Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/53

Այս էջը հաստատված է
ԱԳՐԱՎԱՑԻԱ 53

ապա կանտյան անըմբռնելի «ինքնին իրի» վերջը հասնում է» (Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Ընտիր երկ․, հ, 2, 1950, էջ 474—75)։

Գրկ․ Էնգելս Ֆ․, Լյուդվիգ Ֆոյերբախը և գերմանական կլասիկ փիլիսոփայության վախճանը, Ե․, 1961։ Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 14։ Վարդապետյան Ղ․ Բ․, Ագնոստիցիզմի և սկեպտիցիզմի քննադատությունը, Ե․, 1956։ Экмалян А. М., Агностицизм и проблема знания и веры в буржуазной философии, Е., 1964․ Ա․ Եկմալյան

ԱԳՈԳԻԿԱ (< հուն․ ἀγωγή– վարել, տանել), երաժշտական ֆրազը հնչեցնելիս արտահայտչականության նպատակներով ռիթմից (նաև տեմպից) աննշան շեղումները, որ նոտաներում չեն նշվում։


ԱԳՈՆՑ (Acontz) Նուցի (Անա֊Փոփովիչ) Գեորգեի (1894–1957), ռում․ նկարչուհի, ծագումով հայ։ Ծնվել է նոյեմբ․ 19-ին, Ֆոկշանում։ 1909–17-ին հետևել է Յասսիի Գեղեցիկ արվեստների դպրոցի դասընթացներին։ 1931-ին Բուխարեստում կազմակերպվել է Ա֊ի առաջին անհատական ցուցահանդեսը։ Մասնակցել է Հունաստանում, Ֆրանսիայում և Բուլղարիայում կազմակերպված մի շարք ցուցահանդեսների։ 1947-ին Փարիզում կայացած կին նկարիչների և քանդակագործների 63-րդ ցուցահանդեսում Ա֊ի գործերը դրվատանքի են արժանացել ֆրանսիական արվեստաբանների կողմից։ Ուշագրավ են Ա֊ի «Բնանկար Տուլչեայի մոտ», «Լճափին», «Քարհանք» երփնագիր աշխատանքները։ Մահացել է դեկտեմբերի 19-ին, Յասսիում։ 1967-ին Յասսիի Արվեստի թանգարանը կազմակերպեց Ա֊ի ետմահու ցուցահանդեսը, որը 1968-ին կրկնվեց ՌՍՀ արվեստների թանգարանում (Բուխարեստ)։ Ս․ Քոլանջյան


ԱԳՈՆՑ Ատեփանոս Գյուվեր (1740–1824), Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, 1799-ից՝ աբբահայր։ Ծնվել է նոյեմբերի 20-ին, Տրանսիլվանիայի Ջուրջով քաղաքում։ Կրոնաբարոյախոսական և գիտական երկերի հեղինակ։ Աշխարհագրական աշխատություններում պաշտպանել է Կոպեռնիկոսի արևակենտրոն ուսմունքը և համեմատական երկրագիտության սկզբունքները։ Մահացել է հունվ․ 29-ին, Վենետիկում։

Երկ․ Ճարտասանութիւն, Վնտ․, 1775։ Աշխարհագրութիւն, չորից մասանց աշխարհի (հ․ 1–10), Վնտ․, 1802—1806 (Ղ․ Ինճիճյանի հետ)։ Պատմութիւն կենաց և վարուց տեառն Մխիթարայ Սեբաստացւոյ րաբունապետի և աբբայի, Վնտ․, 1810։ Հասարակախօսութիւն աշխարհագրութեան, Վնտ․, 1817։

Գրկ․ Նկարագիր վարուց Ստեփանոսի Ագոնց Գիւվէր արքեպիսկոպոսի․.., Վնտ․, 1825։ Ա․ Ասլանյան


ԱԳՈՐԱ (հուն․ ἀγορά), ժողովրդական ժողով Հին Հունաստանում, ինչպես նաև սրահներով, առևտրական, հասարակական և պաշտամունքային շենքերով շրջապատված ժողովատեղի֊հրապարակ, որտեղ գումարվում էր այդ ժողովը։


