Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/533

Այս էջը սրբագրված է

նադարյան մանրանկարչության վերջին ներկայացուցիչներից է։ Ժամանակաշրջանով պայմանավորված նրա արվեստին բնորոշ է մարդկային ֆիգուրների պատկերման սխեմատիզմը, զարդաձևերի առատությունն ու վառ գունագեղությունը։

Գրկ. Свирин А. Н., Миниатюра древней Армении, М.- Л., 1939, с 126-28; Измайлова Т. А., Айвазян М. А., Искусство Армении, М., 1962, с 131, 135. Ա. Գևորգյան

ԱՌԱՔԵԼ ԱԲԵՂԱ ԱՆԵՑԻ (այլ անվամբ՝ Առաքել Աբեղա Շիրակավանցի, Առաքել Վարդապետ, ծն. և մահ. թթ. անհտ.), XII–XIII դարերի հայ թարգմանիչ։ Արաբերենից թարգմանել է (1222) «Աղեկախօս» երազահանը և,ենթադրաբար, «Պղնձե քաղաք» վեպը։


ԱՌԱՔԵԼ ԲԱՂԻՇԵՑԻ (այլ անվամբ՝ Առաքել Պոռեցի, մոտ 1380–1454), հայ տաղերգու, մատենագիր, մանկավարժ, երաժիշտ, հասարակական–եկեղեցական գործիչ։ Ծնվել է Վասպուրականի Պոռ գյուղում։ Աշակերտել է Գրիգոր Խլաթեցուն (Ծերենց), նրա եղերական մահվան առթիվ գրել «Եղերերգութիւն ի մահ նահատակութեան Ծերենց Գրիգորի վարդապետի Խլաթեցւոյ» (1425) ե «Պատմութիւն քաջ և տիեզերալոյս վարդապետին մերոյ Գրիգորի Խլաթեցւոյ Ծերենցն» (1426)։ Ա. Բ–ու ստեղծագործության մեջ դրսևորվել է օտար բռնակալությունից հայերի ազատագրման ու պետականության վերականգնման գաղափարը։ Հայ ժողովրդի քաղաքական տրամադրությունները լիարժեք է արտացոլել առանձնապես «Ողբ մայրաքաղաքին Ստըմպօլայ» (1453) պատմա–քաղաքական պոեմը՝ գրված Կ. Պոլիսը թուրքերի կողմից գրավելու առթիվ։ Ա. Բ. ողբացել է բյուզանդական մայրաքաղաքի աղետալի ներկան, բայց խոր հավատ է արտահայտել, որ գալու է նվաճված ժողովուրդների, մասնավորապես՝ հայերի ու հույների, ազատագրության բաղձալի օրը։ Պոեմը միջնադարյան հայկ. պոեզիայի լավագույն նմուշներից է։ Թարգմանվել է ռուս, և ֆրանս.։ Ա. Բ. գրել է նաև պոեմներ՝ նվիրված հայ եկեղեցու գործիչներին ու քրիստոնեության տարածմանը Հայաստանում («Պատմութիւն սրբոյն Գրիգորի մեր Լուսաւորչին…», «Ներբողեան տաղաչափական ի վերայ վարուց Մեծին Ներսեսի…»)։

Ա. Բ. հայ հոգևոր երաժշտա–բանաստեղծական արվեստի զարգացման դասական շրջանի ավանդույթներին կապված վերջին ստեղծագործողներից է։ Գրիգոր Խլաթեցուն աշակերտած լինելու պարագան ցույց է տալիս, որ եղել է նաև խազագետ: Տաղաչափել է Հովասափի և Բարաղամի մասին վարքաբանական միջնադարյան վեպը («Տաղ Յովասափու», 1434), որը հատուկ տեղ է գրավում հայ երաժշտության պատմության մեջ։ Ինչպես երևում է ստեղծագործության հիշատակարանից և խազավոր ձեռագրերում հանդիպող մի շարք բնորոշ ցուցումներից, այն եղանակավոր (ասերգի ձևով) պատմվել ու հատվածաբար (մեջ–ընդմեջ) երգվել է։ Հորինել է տաղեր, գանձեր, ողբեր ու այլ երգեր, որոնք ցրված են գրչագիր ժողովածուներում և դեռ ուսումնասիրված չեն երաժշտական առումով։ Ա. Բ., որպես եկեղեցական, հավատարիմ մնաց քրիստոնեական վարդապետությանը, որպես բանաստեղծ՝ կյանքի պահանջներին ու ժամանակի ոգուն։ Նա գրաբարից չի հրաժարվել, բայց, հատկապես պոեմներում, լեզուն մոտեցրել է ժողովրդական լեզվամտածողությանը, նպաստել գրականության աշխարհականացմանը։

