Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/529

Այս էջը սրբագրված է

իրագործման ճանապարհին հայ ժողովրդի դիմադրությունը վերացնելու քաղաքականությունը գործնական հիմքի վրա դրվեց։ Մինչև պատերազմը երիտթուրքական պարագլուխներն արդեն մշակել էին արնմտահայերի բնաջնջման ծրագիրը (Սալոնիկի 1911-ի համագումարի հատուկ որոշումը)։ Պատերազմն այն հարմար առիթն էր, որը պետք է արձակեր երիտթուրքական ազգայնամոլների ձեռքերը և, միաժամանակ, նրանց ոճրագործությունը պատերազմական իրավիճակով արդարացնելու պատրվակ ստեղծեր։

Պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում հայերի թիվը հասնում էր ավելի քան 2,3 միլիոնի, որի կեսն ապրում էր Արևմտյան Հայաստանի վեց նահանգներում։ Մահու և կենաց կռիվ մղելով իրենց մարդկային իրավունքների, ազգային ազատագրության համար, արևմտահայերը դրանց իրականացման հույսերը կապում էին Ռուսաստանի հետ։

Էնվեր–Թալեաթ–Ջեմալ եռապետության համար պատերազմը պատեհ առիթ էր՝ ձեռնամուխ լինելու արևմտահայության զանգվածային տեղահանության և բնաջնջման ոճրապարտ ծրագրի իրագործմանը։ 1915-ի սեպտ. 16-ին Հալեպի նահանգապետին ուղարկած հեռագրում Թուրքիայի ներքին գործերի մինիստր Թալեաթը գրում էր. «Նախապես ձեզ հայտնվել էր, որ Ջեմիեթի (Իթթիհաթական կոմիտեի) հրամանով կառավարությունը որոշել է գլխովին ոչնչացնել Թուրքիայում ապրող հայերին» (The Memoirs of Naim Bey. Turkish official documents relating to the Deportations and Massacres of Armenians. Compiled by Aram Andonian. London, 1920, p. 64)։

Հայությանը ոչնչացնելու նպատակով ստեղծված երիտթուրքական գործադիր հանձնաժողովի ցուցումով նախ զինաթափվեց, թիկունքային աշխատանքների ուղարկվեց, ապա սրի քաշվեց օսմանյան բանակում ծառայող 50–60 հզ. հայ երիտասարդ։ Այնուհետև, պատերազմական գոտուց բնակչությանը տեղափոխելու պատրվակով, թուրք, իշխանություններն սկսեցին հայերի զանգվածային տեղահանությունն ու ջարդը։

