Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/530

Այս էջը սրբագրված է

Կ. Լիբկնեխտը, Ռ. Լյուքսեմբուրգը, Ս. Մ.Կիրովը և ուրիշներ։ Հայ բոլշևիկները, որ ի սկզբանե դեմ էին եվրոպական դիվանագիտությանն ապավինելուն և ցարիզմի միջոցով թուրքահայ դատը լուծելու մտայնությանն ու գործելակերպին, դատապարտելով իմպերիալիստական պատերազմը, նշում էին նրա վտանգավորությունը աշխատավոր հայ ժողովրդի համար։ Նրանք բացահայտում էին իմպերիալիստական պետությունների կողմից փոքր ազգերին ազատագրելու մասին լայնորեն տարփողված լոզունգի ողջ խաբեությունը։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո Վ. Ի. Լենինը և բոլշևիկների կուսակցությունը դատապարտում էին ժամանակավոր բուրժուական կառավարության իմպերիալիստական պատերազմը շարունակելու քաղաքականությունը, նրա դիրքորոշումը Արևմտյան Հայաստանի հարցում։ Վ. Ի. Լենինը քննադատելով այդ քաղաքականությունը առաջ էր քաշում «անկախ հայկական հանրապետություն» ստեղծելու գաղափարը (Երկ., հ. 25, էջ 37)։ Սովետական կառավարության ընդունած առաջին որոշումներից էր «Թուրքահայաստանի մասին» դեկրետը (տես Դեկրետ «Թուրքահայաստանի Սասին»), որով նա պաշտպանում էր Արևմտյան Հայաստանի «ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն» և գործնական միջոցներ ձեռնարկում հայ ժողովրդին օգնելու համար։

1918-ի գերմանա–թուրքական ինտերվենցիան Անդրկովկասում ոչ միայն խափանեց սովետական կառավարության դեկրետի կենսագործումը, այլև սպառնալիքի տակ դրեց հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը նաև Արևելյան Հայաստանում։ Սարդարապատի հերոսամարտը (տես Սարդարապատի ճակատամարտ 1918) Արևելյան Հայաստանի բնակչությանը փրկեց կոտորածից:

1918–20-ին հայ ժողովրդի վիճակը թուրքական նոր ասպատակությունների, Հայաստանի հանրապետության դաշնակցական կառավարության հակաժողովրդական, պրոիմպերիալիստական քաղաքականության հետևանքով մնում էր ծանր (տես նաև Օտարերկրյա ռազմական ինտերվենցիա և քաղաքացիական կռիվներ Անդրկովկասում 1918–1921

Սուլթանական Թուրքիայի հետ Անտանտի տերությունների Սևրում կնքած պայմանագիրը (տես Սևրի հաշտության պայմանագիր 1920) նախատեսում էր կարգավորել նաև թուրք–հայկական սահմանային խնդիրները։ Սակայն Սևրի պայմանագրի իրագործումը խափանվեց ոչ միայն Մուստաֆա Քեմալի (տես Աթաթյուրք) գլխավորած ազգայնական շարժման հետևանքով, այլև այն պատճառով, որ Անտանտի պետություններն այլևս շահագրգռված չէին նրա իրականացմամբ։

1923-ի Լոզանի հաշտության պայմանագրով Անտանտի պետությունները ճանաչեցին Մուստաֆա Քեմալի իշխանությունը և փաստորեն ի չիք դարձրին Սևրի պայմանագրի Հայաստանին վերաբերող հոդվածները՝ Հայաստանն ու Հայկական հարցը զոհաբերելով իրենց իմպերիալիստական շահերին։Հայաստանում սովետական իշխանության հաստատումով (1920-ի նոյեմբ. 29) հայ ժողովուրդը փրկվեց կործանումից։ Սովետական Հայաստանը ձեռնամուխ եղավ պատերազմի հասցրած վերքերն ապաքինելու, հայ ժողովրդի բեկորները հայրենի հողի վրա հավաքելու, սոցիալիստական հասարակարգ կառուցելու գործին։