Գրկ. Ղազար Ճահկեցի, Գիրք աստուածաբանական որ կոչի դրախտ ցանկալի, ԿՊ, 1735։ Ալիշան Ղ., Հայապատում, Վնտ., 1901, մաս 1, էջ 126։ Աբեղյան Մ., Երկ., հ. 4, Ե., 1970, էջ 441–43։ Անասյան Տ., հայկական մատենագիտություն, հ. 1.Ե., 1959, էջ 1106-43։ Ղազինյան Ա. Ա., Առաքել Բաղիշեցի (կյանքը), «ԼՀԳ», 1966, № 11։ Նույնի, Առաքել Բաղիշեցու «Տաղ Յովասափու» պոեմը, «ՊԲՀ», 1965, № 4։ Ա. Ղազինյան


ԱՌԱՔԵԼ ԳՐԻՉ (ծն. և մահ. թթ. անհտ.), XV դարի հայ գրիչ։ Երզնկայի Ավագ վանքի համալսարանի սան։ Ընդօրինակել է երաժշտական Խազգրքեր, Շարակնոցներ և Գանձարաններ։ Նրանից հայտնի է 10 ձեռագիր՝ 7 Շարակնոց, մյուսները՝ Գանձարան և Մաշտոց։ Վերջինս գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում (ձեռ. № 9671), մյուսները՝ Երուսաղեմում, Վենետիկում։ Ա. Մաթևոսյան


ԱՌԱՔԵԼ ԴԱՎՐԻԺԵՑԻ (ծն. թ. անհտ. – 1670), հայ պատմիչ։ Ծնվել է Թավրիզ (Դավրեժ) քաղաքում։ Էջմիածնում աշակերտել է Փիլիպոս Աղբակեցի կաթողիկոսին, նրանից ստացել վարդապետական աստիճան։ 1636-ին եղել է Հովհաննավանքի վանահայր, որպես կաթողիկոսի նվիրակ այցելել է Ապահան, Ուրֆա, Հալեպ, Աթենք, Երուսաղեմ։ 1651-ին, կաթողիկոսի առաջարկությամբ, սկսել է շարադրել իր «Պատմութիւնը», որն ավարտել է 1662-ին։ «Պատմության» մեջ նկարագրված է հայ ժողովրդի՝ 1602–62-ի քաղաքական դրությունը. արժեքավոր տվյալներ է պարունակում թուրք–պարսկական պատերազմների, դրանց ուղեկցող սովի, գաղթականության, ջալալիների շարժման, հայ մեծատունների միջև եղած պայքարի, Լեհաստանի հայ գաղութի, լեհահայերին կաթոլիկ դավանանք պարտադրելու կապակցությամբ ծավալված պայքարի, ժամանակի գրական–մշակութային հայ ակնառու գործիչների մասին։ Ա.Գ., որպես ժամանակակից, մանրամասն նկարագրում է Շահ–Աբբաս I հրամանով 1604-ի հայերի բռնագաղթը, ժողովրդի ծանր տառապանքները։ Նրա «Պատմության» մեջ տեղեկություններ կան նաև վրաց, ադրբ., պարսիկ, թուրք, հրեա և ուրիշ ժողովուրդների մասին։ Ա. Դ. ստուգապատում պատմիչ է, հաճախ ականատես կամ ականջալուր։ Լեզուն մատչելի է, ունի պատմելու մեծ ձիրք։ Առաջին հայ պատմիչն է, որի գործը լույս է տեսել իր կենդանության օրոք (1669, Ամստերդամ)։ «Պատմութիւնը» 1874-ին Մ. Բրոսեն թարգմանել և հրատարակել է ֆրանսերեն։ Ա. Դ. թողել է նաև երկու տաղ։ Մահացել է Էջմիածնում, թաղվել Մայր Աթոռի գերեզմանոցում։ Թավրիզում պահպանվել է Ա. Դ–ու տունը։ Նրա սերունդներն առ այսօր բնակվում են Իրանում, կրում Պատմագրյան ազգանունը։

Երկ. Պատմութիւն, Վաղ–պատ, 1896։ Книга историй, М., 1973.