Հայ գաղթականներ

1915-ի ապրիլի 24-ից սկսած Կ. Պոլսից տարագրվեցին, ապա ճանապարհին խումբ–խումբ ոչնչացվեցին հայ նշանավոր մտավորականներ (գրողներ, բժիշկներ, իրավաբաններ, արվեստագետներ), նրանց թվում՝ Գրիգոր Զոհրապը, Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևակը և ուրիշներ։ 1915–16-ին ամենայն դաժանությամբ տեղահանվեց, Միջագետքի անապատներն աքսորվեց ու ոչնչացվեց արևմտահայության մեծ մասը։ Արևմտյան Հայաստանի հայաշատ քաղաքներն ու գյուղերն ամայացան։ Ավերվեցին ու կրակի ճարակ դարձան բազմաթիվ պատմական հուշարձաններ։ Հարյուր հազարավոր մարդիկ գաղթեցին Ռուսաստան և Արաբական Արևելքի երկրներ (տես նաև Մեծ եղեռն)։ Արդեն 1915-ի օգոստոսին Թալեաթը լկտիաբար հայտարարեց, որ Հայկական հարց այլևս գոյություն չունի, և որ իրենց հաջողվեց երեք ամսում անել այն, ինչ չէր կարողացել անել Աբդուլ Համիդը երեսուն տարում («Ամերիկյան դեսպան Հ. Մորկենթաուի Հիշատակները և հայկական եղեռնին գաղտնիքները», ԿՊ, 1919, էջ 384)։ Նոր ժամանակների պատմության մեջ դա զանգվածային ցեղասպանություն (գենոցիդ) էր, որն ավելի լայնորեն գերմանական ֆաշիստները կիրառեցին հրեաների և սլավոնական ժողովուրդների նկատմամբ՝ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ 1939-ի օգոստոսին, Օբերզալցբուրգում կայացած ֆաշիստական մի խորհրդակցությունում, պահանջելով լեհերի բնաջնջումը, Հիտլերը ներկաներին հիշեցրեց հայերի նկատմամբ երիտթուրքերի գործադրած ցեղասպանությունը՝ հայտարարելով. «Այժմ, մեր ժամանակներում, այլևս ով է խոսում հայերի բնաջնջման մասին» («The New York Times», 1945, № 24)։ Արևմտահայությունը նախապատրաստված չէր ինքնապաշտպանության, չկար զենք ու զինամթերք, կազմակերպվածություն, միասնություն։ Դրան նպաստել էր նաև երիտթուրքերի հետ համագործակցելու դաշնակցության վնասակար գործելակերպը։ Մյուս կողմից, ունենալով որոշակի ակնկալություններ Անտանտի երկրներից, դաշնակցությունը դարձել էր ցարիզմի կամակատարը Անդրկովկասում և Թուրքիայում։ Եվ եթե հայերը ինքնապաշտպանական անձնազոհ մարտեր մղեցին թուրքական գերակշիռ ուժերի դեմ Վանում (տես Վանի հերոսամարտ 1915), Սասունում (տես Սասունի ինքնապաշտպանության 1915), Մուշում (տես Մուշի գոյամարտ 1915), Շապին–Գարահիսարում (տես Շապին–Գարահիսարի հերոսամարտ 1915), Ուրֆայում (տես Ուրֆայի հերոսամարտ 1915), Շատախում (տես Շատախի հերոսամարտ 1915) և Մուսա լեռան վրա (տես Մուսա լեռան հերոսամարտ 1915), ապա դրանք ապրելու և գոյատևելու նրանց անընկճելի ոգու դրսևորումներն էին միայն։ Սակայն դիմադրության այդ փոքրաթիվ օջախներն անկարող էին կանխել արևմտահայության մեծ ողբերգությունը:

Պատերազմի տարիներին Թուրքիայի դաշնակից Գերմանիան, որն ագրեսիվ նպատակներ էր հետապնդում Մերձավոր և Միջին Արևելքում, ռազմական, կազմակերպչական և բարոյական աջակցություն ցույց տվեց երիտթուրքերին արևմտահայության տեղահանման և բնաջնջման գործում։ Անտանտի կառավարող շրջաններն ու քաղաքական գործիչները փարիսեցիական ճառերից ու ցավակցական ժեստերից այն կողմ չանցան։ Հայ ժողովրդի համար այդ ճակատագրական պահին Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը բանակցություններ էին վարում Մերձավոր Արևելքի երկրներն ու Հայաստանը միմյանց միջև բաժանելու համար (տես Սայքս–Պիկոյի համաձայնագիր 1916)։ Այսպիսով, Եվրոպայի մեծ տերությունները իրենց իմպերիալիստական քաղաքականությամբ սանձազերծած համաշխարհային պատերազմով նպաստեցին արևմտահայերի ցեղասպանությանը և մեղսակից եղան հայ ժողովրդի ողբերգությանը։ Խաբեության զոհ դարձան հայկական հասարակական–քաղաքական այն շրջանները, որոնք իմպերիալիստական Արևմուտքի հետ էին կապում հայ ժողովրդի ազատագրման ու պետականության վերականգնման հույսերը։

Թուրքական կառավարողների ոճրագործության ու նրանց իմպերիալիստական հովանավորների դատապարտմամբ հանդես եկան սոցիալիստական ու բանվորական շարժման ականավոր գործիչներ՝

Ինքնապաշտպանական մարտեր Վանում, 1915-ի մայիս: