յուրահատկությամբ։

Սուր վեճերի առարկա է հասարակական Ա–յան հարցը։ Բուրժուական մտածողները կամ չեն ընդունում Ա–յան գոյությունը հասարակության մեջ, կամ, եթե ընդունում են, ապա նրա չափանիշ են համարում որևէ առանձին, ինքնին վերցրած անբավարար գործոն (բարոյական կատարելագործում, գիտակցականության աճում, գիտության ու տեխնիկայի մակարդակ ևն)։ Ընդ որում, երբեմն էլ այդ Ա–յան գաղափարը նենգափոխվում է արմատական շրջապտույտի գաղափարով։ Հասարակական Ա–յան մարքսիստական մեկնաբանությունը հիմնվում է պատմության մատերիալիստական ըմբռնման վրա։ Մարքսիզմը անվերապահորեն ընդունում է Ա–յան գոյությունը հասարակական կյանքում և նրա օբյեկտիվ չափանիշ է դիտում ամենից առաջ արտադրողական ուժերի զարգացման մակարդակը, ինչպես և հասարակական–արտադրական հարաբերությունների բնույթը, այն պայմանների ամբողջությունը, որ ընձեռում է հասարակությունը մարդու ազատ ու համակողմանի զարգացման համար։ Այդ առումով հասարակական–տնտեսական ֆորմացիաները հանդես են գալիս որպես հաջորդական էտապներ ընդհանուր հասարակական Ա–յան մեջ։ Ընդ որում, առանձին վերցրած յուրաքանչյուր ֆորմացիայում, հասարակական կյանքի յուրաքանչյուր բնագավառում նույնպես առկա է Ա.՝ իր հատուկ տեմպերով և այլ առանձնահատկություններով։ Հակասական բնույթ է կրում հակամարտ ֆորմացիաների զարգացումը։ Ամբողջության մեջ հասարակական Ա–յան էտապներ լինելով հանդերձ՝ այդ ֆորմացիաները, հատկապես իրենց անկման շրջանում, պարունակում են նաև հետադիմության որոշակի դրսևորումներ։ Բայց վերջին հաշվով գերակշռում է Ա., որը հանդես է գալիս որպես ընդհանուր հասարակական զարգացման հիմնական տենդենց։ Ա–յան առավելագույն բարձր տեմպեր և անհակասական ընթացք ապահովում է միայն կոմունիստական հասարակարգը։ Այդպիսով, Ա. հանդես է գալիս իբրև զարգացման մեջ օրինաչափության դրսևորում։

ԱՌԱՋԱՁՈՐ, գյուղ Լեռնային Ղարաբաղի ԻՄ Մարտակերտի շրջանում, Խաչեն գետի հովտում, շրջկենտրոնից 52 կմ հարավ–արևելք։ Ունի 1245 բնակիչ (1970), հայեր։ Ա–ի կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ։ Կան տեղարդկոմբինատ, միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, կապի բաժանմունք։


ԱՌԱՋԱՁՈՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Ղափանի շրջանում, Ողջի գետի վտակ Աճանանի աջ ափին, շրջկենտրոնից 15 կմ հյուսիս։ 285 բն. (1970), հայեր։ Միավորված է Նորաշենիկի կաթնաանասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց (հիմնադրվել է 1898-ին), ակումբ, գրադարան։ Բնակիչների նախնիների մի մասը եկել է Լեռնային Ղարաբաղի Առաջաձոր գյուղից 1760– 1770-ին, Գողթանից՝ 1805–06-ին, Սեբաստիայից՝ 1830-ին և Պարսկաստանից՝ 1838-ին։ Ա–ից 2 կմ հվ–արլ. կան գյուղատեղիներ ու գերեզմանոցներ։


ԱՌԱՋԱՁՈՐ, մինչև 1967՝ գյուղ Հայկական ՍՍՀ Գորիսի շրջանում, շրջկենտրոնից 25 կմ հարավ–արևելք։ Բնակիչները տեղափոխվել են Ղափան։


ԱՌԱՋԱՎՈՐ ԱՍԻԱ, Ասիայի հարավ–արևմտյան մասը, Բոսֆորից, Միջերկրական և Կարմիր ծովերից մինչև Իրանական բարձրավանդակը ներառյալ։ Տերմինն օգտագործվում է քաղաքական և գիտական գրականության մեջ։