Գրկ. Աբեղյան Մ., Երկ., հ. 4, Ե., 1970, էջ 512–25։ Լեո, Հայոց պատմություն, հ. 3, Ե., 1969։ Է. Խանլարյան


ԱՌԱՔԵԼ ՀՆԱՔԱՆԴԵՆՑ (ծն. և մահ. թթ. անհտ.), XIII դարի երկրորդ կեսի կազմարար։ Ապրել և աշխատել է Կիլիկիայում։ Աշակերտել է Սարգիս Կազմարարին։ Կազմել է Դրազարկի, Հռոմկլայի, Մաշկևորի, Մեծքարի և այլ գրչության կենտրոններում գրված ձեռագրեր։ Նա է կազմել թագավորական տան անդամների և կաթողիկոսի համար գրված ձեռագրերը։ Աշխատել է Թորոս Ռոսլինի, նշանավոր գրիչ Ավետիսի և այլոց հետ։ Տիրապետել է կազմարարական բարձր արվեստին, իր ժամանակին եղել է հռչակավոր։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի չորս ձեռագրերում է նա հիշվում, սակայն դրանցից միայն մեկի՝ 1271-ի «Մասունք Աստուածաշնչի» կազմն է Ա. Հ–ի ձեռքով կազմածը (ձեռ. № 199), մյուս երեքի (ձեռ. №№ 234, 468, 9509) կազմերը հետագայում փոխվել են։ Ա. Մաթևոսյան


ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (ծն. մոտ 1350–1425), հայ տաղերգու, փիլիսոփա, քերական, երաժշտության տեսաբան, եկեղեցական գործիչ։ Կրթությունն ստացել է Տաթևի համալսարանում, աշակերտել Հովհան Որոտնեցուն և Գրիգոր Տաթևացուն, որի քրոջ որդին էր։ 1407-ից Սյունյաց արքեպիսկոպոսն էր։ Մեծապես նպաստել է Տաթևի գիտա–լուսավորական կենտրոնի բարգավաճմանը:

Ա. Ա–ու ստեղծագործությունը գաղափարական տեսակետից բարդ և հակասական է։ Նա անհրաժեշտ է համարել հայ ժողովրդի ազգային ավանդներն ու լուսավորչական դավանանքն անաղարտ պահելը, բայց և իր երկերում արտացոլել է քրիստոնեական դավանանքի նկատմամբ այն թերահավատությունը, որ ծլարձակել էր իրականության մեջ։

Ա. Ս–ու գեղարվեստական լավագույն գործը «Ադամգիրք»–ն է (1403, հրտ. 1799), որը պարունակում է երեք պոեմ։ Հենքը Ադամի ու Եվայի մեղանչման, դրախտից նրանց արտաքսման աստվածաշնչային ավանդությունն է։ Ա. Ս. քնարականությամբ, հոգեբանական անցումներով է պատկերել առաջին զույգի մարդկային տառապանքը։ «Ադամգիրք»–ը կորսված դրախտի արևելյան մի տարբերակ է. այդ տեսակետից ունի համաշխարհային նշանակություն։ Այդ երկին սերտ աղերսվում է «Դրախտագիրք»–ը։ Երկրային դրախտից արտաքսված, տառապանքի դատապարտված մարդկությանը Ա. Ս. ցանկանում է առաջնորդել երկնային վայելքների հավիտենական դրախտը։ Հակադիր պատկերների զուգորդմամբ ձգտում է սեր արթնացնել բարու և արգահատանք՝ մեղքի նկատմամբ։ Ա. Ս. գործածել է ժող. բառաձևեր, տաղաչափական հնարանքներ։ Նա ակրոստիքոսի վարպետ էր։

Ա. Ս–ու փիլիսոփայության մեջ շեշտված է կրոնա–իդեալիստական կողմը, գտնում էր, որ առանց աստծո գաղափարի փիլիսոփայությունը չի կարող գոյություն ունենալ։ Դա նահանջ էր Տաթևի դպրոցի աշխարհիկ գիտա-փիլիսոփայական առա–