ԱԳՌԱՎ (Corvus corone), ճնճղուկազգիների կարգի ագռավների ընտանիքի թռչուն։ Մարմնի երկ․ 45–50 սմ։ Կտուցը և ոտքերը ամուր են, թևերը՝ լայն ու կարճ, պոչը՝ ուղիղ, կլորավուն։ Հայտնի է 9 տեսակ, 6՝ մոխրագույն, 3՝ սև փետուրներով։ Տարածված է Եվրոպայում, Կենտր․ և Հարավ֊Արևել․ Ասիայում, Աֆրիկայում, Հյուսիս․ Ամերիկայում։ Հյուսիսում ապրողները չվող են, հարավում ապրողները՝ նստակյաց։ Ա․ մոնոգամ է, բույնը դնում է ծառերի, թփերի, ժայռերի վրա։ Բազմանում է տարին մեկ կամ երկու անգամ՝ դնելով 3–8 խայտաբղետ ձու։ Ամենակեր է, երբեմն՝ վնասատու։ Սնվում է պտուղներով և այլ թռչունների ձվերով ու ձագերով։ ՀՍՍՀ֊ում տարածված է Ա֊ի 8 տեսակ։


ԱԳՌԱՎ (Corvus), համաստեղություն երկնքի հարավային կիսագնդում։ Գտնվում է Կույս, Հիդրա և Թաս համաստեղությունների միջև։ Միջին լայնություններում երևում է գարնանն ու ձմռանը։


ԱԳՌԱՎԱՉՔ (Paris), շուշանազգիների ընտանիքի սողացող կոճղարմատով բազմամյա, թունավոր բույս։ Ցողունի բարձրությունը՝ 30–40 սմ։ Տերևները ձվաձև կամ նշտարաձև են, ցողունի վրա օղականման դասավորված, ծաղիկները՝ գագաթնային, դեղնականաչավուն։ Ունի սև հատապտուղ։ Եվրոպայում և Ասիայում հայտնի է 6 տեսակ, ՍՍՀՄ֊ում՝ 4, որից սովորական Ա․ (Paris quadrifolia) տարածված է նաև Հայաստանի անտառատափաստանային գոտիներում։


ԱԳՌԱՎԱՔԱՐ, տես «Մհերի դուռ»։


ԱԳՍԵՐԱ, գյուղաքաղաք Թուրքիայում, Կոնիայի վիլայեթում, Կեսարիա քաղաքից հարավ֊արևմուտք։ XX դ․ սկզբին Ա․ ուներ 1070 տուն, որից 120՝ հայ, մնացածը՝ թուրք և չերքեզ։ Ա֊ում հայերը բնակություն են հաստատել վաղ ժամանակներից՝ գաղթելով Կյուրինից և Կեսարիայից։ Զբաղվում էին արհեստներով (ոսկերչություն, երկաթագործություն, կոշկակարություն, ատաղձագործություն), երկրագործությամբ ու այգեգործությամբ։ Հայերն ունեին եկեղեցի (Ս․ Աստվածածին) և վարժարան (Թորգոմյան)։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ա֊ի հայերը տեղահանվել են․ մի մասը զոհվել է, մյուս մասը գաղթել օտար երկրներ։


ԱԳՏԱՄ, գյուղ Կիլիկիայում, Սիս քաղաքից 15 կմ հարավ֊արևմուտք, ընդարձակ դաշտում։ XIX դ․ Ա֊ի հայերի մի մասը գաղթեց Սիս և Անարզաբա։ XX դ․ սկզբներին ուներ 70 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ 1909-ի և 1915-ի ջարդերի ժամանակ Ա֊ի հայ բնակիչների մի մասը զոհվեց, փրկվածները գաղթեցին օտար երկրներ։


ԱԳՐԱ, քաղաք Հնդկաստանի Ուտար֊Պրադեշ նահանգում, Գանգեսի գլխ․ վտակ Ջամնայի ափին։ 610,3 հզ․ բն․ (1969)։ Երկաթուղային հանգույց է, տնայնագործական արտադրության կենտրոն։ Համալսարանը հիմնադրվել է 1927-ին։ XVI–XVII դդ․ Ա․ եղել է Մեծ մողոլների կայսերական աթոռանիստը։ Հարուստ է այդ ժամանակի ճարտարապետական հուշարձաններով (Ագրա ամրոցը, 1564–74, Մարգարտյա մզկիթը, 1646–53)։ Հռչակված է Թաջ֊Մահալ դամբարանը։

Ա֊ի հայ համայնքը հիմնադրվել է մողոլների ժամանակ։ Աքբար թագավորի օրոք հայերին հող հատկացվեց, կառուցվեց եկեղեցի (1652), առևտրականներին արտոնվեց առանց մաքսի առևտուր անել։ Ա֊ի հայերն առևտրական գործարքներ էին կնքում եվրոպացիների հետ։ Համայնքը ստվարացավ Աբբաս I Մեծի բռնագաղթից հետո, հատկապես՝ XVIII դարում։


ԱԳՐԱՎԱՑԻԱ (< լատ․ aggravatio – ծանրացում), հիվանդության առանձին ախտանիշների (երբեմն տառապանքի) չա3ազանցում հիվանդի կողմից։ Ա-ի առանձնապես