Գրկ. Հայ ժողովրդի պատմություն, հ. 7, Ե., 1967։ Մանդելշտամ Ա., Օսմանյան կայսրության ճակատագիրը և հայկական հարցը, մաս 1, ԿՊ, 1919։ Զավեն արքեպիսկոպոս, Պատրիարքական հուշերս, վավերագրեր և վկայություններ, Կահիրե, 1947։ Կիրակոսյան Ջ. Ս., Աոաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը. 1914–16 թթ., Ե., 1967։ Раздел азиатской Турции. По секретным документам б. министерства иностранных дел, под ред. Е. А. Адамова, М., 1924; Саркися Е. К., Экспансионистская политика Османской империи в Закавказье накануне и в годы первой мировой войны, Е., 1962; Геноцид армян в османской империи Сб. документов и материалов, под ред. М. Г. Нерсесяна, Е., 1966.; Toynbee A. J., Armenian Atrocities. The Murder of a Nation, L.-N.Y., 1915; Bryce V., The treatment of Armenians in the Ottoman Empire 1915-1916, L,. 1916; Lepsius J., Deutschland and Armenien, 1914-1918, Potsdam, 1919; Guttmann J., The Beginnings of Genocide. A Brief Account of the Armenian Massacres in World War I, N. Y., 1948. Ջ. Կիրակոսյան

ԱՌԱՋԻՆ ՀԱՅՔ (Armenia Prima), հռոմեական պրովինցիա, որը կազմվեց Թեոդոս I Մեծ կայսեր ժամանակ՝ 378–386-ի միջև։ Ընդգրկում էր Փոքր Հայքի հյուսիսային մասը՝ Գայլ գետի (Լյուկոս) վերին և միջին հոսանքի շրջանները և Հալիս գետի վերին հոսանքը։ Կենտրոնն էր Սեբաստիա քաղաքը։ Սյուս քաղաքներից էին Կողոնիան, Նիկոպոլիսը, Սատաղը, Սեբաստուպոլիսը և Վերիսան; Ամրոցներից հայտնի էին Ուղեռ բերդը, Եղեգառիճը, Դաստեյրան (Դաստարակ) և Դասկուսան։ Հուստինիանոս I 536-ի օրենսդրությունից հետո Ա. Հ. էր անվանվում շատ ավելի ընդարձակ երկրամաս։ Նախկին Ա. Հ–ի պրովինցիայից նոր վարչական միավորի մեջ մտան միայն Գայլ գետի վերին և միջին հոսանքի հովիտը և Հալիս գետի ակունքների շրջանը։ Ա. Հ–ում ընդգրկվեց նախկին Ներքին Հայքը (Armenia Interor) կամ Բարձր Հայքը և Պոնտոսի հիմնական մասը՝ Պողեմոնյան Պոնտոսը և Կապադովկիական Պոնտոսը, ներառյալ Խաղտիքը (Ճանիվը)՝ մինչև Ճորոխի գետաբերանը։ Ա. Հ–ի նոր տարածքում կար 7 քաղաք, կենտրոնն էր Հուստինիանուպոլիսը [այսպես կոչվեց Ծումինան (Չրմեսը), այժմ՝ Ճիմին գյուղ], այստեղ էր նստում կառավարիչը՝ պրոկոնսուլը, որ սովորաբար նշանակվում էր հայ նախարարներից։ Մյուս քաղաքներն էին՝ Թեոդոսուպոլիսը (Կարին), Սատաղը, Նիկոպոլիսը, Կողոնիան, Տրապիզոնը և Կերասունտը (Փառնակիա)։ Ա. Հ–ում էր Պավլիկյանների կենտրոնը (VIII -IX դդ.)՝ Տևրիկե քաղաքը (այժմ՝ Դիվրիգ) և Արաբկիր ավանը։ Ա. Հ–ի նոր տարածքը VIII դ. կորցրեց իր արևելյան գավառները՝ Կարինը, Դերջանը, Սանանաղին, որոնք նվաճեցին արաբները, և Թեոդոսուպոլիս քաղաքը դարձավ Հայաստանում արաբների ռազմական կենտրոնը։ Այնուհետև Ա. Հ. Բյուզանդիայի թիկունքը պաշտպանող երկիր էր և ուներ ուժեղ պաշտպանական կետեր արաբա–բյուզանդական սահմանագծի վրա։