ԱՌԱՋԱՐԿ ԵՎ ՊԱՀԱՆՋԱՐԿ, ապրանքների կամ առանձին ապրանքատեսակի նկատմամբ բնակչության գնողունակ պահանջարկի և դրանց առաջարկի միջև եղած հարաբերակցություն։ Ա. և պ. գտնվում են մշտական փոխազդեցության մեջ։ Որպեսզի ապրանքների իրացման պրոցեսը նորմալ իրականացվի, անհրաժեշտ է, որ համապատասխանություն լինի շրջանառության մեջ գտնվող ընդհանուր ապրանքային զանգվածի և բնակչության գնողունակ պահանջարկի, ինչպես նաև ապրանքային տեսականու կառուցվածքի և ապրանքների առանձին տեսակների սպառողական պահանջարկի միջև։ Արտադրության միջոցների մասնավոր սեփականության պայմաններում առաջարկի և պահանջարկի հարաբերակցությունը ստեղծվում է տարերայնորեն և շուկայական գները տատանումների միջոցով ներգործում են տնտեսության տարբեր ճյուղերի միջև արտադրության միջոցների ու աշխատանքի բաշխման վրա։ Արտադրության աճից գնողունակ պահանջարկի ետ մնալը կապիտալիզմի բնորոշ գիծն է, նրա հիմնական հակասության դրսևորումը, որ հասցնում է գերարտադրության տնտեսական ճգնաժամերի։

Սոցիալիստական հասարակարգում բնակչության գնողունակ պահանջարկի և ապրանքների առաջարկի միջև հարաբերակցությունը սահմանվում է պլանաչափորեն։ Այստեղ գնողունակ պահանջարկը անընդհատ աճում է, որը արտադրության հետագա զարգացման կարևորագույն խթան է։ Սոցիալիզմի ժամանակ արտադրության նպատակը ամբողջ հասարակության նյութական և կուլտուրական հարաճուն պահանջմունքների բավարարումն է։ Այդ տեսակետից առանձնահատուկ նշանակություն ունի սպառողական պահանջարկի և ապրանքների տեսականու պլանաչափ փոփոխության ուսումնասիրությունը՝ բնակչության փոփոխվող պահանջմունքներին, ճաշակներին և ապրանքների արժեքի ու գնի իջեցմանը համապատասխան։


ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐՎԱ ԻՐԱՎՈՒՆՔ, մարդու արժանապատվությունը ոտնահարող ստորացուցիչ բարոյական տուրք միջնադարյան Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Իսպանիայում և ֆեոդալական այլ պետություններում։ Նորապսակ ճորտուհին ամուսնական առաջին գիշերը պետք է անցկացներ ոչ թե ամուսնու, այլ սինյորի (պարոնի) կամ նրա մատնանշած անձի հետ։ Ժամանակի ընթացքում, ճորտ գյուղացիների դիմադրության հետևանքով, Ա. գ. ի. փոխարինվեց դրամական հատուցմամբ։


ԱՌԱՋԻՆ ԴԵԿՐԵՏՆԵՐ ՀԽՍՀ ԺՈՂԿՈՄԽՈՐՀԻ, նորաստեղծ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության քաղաքական, տնտեսական և սոցիալ–կուլտուրական կյանքի կարևորագույն հարաբերությունները կարգավորող ակտեր, որոնք ընդունվել են 1921-ին։ Ազգայնացման վերաբերյալ «Բռնագրավման մասին», «Պարենտուրքի մասին», «Սպառողական կոոպերացիայի մասին», «Տնայնագործությանը և մանր արդյունաբերությանը օժանդակելու մասին» և այլ դեկրետներով Սովետական Հայաստանի ժողկոմխորհը գործնական քայլեր կատարեց նէպին անցնելու համար։ Դեկրետների զգալի մասը վերաբերում էր պետ. շինարարության հարցերի կարգավորմանը («ժամանակավոր կանոնադրություն պատգամավորական խորհրդի, գործադիր կոմիտեների և խորհուրդների համագումարների մասին», «Գաղթականների գործերի գլխավոր վարչություն հիմնելու մասին», «ՀԽՍՀ վարչական վերաբաժանումների մասին», «Գյուղական, գավառային և գավառակային հեղափոխական կոմիտեների կազմակերպման մասին», «Կենտրոնական վիճակագրական վարչություն հիմնելու մասին» ևն), ինչպես նաև սոցիալիստական արդարադատության և օրինականության պահպանմանը («Մեղադրանքի և պաշտպանության կազմակերպման մասին», «Ազատազրկման մասին», «խուզարկությունների, հանույթների և ձերբակալությունների մասին»)։


ԱՌԱՋԻՆ ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ, տես Ինտերնացիոնալ առաջին։


ԱՌԱՋԻՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ, Նապոլեոն I կայսրությունը Ֆրանսիայում 1804–14-ին և 1815-ի մարտ–հունիս ամիսներին։ Ինչպես և Կոնսուլությունը, Ա. կ. ռազմական վարչակարգ էր, որը վերացրեց ֆրանսիական բուրժուական հեղափոխության դեմոկրատական նվաճումները, բայց ամրապնդեց նրա ստեղծած բուրժուական կարգերը։


ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ 1914–18 , անարդարացի, զավթողական պատերազմ իմպերիալիստական պետությունների երկու խոշոր խմբավորումների