Գրկ. Адонц Н., Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908; Honigmann E., Die Ostgrenze des byzantinischen Reiches von 363-bis 1071, Bruxelles, 1935. Ս. Երեմյան


ԱՌԱՋԻՆ ՀԱՅՔ կամ «Պռոտին Արմենիան», այսպես է կոչում Մովսես Խորենացին Մաժաք (հետագայում՝ Կեսարիա Կապադովկիո, այժմ՝ Կայսերի) քաղաքի և Արգեոս լեռան շրջակայքը Հալիս գետի հովտում, որտեղ, ըստ ավանդության, գործել են արմենական ցեղերի անվանադիր Արամը և նրա կողմից կառավարիչ նշանակված Մշակը։ Մշակ անվան մեջ պահպանվել է փռյուգ–մուշկերի ցեղանունը՝ հին հայկական մուշակ ձևով ն համահնչյուն է մ. թ.ա. XII–IX դդ. խեթական մեհենագրերով արձանագրություններում պատահող Musaka ցեղանվանը։ Ա. Հ. համապատասխանում է անտիկ ժամանակաշրջանի Կապադովկիայի ստրատեգիաներից մեկին՝ Կիլիկիային՝ Մաժաք մայրաքաղաքով (չշփոթել ծովափնյա Կիլիկիայի հետ)։ Հայերի ծագման հին պատմական զրույցները, որ Vդ. հավաքել է Մովսես Խորենացին, այս երկրամասը կոչում են «Պռոտին Արմենիան» (πρωτιν Αρμενιαν), այսինքն՝ «Նախնական Հայաստան»։ Այս անունը ոչ մի առնչություն չունի նրան հարևան Առաջին Հայք (Armenia Prima) պրովինցիայի հետ։

Գրկ. Հայ ժողովրդի պատմություն, հ. 1, Ե., 1971։ Երեմյան Ս., Հայ ժողովրդի կազմավորման ընթացքը, «ՊԲՀ», 1970, № 2։ Ս. Երեմյան


ԱՌԱՋԻՆ ՀՆԳԱՄՅԱ ՊԼԱՆ ՀՍՍՀ ԺՈԴՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ (1928–33), տես Հնգամյա պլաններ ՀՍՍՀ ժողովրդական տնտեսության զարգացման։


ԱՌԱՋԻՆ ՀՆԳԱՄՅԱ ՊԼԱՆ ՍՍՀՄ ԺՈԴՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ (1928–33), տես Հնգամյա պլաններ ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության զարգացման։


ԱՌԱՋԻՆ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ-ում, կոմունիստական մասսայական միջոցառումներ, որոնք համաժողովրդական բնույթ են ստացել 1921-ի հուլիս–օգոստոս ամիսներին Երևանի, Ալեքսանդրապոլի (Լենինական), Էջմիածնի, Նոր Բայազետի (Կամո), Ղարաքիլիսայի (Կիրովական), Դիլիջանի գավառներում։ Երկու ամսում Երևանում կազմակերպվել է 20, Ալեքսանդրապոլում՝ 36, իսկ Էջմիածնում՝ 118 շաբաթօրյակ։ Կարգի են բերվել արդյունաբերական ձեռնարկությունները, նորոգվել են ճանապարհները, կամուրջները, պետական և հասարակական շենքերը։ Առաջին մասսայական շաբաթօրյակներին մասնակցել են Հայաստանի տասնյակ հազարավոր աշխատավորներ, որոնք նպաստել են հանրապետության ժողովրդական տնտեսության վերականգնմանը։


ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ, անհետաձգելի միջոցառում հանկարծահաս հիվանդու–